rss
youtube
facebook
Մեկնաբանություններ և զեկույցներ

Գերեզմանոցներ, դիակիզարաններ թե՞ այլ լուծումներ. Ավանդույթի ու արդիականացման միջև

Հովհաննես Հովհաննիսյան, Պատմական գիտությունների թեկնածու

 

Գերեզմանոցներ, դիակիզարաններ թե՞ այլ լուծումներ: 

Ավանդույթի ու արդիականացման միջև

Նախաբան

Մեթոդաբանություն

Գլուխ 1: Հուղարկավորությունների հետ կապված խնդիրների ընկալումները, կարծրատիպերն ու ավանդույթները
1. Այլընտրանքի ընկալումը հասարակության կողմից: Տեղեկատվության բացակայություն թե՞ կարծրատիպ 
2. Գերեզմանն իբրև սակրալ տարածք: Ավանդույթ թե՞ ցուցադրականություն
3. Խնդրի օրենսդրական կարգավորումն և իրական պատկերը: Պետական մեխանիզմների բացակայությունը
4. Հայ եկեղեցին ընդդեմ դիակիզման: Կրակով մաքրագործում թե՞ հող էիր ու հող դարձիր

Գլուխ 2: Գերեզմանային տարածքների հետ կապված խնդիրների արդիականությունը,  փոխկապակցված հիմնախնդիրներն ու հնարավոր լուծումները
1. Տարածքային խնդիրների արդիականությունը
2. Էկոլոգիա ու առողջապահություն: Կլուծե՞ն դիակիզարաններն առկա խնդիրները
3. Թաղման տների մշակույթն ու հոգեբանական խնդիրները 
4. Ընտրության ազատություն թե՞ տաբու: Նոր լուծումներ: Ռեզոմացիա և ռեզոմատորիաներ
Վերջաբան
Առաջարկություններ ու լուծումներ
 
Նախաբան


Վերջին տարիներին Հայաստանում մեծ հնչեղություն ստացած քաղաքական, տնտեսական ու սոցիալական բազմաթիվ խնդիրներին գումարվելու եկավ նաև գերեզմանատեղիների ու գերեզմանային տարածքներին այլընտրանք գտնելու մասին հասարակական դիսկուրսներն ու մտահոգությունները: Պետք է նշել, որ գերեզմանատեղիների ու դրանց հետ կապված խնդիրների մասին քննարկումները տեղավորվում են ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ հասարակական ու կրոնական դաշտում: Այսինքն, այն շոշափում է միջդիսցիպլինար հարցեր ու հնարավոր չէ այս հետազոտությունը սահմանափակել միայն որևէ առանձին կողմի դիտարկմամբ և այդ պատճառով էլ հետազոտությունը անդրադառնալու է խնդրի տարբեր կողմերին, այդ թվում՝ տարածքային-տնտեսական, էկոլոգիական-առողջապահական, կրոնական-հոգևոր, մշակութային-սովորութային և այլ կողմերին:
Գերեզմանատեղիների, գերեզմանային տարածքների ու դրանց այլընտրանք ստեղծելու մասին խոսակցությունները երբեմն դիտարկվել են որպես «տաբույացված» թեմաներ և շատ դեպքերում հայ ավանդական հասարակարգի կողմից թելադրված պայմաններից ելնելով, մարդիկ խուսափել են այդ թեմայի շուրջ խոսակցություններից և, ավելին, միանշանակ մերժել որևէ նորարարության այդ ոլորտում, որը կհակադրվեր ավանդականորեն պահպանված հասարակական նորմերին ու սովորույթներին, նույնիսկ եթե այդ նորարարությունն էականորեն կնվազեցներ մարդու հոգսերն ու առավել քիչ հոգեկան ու հոգեբանական խնդիրներ կառաջացներ: 
Այնուամենայնիվ, վերջին տարիների ընթացքում ավանդական ու անփոփոխելի համարվող այս ոլորտում կատարվեցին որոշակի փոփոխություններ: Նախևառաջ ակտիվ խոսակցություններ սկսվեցին այս ոլորտի բարեփոխման շուրջ, հետո սկսեցին գործել տարբեր տեսակի կազմակերպություններ, որոնք իրենց ծառայություններն էին առաջարկում այս ոլորտում առավել մասնագիտացած եղանակով, իսկ վերջին շրջանում բավականին մեծ տարածում է ստանում մահացածի դին ոչ թե տներում դնելու ավանդական սովորույթը, այլ որոշ եկեղեցիներում: Հիմնականում այստեղ խոսքը գնում է ուրբանիզացված միջավայրի մասին և, մասնավորապես, Երևան քաղաքի մասին, քանի որ գյուղերում ու գյուղական շրջաններում դեռևս պահպանվում են արխայիկ սովորույթներն ու այդ շրջաններում փոփոխությունները տեղի են ունենում առավել դանդաղ, քան քաղաքային  միջավայրում:
Այս առումով պետք է նշենք, որ սույն հետազոտության մեջ չնայած անդրադարձել ենք նաև Հայաստանի գյուղական համայնքներում տիրող և նույնիսկ սփյուռքի որոշ համայնքերում առկա իրավիճակին, սակայն հետազոտությունը հիմնականում կենտրոնացած է Երևան քաղաքի խնդիրների շուրջ, քանի որ ուսումնասիրության ընթացքը ցույց տվեց, որ այսօր հենց Երևան քաղաքում են առկա այն խնդիրները, որոնք ներկայացված են այս հետազոտության մեջ: 
 
Մեթոդաբանություն


Այս հետազոտությունը իրականացվել է որակական մեթոդաբանության դիրքերից, որի շրջանակներում անցկացվել են մոտ քսան հարցազրույցներ տարբեր ոլորտներ ներկայացնող մասնագետների հետ: Հարցազրույցներ են անցկացվել գերեզմանային խնդիրների հետ առնչության ունեցած լրագրողների, ազգագրագետների, հնագետների, բժիշկների, կրոնագետների, պատմաբանների ու մշակութաբանների հետ: Չնայած նրան որ հետազոտությունը հիմնականում իրականացվել է խորքային հարցազրույցների միջոցով, այնուամենայնիվ կատարվել է նաև որակական հարցում facebook սոցիալական ցանցի ընձեռած հնարավորությունների միջոցով, որը կատարվել է երկու եղանակով. առաջին դեպքում տրվել են մի շարք հարցեր ու նաև հնարավորություն՝ նոր հարցեր ավելացնելու ու դրանց պատասխանելու և երկրորդ դեպքում՝ հարցումը կատարվել է զուտ դիակիզարաններին կողմ կամ դեմ լինելու իմաստով:
Տարբեր մասնագետների հետ խորքային հարցազրույցները կատարվել են նախօրոք պատրաստված ու քննարկված հարցարանի միջոցով, որի միջոցով փորձ է կատարվել պարզել գերեզմանների ու գերեզմանոցային տարածքների հետ կապված արդի խնդիրներն ու հնարավոր այլընտրանքների ընդունման հնարավորությունը հասարակության կողմից: Հարցարանում ընդգրկված են եղել նաև հարցեր, որոնցում հետազոտությունը փորձում էր պարզել հայ հասարակության մեջ առկա աշխարհիկացման ու սակրալացման ընդհանուր միտումներն ու այդ համատեքստում հետազոտական խնդրի լուծումներն ու հնարավորությունները:
Գերեզմանների, դրանց հարդարման, այլընտրանքների փնտրտուքի ու եկեղեցու դիրքորոշման հետ կապված Երևանի պետական համալսարանում անցկացվել է քննարկում դիակիզարանների ներդրման հնարավորությունների, այդ հարցում հասարակական ընկալումների, Հայ եկեղեցու դիրքորոշման ու էթիկական հարցերի շուրջ, որին մասնակցել են ուսանողներ, դասախոսների և Հայ եկեղեցու մի սպասավոր:
Բավականին կարևոր է նաև մատնանշել, որ չնայած հետազոտության նպատակով կատարվել են դաշտային աշխատանքներ նաև շրջաններում, սակայն մեր հետազոտության մեջ բարձրացված հիմնական խնդիրները վերաբերում են առաջին հերթին Երևան քաղաքին ու նրա շրջակայքին և հեռանկարում միայն ՝շրջաններին ու այլ քաղաքներին: Խնդիրներից շատերը մոտ ապագայում չեն առնչվելու գյուղին ու գյուղական միջավայրին: 
Բացի վերոնշյալ մեթոդաբանական մոտեցումները՝ հետազոտության մեջ հաշվի ենք առել նաև այս հարցում միջազգային փորձը, մասնավորապես ամերիկյան ու անգլիական, որը լավագույնս արտահայտված է հետևյալ աշխատություններում.
1. Stephen Prothero. Purified by Fire: A History of Cremation in America. Los Angeles, 2001.
2. Brian Parsons. Committed to the Cleansing Flame: The Development of Cremation in Nineteenth-Century England, Oxford, 2005. 

Գլուխ 1: Հուղարկավորությունների հետ կապված խնդիրների
ընկալումները, կարծրատիպերն ու ավանդույթները

Հուղարկավորությունը դարեր շարունակ եղել է հայ ավանդական հասարակարգի ծիսական կյանքի անբաժանելի մի մասնիկը և ժամանակի ընթացքում արմատավորվել է առօրեական կենցաղում՝ դառնալով ավանդույթ ու ավանդություն, որի սրբությունն ու սակրալ բնույթը երբևէ կասկածի տակ չի դրվել: Հուղարկավորություն ծիսակարգի ու գերեզմանների սակրալ բնույթին հակադրվող որևէ գործողություն, խոսք կամ մտածողություն ոչ միայն չի ընդունվել, այլ նաև համարվել է օտարամուտ երևույթ ու մերժվել հասարակության համարյա բոլոր անդամների կողմից: Գերեզմանների սակրալ բնույթի նման ընկալումը պայմանավորված է եղել բազմաթիվ գործոններով, բայց առաջին հերթին նախնիների նկատմամբ ունեցած պաշտամունքով ու հարգանքով, որը բնականաբար իր հետ բերել է տարբեր կարծրատիպերի ձևավորմանն ու զարգացմանը: Բնական է, որ սակրալ այս ծիսակարգին կամ տարածքին հակադրվող որևէ այլընտրանք մերժվել է հայ հասարակության կողմից, սակայն 21-րդ դարն իր հետ բերում է նոր իրողություններ, որն էլ թելադրում է իր այլընտրանքները:

1. Այլընտրանքի ընկալումը հասարակության կողմից: Տեղեկատվության բացակայություն թե՞ կարծրատիպ 

Ժամանակակից աշխարհում տեղի ունեցող տարաբնույթ փոփոխությունները հասարակական կյանքի տարբեր ոլորտներում չեն կարող իրենց ազդեցությունը չունենալ եվրոպական ընտանիքին ինտեգրվել փորձող ու դեպի արևմուտք հեռահար նպատակներ որդեգրած Հայաստանի Հանրապետության համար: Փոփոխվող աշխարհի այս միտումներն էլ ավելի են ուժեղանում ինֆորմացիոն անվերահսկելի հոսքերի պատճառով, որոնց արդյունքում ռացիոնալ կառավարիչները, մարդիկ ու հասարակությունները փորձում են յուրացնել այլոց պրագմատիկ փորձը՝ այդ ընթացքում հրաժարվելով նաև նախկինում ընդունված տարբեր կանոններից, նորմերից, ինչպես նաև ավանդույթներից ու սովորույթներից: Այս ճանապարհին փոխվում են նաև բազմաթիվ կարծրատիպեր, քանի որ մարդիկ փորձում են արդյունավետ ճանապարհներ գտնել նոր իրողություններին հարմարվելու, առավել օգտակար, արդյունավետ ու առողջարար մոտեցումներ որդեգրելու՝ հրաժարվելով ձևականություններից ու տարբեր տեսակի անբովանդակային ձևերից:
Նմանատիպ փոփոփությունների շարքին են դասվում ժամանակակից աշխարհում գերեզմաններին ու հուղարկավորության ավանդական ձևերին փոխարինելու եկած դիակիզարաններն ու դեռևս շատերին անծանոթ ռեզոմատորիաները: Այս հետազոտության շրջանակներում facebook սոցիալական ցանցում կատարած մեր հարցումը ցույց տվեց բավականին հետաքրքրական մի քանակական պատկեր: «Կողմ ե՞ք արդյոք Հայաստանում դիակիզարանների կառուցմանը» հարցին դրական պատասխան է տվել 1052 հոգի, իսկ բացասական՝ 503-ը1: Հետաքրքրական է, որ դիակիզարանների կողմնակիցների քանակը կրկնակի գերազանցում է դրան դեմ օգտատերերի քանակը, չնայած պետք է հաշվի առնել նաև այն, որ սոցիալական ցանցից օգտվողները հիմնականում երիտասարդներ են, որոնք շատ դեպքերում որոշում կայացնողներ չեն: Մյուս կողմից էլ հարցվածների մեծ մասը ծանոթ չեն այս հարցադրման հետ կապված իրական խնդիրներին, քանի որ փորձը ցույց է տալիս, երբ հարցը վերաբերում է իրական կյանքում կատարվելիք գործողություններին, ապա կողմ արտահայտվածներից շատերը բավականին զգուշավոր են՝ հաշվի առնելով հատկապես հասարակական կարծիքն ու դրանից բխող խոսակցությունները: 
Չնայած նրան, որ հայկական մամուլը շատ անգամներ անդրադարձել է գերեզմանների հետ կապված խնդիրներին ու դրանց այլընտրանքային միջոցներին, իսկ «Բնակչության հատուկ սպասարկում» ՍՊԸ աշխատակիցներն ու Երևաննախագիծ ինստիտուտի ինժեներները բազմիցս բարձրաձայնել են Երևան քաղաքի հետ կապված խնդիրները, այնուամենայնիվ հասարակությունը դեռևս հեռու է այս խնդրի շուրջ բավարար ինֆորմացիա ստանալու հնարավորությունից ու ցանկությունից: Հետազոտության շրջանակներում հարցվածներից շատերը, որոնք տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ ու գիտության ոլորտում բավականին ներդրում արած մարդիկ էին, գերեզմաններին կամ գերեզմանոցային ընդարձակ տարածքներին այլընտրանք գտնելու հիմնական խոչընդոտների շարքում մատնանշում էին հատկապես ավանդույթներն ու կարծրատիպերը: Ի դեպ եկեղեցական կամ քրիստոնեական մոտեցումները դիտարկվում էին հենց ավանդույթի շրջանակներում ու ոչ թե կոնկրետ հավատքի կամ կրոնի կողմից թելադրվող պահանջների դիրքերից: 
Պետք է նկատել նաև, որ հարցվածներից շատերն իրենք ևս մերժում էին նորարարական որևէ առաջարկ այս ոլորտում՝ այն պայմանավորելով դարավոր մեր ավանդույթների խախտման ու ազգային նկարագրի ձևախեղման անթույլատրելիությամբ: Հետաքրքրական է, որ վերջին շրջանում ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասխոսներից մեկի ընտանիքը որոշում էր կայացրել մահացածի աճյունը դնել եկեղեցում, ինչը ոչ միանշանակ էր ընդունվել պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի անդամներից շատերի կողմից2: Բնականաբար հարց է ծագում, եթե մահացածի դին եկեղեցում դնելու հետ կապված նման բացասական վերաբերմունք է դրսևորվել, ինչ կլինի այն պարագայում, երբ որևէ մեկը որոշում կայացնի իր հարազատին ոչ ավանդական ձևով հուղարկավորելու կամ կրեմացիայի ենթարկելու կամ էլ այլ որոշում կայացնելու: 
Չնայած նրան, որ վերջին շրջանում բավականին ակտիվացել են քննարկումները այս խնդրի շուրջ, ինչպես նաև երկու հեռուստաընկերություններ՝ «Երկիր Մեդիան» ու «Շանթը» պատրաստել են վավերագրական կարճամետրաժ ֆիլմեր գերեզմանների ու գերեզմանատեղիներին վերաբերող խնդիրների վերաբերյալ, բազմաթիվ հոդվածներ են գրվել այս թեմայի մասին, կազմակերպվել են քննարկումներ ու հեռուստատեսային հաղորդումներ, սակայն սրանով հանդերձ տեղեկացվածության մակարդակը բավականին ցածր է մարդկանց շրջանում առկա խնդիրների ու հնարավոր լուծումների վերաբերյալ: Տեղեկացվածության ցածր մակարդակը ու համապատասխան տեղեկատվական հոսքերի բացակայությունը բերում է նրան, որ մարդիկ կառչած են մնում հնին, ավանդականին ու սովորութային ուժը գերազանցում է նորարարականին ու առաջադեմին, իսկ համապատասխան տեղեկատվության ու գիտելիքի առկայության պայմաններում ականատեսն ենք լինում որոշակի փոփոխությունների: Այս տեսանկյունից հարցվածներից շատերը նշում են, որ գերեզմանների այլընտրանքային ձևերի մասին, ինչպես նաև դիակիզարանների ու ռեզոմատորիաների մասին տեղեկատվությունը, անաչառ քննարկումներն ու խնդրի լավ և վատ կողմերի ցուցադրությունը հնարավոր է էական փոփոխություններ արձանագրի հասարակական վերաբերմունքի ու կարծիքի մեջ:

2. Գերեզմանն իբրև սակրալ տարածք: Ավանդույթ թե՞ ցուցադրականություն

Գերեզմանների այլընտրանքային լուծումներին հակադրվողները հիմնական փաստարկները խարսխում են ավանդույթի պահպանման ու նախնիների նկատմամբ «սրբազան հիշողության» վրա: Հայտնի է, որ վաղ հայկական հավատալիքներում գոյություն է ունեցել նախնիների պաշտամունք, ոի հետևանքով Հայկ նահապետը դարձել է հայ հեթանոսական դիցարանի գերագույն աստվածություն: Ժամանակի ընթացքում նախնիների պաշտամունքը վեր է ածվել նախնիների նկատմամբ հարգանքի, որը դրսևորվել է տարբեր ծիսական գործողությունների միջոցով, ինչպես նաև նախնիներին հիշողության մեջ վառ պահելու տարաբնույթ «ադաթներով», այդ թվում՝ գերեզմանոցային ու տնային ատրիբուտիկայով: Տնային ատրիբուտիկայի մեջ մտնում է հանգուցյալի նկարը երկար ժամանակ պատից կախված թողնելը, դրա դիմաց մոմ վառելն, նորածին երեխաներին մեռած նախնու անունով կոչելը, նախնուց մնացած ժառանգության պահպանությունը, ընտանեկան արարողությունների ժամանակ նախնու հիշատակությունը և այլն: Գերեզմանոցային ատրիբուտիկայի շարքին են դասվում գերեզմանների հարդարումը, հիշատակի քարի կառուցումը, պարբերաբար այցելությունները, խնակարկությունները և այլն: Պետք է նկատել, որ նախկինում գերեզմանոցային քարը եղել է բարձր տապանաքարը, որի վրա նշվել են հանգուցյալի ծննդյան ու մահվան թվականները, երբեմն նաև կարճ երկտողեր տարբեր բովանդակությամբ (Նկար 1): 
Խորհրդային շրջանում հայ հասարակությունը սկսեց գերեզմաններում օգտագործել այսպես կոչված «գրատախտակ քարը», որի վրա դաջվում էր մահացածի կիսանդրին կամ ամբողջական պատկերը: Լայն տարածում էին ստացել նաև տարբեր տեսակի ճարտարապետական կոթողները, որոնց բովանդակային կողմը հաճախ կախված էր լինում մահացածի մասնագիտությունից: Վերջին տասնամյակներին Հայաստանում և հատկապես Երևան քաղաքի գերեզմանների տարածքում տեղ է գտել այսպես կոչված «էլիտար» գերեզմանոցային տիպը, որոնց կառուցապատման ժամանակ հանգուցյալի հարազատները ծախսում են տասնյակ, իսկ երբեմն հարյուր հազարավոր դոլարներ տարբեր նկատառումներից ելնելով: Մեր կարծիքով դա առաջին հերթին ուղղված է հասարակության մեջ սեփական դիրքերի մասին ևս մեկ անգամ աղաղակելուն ու հասարակության այլ անդամներին սեփական հնարավորությունները ի ցույց դնելուն: Ցավոք, Հայաստանի Հանրապետությունում առկա ոչ կատարյալ օրենսդրական բազան, ինչպես նաև այլ ոլորտում առկա կոռուպցիան թույլ են տալիս որոշակի խավերի ի ցույց դնել սեփական գերգահությունը նաև անդրշիրիմյան կյանքում՝ ճոխ գերեզմանների կառուցման ձևով (Նկար 2, 3): 
Երկրորդ, գերեզմանների նման ճոխությունը պայմանավորված է հանգուցյալին անդրշիրիմյան կյանքում մեծ պատվի ու հարգանքի արժանացման հետ, քանի որ շատ դեպքերում այս կյանքում մարդուն չցուցաբերված բավարար հարգանքն ու պատիվը փորձ կատարվում փոխհատուցել ճոխ գերեզմանների միջոցով: Սոցիոլոգ, կոնֆլիկտաբան Արտակ Այունցի խոսքերով «գերեզմանի պաշտամունքը» զուտ տպավորություն թողնելու էֆֆեկտ ունի այն իմաստով, որ «հիմա էսպես պաշտում ենք ինչ-որ մեկի, բայց միգուցե կյանքի ընթացքում այդքան էլ չենք պաշտել»3
Սա վկայում է մի պարզ իրողության մասին, որ հայ իրականության մեջ շարունակվում է մեծ տեղ հատկացվել մարմնին ու մարմնի ներկայությանը, քան հոգու: Այսինքն կարելի է այս եզրակացության հիման վրա հանգել այն հետևությանը, որ քրիստոնեական կրոնով քարոզվող շատ արժեքներ, այդ թվում հոգու անմահության և մարմնով հարության գաղափարը, խորթ են հայ հասարակությանը: Այս տեսանկյունից մեր հետազոտությունը ևս ցույց է տալիս, որ հայ հասարակությունը այս հարցում շարունակում է հանդես գալ իբրև ռացիոնալիզացված հասարակություն, որոնց համար արժեք է այսրաշխարհը, քան անդրաշխարհը, ինչպես նաև մարդու ֆիզիկական գոյության համար անհրաժեշտ կենսապայմանները: Գերեզմանը ու նրա ճոխ հարդարանքը ևս մարդու ֆիզիկական մարմնի համար նախատեսված կենսապայմաններ են: «Համագործակցություն հանուն ժողովրդավարություն» ՀԿ-ի նախագահ Ստեփան Դանիելյանի կարծիքով, գերեզմանների նման ճոխությունն ու ծախսատարությունը պայմանավորված են «կեղծ արժեքային համակարգով», որն էլ այս պարագայում դառնում է բազմաթիվ ձևախեղումների ու իրական արժեքների ոտնահարման ու կորստի պատճառ4:
Մյուս կողմից մշակութաբան Վարդան Ջալոյանը կարծում է, որ հայ մարդկանց «կենդանի աշխարհի վրա շատ մեծ է մեռյալների աշխարհի ազդեցությունը»: Հայկական լուսավորչական շարժման մեծ ներկայացուցիչ Միքայել Նալբանդյանի խոսքերը մեջբերելով՝ նա գտնում է, որ «Հայաստանը մեռյալների թագավորություն է, սակայն այն պետք է լինի կենդանի մարդկանց հասարակություն»: Մշակութաբանը արմատապես այլ կարծիք է արտահայտում ճոխ գերեզմանների կապակցությամբ՝ նշելով, որ դրանք ոչ թե հարգանք են արտահայտում մահացածի նկատմամբ, այլ հարգանք «իռացիոնալ հաջողության ռացիոնալ պատճառների հանդեպ»: Դա անվանում է «Մոխրոտիկի սինդրոմ», որն էլ զուգակցվում է ճոխ գերեզմանաքարերով և մահացածների նկատմամբ բացարձակ չարությամբ, ատելությամբ ու արհամարհանքով: Մշակութաբանի կարծիքով, «ինչքան գերեզմանը ճոխ է, այնքան մահացածին ավելի վատ են վերաբերում: Ճոխ գերեզմանը մոռացության, ատելության գրավական է»5
Հայ իրականության մեջ հուղարկավորության ծեսը և դրա հետ կապված ատրիբուտներն իրենցով պայմանավորում են գերեզմանային տարածքի սակրալիզացումը և դրա նկատմամբ սերնդե սերունդ շարունակվող պաշտամունքային մտածողությունը: «Մեր պապերի գերեզմանները» ասույթն ինքնին սակրալ բնույթ պարունակող հասկացություն է, քանի որ այդ գերեզմանների համար զոհվելը հավասարազոր է հայրենքի պաշտպանությանը, ինչը շատ հաճախ օգտագործվել է հայկական պատմագրության մեջ: Ավելի հաճախ պապերի գերեզմանների հիշատակությունները արվելում են Մեծ Եղեռնի հետ կապված կոնտեքստում՝ պատմական արդարությունը վերականգնելու, հայրենի հողը ազատագրելու, ճշմարտությունը վերահաստատելու հետ կապված, քանի որ հայրենիքը հայրենիք է դառնում այն ժամանակ, երբ այդտեղ առկա են «պապերի գերեզմանները»: Այս իմաստով բավականին հետաքրքրական են մշակութաբան Յուլիա Անտոնյանի դատողությունները, որոնց համաձայն գյուղում գերեզմանների նկատմամբ վերաբերմունքն էականորեն տարբերվում է քաղաքում տիրող իրավիճակից, քանի որ «Գյուղի գերեզմանը դա գյուղի ծիսական կյանքի մի մասն է: Անհնարին է դա բաժանել, մարդիկ իրենց ոտների կեսը գերեզմանոցում են անցկացնում»6: Գերեզմանը գյուղում երբեմն հավասարվում է տարբեր սրբավայրերի և նույնիսկ եկեղեցիների ու այլ պաշտամունքային վայրերի: Այս իրավիճակում գյուղական համայնքների ծիսական կյանքի էական փոփոխությունները նախևառաջ բավականին բարդ է իրականացնել և երկրորդ հերթին՝ գերեզմանոցային խնդիրն առաջին հերթին վերաբերում է քաղաքին ու ոչ թե գյուղին: 
Վերջին տարիներին, սակայն, տեղի է ունենում ոչ միայն գերեզմանների, այլ նաև հայրենիքի ապասակրալիզացում: Եթե նախկինում արտերկրում մահացած որևէ հայի ամեն գնով ցանկանում էին հուղարկավորել Հայաստանի մայր հողում, ապա վերջին տարիներին հուղարկավորություններն իրականացվում են հենց բնակության վայրում, ինչը ցույց է տալիս, որ հայրենիքի հողը կորցրել է իր երբեմնի մոգական ուժն ու Հայաստանից դուրս ապրող հայորդիներից շատերն արդեն սկսում են կորցնել իրենց կապը հայրենիքի ու «պապերի գերեզմանների» հետ: Մեր այցելությունները Շահումյանի, Թոխմախի ու Զեյթունի գերեզմաններ ցույց տվեցին, որ բավականին մեծ թիվ են կազմում անխնամ ու մոռացված գերեզմանները, որոնք նաև վերջին շրջանում տեղի ունեցած մեծ արտագաղթի հետևանք են (Նկար 4, 5): Վերը նշվածը հիմնականում վերաբերում է ոչ թե սփյուռքահայերին, որոնց համար ավանդաբար հայրենիք է եղել ոչ թե Արևելյան, այլ Արևմտյան Հայաստանը, այլ Հայաստանից վերջին տարիներին արտագաղթածներին, որոնց կապը Հայաստանի Հանրապետության հետ դեռ երկար ժամանակ պահպանում էր իր կենսունակությունը և միայն վերջին շրջանում կորցնում է իր երբեմնի սակրալ բնույթը: Հետաքրքրական է, որ վերջին շրջանում վիրտուալ տարածքում բացվել են մի շարք վեբ-կայքեր, որոնք արտերկրում ապրող մեր հայրենակիցներին առաջարկում են գերեզմանների հարդարանքի, գերեզմաններում մոմ վառելու, խունկ ծխելու հետ կապված և այլ տիպի ծառայություններ (www.gerezman.am), ինչը նշանակում է, որ գերեզմանային տարածքը ֆիզիկական տարածքից վեր է ածվում վիրտուալ տարածքի, որն էլ ինքնստինքյան փոխում է «գերեզմանոցային սակրալիզմի» բնույթը: 
Այս տեսանկյունից կարելի է եզրակացնել, որ Հայաստանում և, հատկապես, Երևան քաղաքում տեղ գտած գերեզմանոցային տարածքների ու գերեզմանաքարերի ճոխ հարդարանքն ու շքեղություններն առավելապես սոցիալական բնույթ ունեն ու ոչ թե հոգևոր, այսինքն՝ դրանք որ թե կրոնական են ու հավատքային, այլև հետապնդում են հասարակության մեջ սեփական ընտանիքի ու  կլանի տեղի ու դերի ցուցադրականությունը և սեփական գերակա դիրքերի վերահաստատումը:

§3. Խնդրի օրենսդրական կարգավորումն և իրական պատկերը: Պետական մեխանիզմների բացակայությունը

Ինչպես Հայաստանի Հանրապետության բազմաթիվ այլ ոլորտներում, հուղարկավորությունների ու թաղման վայրերի և դիակիզարանների հետ կապված օրենսդրական ոլորտում բավականին առաջընթաց կա և գոյություն ունեցող օրենսդրությունը քիչ թե շատ կարգավորում է տվյալ ոլորտի խնդիրները: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ չնայած գոյություն ունեցող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի գոյությանը, ոլորտի խնդիրները շարունակում են մնալ կիսալուծված կամ չլուծված ու այստեղ ևս առկա է խոսքը կամ թուղթը գործի վերածելու կամքի և ցանկության բացակայությունը: 
Խնդրո առարկա ոլորտը կարգավորող օրենքը կոչվում է «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին»7, որի վերնագրից ինքնին պարզ է դառնում, որ Հայաստանի Հանրապետությունը օրենքի մակարդակով ընդունում է դիակիզարանների գոյություն իրավունքը Հայաստանում՝ չնայած նրան, որ ՀՀ-ում դեռ չկա կառուցված դիակիզարան: Կա ենթադրություն, որ օրենքի այս դրույթն ազգայնական գաղափարներով առաջնորդվող պաշպանողական կառավարության կողմից ընդունվել է Հայաստանում գործող փոքրաթիվ նեոհեթանոսներին իրենց ավանդական ծեսի համաձայն դիակիզման հնարավորության տալու համար8: Այնուամենայնիվ, նույնիսկ օրենքի առկայության պայմաններում նեոհեթանոսների համար բավականին դժվար է դիակիզում իրականացնել իրենց կրոնական ծեսի ու համոզմունքների համաձայն, քանի որ ա) երկրում բացակայում է դիակիզարանը և բ) կա բավականին ուժեղ հասարակական ճնշում շրջապատի ու հարազատների կողմից: Հետաքրքական է, որ քրմապետ Սլաք Կակոսյանի մահանալուց հետո կատարվել է գիշերային դիակիզում, իսկ մնացած գործողությունները կատարվել են հայկական թաղման ծեսի ավանդական մոտեցումների համաձայն:
Այս հետազոտության մեջ կանդրադառնանք «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթների, որոնք ամրագրված են թղթի վրա, սակայն երբեք կյանքի չեն կոչվել:
Այսպես, օրենքի հոդված 2-ը սահմանում է մի շարք հասկացություններ, ընդ որում «վրահուղարկավորություն», «վերահուղարկավորություն», «դիակիզում», «փակ գերեզմանատուն» և այլ տերմինները: Պետք է նշել, որ համաձայն օրենքի դիակիզումը մահացածի մարմնի կիզումն է դիակիզարանում, որը, սակայն, չի կարող իրագործվել, որովհետև Հայաստանի տարածքում պետությունը չի կառուցել դիակիզարան ու չի ապահովել օրենքի համապատասխան դրույթը9: Մյուս կողմից օրենքը չի մատնանշում, թե ինչ պետք է կատարել դիակիզվածի մոխրի հետ: Միայն կարելի է ենթադրել, որ այն պետք է հուղարկավորվի սափորով հողի մեջ: «Փակ գերեզմանատուն» է համարվում հուղարկավորություններն ընդհանրապես արգելված գերեզմանատունը, ինչը ևս կարելի է ասել, որ պրակտիկ կյանքում չի իրագործվում:
Օրենքի 7-րդ հոդվածի ա կետը սահմանում են, որ պետական մակարդակով պետք է անցկացվեն «գերեզմանատների տարածքների քաղաքաշինական և բնապահպանական մոնիթորինգներ», ինչը սակայն չի իրականացվում կամ իրականացվում է ոչ պատշաճ մակարդակով: Այս եզրակացությանն ենք եկել Երևան քաղաքի մի շարք գերեզմանատներ մեր կատարած այցելություններից հետո: Համաձայն պետական ստանդարտների` գերեզմանատների ու բնակավայրերի միջև պետք է առկա լինի անտառային տարածք, ընդ որում եթե բնակելի շենք է այդ տարածքն ավելի մեծ պետք է լինի՝ բացառելու համար քայքայվող մարմինների մանրէաբանական դաշտի տեղափոխումը դեպի խմելու ջրեր կամ ջրամբարներ: Կարելի է վստահաբար ասել, որ չափանիշն իսպառ բացակայում է Երևան քաղաքի շատ գերեզմանատների պարագայում, որոնք ոչ միայն բաժանված չեն բնակելի տարածքներից անտառային շերտով, այլ նաև բուն գերեզմանների տարածքներում բացակայում են կանաչ տարածքները, որոնք լուրջ էկոլոգիական ու առողջապահական նշանակություն կարող են ունենալ: Սա վկայում է այն մասին, որ օրենքի այդ կարևոր կետն այդպես էլ մնացել է թղթի վրա ու չի վերածվել ռեալ քաղաքականության:
Այս խնդրի հետ ուղղակիերն շաղկապված է օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ մասը, որը սահմանում է. «Սանիտարահամաճարակային իրավիճակի վտանգ առաջանալու դեպքում  մահացածների մարմինները  2 օրվա ընթացքում ենթակա են դիակիզման Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»: Չափագիտության ինստիտուտի համատեղ փորձարկման լաբորատորիայի մասնագետները մեզ հետ զրույցում նշեցին, որ բնության նկատմամբ համապատասխան հոգատար վերաբերմունքի ու ընդունված չափանիշների պահպանման դեպքում հնարավոր կլինի մեծապես խուսափել գերեզմանատների հետ կապված առողջապահական ու էկոլոգիական խնդիրներից10: Հենց օրենքի պահանջից ենթադրում ենք, որ ժանտախտի կամ նմանատիպ հիվանդությունների առաջացման ու տարածման դեպքում հնարավոր չի լինի համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել դիակիզարանների բացակայության պայմաններում: Մյուս կողմից, փաստորեն, ՀՀ կառավարությունը ընդունում է, որ համաճարակային հիվանդությունների կամ օջախների առաջացման պարագայում ֆինանսների բացակայության պատճառով պետք է տուրք տալ հին, ավանդական բացօթյա դիակիզմանը, ինչը իր հերթին հղի է տոքսիկ նյութերի արտանետման վտանգով:
Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է գերեզմանատների սահմանները՝ նշելով «Մահացածի կամքի գրավոր արտահայտությունը հուղարկավորության կազմակերպման վերաբերյալ կարող է իրականացվել իր  նշած բնակավայրի գերեզմանատան սահմաններում` ազատ գերեզմանատեղի կամ նախկինում մահացած հարազատի գերեզմանի առկայության դեպքում»: Ամեն դեպքում օրենքը սահմանում է, որ հուղարկավորությունը պետք է իրականացի մահացածի բնակության վայրին առավել մոտ գտնվող գերեզմանատանը: Այս դրույթը գործում է միայն Հայաստանի գյուղերում ու փոքր բնակավայրերում, իսկ Երևան քաղաքի պարագայում մեծիմասամբ չի գործում, քանի որ քաղաքներում թաղումները կատարում են ոչ թե ըստ բնակավայրին մոտիկ լինելու օրենքի պահանջին համապատասխան, այլ ըստ հարմարավետության ու նպատակահարմարության: 
Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետը նշում է տեղական ինքնակառավարման մարմինները պետք է ունենան «թաղումների կամ դիակիզումների գրանցման մատյաններ», որը, սակայն, նույնպես չի իրագործվում՝ դիակիզարաններ չլինելու պարզ հիմնավորմամբ: 
Մեր կարծիքով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքն ամենից հաճախ և հիմնականում խախտվում է 10-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի մասով, որոնք սահմանում են, որ մեկ գերեզմանատեղի տարածքը պետք է լինի 2.5 քառ. մետր, իսկ «Ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար տրամադրվող հողատարածքի առավելագույն չափը սահմանվում է 12 քառ. մետր, որը տրամադրվում է անվճար հիմունքներով,  որից ավելի լինելու դեպքում տարածքը տրամադրվում է վճարովի հիմունքներով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ չափով»: Հետազոտության շրջանակներում կատարված հարցազրույցներում հարցվածների մեծ մասը նշում են, որ այս ոլորտում առկա կոռուպցիան դրսևորվում է հատկապես հենց գերեզմանատեղիներ հատկացնելու ժամանակ, քանի որ գերեզմանի տնօրինությունը անվճար հիմունքներով տրամադրում է գերեզմանատեղի այնտեղ, որտեղ հնարավոր չէ կամ հասնել կամ այդ վայրը ընդհանրապես հեռու է գտնվում ընդհանուր գերեզմանատեղիների տարածքից: Բավական է այցելել Երևան քաղաք գերեզմանատներ համոզվելու համար, որ գերեզմանատեղերի բաշխման հարցում օրենքը ոչ թե չի պահպանվում մեղմ ասած, այլ խախտվում է ողջ ուժով, քանի որ հավելյալ գումարի դիմաց գերեզմանատեղիների տարածքները հասնում են մինչև հարյուրավոր քառակուսի մետրերի (Նկար 6): 
Վերջին շրջանում ԵՊՀ դասախոսներից մեկի կնոջ մահից հետո գերեզմանի տարածք (մոտ 20 քմ.) վերցնելու համար Շահումյան գերեզմանոցում պահանջեցին մոտ երեք հարյուր հազար դրամ գումար11, ինչը մեզ առիթ տվեց ենթադրելու, թե որքան կարժենա 50, 100 կամ ավելին քառակուսի մետր տարածք ունեցող գերեզմանները, որոնցով լեցուն է Երևան քաղաքի տարածքը: Հետաքրքրական է, որ նման գերեզմանոցներ ունեն հիմնականում իշխանության հետ կապ ունեցող անձինք, նախկին կամ ներկա պաշտոնյաները, իսկ ամենաճոխ գերեզմաններում թաղված են օրենքով գողերը կամ թաղային հեղինակությունները (Նկար 7): Նմանատիպ գերեզմանների վրա, ըստ որոշ հաշվարկների, ծախսվում է մինչև մի քանի հարյուր հազար դոլար գումար: Այս տեսանկյունից պետք է նշել, որ չնայած օրենքը թույլատրում է հավելյալ գումարի դիմաց առավել մեծ տարածք վերցնել գերեզմանի համար, սակայն այդ գործընթացը, մեղմ ասած, այնքան էլ թափանցիկ չէ ու մեզ չհաջողվեց որևէ տեղ տեսնել կամ իմանալ, թե կոնկրետ որքան գումար է ծախսվում մեկ հավելյալ քառակուսի մետր տարածքի համար: Մեծամասամբ կոռուպցիոն ռիսկերը գերեզմանների տարածքների հողհատկացման հետ կապված ուղղակիորեն կապված են գերեզմանոցների տնօրինության ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ: Նույնիսկ օրենքով նախատեսված ընտանեական հողհատկացումը (12 քառ. մ.) հիմնականում կատարվում է որոշակի «մաղարիչից» հետո, որը սովորաբար տատանվում է 100-300 հազ. դրամի շրջանակներում: 
Օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ կետը սահմանում է, որ «Ինքնասպանության,  անհայտ պատճառից հանկարծամահության, մարմնական վնասվածքների հետեւանքով տեղի ունեցած մահվան եւ մահը հանցագործության հետեւանքով տեղի ունենալու կասկածի դեպքերում մահացածի մարմնի (աճյունի) հուղարկավորումը չի թույլատրվում առանց դատաբժշկական մարմինների թույլտվության»: Այս կետում սահմանված չեն նմանատիպ դեպքերում դիակիզման հնարավորությունը, քանի որ Facebook սոցիալական ցանցում կատարված հարցման ժամանակ որոշ բժիշկներ ու կենսաբաններ մտահոգություն հայտնեցին էքսգումացիայի ու տրանսպլանտանցիայի հնարավորությունների նվազեցման կապակցությամբ12: Սակայն օրենքը չի մասնավորեցնում այս դեպքերը, ինչը կարծում եմ օրենքի հետագա լրամշակման կամ ենթաօրենսդրական ակտի արդյունք պետք է լինի, քանի որ այդ հարցն օրենսդրական կարգավորման կարիք ունի: Մյուս կողմից էլ պետք է նշել, որ խնդրի օրենսդրական կարգավորման կարիք դեռ չի զգացվել, քանի որ դիակիզում, փաստորեն, չի իրականացվում Հայաստանի Հանրապետությունում և նման հարցեր առաջ կգան այդ պրակտիկայի ներմուծմանը զուգահեռ ու, բնականաբար, նոր օրենսդրական փոփոխությունների ու մոտեցումների անհրաժեշտություն կզգացվի:
Նույն օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ կետը պարունակում է կոռուպցիոն ռիսկեր, քանի որ «Նոր գերեզմանատեղի հատկացում կատարվում է միայն բաց գերեզմանատներում»: Այնուամենայնիվ հետազոտության ընթացքում հայտնի դարձավ, որ որոշ փակ կամ կիսափակ գերեզմատներում ևս եղել են հողհատկացումներ՝ լքված գերեզմանոցների տեղում կամ երկար ժամանակ տեր չունեցած գերեզմանների տարածքում: Հարց է առաջանում, թե ինչպես են գերեզմանատան պատասխանատուներն իմանում, թե որ գերեզմանն է «անտեր» կամ «լքված»: Փորձը ցույց է տալիս, որ որոշ գերեզմանոցների տարածքում տարիներ շարունակ կուտակվում է աղբ, որը երբեմն մարդաբոյ է հասնում ու չկա որևէ մեկը որ մաքրի տվյալ գերեզմանը: Այդ ժամանակ գերեզմատան պատասխանատուները ֆիքսում են այդ տարածքը ու հետևում, թե որքան ժամանակ այդ գերեզմանի տերերը չեն հայտնվել ու դրանից հետո այդ տարածքը մաքրելով վաճառվում է որևէ գնորդի: Չնայած մեր այցելությունների ժամանակ գերեզմանատների պատասխանատուները պնդում էին, որ նման բան հնարավոր չէ, քանի որ գրանցամատյանում բոլոր տարածքները ֆիքսված են ու հնարավոր չէ նման բան, քանի որ այդ գերեզմանի տերը կարող է հայտնվել երկար ժամանակվա բացակայությունից հետո և այդ ժամանակ մեծ խնդիրներ կծագեն գերեզմանատան տնօրինության համար13:
Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված են գերեզմանատների երկու տեսակ՝ քաղաքացիական ու զինվորական, սակայն որևէ խոսք չկա հոգևորականների համար եկեղեցիներին կից առկա գերեզմանատների տեսակի մասին: Հետաքրքրական է, որ նույն հոդվածի 3-րդ կետով գերեզմանատների զբաղեցրած հողերը դասվում են պատմական ու մշակութային նշանակություն ունեցող հողերի շարքին: Այս դրույթը հետաքրքրական է հատկապես վերջին շրջանում շատ քաղաքացիների համար չարաբաստիկ դարձած «հանրային շահի» տեսանկյունից: Խոսքը հատկապես վերջին շրջանում մեծ հնչեղություն ստացած Քաջարան գյուղի հողերի «հանրային շահ» ճանաչելուն է վերաբերում, որի արդյունքում, գյուղացիների մտավախությամբ, պետք է տեղափոխվեն իրենց պապերի ու հայրերի գերեզմանները, ինչը հաստատեց Սյունիքի մարզպետը գյուղ կատարած իր այցելության ժամանակ14: Մի կողմ թողնելով ավանդական ու սովորութային նորմերը՝ ցանկանում ենք մեջբերել նույն օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ կետը. «Գերեզմանների ոչնչացման, դրանցում ամրակայված կառույցներին վնասի պատճառման եւ պղծման դեպքում մեղավորները օրենքով սահմանված կարգով ենթակա են պատասխանատվության»:
19-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է գերեզմանների սահմանագծերի որոշման ձևն ու կարգը, որը ևս խախտվել է գերեզմանատներից շատերի կողմից: Եթե այսօր այցելություն կատարվի այդ գերեզմանատներից որևէ մեկը, ապա մեծ դժվարությամբ է հնարավոր գտնել նրա մուտքի դարպասները, քանի որ այն մնացել է բազմաթիվ գերեզմանոցների արանքում: Օրենքի խախտումներից առավել հիշատակելի են բնապահպանական ու սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները, որոնք հիմնականում նշված են 20-րդ հոդվածում: Այս հոդվածում նշված է, որ գերեզմանատներ չի կարելի կազմակերպել լճերի, գետերի և մյուս բաց ջրամբարների ափերին, ինչը, համաձայն «Բնակչության հատուկ սպասարկում» ՍՊԸ-ի ինժեներ Ռազմիկ Հարությունյանի խոսքերով խախտվել է Զեյթունի ջրամբարի կառուցման ժամանակ, որը հողերի թեքության պատճառով հնարավոր է իր մեջ ամբարի գերեզմանների տակով հոսող ջրերը, ինչը վնասակար է մարդու առողջությանը15:
Նույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ հոդվածի ե կետում նշված է, որ գերեզմանների կազմակերպում չի թույլատրվում «անտառային ֆոնդի հողերում, հատուկ պահպանվող տարածքներում, բնակավայրերում` ընդհանուր օգտագործման ենթակա զբոսայգիներում, պուրակներում, այգիներում եւ այլ կանաչ տարածքներում»: Օրենքի այս դրույթը ևս շատ դեպքերում ամբողջությամբ չի պահպանվում, թեկուզ միայն եթե նշենք Ծիծեռնակաբերդում կատարված թաղումները կամ էլ մինչև օրենքի ընդունումը վերը նշված տարբեր վայրերում կատարված թաղումները: 
Վերլուծելով Հայաստանի Հանրապետության այս ոլորտը կարգավորող օրենքը պետք է նշել, որ օրենքում նշված ոչ բոլոր դրույթներն են պատշաճորեն կատարվում գործադիր մարմնի ներկայացուցիչների կողմից: Մյուս կողմից օրենսդրական կարգավորումը ևս բավարար մակարդակով չի ապահովում ոլորտի բնականոն գործունեությունը, քանի որ բազմաթիվ հարցեր ոչ միայն դուրս են մնացել օրենքի շրջանակից, այլ նաև մնացած դրույթներից շատերը կարիք ունեն խմբագրման ու լրամշակման: Հետագայում փորձ է կատարվել որոշակի փոփոխություններ կատարել օրենքի մեջ, որտեղ նշվում են «կրոնական ավանդույթներին համաձայն» հուղարկավարություն իրականացնելու հանգամանքը, որն անհասկանալի է քաղաքացիական օրենսդրության ու «եկեղեցու պետությունից անջատվածության» սահմանադրական դրույթի դիրքերից: Սակայն օրենքում որևէ կրոնական սովորույթի կամ ավանդույթի պարտադրանք չի ընդունվել՝ ճշմարտացիորեն հաշվի առնելով աթեիստների, այլազգիների, այլախոհների կամ այլադավանների իրավունքը հոգեհանգիստը, հուղարկավորությունը (դիակիզումը) կատարել իրենց խղճի, կամքի մտոք ու ընտանեական սովորույթներին համաձայն: Ընդհանուր առմամբ օրենքում պետք է կատարվեն փոփոխություններ, քանի որ աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն ու բարենորոգությունները նոր մարտահրավերներ են նետել այս ոլորտին, որը վաղ թե ուշ կանգնելու է Հայաստանի առջև:

4. Հայ եկեղեցին ընդդեմ դիակիզման: Կրակով մաքրագործում թե՞ հող էիր ու հող դարձիր

Հուղարկավորությունների, գերեզմանատների, գերեզմանոցների, դիակիզարանների ու նոր մոտեցումների հետ կապված դիսկուրսում հնարավոր չէ չանդրադառնալ հայ ժողովրդի կյանքում պատմականորեն մեծ դեր խաղացած Հայ առաքելական եկեղեցուն ու նրա դիրքորոշմանը: Չնայած բավականին դժվար է խոսել Հայ առաքելական եկեղեցու հստակ դիրքորոշման մասին, քանի որ սոցիալական հայեցակարգի բացակայությունը թույլ չի տալիս եկեղեցու սպասավորներին հստակ ու միասնական դիրքորոշում ունենալ օրինակ այնպիսի հարցի շուրջ, ինչպիսին դիակիզումն է: Դիակիզման ներմուծման կամ չներմուծման կապակցությամբ բավականին հետաքրքրական է համաշխարհային փորձը, երբ ժամանակակից արևմտյան բազմաթիվ երկրներում, որտեղ այժմ իրականացվում է դիակիզում, բավականին մեծ ընդդիմություն է ծագել դրա դեմ ավանդական եկեղեցիների կողմից, որոնք ժամանակի ընթացքում ստիպված են եղել վերանայելու իրենց մոտեցումներն ու այն համապատասխանեցնելու հասարակության կողմից առաջադրված խնդիրների լուծմանը16: Հայ առաքելական եկեղեցին ևս, լինելով ավանդական արևելյան ուղղափառ եկեղեցիների ընտանիքի անդամ, ավանդաբար դեմ է արտահայտվում մարմնի թաղմանն այլընտրանք ներկայացնող որևէ այլ դիրքորոշման դեմ, այդ թվում նաև դիակիզման: Միևնույն ժամանակ Հայ եկեղեցին ամբողջականորեն ձևակերպված մոտեցում չունի այնպիսի հարցերի նկատմամբ, ինչպիսին է հրդեհի ժամանակ մահացածները կամ հարկադրված կրակին մատնվածները կամ էլ այլ դեպքերը, երբ մարմինը հնարավոր չի եղել ամբողջականորեն հանձնել հողին: Հայ եկեղեցու միայն առանձին սպասավորներ են համակարգված մոտեցում ցուցաբերել այս հարցի կապակցությամբ, որոնց տեսակետներին էլ փորձելու ենք անդրադառնալ այս հետազոտության մեջ17:
Հետաքրքրական է, որ այս թեմայի շուրջ քննարկումների ժամանակ մշակութաբաններն ու կրոնագետները նշում են, որ հայկական ավանդական արիական շերտում եղել է դիակիզում, սակայն ժամանակի ընթացքում այն փոխակերպվել է թաղման ու թաղման ծեսը ավանդականցվել է18: Քրիստոնեության ընդունումից դեռևս շատ առաջ ու հետո հայ իրականության մեջ արմատացել էր մարմինը հողին հանձնելու սովորույթը, որը ժամանակի ընթացքում հագեցել է քրիստոնեական ծեսով ու ավանդությամբ: Այդ պատճառով էլ Հայ առաքելական եկեղեցին մշտապես կանգնում է թաղման ծեսի ավանդական եղանակի պահպանության դիրքերում՝ չընդունելով որևէ նորարական մոտեցում կամ փոփոխություն այս ոլորտում: Քրիստոնեական վարդապետության տեսանկյունից դիակիզման երևույթն անընդունելի է այն պատճառաբանությամբ, որ հին կտակարանը ոսկորներն այրելու այդ սովորույթն արգելում է: Դարեր ի վեր դիակիզումը համարվել է հեթանոսական սովորույթ: «Մարդու մարմինն ստեղծվել է Աստծո կողմից և Աստված է պատասխանատուն և տերն այդ մարմնի», – վստահ է Եկեղեցին:
Այս դիրքորոշումը հասկանալի է մի կողմից, երբ եկեղեցուն դիտարկում ենք իբրև հավատքային կառույց, իսկ մյուս կողմից անհասկանալի է երբ այն դիտարկում ենք իբրև սոցիալական կառույց, քանի որ ժամանակակից արագ փոփոխվող աշխարհը թելադրում է իր կանոնները և երբեմն այդ կանոններին հակառակվելը չի բխում եկեղեցական կառույցի շահերից: «Դիակիզումը չի բխում Հայաստանյայց Առաքելական եկեղեցու դավանանքից, ծիսաարարողակարգի տրամաբանությունից և Սուրբ Գրքից, այն ամբողջությամբ հակառակ է մեր հավատքին: Հետևաբար, մեր եկեղեցին դեմ է հուղարկավորության այլընտրանքային ձևին»,- ասում է Սբ. Սարգիս եկեղեցու տեր Հակոբ քահանա Խաչատրյանը19: Հայ առաքելական եկեղեցու տարբեր սպասավորներ բազմիցս դեմ են արտահայտվել դիակիզարանների կառուցմանն ու օրենքում դիակիզարան բառի ամրապնդմանը: Այնուամենայնիվ հետաքրքրական է, որ եկեղեցու դիրքորոշումը «հող էիր և հող պիտի դառնաս» արտահայտությունից ու Աստվածաշնչում նկարագրված մի շարք հուղարկավորություններից այն կողմ չի անցնում ու չի ստանում համակարգային հիմնավորվածություն: Հայտնի է, որ այլ ավանդական եկեղեցիներ ևս, ինչպիսիք են Հռոմի կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիները, ևս դեմ են արտահայտվել դիակիզարանների կառուցմանը, սակայն ժամանակի ընթացքում ստիպված են եղել համերաշխվել ստեղծված իրավիճակի հետ ու ընդունել դիակիզարանների ու կոլումբարիումների գոյությունն իրենց կողքին: Դեռ ավելին, որոշ եկեղեցիներ որևէ խտրականություն չեն դնում դիակիզման ու թաղման միջև և այդ խնդիրն այլևս համարվում է անցյալում մնացած ու լուծված: Այս տեսանկյունից հետաքրքրական է Ռուս ուղղափառ եկեղեցու վարդապետ Ֆյոդոր Յաբլոկովի կարծիքը, երբ նա նշում է, որ «դիակիզում կատարողները չեն զրկվում եկեղեցական հաղորդությունից: Եկեղեցին չի հերքում դիակիզումը կատեգորիկ կերպով: Իսկ հավատքին ու եկեղեցու վարդապետությանը այն առավել քիչ առնչություն ունի»20:
Դեռ ավելին պետք է նշել, որ Հայ առաքելական եկեղեցին պնդում է, որ Հայ եկեղեցում պահպանված թաղման կարգը ևս բավականին փոփոխությունների է ենթարկվել ու այն վերածվել է սովորույթի: Կոմիտաս վարդապետ Հովնանյանը նշում է. «Մենք ունենք թաղման արարողակարգի հստակեցված կերպ, այսինքն ավանդական կերպն է, որ կանայք թաղման օրը չեն գնում գերեզմանատուն, այլ հաջորդ օրն են գնում՝ խունկ ծխելու, դրանից հետո կա յոթի հասկացությունը, հետո՝ քառասունքի ավանդական կերպը։ Առաջ մեռելները պահվում էին միայն 1 օր, այսինքն մարդը մահանում էր և անմիջապես թաղվում, որովհետև չէին կարող երկար պահել։ Հետևաբար կատարվում էր 3 կարգ։ Առաջինը՝ տան կարգն էր, երկրորդը՝ եկեղեցվո կարգը, երրորդը՝ գերեզմանի կարգը և չորրորդ արարողությունը կատարվում էր տան մեջ՝ ի մխիթարություն տվյալ սգավորների։ Սա հայ եկեղեցու եկեղեցական ավանդակարգն է, որը, դժբախտաբար, 1920 թվականի հեղափոխությունից հետո խախտվեց, և առ այսօր մենք չենք կարողանում վերականգնել, որովհետև ավանդությունը վեր է ածվել սովորության»21: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ եկեղեցական բազմաթիվ ավանդույթներ ժամանակի ընթացքում ենթարկվել են բազմաթիվ փոփոխությունների և Հայ եկեղեցին հաճախ ապարդյուն պայքար է մղել այդ բնականոն փոփոխություններին դիմակայելու համար: Նմանապես բազմաթիվ քրիստոնեական եկեղեցիներ ժամանակին պայքար են մղել դիակիզարանների ներմուծման դեմ, սակայն կարճ ժամանակ անց, չկարողանալով դիմակայել ժամանակի փորձությանը, համակերպվել են դիակիզարանների գոյությանը և նույնիսկ կանոնական հիմնավորում տվել այդ երևույթին: Այնպիսի պահպանողական եկեղեցի, ինչպիսին Հռոմի կաթոլիկ եկեղեցին է, Վատիկանի Երկրորդ ժողովից (1962-1965թթ.) հետո ստիպված էր առավել հանդուրժողական կեցվածք ընդունել դիակիզման նկատմամբ:
Հայ առաքեալական եկեղեցին իր պաշտոնական դժգոհությունն է հայտնել 2007թ. ապրիլին, երբ ուժի մեջ մտավ «Հուղարկավորությունների կազմակերպման ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքը՝ նշելով, որ օրենքը խախտում է հայերի դարավոր ավանդույթն ու սովորույթները: Է. սրկ. Աբգարյանն եկեղեցու կարծիքը հիմնավորելու համար մեջբերում է աստվածաշնչյան մի շարք դրույթներ և նշում մարմնով հարություն առնելու քրիստոնեական սկզբունքը որպես թաղման ծեսի կարևորագույն նախապայման22: Այնուամենայնիվ, նա նշում է նաև, որ պատահական կամ բռնի կերպով վառված մարմինները ևս հարություն կարող են առնել, քանի որ Աստված ամենակարող է ու կարող է հարություն տալ ցանկացած մահացածի23: Սարկավագը նշում է, որ եկեղեցու բացասական վերաբերմունքը դիակիզման նկատմամբ պայմանավորված է մարդու մարմնի՝ իբրև հոգու տաճար տածած հարգանքի վրա: Դեռ ավելին հոդվածագիրն առաջ է քաշում այն թեզը, որ «գերեզմանը ինչ-որ ժամանակ հետո հարության վայր է դառնալու և հանգստատեղի մահացածների համար, որոնք ննջեցյալներ են կոչվում, և ոչ թե՝ մեռյալներ»24:
Դեմ չլինելով Հայ առաքելական եկեղեցու ծեսին ու հայերի մեջ դարերով պահպանված ավանդությանը՝ այնուամենայնիվ նշենք, որ «հող էիր ու հող դարձիր» աստվածաշնչյան արտահայտությունը (Ծննդ. 3.19) նախևառաջ Աստծո կողմից տրվեց որպես պատիժ մարդու անհնազանդության համար, իսկ երկրորդ հերթին այն չի կարելի հասկանալ ուղղակի իմաստով, քանի որ մարդու մարմինը իր քիմիական բաղադրությամբ բաղկացած չէ այն նույն տարրերից ինչ հողը: Խոսքն այստեղ վերաբերում է մարմնի կազմալուծմանը: Ռուսերեն լեզվով նույն արտահայտությունը հնչում է որպես «փոշի դառնալ» (ибо прах ты, и в прах возвратишься)25, ինչը մեկ անգամ ևս վկայում է, որ խոսքն այստեղ տարրալուծման մասին է: Ավելորդ չէ այստեղ նշել, որ Ռուս ուղղափառ եկեղեցին, չնայած դեմ է արտահայտվում դիակիզմանը, սակայն հաշտվելով ստեղծված իրողության հետ, չի փակում իր դռները դիակիզման ենթարկվածների առջև26: Այնուամենայնիվ, Ալեքսեյ II պատրիարքի օրհնությամբ Ռուսաստանում գործող բոլոր կրեմատորիաներում ծառայում են ռուս քահանաները, ինչը ևս մեկ ապացույց է նրա, որ ավանդական Ռուս եկեղեցին ստիպված է ադապտացվել ստեղծված նոր իրավիճակին:
Մյուս կողմից մարմնով հարության գաղափարը պետք է ճիշտ մեկնաբանվի և ընկալվի, քանի որ մեր երկրային մարմինն այնուահանդերձ քայքայվում է, իսկ թե ինչպիսին կլինի այդ քայքայումը, կարծում ենք քրիստոնեական Աստծո համար մեծ նշանակություն չպետք է ունենա: Մարդու ֆիզիկական մարմինը հոգու տաճար է նրա երկրային գոյության ընթացքում, իսկ մարդու մահվանից հետո այդ հոգին այլևս զետեղված չի մնում մարմնի մեջ, իսկ հոգու հարության ժամանակ, ինչպես նշում են հոգևորականներից շատերը, ամենակարող Աստված միևնույն է հարություն կտա բոլոր ձևով մահացածներին: Գերեզմանի դերի կրոնական մեկնաբանության կապակցությամբ կարելի է հարց ուղղել այդ տեսակետի կողմնակիցներին, թե ի՞նչ է լինելու այն հազարավոր մահացածների մարմինների հետ, որոնց գերեզմանները չեն պահպանվել ու դրանց տեղը հայտնի չէ: Արդյո՞ք այդ մարդիկ անէանալու են թե՞ այնուամենայնիվ հարություն են առնելու: Այս իմաստով պետք է նշել, որ զուտ քրիստոնեական կամ եկեղեցական հիմնավորումները հիմնականում խարսխվում է ազգային-ավանդութային նորմերի պահպանման վրա, իսկ զուտ կրոնական հիմնավորումներն այս հարցում բավականին հեղհեղուկ են և չեն դիմանում քննադատությանը:
Այս հետազոտության շրջանակներում մտավորական տարբեր շերտերի հետ անցկացված հարցազրույցների ընթացքում փորձել ենք հասկանալ, թե ինչպես է ընկալվում մարդկանց կողմից եկեղեցու դիրքորոշումն այս հարցում: Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը եկեղեցու դիրքորոշման հարցը դիտարկում է հավասարակշռության մեխանիզմներ ձևավորելու և ունենալու տեսանկյունից: Նա գտնում է, որ, լինելով պահպանողական կառույց, բնական է, որ Հայ եկեղեցին հակադրվելու է դիակիզման նոր երևույթի դեմ, սակայն ոչ թե «ազգի դավաճան» կամ «եկեղեցու դավաճան» հռետորաբանության համատեքստում, այլ որպես տվյալ մարդու այլընտրանքային իրավունքի իրագործում: Մյուս կողմից նա առաջ է քաշում մի շարք հարցադրումներ, թե որքանով է մեր ազգայինը քրիստոնեական և հակառակն ու խնդրին փորձում է անդրադառնալ հենց այս տեսանկյունից: Վերջիվերջո հրապարակախոսը հանգում է այն հետաքրքիր մտքին, որ, չնայած դիակիզումը չի եղել մեր ավանդության ու սովորույթների մեջ, սակայն եթե մարդկանց մի խումբ որոշի գնալ այդ ճանապարհով, տարիներ անց այն նույնպես վերածվելու է մեր ավանդույթի մի մասի27: Մշակութաբան Յուլիա Անտոնյանն էլ նշում է, որ «եկեղեցին հիմա զբաղված է իր նախկին հզորությունները վերադարձնելու խնդրով» և որևէ նորարարության դեմ հանդես գալը, ինքնության խնդիրների արծարծումն ու ազգայինի և կրոնականի նույնացումը Հայ եկեղեցու դիրքերի ամրապնդմանն է ուղղված28
Հարցը հակառակ կողմից են դիտարկում հետազոտողներ Հայկ Քոչարյանն ու Տիգրան Մաթոսյանը՝ նշելով, որ եկեղեցու աջակցությունն այս հարցում մեծապես կօգներ դիակիզման ավանդույթի արմատավորմանը, եթե հաշվի առնենք այն բազմապիսի խնդիրները, որոնք առաջադրում են դիակիզման կողմնակիցները: Մյուս կողմից նրանք մատնանշում են, որ պետք է պահպանվի power sharing-ը և եկեղեցին գաղափարական, ֆինանսական և այլ առումներով չպետք է տուժվի նոր ծեսի կիրառումից: Հետազոտողներն իրավացիորեն նշում են, որ հնարավոր բոլոր մոդելներն այս հարցում գոյության իրավունք ունեն և եթե լինի նորմալ մրցակցություն, ապա ժամանակը ցույց կտա, թե որ մոդելը կհաղթանակի այս մրցավազքում29: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ևս անդրադառնալով դիակիզման ավանդույթին նշում է, որ եվրոպական բազմաթիվ երկրներում ևս ժամանակին մեծ դիմակայություն է եղել թաղման ծեսին այլընտրանք հանդիսացող որևէ ավանդույթի, սակայն ժամանակի ընթացքում այդ խնդիրը հաղթահարվել է ու այլևս մեծ դիմակայություն ու լարվածություն չի առաջացնում: Նա կարծում է, որ եթե նույնիսկ Հայաստանում սկսվի դիակիզման պրակտիկան, ապա այն կարճ ժամանակ անց չի դառնա տարածված մշակույթ: Միևնույն ժամանակ ազգագրագետը հեգնանքով նշում է, որ դիակիզումը կարող է տարածում ստանալ, եթե պետական բարձրաստիճան անձինք կտակ գրեն իրենց դիակիզման վերաբերյալ ու դա դարձնեն էլիտար երևույթ: Չնայած այդ ամենին նա նշում է, որ հայկական հնագիտական նյութում մոխրի կուտակման տարածքներ չեն հայտնաբերվել ու մեր պատմության մեջ հիմնականում առնչվում ենք հողային թաղումների հետ30:
Մեկ այլ ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանը կարծում է, որ եկեղեցին դիակիզումների պրակտիկայի ներմուծման հարցում լուրջ դիմադրության օղակ չէ, քանի որ այն պետության կարգավորման ոլորտում է և քանի որ Հայաստանը կրոնական պետություն չէ, պետությունը եկեղեցուց անջատ է և պետությունը եկեղեցու վրա ազդելու շատ լծակներ ունի: Քաղաքացիական հասարակության դիրքերից դիտելիս նա կարծում է, որ հուղարկավորությունը կամ թաղումը եկեղեցու խնդիրը չի: Եկեղեցին կարող է արտահայտել իր դիրքորոշումը, իսկ հասարակությունն իրավունք ունի չանսալ այդ դիրքորոշմանը: Միևնույն ժամանակ նա նշում է, որ այսօր եկեղեցու ազդեցությունը հասարակության վրա այնքան էլ մեծ չէ ու եկեղեցու դերը հասարակության կյանքում չպետք է գերագնահատվի: Միևնույն ժամանակ Մխիթար Գաբրիելյանը նշում է, որ այսօր հասարակությունը պատրաստ չէ դիակիզարանների ներմուծմանը և հասարակական հակազդեցությունը բավականին մեծ կարող է լինել և ըստ նրա այսօր ընդլայնվող գերեզմանատների խնդիրը հնարավոր է լուծել ստադարտիզացման ու նոր լուծումներ գտնելու շնորհիվ31: Հետազոտող Սևակ Քարամյանի կարծիքով թե' եկեղեցու, թե' հասարակության հակազդեցությունը դիակիզարանների կիրառման հարցում բնական է, սակայն դա ամենևին էլ չի ենթադրում նոր երևույթի ներդման անհնարինության մասին: Ժամանակին նմանատիպ դիմադրության էր արժանացել դիահերձման պրակտիկայի կիրառումը, սակայն ինչպես տեսնում ենք, այսօր դիահերձումը հանդիսանում է պարտադիր, ավելին, դրանից հրաժարվելը դիտարկվում է որպես հետամնացություն կամ, նունիսկ, ժլատություն: Հարկ է նաև նշել, որ դիակիզման պրակտիկան ամենևին խորթ երեևույթ չէ մեր հայրենակիցների համար, ովքեր ապրում են արտերկրում: Հաճախ են նաև դեպքերը, երբ հանգուցյալին հայրենիքում հուղարկավորելու նպատակով հանգուցյալի աճյունը տեղափոխելու փոխարեն, ինչը բավականին ծաղսատար է, տեղափոխվում է նրա պռախը:  
Այս տեսակետների կողքին իհարկե տեղ են գտել այնպիսի մոտեցումներ, ինչպիսին մշակութաբան Վարդան Ջալոյանն է ու հասարակական գործիչ Ստեփան Դանիելյանը, ովքեր կարծում են, որ դիակիզարանների ներմուծումը ևս մեկ հավելյալ աղբյուր կդառնա դրամաշորթության և կոռուպցիայի համար, քանի որ նոր բիզնես ոլորտներ կբացվեն եկեղեցու և տարբեր բիզնեսմենների համար32 :  
Վերջիվերջո պետք է նշել, որ բոլոր հարցվածները միանշանակ պնդում էին, որ գերեզմանների դերի նման ուռճացումը, մեռելոց երկուշաբթիների ոչ աշխատանքային օր հայտարարելն ու հետմահու կյանքի տարբեր դրսևորումների հետ կապված երևույթներն առնչվում են հայ հասարակության մեջ տեղ գտած այն արատավոր երևույթի հետ, երբ մարդը բավարար հարգանքի չի արժանանում այս կյանքում և նրան սկսում են հարգանք մատուցել անդրշիրիմյան կյանքում: Այդ պատճառով էլ հայերի համար այդքան կարևոր է ճոխ գերեզմանների կառուցումը ու մարմնի համար նպաստավոր ու մեծ տարածքների ապահովումը, քանի որ հոգու անմահությանը հավատացող մարդիկ դժվար թե նմանատիպ մեծարանքի արժանացնեին մեռած մարմնին ու դիակիզման հետ կապված նման հոգեբանական խնդիրներ ունենային: Առավել կարևոր է ոչ թե այն, թե ինչպես է մարդը հեռանում այս կյանքից, կամ ինչ եղանակով է նրա մարմինը վերածվում տարրերի, այլ այն, թե ինչպիսի վերաբերմունք մենք ունենք մարդու նկատմամբ նրա կենդանության օրոք և թե ինչպես են նրան վերաբերվել, պետությունը, եկեղեցին, հասարակությունը, մարդիկ, հարազատները, ընկերները նրա կենդանության օրոք:
 
Գլուխ 2: Գերեզմանային տարածքների հետ կապված խնդիրների արդիականությունը,  փոխկապակցված հիմնախնդիրներն ու հնարավոր լուծումները

Գերեզմանոցների հետ կապված խնդիրները Հայաստանում այսօր դեռևս մեծ հնչեղություն չի ստացել, քանի որ շրջաններում դեռևս տարածքային հարցերն իրենց զգացնել չեն տալիս, իսկ Երևան քաղաքում այդ խնդիրներն ի հայտ կգան մոտակա տարիներին: Գերեզմանոցային տարածքների ու դրանց հետ փոխկապակված բազմաթիվ հիմնահարցերն իրենց ամբողջ ուժով զգացնել չեն տալիս, քանի որ ինֆորմացիոն մեծ բաց կա այս ոլորտում և մարդիկ դեռևս տեղյակ չեն այն համալիր մարտահրավերների մասին, որոնք կարող են ծագել նման ձևով կենցաղվարությունը շարունակելու դեպքում: Այս իմաստով էլ հարկ է արդեն մտածել նոր լուծումների ու նոր մոտեցումների մասին, չնայած այդ նոր լուծումները իրենց հետ բերելու են նոր խնդիրներ, որոնցից խուսափելն անհնար է մեր պայմաններում: Եվ հարկ է նշել, որ այս ոլորտում ևս պետք չէ «հեծանիվ հնարել», քնաի որ քաղաքակիրթ աշխարհը ժամանակին կանգնելով նման խնդիրների առջև, մշակել է բազմաթիվ ռացիոնալ լուծումներ, որոնք էլ պետք է ուղղակի հաշվի առնվեն պատասխանատու մարմինների կողմից: 

1. Տարածքային խնդիրների արդիականությունը

Այս հետազոտությունը նախաձեռնելու նպատակներից մեկը Հայաստանի Հանրապետությունում և, հատկապես, Երևան քաղաքում տարեց տարի առավել մեծ խնդիր դարձող գերեզմանատների տարածքներն են: Չնայած նրան, որ այս խնդիրը կարգավորվել է օրենքով, այնուամենայնիվ, ոլորտում առկա կոռուպցիան ու հովանավորչությունը չեն թույլատրում վերջնականապես կարգավորել խնդիրն ու մենք ականատես ենք լինում գերեզմանատների ահագնացող աճին: Նախկինում հանգուցյալներին հուղարկավորում էին պետական գերեզմանատներում, որոնք փոխարինելու են եկել մասնավոր գերեզմանատները, որտեղ գտնվող տարածքների գները վեր են տրամաբանությունից: Մասնավոր գերեզմանատներում 4 հոգու համար նախատեսված տարածքի համար երևանցիները ստիպված են վճարել չորս հազար դոլար կամ ավելին, իսկ մարզերում գները տատանվում են 40-60 հազար դրամի շրջանակներում, իսկ հեռավոր գյուղերում հիմնականում թաղումները կատարվում են ընտանեական գերեզմանատներում, որի համար գյուղացիները չեն վճարում: Այդ պատճառով էլ շատ դեպքերում քաղաքային բնակչությունից հանգուցյալին տեղափոխում են գյուղեր, որպեսզի խուսափեն մեծ գումարային խնդիրներից33:
Մյուս կողմից կոռուպցիան դրսևորվում է նաև այլ ոլորտներում: Այսպես, ոլորտը կարգավորող օրենքը սահմանում է գերեզմանատների տիպերը` փակ, կիսափակ ու բաց: Փակ գերեզմանատներում արգելվում է հուղարկավորությունը, որը, միշտ չէ, որ պահպանվում է: Այսպես, Թոխմախի փակ գերեզմանատանը երբեմն տեղի են ունենում հուղարկավորություններ, որտեղ հիմնականում հուղարկավորվում են հեղինակություններ` քաղաքական կամ քրեական: Հետաքրքրական է, որ առանց բացառության բոլոր գերզմանատներում ամենամեծ տարածքներ զբաղեցնում են քրեական հեղինակությունները, քաղաքական գործիչները, բիզնեսմենները կամ էլ նրանց ընտանիքի անդամները: Ընդ որում, ավելորդ չէ նշել, որ այդ մարդկանց մի զգալի մասը մահացել են ոչ իրենց մահով կամ էլ կասկածելի պայմաններում: 
«Բնակչության հատուկ սպասարկում» ՍՊԸ ինժեներ Ռազմիկ Հարությունյանը նշում է, որ «Երևաննախագիծ» ինստիտուտի նախնական հաշվարկներով մինչև 2020թ. Երևան քաղաքին պետք է հավելյալ գերեզմանատարածքներ հատկացվեն, քանի որ արդեն մոտակա տարիներին Երևան քաղաքում գերեզմանատարածքների լուրջ խնդիրներ են առաջանալու: 2009թ. փետրվարին ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ դրեց օրենքի մի նախագիծ, համաձայն որի գերեզմանատներում վճարովի հիմունքներով լրացուցիչ հողատարածք ձեռք բերելու համար մայրաքաղաքի բնակիչները մեկ քառակուսի մետրի համար պետք է վճարեն մեկ միլիոն դրամ, իսկ մյուս համայնքներում` 500 հազար դրամ: Օրենքի նախագիծն այդպես էլ մնաց թղթի վրա, իսկ ոլորտի կարգավորումը և հավելյալ տարածքների տրամադրումը` համայնքապետերի ու գերեզմանատների տնօրենների տնօրինության տակ: 
Երևան քաղաքում ներկայումս կա 27 գերզմանատուն, որոնցից 11-ը` փակ և կազմում են 540կմ քառակուսի տարած, որը կազմում է Երևան քաղաքի ընդհանուր մակերեսի 7-8%-ը: Իրականում փակ գերեզմանատները մասամբ են փակ, քանի որ թաղային, քրեական ու քաղաքական հեղինակությունների համար տարածքներ միշտ էլ գտնվում են: Ռ. Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 2011 թ. նոյեմբեր ամսվա դրությամբ Երևան քաղաքում ընդամենը 60  հա հողակտոր կա գերեզմանների համար` Սովետաշեն 11հա, կենտրոնական 1.8, Շենգավիթ 4.3 հա, Կարմիր բլուր 0.07 հա` 740-ից, Շահումյան երկու 0,54հա` 540-ից, Սպանդարյան 4.5, Աջափնյակ 23 հա: Այդ տարածքների տասնհինգ տոկոսը կառավարության որոշմամբ նախատեսված է ճանապարհների համար, քսան տոկոսը` կանաչ տարածքների: Եթե նշված տարածքների երեսունհինգ տոկոսը դուրս են գալիս, մնում է քառասուն հա34: Իսկ եթե հաշվենք, որ մեկ տարվա ընթացքում հուղարկավորության համար նախատեսված է երկու հազար դի, ապա երկու հազարը տասներկուսով բազմապատկելու դեպքում պարզ է դառնում, որ չորս տարի հետո Երևան քաղաքը, և ինչու չէ նաև ողջ հանրապետությունը, կանգնելու է լուրջ խնդիրների առջև: 
Հետաքրքրական է, թե ինչպես են տեսնում ոլորտի կարգավորումը մասնագետները, որոնք ամեն օր առնչվում են նշված խնդիրներին: Այսպես, ինժեներ Ռ. Հարությունյանը նշում է. «Պրոբլեմի միակ լուծումը Երևան քաղաքում դիակիզարան կառուցելն է, դիակիզարանի առաջարկությունն արված է, մի քանի անգամ տարբեր տեղեր, քաղաքաշինության նախարարություն, կառավարություն, այսինքն կառավարություն ես չեմ արել, մենք այստեղից գրում ենք քաղաքապետին, քաղաքապետը կամ առաջին տեղակալը ներկայացնում է կառավարություն, դիակիզարանն անհրաժեշտ է Երևան քաղաքում, դիակիզարանը միակ կառույցն է, որ այսօրվա դրությամբ կտնտեսի գոյություն ունեցող գերեզմանահողերը 70-80 %-ով, երկրորդ հարցը, մինչև դիակիզարանը անելը, առաջարկությունն արդեն արված է, գոյություն ունեցող գերեզմանատան տարածքները, գերեզմանանոցների տարածքները ընդարձակել, որը որ հնարավոր է, հակառակ դեպքում ինքնակամ հուղարկավորություն պետք է կատարեն, մարդը մահացել է պետք է հուղարկավորություն կատարվի, որտեղ դժվարանում եմ ասեմ, այդ դեպքում արդեն սանիտարական նորմաները կխախտվի Երևան քաղաքի, կարող է ջրագծի վրա հուղարկավորություն կատարեն, սանիտարական գոտիներում, կանաչ տարածքներում, անտառներում և այլն, կդառնա անվերահսկելի: Երկու պատճառ է կամ մինչև դիակիզարան կառուցելը պետք է ընդարձակվի գերեզմանոցները և Երևան քաղաքում պետք է կառուցվի դիակիզարան: Այդ երկու առաջարկությունները արված են»35
«Բնակչության հատուկ սպասարկում» ՍՊԸ մի շարք աշխատակիցներ ևս պնդում են, որ իրենց կարծիքով Երևան քաղաքի գերեզմանատեղիների խնդրի լուծման լավագույն տարբերակը նորարարական լուծումներ առաջարկելն է, իսկ Հայ առաքելական եկեղեցու տեսակետի վերաբերյալ հարցին պատասխանելով, անում էին հետևյալ հակընդդեմ հարցադրումը. «Կրոնը թող պատասխան տա մի հարցի հանգուցյալը հուղարկավորված է, գնում է նեխման պրոցեսը, գալիս է հորդառատ անձրև, հողը ներծծում է անձրևաջուրը, որը մոտենում է նեխած դիակին, հետագայում ինչ է լինում այդ ջրերին, ու եթե տակից էլ գրունտային ջրերն են բարձրանում»36: Խնդիրը նրանք դիտարկում էին ոչ թե ավանդութային-հոգևոր դաշտում, այլ տարածքային-սանիտարական:
Տարբեր ոլորտի մասանագետների հետ կատարված մեր խորքային հարցազրույցների արդյունքում պարզ դարձավ, որ մարդիկ արդեն իսկ մտածել էին գերեզմանատեղիների այլընտրանքային լուծումների արդիականության մասին, սակայն շատերը դժվարանում էին կոնկրետ մատնանշել, թե ինչպես պետք է լուծում գտնել օրեցօր մեծացող գերեզմանատների պրոբլեմին: Հեռուստալրագրող Գեղամ Մանուկյանը ևս ընդունում է, որ խնդիրն արդիական է ու պատմում, թե ինչպես է մեկ անգամ առնչվել նման խնդրի, երբ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության սոցիալական ոչ բարվոք վիճակում գտնվող աշխատակիցներից մեկը գերեզմանատեղի խնդիր է ունեցել և իր միջամտությամբ խնդիրը լուծվել է: Միևնույն ժամանակ նա ընդունում է, որ տարածքային խնդիրը բավականին լուրջ է այս պարագայում և նույնիսկ իր գլխավորած հեռուստաընկերությունը պատրաստել է վավերագրական մի ֆիլմ` ոլորտում առկա խնդիրները բարձրաձայնելու ու նկարագրելու նպատակով: Գ. Մանուկյանը իրավացիորեն նշում է, որ խնդիրը բարդանում է նաև տեղեկատվության պակասի պատճառով, և եթե Երևան քաղաքը վերևից նկարեն ու ցույց տան բնակիչներին, թե ինչպիսի իրավիճակ է տիրում մեր քաղաքի շուրջ, ապա բնակիչներն ավելի մտահոգ կդառնան այդ խնդրի լուծման առնչությամբ37:
Գերեզմանատեղիների հատկացման ու դրանց հետ կապված կոռուպցիոն հիմնախնդիրներին է վերաբերում Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականում հրատարակված Գալուստ Նանյանի հոդվածը, որտեղ վերջինս ցույց է տալիս իր մի քանի ամսվա հետազոտության արդյունքները և նշում, որ պաշտոնյաների ցինիզմն է իրեն դրդել նյութ պատրաստել այս թեմայով: Լրագրողը պատմում է մի արատավոր երևույթի մասին, երբ գերեզմանատեղ ունեցողները գերեզմանի պատասխանատուների թողտվությամբ վաճառում են իրենց գերեզմանի տարածքը մի քանի հազար դոլար գումարով38: Նմանատիպ դեպքերը գալիս են հակադրվելու ազգային ավանդույթների, սոցիալական հավասարության և այլ ամպագոռգոռ արտահայտություններին ու ցույց տալիս, որ իրականում այս ոլորտում առկա խնդիրներն ու իրավիճակը վկայում են սոցիալական անհավասարության ու փոփոխվող արժեքային համակարգի մասին: Այս ոլորտում տիրող կոռուպցիան այնքան է տարածվել, որ դրա մասին խոսել է նույնիսկ վարչապես Տիգրան Սարգսյանը. «Դուք բոլորդ, երևի, առնչվել եք այդ խնդրի հետ, ակնհայտորեն գիտեք, որ կաշառակերությունն այդտեղ ուղղակի ծաղկում է: Եթե ուզում եք լավ տեղ ստանալ, մեծ տեղ ստանալ, փողով հնարավոր է ամեն ինչ լուծել, ընդ որում՝ ցինիզմը հասել է գագաթնակետին, ոչ մի բան չի կաշկանդում մարդկանց»39:
Այս հարցում հետաքրքրական մոտեցում է ցուցաբերում ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանը, որը կարծում է, որ խնդրի լուծումը դիակիզարանների կառուցման մեջ չէ, քանի որ հայ հասարակությունը դեռևս պատրաստ չէ նման քայլի, այլ պետք է ուղղակի կամային լուծումներ առաջարկել տվյալ հարցի համար և լուծել այն դիվերսիֆիկացված մոտեցումների միջոցով: Սոցիալական անհավասարությունը չշեշտադրելու համար նա առաջարկում է Երևան քաղաքից 15-20 կմ հեռավորության վրա սարքել «էլիտար» կամ «պսևդո-էլիտար» գերեզմանոցներ, որտեղ հարուստները կարող են մրցակցել գերեզմանների ճոխությամբ ու այդ հողատարածքները կլինեն անհամեմատ թանկ: Այդ տարածքներն էլ պետք է տրամադրվեն Երևանից դուրս գտնվող անորակ հողերից, որոնք պիտանի չեն գյուղատնտեսական օգտագործման համար, մեծ հաշվով իրենցից ռեսուրս չեն ներկայացնում ու գտնվում են թեքությունների վրա: Ի վերջո, եթե մարդը որոշում է այցելել իր հարազատի գերեզմանին, ապա էական չէ, ըստ ազգագրագետի, թե Երևանից քանի կմ հեռավորության վրա է այն գտնվում, քանի որ իր հերթին չեն լինի խցանումներ, խոչընդոտներ ու մարդը զերծ կլինի ավելորդ ճնշումներից: Միևնույն ժամանակ տեղական իշխանություններն էլ պետք է լուծեն տրանսպորտային խնդիրները հատկապես տաղավար տոներին հաջորդող մեռելոց երկուշաբթիների ժամանակ:
Համեմատության համար ազգագրագետը նշում է հետևյալը. «Եթե դու դնում ես ստանդարտ, ապա միջին ու դրանից ցածր խավը այդ անիմաստ ստանդարտներից դուրս է բերվում: Մրցակացություն թող ընթանա փող ունեցողների մեջ: Ոնց կազինոները դրվեցին Փարաքարի ճանապարհին, վաղը եթե դրանք տարվեն ավելի հեռու, միևնույնն է խաղացողը խաղալու է: Հիմա այդ նույն ձևով կարելի է այստեղ կանոնակարգել: Այս գործող գերեզմաններն էլ պետք է փակվեն`թույլատրելով միայն այն դեպքում, եթե դա ընտանեկան տարածք է ու մարդը տեղ ունի: Պետք է հանեն միանշանակ, քանի որ դրա համար բազմաթիվ լուծումներ կան: Որ նայում ենք Երևանից դուրս Սևանի թևի վրա այդ հնարավորությունը կա, Գյումրիի ճանապարհի վրա` Թալինի ղռերի հատվածում այդ հնարավորությունը կա, որոնք պետք է լինեն պարսպապատ, առանձին: Շատ կոպիտ է հաշվարկը հնչում, բայց եթե շեմ է սահմանվում ասենք երեք, չորս կամ հինգ քառակուսի մետր, դա անում է երկու հազար թաղում մեկ հեկտարի վրա, երբ այսօր մեկ հեկտարի վրա առնվազն դրանից երեք-չորս անգամ պակաս թաղում է լինում»40
Վերլուծելով սակրալության ու աշխարհիկի սահմանները հայկական գերեզմանոցներում` Մ.Գաբրիելյանը նշում է, որ գերեզմանների կարգավորվածությունը պետք է այնպես լինի, որ մարդը այնտեղ մտնելով զգա, որ հայտնվել է սակրալ տարածքում և ունի իր հանգուցյալի հետ նորմալ հաղորդակցվելու հնարավորություն: Այդ իմաստով «մոնոտոնությունն հանգուցյալի հետ նորմալ հաղորդակցություն ապահովելու միջոց է»: Ինքնին պատրաստ չլինելով իր հարազատների դիակիզմանը` նա պնդում է, որ խնդրի լուծման տարբերակ է նաև նախկին հանքերի տարածքները, որոնք պիտանի չեն ոչ մի բանի: «Թող պարտադրեն այն սարերում որտեղ հանքեր են գործում, թող հանքատերերը, որոնք պարտավոր են օրենքով ռեկուլտիվացիա անելու կամ փակելու այդ հանքերը, տեղանքը կարգի բերեն օգտագործումից հետո, որն էլ կտրամադրվի որպես գերեզմանոցային տարածք: Քանի որ այդ տարածքն այլևս ոչ արոտավայրի համար է պիտանի, ոչ էլ այլ նպատակներով օգտագործման: Թող դա լինի երեսուն կամ քառասուն կիլոմետրի վրա, հարցը դրանով բավականաչափ կլուծվի»41: Կարծում ենք ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանի առաջարկած գաղափարները բավականին հետաքրքրական են ու անշուշտ պետք է հաշվի առնվեն այլընտրանքների որոնման ճանապարհին:
Հաշվի առնելով վերը նշվածը պետք է շեշտել, որ գերեզմանատարածքներիհարցը բավականին լուրջ հիմնախնդիրէ, որն իր ողջ ուժգնությամբ կկանգնի հայ հասարակության առջև մոտակա տարիներին, եթե համապատասխան լուծումներ չգտնվեն: Կարծում ենք, որ անկախ ամեն ինչից խնդրի լուծման տարբերակներից պետք է լինի հասարակությանը տարբեր այլընտրանքներ առաջարկելը, որը կհեշտացնի հասարակության` լուծումներ գտնելու գործընթացը: (Проблему азгайин ч иена америкаюм вор тахум ен пака сен тахум )

2. Էկոլոգիա ու առողջապահություն: Կլուծե՞ն դիակիզարաններն առկա խնդիրները

Գերեզմանատարածքների ու հուղարկավորությունների հետ կապված խնդիրների ոլորտում էական տեղ են զբաղեցնում սանիտարահիգիենիկ ու առողջապահական հարցերը: Այս հարցերի պարզաբանման համար զրուցել ենք բժիշկների, էկոլոգների, ոլորտի մասնագետների և հատուկ լաբորատորիայի աշխատակիցների հետ: Միևնույն ժամանակ մանրամասն վերլուծության ենք ենթարկել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության կողմից պատրաստված վավերագրական ֆիլմը42, որտեղ հիմնականում ուշադրության է դարձված խնդրի սանիտարահիգիենիկ կողմին ու էկոլոգիական հարցերին: Հողագետ ու էկոլոգ Աշոտ Խոյեցյանն այդ ֆիլմում նշում է, որ ցանկացած գերեզմանոց էկոլոգիապես վտանգավոր տարածք է, քանի որ դիակների քայքայումը բերում է տարբեր հարուցիչների առաջացման ու առաջ է գալիս դրանց տարածման վտանգ: Գերեզմանամերձ տարածքներն իրենցից ներկայացնում են էկոլոգավտանգ տարածք: 
Բոլոր գերեզմանատները պետք է հետևեն էկոլոգիական անվտանգության կանոններին, ինչը ենթադրում է, որ դրանք պետք է բնակելի տարածքներից գտնվեն որոշակի հեռավորության վրա ու դրանց բաժնարար գծում լինեն անտառային տարածքներ: Ծառերի արմատները պաշտպանիչ շերտ են հանդիսանում գերեզմանոցների ու բնակավայրերի միջև, քանի որ արմատները կլանում են տարբեր մանրէներ ու հարուցիչներ և չեն թույլատրում դրանց թափանցումը խմելու ջրի կամ բանջարաբոստանային կուլտուրաների մեջ: Այսպես, եվրոպական մի շարք երկրներում, եթե  մրգերը կամ բանջարեղենն աճել է գերեզմանամերձ տարածքում, ապա նրա ինքնարժեքը բավականին ընկնում է, քանի որ մեծանում է այդ մրգերից կամ բանջարեղենից թունավորվելու վտանգը:
Հայաստանի բազմաթիվ գերեզմանատներ չեն պահպանում գոյություն ունեցող ստանդարտները, քանի որ դրանք աճում են անկանոն կերպով ու չեն կարողանում բավարարել սանիտարական ու շինարարական պահանջներին: Այդ պահանջների համաձայն բնակելի տների ու գերեզմանատան միջև պետք է լինի առնվազն 20 մետր լայնություն ունեցող անտառային տարածք, իսկ շենքերի պարագայում անտառային տարածքի լայնությունը ավելի մեծ է լինում: Այս ստանդարտները չպահելու պարագայում հնարավոր են տարբեր տեսակի թունավորումներ, քանի որ արտեզյան ջրերը ու տարբեր մանրեներ այլևս «արգելապատնեշ» չեն ունենա ու կտարածվեն բնակելի միջավայրերում: Հայաստանում շատ դեպքերում գերեզմանատների անկանոն աճը հանգեցնում է նրան, որ դրանք օրերից մի օր բավականին մոտիկ են հայտնվում բնակավայրերին: Երևանի գերեզմանատներում կատարած մեր հետազոտությունը ցույց տվեց, որ այդ չափորոշիչները ոչ միայն չեն պահպանվում, այլ նաև գերեզմանատներն ու բնակելի տները գտնվում են այնպիսի թեքությունների վրա, որոնք իրենցից արդեն էկոլոգիական ու սանիտարահիգիենիկ վտանգ են ներկայացնում: «Բնակչության հատուկ սպասարկում» ՍՊԸ ինժեներ Ռազմիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց. «Ստանդարտներ կան, Սովետական միության նախկին օրենքները, որ գերեզմանոցները և բնակելի թաղամասերի միջև պետք է լինի 300քմ հեռավորություն: Զեյթունում, կամ Նորագավիթում, կամ Քանաքեռում գերեզմանոցներ կային, բնակելի թաղամասներ գոյություն չունեին, բայց կառուցեցին, անօրինական տները, օրինականացրեցին, ստացվում է, բնակելի թաղամասի մեխանիկական աճը աստիճանաբար գալիս ա դեպի գերեզմանատուն և այդ սանիտարական սահմանը ինքն իրեն պակասում է: Գերեզմանաքարերի վրա գրված է, երբ է կառուցվել, իսկ բնակելի տների, թող նայեն պարզ կերևա, օրինակ ասեմ, երբ Զեյթունի գերեզմանոցում գերեզմանատուն կար, բնակելի թաղ գոյություն չուներ, խմելու ջրամբար գոյություն չուներ, բայց կառուցեցին»43: Պետք է նշել, որ Զեյթունի պարագայում ջրամբարի կառուցումն անթույլատրելի է, քանի որ այն կառուցվել է գերեզմանատան ներքևում, իսկ դիակների փտման ժամանակ անձրևաջրերը փտող դիակի ողջ մանէաբանական դաշտը կարող են տեղափոխել դեպի այդ ջրամբար ու տարբեր հիվանդությունների պատճառ դառնալ:
Տարբեր տեսակի վարակիչ հիվանդներին թաղում են հերմետիկ փակված դագաղների մեջ, սակայն մասնագետները նշում են, որ դա էլ չի ազատում ամբողջական վտանգից, քանի որ տարբեր պատճառներով (սողանքներ, երկրաշարժեր և այլն) այդ դագաղները կարող են բացվել ու համաճարակների սկիզբ դառնալ: Այդ պատճառով էլ ամենաապահով միջոցը համարվում է մարմնի դիակիզումը, երբ վերանում են բոլոր տեսակի մանրէները, իսկ մոխիրն իրենից լրիվ էկոլոգիապես մաքուր միջավայր է ներկայացնում: Ինժեներ Ռազմիկ Հարությունյանն իրավացիորեն նշում է. «Ի վերջո այրելը դա սանիտարապես մաքուր է: Եվ ս. Գիրքը միթե ասում է կաղապարվեք դոգմայի մեջ ընդդեմ առողջ էկոլոգիայի: Կառավարության վերջին որոշման մեջ գրված է, որ բարձրահարկ շենքերի մոտ դագաղի կափարիչ և ծաղկեպսակներ չդրվեն»44:
Այս տեսանկյունից հետաքրքրական է բժշկական համալսարանում դասավանդող Գայանե Սարգսյանի դիտարկումները սանիտարահիգիենիկ պայմանների պահպանման վերաբերյալ, քանի որ վերջինիս կարծիքով դիակիզումը բավականին նորմալ երևույթ է, որը վաղ թե ուշ հայտնվելու է մեր առօրյայում: Չնայած նա նշում է, որ ինչպես ինքը, այնպես էլ հայ հասարակության մեծ մասը պատրաստ չեն դիակիզման, սակայն դա էկոլոգիապես ապահով միջոց հանդիսանալով, վաղ թե ուշ հայտնվելու է մեր կենցաղում: Այս կապակցությամբ նա նշում է հետևյալը. «Պետք է կատարել նորմալ կրեմացիա, այլ ոչ թե հնդիկների պես՝ բաց այրումով: Ես դա որպես վայրենություն եմ դիտում, այրման ընթացքում տարբեր տոքսիկ նյութեր են առաջանում, իսկ կրեմատորիաներում, որտեղ պաշտպանվում են նորմերը, էկոլոգիապես ավելի մաքուր է, քան հողին հանձնումը, այն էլ այսօրվա ճոխ դագաղների մեջ, ընդ որում՝ վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ էքսգումացիա են անում և տեսնում են, որ երկար տարիներ մարմինները չեն փտում: Դա կապված է մեր սննդի հետ, մենք այնքան կոնսերվանտ ենք օգտագործում, և մեր բոլոր բջիջները կոնսերվանտներով ներծծված են, և ինչպես կոնսերվանտներ պարունակող ուտելիքը երկար ժամանակ չի փչանում, այնպես էլ դիակները երկար ժամանակ չեն փտում, ինչը միջազգային մակարդակով լուրջ անհանգստության է բերում: Դիակի քայքայման արդյունքում տոքսիկ նյութերն անցնում են հողին ու դրանից հետո ջրին, վերջերս Հայաստանում (չեմ հիշում որ շրջանում) գերեզմանոցի կողքին եղել էր ջրհոր, և գերեզմանոցի տոքսիկ նյութերն անցել էին ջրի մեջ ու թունավորումների պատճառ էին դարձել»45:
Մասնագիտական գրականության մեջ տարածված է այն կարծիքը, որ թաղման հետևանքով գրունտային ջրերին են խառնվում այնպիսի նյութեր, ինչպիսիք են մերկուրին, մկնդեղը, ֆորմալդեհիդը: Մտահոգություն են առաջացնում նաև ռադիոիզոտոպերը, որոնք մարմնի մեջ են հայտնվում թաղումից կամ մահվանից առաջ: ՄԱԿ շրջակա միջավայրին վերաբերող զեկույցի արտանետումներին վերաբերող բաժնում նշվում է, որ դիակիզարաններից արտանետվում է համաշխարհային դիոքսինի ու ֆուրանի արտանետումների 0.2%-ը46: Չնայած այս տվյալին, այնուամենայնիվ, սա բավականին լավ ցուցանիշ է, ինչը վկայում է, որ դիակիզարաններն էկոլոգիապես մաքուր միջոց են ներկայացնում մահացած մարմնից ազատվելու համար: Այս իմաստով ավելորդ չէ նշել, որ միջնադարյան Եվրոպայում դիակիզման ավանդույթ չունենալու պատճառով ժանտախտից մահացան հազարավոր մարդիկ, ինչն էլ որոշ առումներով հիմք հանդիսացավ հետագայում ինկվիզիցիայի արատավոր պրակտիկայի ի հայտ գալու համար:
Մեր հետազոտության ընթացքում, բազմաթիվ խնդիրներից բացի, առնչվել ենք նաև այնպիսի տվյալների, որոնք ուղղակի սարսուռ էին առաջացնում: Այսպես, Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի ուսանողներից մեկը պատմեց, որ իրենց ուսանողներից շատերը բժշկական նպատակներով գերեզմանատներից մեկից մարդու գանգեր ու ոսկորներ են գնել` լաբորատոր փորձարկումների համար: Ավանդույթների ու ծեսերի մասին մտորող շարքային հայը, այս լսելուց հետո, անպայման կնախընտրեր դիակիզումը, թեկուզ հենց միայն այն պատճառով, որ իր նախնին կամ հարազատը մահվանից հետո չդառնա որևէ լաբորատորիայի փորձարկումների նմուշ:
Չնայած այս ամենին Հայ առաքելական եկեղեցին շարունակում է հավատարիմ մնալ ավանդույթին ու ամեն կերպ հակազդել Հայաստանում դիակիզարան ունենալու փորձերին: Երևանի գլխավոր հատակագծի ճշգրտման նախագծի հասարակական քննարկումների ժամանակ դիակիզարան ունենալու անհրաժեշտության մասին ասել է «Երևաննախագիծ ինստիտուտ» ՓԲԸ գործադիր տնօրեն Սիրեկան Օհանյանը: Նա նշել է, որ փորձ է արվելու ունենալ դիակիզարան: Սրա հետ մեկտեղ ընդգծել է, որ Հայ առաքելական եկեղեցին դեմ է եւ խոչընդոտում է դիակիզարան ունենալու գաղափարին47: Մայր Աթոռից Կոմիտաս վարդապետ Հովնանյանը, դեմ է դիակիզարան կառուցելու առաջարկին, ինչը կարելի է ասել, Հայ առաքելական եկեղեցու դիրքորոշումն է ներկայացնում: «Քրիստոնեական, հատկապես Հայ առաքելական եկեղեցին, անշուշտ, չի ընդունում դիակիզությունը, որովհետև հավատամքի մեջ կա, որ նույն մարմնով Քրիստոսը համբարձվեց երկինք, և վերջին դատաստանի օրն ամեն մեկ քրիստոնյա նույն մարմնով պետք է հարություն առնի և ներկա գտնվի վերջին դատաստանին։ Հետևաբար մեր եկեղեցին կտրականապես մերժում է դիակիզությունը»,– նշում է հայր Կոմիտասը48:  Ի հակադրություն դիակիզարանների վարդապետն առաջարկում է դամբարաններ կառուցել, որտեղ կտեղավորվեն ավելի շատ դիակներ, քան սովորական գերեզմաններում: Սակայն դիակիզարանների կողմնակիցները պնդում են, որ 4 հոգու համար նախատեսված 12 քառ. մ. տարածքում հնարավոր է  տեղավորել առնվազն 36 մոխիրով ուռնա, իսկ ավելի խորը դնելու դեպքում ուռնաների քանակը կարելի է եռապատկել ու քառապատկել: Այս պարագայում գերեզմանը դառնում է տոհմական դամբարան ու այս իմաստով կարելի է որպես լուծում վերցնել Կոմիտաս վարդապետի առաջարկած դամբարանների գաղափարն ու այն այս տարբերակով դարձնել իսկապես տոհմական մի վայր:
Ի տարբերություն ավանդական թաղման ծիսակարգի դիակիզարաններն կարող են ունենալ հետևյալ առավելությունները.
- Տարածքների տնտեսում 50-ից 100 անգամ, քաղաքային հողերի ռացիոնալ օգտագործում,
- Առողջությանը և կյանքին սպառնացող վտանգների իսպառ բացակայություն, քաղաքի էկոլոգիական վիճակի բարելավում, սանիտարահիգիենիկ լարվածության նվազեցում,
- Ծախսերի կրճատում 25-40%-ով,
- Կոլումբարիումների49 անվտանգության ապահովում, գերեզմանոցային վանդալիզմի բացառում50,
- Մարդկանց հուղարկավորության տարատեսակ հնարավորությունների, ինչպես նաև ազատ ընտրության ընձեռում, որը նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ,
- Դիակիզարանների ու կոլումբարիումների առկայությունը կարող է փոխել գերեզմանատների արտաքին տեսքն ու փոխել մարդկանց գեղագիտական ճաշակը:
Դիակիզարանների առավելությունների մասին թվարկումը կարելի է շարունակել քաղաքաշինական տարբեր լուծումներից սկսած մինչև գերեզմանների արտաքին տեսքն ու տարբեր ծառայությունների մատուցումը:
Հետաքրքրական է, որ դիակիզարանների կողմնակիցներն, օրինակ, մատնանշում են, որ տարբեր միջոցներով հնարավոր է մահացած մարդու ներկայությունը մշտապես ապահովել կենդանի մարդկանց շարքում: Դրանից մեկը աշխարհում տարածված եղանակն է, որբ մոխիրը սափորի մեջ դրվում է տան մի անկյունում: Առավել տարօրինակ է թվում մահացածի մոխիրը ինչ-որ զարդերի մեջ ամփոփելը և մշտապես դրանց կրելը կամ էլ պայթեցման եղանակով մոխրից արհեստական ադամանդներ ստանալը ու դրանց կրելը: Իհարկե, հայ հասարակության համար սա տարօրինակ թվացող առաջարկ է, բայց արևմուտքում ու նաև Ռուսաստանում այն օգտագործվում է արդեն տարիներ շարունակ:
Ինչ վերաբերում է եկեղեցական ծիսակատարության պահպանմանը, ապա այստեղ կարելի է մեջբերել Ռուս ուղղափառ և Հռոմի կաթոլիկ եկեղեցիների օրինակը, որտեղ քահանաներն իրենց ծառայությունն են իրականացնում դիակիզարաններում ու հետևում կարգի կատարմանը: Դեռ ավելին, եկեղեցական մարմինները կարող են առաջամարտիկի դեր ստանձնել այս գործում, ինչը նրանց հասարակության մեջ ցույց կտա մեկ այլ տեսանկյունից` որպես նորարարներ ու ստեղծված իրավիճակից նոր լուծումներ փնտրողներ: Հակառակ դեպքում, եկեղեցական մարմինները տարիներ անց ստիպված են լինելու նոր լուծումներ որոնելու ստեղծվելիք իրավիճակին ադապտացվելու համար:
Դիակիզարաններին ընդդիմադիր մարդկանց մի մասը մատնանշում է, որ դիակիզարանները կդառնան մի նոր վայր կոռուպցիայի զարգացման համար: Մասնավորապես, պատգամավոր Վարդան Խաչատրյանը պնդում է. «Դիակիզարանները կսարքեն, փողերը կուտեն, կսկսեն ստիպել մարդկանց, որ գնան դիակիզարաններ, առաջացնեն կաշառակերության հսկայական մի նոր դաշտ և մենք գործ կունենանք այսուհետ նմանատիպ իրավիճակի հետ: Այսինքն վերջին հաշվով տեղի է ունենում ազգային ինքնության մակերևույթի, աշխարհիկ մարդու քաղաքականության շահերին ենթարկված փոշիով ծածկում, որը տեղի չի ունեցել հազարամյակներ շարունակ»51: Պետք է նշել, որ այս մտավախությունը հանդիպել ենք տարբեր մարդկանց մոտ, սակայն միևնույն ժամանակ չենք կարող չմատնանշել, որ ստանդարտների ու ֆիքսված կանոնակարգի սահմանման դեպքում կոռուպցիոն ռիսկերը կհասցվեն նվազագույնի: 
Այս տեսանկյունից հետաքրքրական է ամերիկյան կրեմացիոնիստների մոտեցումները թաղման ու դիակիզման վերաբերյալ, քանի որ նրանք բավականին երկար պայքար են մղել իրենց նպատակին հասնելու համար ու ամեն կերպ փորձել արդարացնել դիակիզումը, ինչն ամերիկյան ժամանակակից հասարակության անքակտելի մասերից է: Չնայած դրան պետք է նշել, որ ներքոնշյալ պարզ սխեման որոշակի միտումներ է իր մեջ պարունակում, այնուամենայիվ, այն հետաքրքրական է դիակիզման կողմնակիցների փաստարկման բազան տեսնելու տեսանկյունից:


Կարծում ենք այս սխեման ինքնին խոսուն ապացույցն է նրա, որ արևմուտքում այսօր դիակիզումների քանակը շատ դեպքերում գերակայում է թաղման պրակտիկային: Բացի այդ մի շարք հայտնի անձանց դիակիզումը ևս մեծապես նպաստեց դիակիզարանների աճին ու այդ պրակտիկայի տարածմանը: Այս կապակցությամբ ավելորդ չէ նշել, որ դիակիզվել են այնպիսի հանրաճանաչ մարդիկ, ինչպիսիք են Ջոն Լենոնը, Ֆրիդրիխ Էնգելսը, Ալֆրեդ Հիչքոքը, Ալբերտ Էյնշտեյնը, Բերնարդ Շոուն, Ֆրեդի Մերկուրին, ինչպես նաև 2011թ. հուլիսին մահացած անգլիացի հայտնի երգչուհի Էմմի Վայնհաուզը: 

§3. Թաղման տների մշակույթն ու հոգեբանական խնդիրները

Այս հետազոտության շրջանակներում փորձել ենք պարզել նաև նոր մշակույթի ձևավորման հետ կապված խնդիրների առաջացման հնարավորությունն ու վերլուծել թաղման ժամանակակից ձևերի ու դիակիզարանների ներմուծման պարագայում հոգեբանական խնդիրների առաջացման վտանգները: 
Թաղման տների կապակցությամբ հարկ է նշել, որ վերջին շրջանում ավելի շատ մարդիկ են սկսում խոսել տնային պայմաններում դիակների պահպանման հակահիգիենիկ վիճակի մասին ու դեմ արտահայտվում ընտանիքի անդամների ներկայությամբ դիակի երկօրյա պահպանմանը: Թաղման տների մշակույթն աստիճանաբար սկսում է մուտք գործել հայ իրականություն, որին դեռևս փոխարինում են Երևան քաղաքի երեք եկեղեցիներ: Հետազոտության շրջանակում հանդես եկած բոլոր բանախոսները միանշանակ կողմ էին արտահայտվում թաղման տների մշակույթի ներմուծմանը, քանի որ այն ավելի քաղաքակիրթ ձև է, մարդիկ «բարձրաձայն չեն գոռում, լացում, աղաղակում, այլ հանգիստ սգում են»: Չնայած այս մոտեցման կողքին կա նաև հակառակ օրինակը, երբ կինը որոշում է կայացրել տանը գտնվող անչափահաս երեխայի պատճառով ամուսնու դին դնել Քանաքեռի եկեղեցում, ինչը մեծ վրդովմունքի տեղիք է տվել ընկերների ու մտերիմների շրջանում: Եթե եկեղեցիներում մահացածներին դնելու ավանդույթը մի քանի տարի առաջ խորթ էր թվում հայ հասարակությանը, ապա այն բավականին սահուն ձևով տեղավորվեց կենցաղում ու դարձավ քաղաքային կյանքի անբաժանելի տարրերից մեկը: Այնուամենայնիվ պետք է նշել, որ խոսքն այս դեպքում վերաբերում է հասարակության մեջ ճանաչում ունեցող անձանց, որոնց հոգեհանգստի ժամանակ այցելում են հազարավոր մարդիկ ու հարազատները շատ դեպքերում ստիպված են լինում նման որոշումներ կայացնել:
Այս պարագայում բնական է մի հարց է առաջանում. եթե հնարավոր է մարդկանց դիերը տեղադրել եկեղեցիներում, ապա ինչո՞ւ առավել համակարգված դա չի կատարվում ու թաղման տների մշակույթը չի ձևավորվում: Կարծում ենք այստեղ գործ ունենք պետական լիազոր մարմինների ու մասնավոր բիզնեսի ոչ այնքան համակցված գործունեության հետ, քանի որ հակառակ դեպքում այն իր հարմարավետությամբ կստիպեր մարդկանց ընտրելու հենց այդ ճանապարհը: Ենթադրենք, օրինակ, թաղման տունը կառուցվում է գերեզմանատանը կից որևէ վայրում, որտեղ տեղի է ունենում հոգեհանգստի արարողությունը, իսկ թաղումից հետո նաև տրվում է հոգեհաց, ինչն այսօր անում են Երևան քաղաքի բազմաթիվ ռեստորաններ: Չնայած պետք է նշել, որ կա տեսակետ, համաձայն որի թաղման տների մշակույթի ներմուծումը կարող է հանգեցնել ավանդույթներից ու սովորույթներից օտարման53:
Սրա հետ մեկտեղ Հայաստանյայց եկեղեցիները չունեն համապատասխան ենթակառուցվածք, դահլիճ կամ կից սրահ: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նշում է, որ սփյուռքում այս իմաստով հայկական եկեղեցիները առավել լավ են կազմակերպված ու ունեն համապատասխան կառուցվածք: «Եկեղեցում մարմինը դնելը, եկեղեցում հոգեհանգիստն անելը և հրաժեշտի ամբողջ արարողությունը կազմակերպելը դա թաղման ծեսի կոնցեպտուալ փոփոխություն է», -նշում է ազգագրագետը54: Միևնույն ժամանակ նա պատմում է Ստամբուլի հայ համայնքի կյանքից մի դրվագ, երբ թաղումը ու հուղարկավորության ողջ ծեսը կատարվում է պատվիրված ձևով` համապատասխան վճարի դիմաց: 
Թաղման տների կառուցումը եկեղեցիների կից կամ ոչ կից տարածքներում մի կողմից խնդիր է լուծում, քանի որ ընտանիքի մակարդակում լարվածությունը տեղափոխվում է այլ միջավայր, իսկ մյուս կողմից խնդիր է առաջադրում, քանի որ Երևան քաղաքում ներկայումս սահմանափակ թվով եկեղեցիներում է հնարավոր այդ ծեսն իրականացնել, իսկ համատարած թաղման տների կառուցման պարագայում պետք է լուծել դրանց ենթակառուցվածքների խնդիրները: 
Դիակը տանը դնելու սովորույթի հետ կապված հետաքրքրական է արտահայտվում մշակութաբան Վարդան Ջալոյանը. «Դիակը տան մեջ դնելն ամենաբարբարոս սովորույթն է, և ես դեմ եմ դրան, քանի որ բնակարանը վերածվում է գերեզմանոցի և դա իսկապես խախտում է այն կարևոր սկզբունքը, որը ես անվանում եմ մեռյալների աշխարհի և կենդանիների աշխարհի տարբերակում: Նույնիսկ միջնադարում մարդիկ այդքան բարբարոս չէին: Այն սովորույթները, որոնք գոյություն ունեն, կարծես խճճում են մեռյալների և կենդանիների աշխարհները. ոչ մահացածներն են կարողանում ապրել իրենց «մահացած կյանքով», ոչ էլ կենդանի մարդիկ են ապրում իրենց կենդանի կյանքով»55:
Կարելի է ասել, որ թաղման տների ներմուծումն իբրև նոր մշակույթի մաս իր հետ բերում է ոչ միայն էթիկական ու էսթետիկական խնդիրներ, այլ նաև հոգեբանական խնդիրների մի ողջ համալիր: Մահացածի մարմինը տանը դնելուց զատ դագաղի կափարիչն ու ծաղկեպսակները դրվում են յուրաքանչյուր շենքի բակում, իսկ թաղման օրը շենքի բակում է հայտնվում դիատար մեքենան: Բոլոր այս երևույթները սթրես են առաջացնում շենքի բնակիչների և հատկապես երեխաների մոտ: Բավարար է նշել, որ «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը սահմանում են. «2.Ավտոդիատարների կայանումը թույլատրվում է միայն փակ կամ պարսպապատ կայանատեղերում կամ այդ նպատակի համար տեղական ինքնակառավարման մարմինների (Երևանում` Երևանի քաղաքապետարանի) որոշմամբ առանձնացված հատուկ կայանատեղերում կամ ծառայություններին պատկանող համապատասխան տարածքներում: Այլ վայրերում ավտոդիատարների կայանումը խստիվ արգելվում է: 3.Դագաղների, սգո ծաղկեպսակների եւ սգո այլ պարագաների վաճառքը կարող է իրականացվել միայն վարագուրապատված կամ մգացված ապակիներով առևտրական նշանակության շինությունում` բացառելով դրանց արտաքին ցուցադրումը»: Ցավոք, նույն օրենքի շատ հոդվածների նման, այս հոդվածի պահանջները ևս շատ դեպքերում մնում են լոկ թղթի վրա, ինչն էլ իր հերթին բերում է տարբեր հոգեբանական խնդիրներ: Այդ կերպ էլ շրջանցվում են կառավարության որոշումները, որոնցից մեկի համաձայն բարձրահարկ շենքերի մուտքերի մոտ արգելվում է դագաղի կափարիչներ ու ծաղկեպսակներ դնել, ինչը արվել է ավելորդ սթրեսներից խուսափելու նպատակով և նույնպես մնացել թղթի վրա:
Հոգեբանական խնդիրների շարքում անպայման պետք է նշել մի զարմանալի երևույթի մասին, որն այսօր մեծ անհանգստություն է առաջ բերում արևմտյան հետազոտողների շրջանում: Խոսքը թաղված մարմինների չքայքայման մասին է, որոնք կյանքի ընթացքում հիմնականում սնունդի միջոցով ստացած կոնսերվանտների պատճառով բավականին երկար ժամանակ չի ենթարկվում քայքայման: Եղել են դեպքեր, որ հուղարկավորությունից որոշ ժամանակ անց էքսգումացիայի ժամանակ այդ երևույթը լուրջ հոգեբանական խնդիրներ է ի հայտ բերել հարազատների շրջանում, որը ևս օգտագործվում է դիակիզման օգտին վկայող փաստարկների շարքում:
Մյուս կողմից լուրջ հոգեբանական խնդիրներ են առաջանում գերեզմանատանը, երբ իրար են բախվում տարբեր սոցիալական շերտերն արդեն գերեզմանոցների տեսքով: Գերեզմանատանը հուղարկավորված շատերի հարազատները երկար տարիներ ի վիճակի չեն լինում նվազագույն հարդարանք ապահովել իրենց հանգուցյալի համար, այն ժամանակ, երբ որևէ քրեական հեղինակություն մի քանի մետրի վրա կառուցում է մի քանի հարյուր հազար դոլար արժողությամբ գերեզմանոց-կոթող (Նկար 8): Սա լուրջ հարցեր է առաջ բերում արդարության ու կյանքի իմաստի վերաբերյալ: Մյուս կողմից նման ճոխությունը ուժգնացնում է քաղքենիական մտածողությունը ու այլոց ևս դրդում մտնել «անդրշիրիմյան մրցավազքի մեջ»: Մշակութաբան Վարդան Ջալոյանը տեղին մի դիտարկում է անում. «Ճոխ գերեզմանը մի պարզ բան է նշանակում. այն ոչ թե հարգանք է մահացածի նկատմամբ, այլ հարգանք իռացիոնալ հաջողության ռացիոնալ պատճառների հանդեպ: Ես դա անվանել եմ «Մոխրոտիկի սինդրոմ»: Մենք գործ ունենք «Մոխրոտիկի սինդրոմի» հետ, ընդ որում ես կարող եմ ասել, որ «Մոխրոտիկի սինդրոմը» զուգակցվում է ճոխ գերեզմանաքարերով և մահացածների նկատմամբ բացարձակ չարությամբ, ատելությամբ և արհամարհանքով: Ինչքան գերեզմանը ճոխ է, այնքան մահացածին ավելի վատ են վերաբերում: Ճոխ գերեզմանը մոռացության, ատելության գրավականն է»56:  
Չնայած վերը նշվածին չենք կարող չնշել, որ այօր առավել մեծ հոգեբանական խնդիրներ է առաջացնում հենց դիակիզարանի գաղափարը, երբ մարդիկ մտածում են իրենց հարազատին այրելու մասին ու ավանդույթին հակառակ գնալու մասին, շատ դեպքերում բացասական վերաբերմունք են որդեգրում: Այս իմաստով Հայաստանում դիակիզարանների կառուցմանը հաջորդելու են բավականին լուրջ հոգեբանական խնդիրներ և սկզբնական շրջանում նրանք ովքեր կգնան այդ քայլին կհամարվեն «օտարներ», «օտարամոլներ» կամ «ավանդույթին ու եկեղեցուն հակառակվողներ»: Սա հղի է հասարակության մեջ պառակտվածության և օտարման առաջացման վտանգով, ինչը, կարծում եմ, հնարավոր է հոգեբանական խնդիրներ առաջ բերի, որի հաղթահարմանը կօգնի ժամանակը և հասարակության մեջ առաջադեմ զանգվածի առկայությունը, ովքեր, անկախ ամեն ինչից, կօգվեն ազատ ընտրության իրենց իրավունքից ու որոշում կկայացնեն «հետմահու կրակի» օգտին:

§ 4. Ընտրության ազատություն թե՞ տաբու: Նոր լուծումներ: Ռեզոմացիա և ռեզոմատորիաներ

Այս հետազոտության շրջանակներում կատարված հարցազրույցների համար պայմանավորվածություններ ձեռք բերելու ժամանակ ու հարցազրույցի ընթացքում հարցվողների մոտ նկատելի էր անսպասելիության գործոնը և բոլորը միանշանակ զարմանք էին արտահայտում քննվող հարցի շուրջ առաջացած հետաքրքրվածության նկատմամբ: Այնուամենայնիվ, հարցվածները նշում էին, որ հետազոտվող հիմնախնդիրը բավականին լուրջ է ու կարիք ունի համալիր քննարկման ու վերլուծության: Facebook սոցիալական ցանցում կատարված հարցմանը շատերն անլուրջ պատասխաններ էին տալիս, որովհետև իրեն զգացնել էր տալիս ներքին, ինտիմ, տաբույացված հարցի քննարկման փակվածությունը: Չնայած խնդրի համեմատաբար փակվածությանը` պետք է նշել, որ սոցիալական ցանցում «Կողմ ե՞ք արդյոք Հայաստանում կրեմատորիաների ներմուծմանը» հարցին ամենաշատը պատասխանել են հետևյալ կերպ` «Այո կողմ եմ և դա պետք է լինի մարդու ընտրությունը` այրվել թե հանձնվել հողին»57
Այս տեսանկյունից բոլոր բանախոսները միանշանակ պնդում են, որ դիակիզարանների ներմուծման հարցը ամբողջապես տեղավորվում է մարդու ազատ ընտրություն կատաելու իրավունքի շրջանակներում, քանի որ մարդը չի կարողանում իրագործել օրենքով իրեն վերապահված իրավունքը, քանի որ բացակայում են համապատասխան ենթակառուցվածքները: 2011թ. նոյեմբերի 13-ին «Շանթ» հեռուստաընկերության եթերում Արամ Աբրահամյանն իր հաղորդման շրջանակներում անդրադարձավ դիակիզարանների խնդրին` ընդ որում մինչ այդ Facebook սոցիալական ցանցում արտահայտվելով դրանց օգտին: Նույն հաղորդման շրջանակներում առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանը դիակիզարանների կառուցումը ու դրա նպատակահարմարությունը պայմանավորում է մարդկանց կրթության հետ և շեշտեց, որ մարդկանց պետք է տրվի այլընտրանքի հնարավորություն: 
Թաղման այլընտրանքային ձևերին հակադրվողներն իրենց հիմնական փաստարկումների շարքում մատնանշում էին Հայ առաքելական եկեղեցու ավանդույթներին չհամապատասխանելը, չնայած այդ պարագայում բաց է մնում այն հարցը, թե ինչ պետք է անեն այլընտրանքի կողմնակից աթեիստները, հայ հեթանոսները կամ այլակրոնները: Սոցիոլոգ Գայանե Ղազարյանը գրում է. «Ինձ ընենց հետաքրքիր է՝ նրանք, ովքեր պատասխանել են «ոչ, քանի որ դա դեմ է մեր հավատքին», ուզում են ասեն, որ Հայաստանում բոլորը պարտավոր են լինել հայ առաքելական եկեղեցու հետևո՞րդ կամ գոնե քրիստոնյա՞... նույնիսկ էթնիկ փոքրամասնություննե՞րը։ Հետաքրքիր մտածողություն է... Իսկ ասենք աթեիստները իրավունք ունե՞ն ընտրության ազատություն ունենալ, թե՞ նրանք ձեր «Հայաստանից» չեն... Հարցն էլ կարծես ՀՀ-ին ա վերաբերում, որի Սահմանադրության համաձայն կա հավատքի ազատություն։ Ամեն դեպքում հաճելի էր ընկերներիս մեջ ալոգիկներին բացահայտել»58: Այս իմաստով պետք է նշել, որ վերոնշյալ հարցադրումը ոչ միայն համապատասխանում է խնդրի բովանդակությանը, այլ նաև ոլորտը կարգավորող օրենքի ոգուն: 
Միևնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ ռացիոնալ բացատրությունները դիակիզարաններին կամ թաղման այլընտրանքային լուծումներին կողմ կամ դեմ լինելու հետ կապված բավականին քիչ են ու չեն ենթարկվում առողջ քննադատությանը: Թերևս բացառությունների շարքում նշենք Սաուդյան Արաբիայում հետազոտություն իրականացնող կենսաքիմիկ Խաչատուր Ջուլֆալակյանի կարծիքը, որը, դեմ է թաղման այլընտրանքային ձևերին դատաբժշկական էքսգումացիայի և տրանսպլանտացիայի տեսանկյունից և նշում է. «Կարծում եմ այս հարցը և նման շատ հարցեր ճիշտ կլիներ քննարկել կենսաբանական և բժշկական ռացիոնալիզմից ելնելով, ոչ թե իրավական կամ այլ տեսակետից: Ես անձամբ շատ եմ զարմանում թե ինչու մահացածի հերձման արդյունքում օրգանները նետվում են աղբը, եթե պատանատոմիական հետաքրքրություն չի ներկայացնում, բայց տրանսպլանտացիայի տարիներով սպասող հիվանդները չեն ստանում օրգաններ, քանի որ դա մի սարսափելի երկար ձգվող պրոցես է բժշկի համար ստանալ հարազատների համաձայնությունը: Մերժումները շատ ավելի շատ են, քան համաձայնությունները: Ուրեմն աղբը նետելը իրանց չի հուզում, իսկ մեկ հիվանդի կյանքը փրկելը ինչ-որ կրոնական կամ եսիմ ինչ պատկերացումներին դեմ է: Աբսուրդ է: Հասարակությունը պիտի բժշկին տա այդ իրավունքը հիվանդի կյանքը փրկելու համար ինքնուրույն որոշումներ կայացնի: Իհարկե խոսքը գնում է առողջ դատող հասարակությանը, ինչը ցավոք...»59: Այս թեման ինքնին բավականին հետաքրքրական նյութ է, սակայն դուրս է մեր հետազոտության շրջանակներից ու կարիքն ունի հետագա վերլուծության:
Հետազոտության ժամանակ էական հարցադրումներից է եղել նաև Հայաստանում գերեզմանոցային տարածքների ստանդարտացման հիմնահարցը, որին գրեթե բոլոր մասնակիցները դրական պատասխան են տվել: Սոոցիոլոգ, կոնֆլիկատաբան Արտակ Այունցը մեջբերում է ԱՄՆ օրինակը և նշում հետևյալը. «Օրինակ Ամերիկայում էլ է այդպես, բոլորը հավասար` սիրուն և կապ չունի դու ով ես, Քենեդի ես եղել, թե ինչ: Եթե գնաս Առլինգտոն (նկատի ունի Վաշինգտոնում գտնվող Առլինգտոնի ռազմական գերեզմանատունը – Հ.Հ.), լրիվ նույնն է բոլորի համար»60: Հեռուստալրագրող Գեղամ Մանուկյանը առաջարկում է հաստատել ճարտարապետական նախագիծ ու սահմանել, օրինակ, չորս հիմնական տեսակի քարեր, որից հետո գերեզմանների տեսքը որոշակի ստանդարտացման կհանգի: Այս հարցում տիրող բարձիթողի իրավիճակը հանգեցրել է ոչ միայն ճարտարապետական բազմաթիվ ու այլանդակ լուծումների, այլ նաև հանգեցնում է հոգեբանական ճգնաժամերի: Այդ պատճառով լավագույն լուծումն առանց սահմանների ու միանման գերեզմանաքարերով գերեզմանների առկայությունն է, երբ էական կլինի ոչ թե ֆիզիկական տարածքի սակրալությունը, այլ «սակրալ հիշողությունը»: 
Այնուամենայնիվ փորձը ցույց է տալիս, որ հայ հասարակությունը դեռևս պատրաստ չէ նման լուծումների, քանի դեռ չկա հստակ ուղղահայաց իմպերատիվ որոշում կամ էլ չի վերացել «հայկական ցուցադրամոլությունը»: Ինժեներ Ռազմիկ Հարությունյանը ներկայացնում է այս հարցում իրենց հաստատության կատարած ջանքերը. «Մենք 2005 թ. փորձեցինք Սպանդարյանի գերեզմանոցում հազար քմ. կառուցեցինք միատեսակ ու առայսօր չենք կարողանում համոզել մարդկանց, որ այդտեղ գնան, թաղվածների յոթանասուն տոկոսը սոցիալապես անապահով խավն է, միատեսակ քար մեկ մետր բարձրությամբ և հիսուն մետր լայնությամբ առանց եզրաքարերի, կանաչ դաշտով բայց չէ հայերը մենակ գերեզման սարքել գիտեն, ոչ պիտի մտնես գերեզմաններ տեսնես մեկը գրանիտ, մյուսը բազալտ, մեկը ոսկի, մեկը արծաթ, սահմանափակում պետք է լինի և միևնույն ժամանակ ամեն ինչի, սգո պարագաների վաճառքը պետք է լինի պետական նորմաներով»61: Չնայած պետական հիմնարկի կողմից գործադրված այդ ջանքերին, գերեզմանոցի տարածքը համարվում է առանձին ընտանիքների սեփականությունն ու նրանք իրավասու են այդ տարածքում կառուցել այն ինչ ուզում են, ինչը ևս խոսում է այս հարցում ՀՀ կառավարության ոչ նախաձեռնողական մոտեցումների մասին: 
Չնայած նրան, որ այս հետազոտության շրջանակներում անդրադարձել ենք միայն թաղմանը և դիակիզմանը, այնուամենայնիվ պետք է նշել, որ ժամանակակից արագ փոփոխվող ու գիտության վրա հիմնված աշխարհում զարգանում են նոր տեխնոլոգիաներ, որոնցից իր տարածման տեմպերով աչքի է ընկնում այսպես կոչված թաց կրեմացիան կամ ալկալիական հիդրոլիզը կամ ռեզոմացիան62: Իր էկոլոգիական մաքրության շնորհիվ այն անվանում են նաև «կանաչ թաղում»: Թաց կրեմացիան նման է դիակիզմանն այն տարբերությամբ, որ կրակի փոխարեն օգտագործվում է կալիումի հիմք, որը փակ հատուկ սարքի մեջ եռալու միջոցով 2-3 ժամվա ընթացքում քիմիական եղանակով քայքայում է մարմինը ու վերածում սպիտակ փոշու, որը մոխրացած փոշու նման տեղավորվում է սափորների մեջ ու տրվում հանգուցյալի հարազատներին:  
Արտադրական հետազոտությունների համաձայն սովորական դիակիզման ժամանակ օգտագործվում է 92 խոր. մետր բնական գազ և 29 կիլովատ էլեկտրականություն, որից հետո մթնոլորտ է արտանետվում 400 կիլո կարբոնի դիոքսիդ: Բիոկրեմացիայի կամ ռեզոմացիայի ժամանակ օգտագործվում է նշված բնական գազի ծավալի մեկ տասներրորդը և էլեկտրականության մեկ երրորդը: Դիակիզման ու ռեզոմացիայի տարբերություններն ու առավելությունները ցուցադրված են նկար 9-ում63:
Sustain անկախ խորհրդատվական մարմնի կողմից կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ դիակիզումը ռեզոմացիայով փոխարինելու դեպքում ջերմոցային գազերի քանակը կկրճատվի մոտ 35 տոկոսով: Միացյալ թագավորությունում մերկուրիի 16%-ը արտանետվում է դիակիզարաններից, իսկ ռեզոմացիան բացառում է մթնոլորտ արտանետվող մերկուրին (Նկար 10): 
Ի համեմատության թաղման ու դիակիզման ռեզոմացիան ունի մի շարք էկոլոգիական առավելություններ.
- Էականորեն քիչ ածխածնային մնացորդներ,
- Առավել քիչ էլեկտրաէներգիա ու գազ,
- Մերկուրիի արտանետման բացակայություն,
- Մարմնում առկա բոլոր կոնսերվանտներն ու թմրամիջոցները վերանում են,
- Դագաղները չեն այրվում, քանի որ մարմինը դնում են ռեզոմատորիայի մեջ առանց դագաղի, ինչը քչացնում է փայտի օգտագործումն ու նպաստում էկոլոգիայի պահպանմանը,
- Առավել քիչ ծախսեր հարակիչ բոլոր կառույցներում (ՀՀ-ում մեկ դիակիզարան կառուցելու ընդհանուր արժեքը հաշվարկված է 4 մլրդ դրամ, իսկ մեկ ռեզոմատորիայի շուկայական գինը 16մլն. դրամ է: Ընդ որում Երևան քաղաքին կբավարարի 5-6 ռեզոմատորիան):
Չնայած ռեզոմացիայի առավելություններին, արևմուտքում դեռևս ոչ բոլոր երկրներում են լայնորեն օգտագործում այն, չնայած արդեն առկա են դրա միտումները: ԱՄՆ-ում 2007թ. դրությամբ ռեզոմացիայի էր ենթարկվել արդեն 1000 մարդ64: Եվրոպական երկրներից այն բավականին արագ տարածվում է Մեծ Բրիտանիայում, չնայած որ եվրոպական երկրներից շատերը ևս մոտ ապագայում կանցնեն էկոլոգիապես մաքուր այս ձևին: 
Հաշվի առնելով վերը նշվածը և համեմատական վերլուծություն անելով դիակիզման ու ռեզոմացիայի գործընթացի միջև պետք է նշել, որ ռեզոմացիոն պրոցեսը բոլոր պարամետրերով առավել էֆֆեկտիվ է, քչածախս ու էկոլոգիապես մաքուր: 

Վերջաբան


Այս հետազոտությունը նախաձեռնելուց առաջ որոշակիորեն ենթադրվում էին  այն խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները, սակայն հետազոտության ընթացքում վեր հանվեցին բավականաչափ թվով նոր խնդիրներ և գտնվեցին դրանց լուծման նոր բանալիներ:
Գերեզմանատաների ու դրանց հետ կապված համալիր հարցերի լուծումը պարբերաբար հայտնվում է մամուլի, հեռուստատեսությունների ու պատկան մարմինների ուշադրության կենտրոնում, սակայն առավել հաճախ հանդիպող մոտեցումը դա իրավիճակային կամ իրադարձային վերաբերմունքն ու վերլուծությունն են, իսկ հարցերի համալիր քննարկումն ու խորքային վերլուծություն այդպես էլ չէր կատարվել:
Սույն հետազոտության մեջ փորձ է կատարվել առավել ամբողջական ու խորքային վերլուծության ենթարկել գերեզմանատների, գերեզմանոցների, հուղարկավորության, դիակիզման հետ կապված բազմաթիվ խնդիրներ ու դրանց դիտարկել փոխադարձ կապի ու անխախտ շղթայի մեջ: Բուն խնդիրներից զատ գերեզմանատների խնդիրներն առնչվում են սոցիալական, քաղաքական, հոգեբանական, էկոլոգիական, հոգևոր-կրոնական, տնտեսական և մի շարք այլ ոլորտների խնդիրների, որոնց վերլուծությունն ու համապատասխան լուծումներ գտնելու հնարավորությունը ևս տեղավորվում էր այս նյութի շրջանակների մեջ: Հետազոտության ընթացքում պարզ դարձավ, որ ՀՀ-ում գերեզմանատների հետ կապված խնդիրները ոչ միայն իրենց մեջ լուրջ կոռուպցիոն ռիսկեր են պարունակում, այլ նաև կարող են վնաս հասցնել մարդու հոգեբանական ու ֆիզիկական առջողջությանը, ինչն էլ ավելի կարևորեց խնդրին պատշաճ ու համակողմանի մոտեցման անհրաժեշտությունը:
Վերը նշված խնդիրները վեր հանելուց ու վերլուծելուց բացի, առանձին ուշադրություն է դարձվել նոր լուծումների գտնման ու ստեղծված խնդիրների լուծման անհրաժեշտության վրա: Այս իմաստով մանրամասն քննարկվել է դիակիզման հնարավոր ներմուծումը Հայաստանում, դրա օրենսդրական հիմքերը, դրական ու բացասական կողմերն ու հնարավոր խոչընդոտները: Դիակիզման ու մարմնի ամբողջական հողային հուղարկավորություն տարբերությունները վերլուծելիս օգտագործվել է ամերիկյան ու եվրոպական փորձը: Միևնույն ժամանակ, վերլուծվել է արևմտյան երկրներում մեծ տարածում ստացող ալկալիական հիդրոլիզի մեթոդը, որի առավելություններն դիակիզման ու թաղման համեմատությամբ ակնհայտ են, որը, սակայն, դեռևս պետք է անցնի հոգեբանական արգելքների ու տարբեր փորձաքննությունների հաղթահարման փուլերով:
Այսպիսով, կարող ենք վստահաբար պնդել, որ գերեզմանատներին, դիակիզմանը, ռեզոմացիային և այլ տարբեր խնդիրներին վերաբերող այս հետազոտությունը բավականին օգտակար է ոչ միայն ոլորտի խնդիրները հասկանալու իմաստով, այլ նաև ստեղծված կամ ստեղծվելիք խնդիրների վերաբերյալ ահազանգելու ու պրակտիկ լուծումներ գտնելու անհրաժեշտությամբ:

Առաջարկություններ ու լուծումներ


Նշված հետազոտության արդյունքները ամփոփված են հետևյալ առաջարկությունների ու լուծումների մեջ.
1. Անցկացնել մոնիթորինգ Հայաստանում և, մասնավորապես, Երևան քաղաքում գերեզմանատներում հողհատկացումների վերաբերյալ, պարզել օրենքի խախտման, ապօրինի դրամաշորթության դեպքերը` կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով,
2. Կազմել ռազմավարական նախագիծ մոտակա տարիներին Հայաստանում և, մասնավորապես, Երևան քաղաքում գերեզմանատների վիճակի ու սպասվող հողհատկացումների վերաբերյալ,
3. Կազմակերպել հասարակական քննարկումներ ոլորտում տիրող իրավիճակը համակարգելու նպատակով` ընդգրկելով շահագրգիռ մարմիններին, այդ թվում հասարակական ու պետական սեկտորի ներկայացուցիչներին,
4. Համապատասխան միջոցառումներ ձեռք առնել օրենքով նախատեսված դրույթները կյանքի կոչելու և պրակտիկ կյանքում իրագործելու համար` անհրաժեշտության դեպքում կատարելով նաև համապատասխան օրենսդրական փոփոխություններ,
5. Կազմակերպել քննարկումներ դիակիզարանների ու ռեզոմատորիաների ներդրման նպատակահարմարության շուրջ` ընդգրկելով տարբեր ոլորտների մասնագետների ու հասարակությանը հնարավորություն տալով ընտրություն կատարել մի շարք այլընտրանքների միջև,
6. Կառուցել թաղման տներ ու աստիճանաբար ներմուծել թաղման տների մշակույթը հայ հասարակության մեջ` աստիճանաբար դուրս հանելով մահացածի դին տներում դնելու սովորույթը,
7. Թաղման կամ դիակիզման հարցերում Հայ առաքելական եկեղեցու դիրքի ճշգրտման հետ կապված հաշվի առնել ազգային ու կրոնական փոքրամասնությունների իրավունքները,
8. Որոշակի ստանդարտներ կիրառել գերեզմանատների, գերեզմանոցների ու գերեզմանաքարերի հետ կապված` չթույլատրելով հանրային գերեզմանատների տարածքներում անհարկի շքեղություններ` խուսափելով ավելորդ հոգեբանական ու բարոյահոգեբանական խնդիրներից, ինչպես նաև սոցիալական շերտավորվածության ցուցադրումից,
9.  Պարբերաբար անցկացնել մոնիթորինգ էկոլոգիական հարցերի առնչությամբ` գերեզմանատներին կից կանաչ տարածքների պահպանմամբ, գերեզմանատներին կից ջրամբարների կառուցման բացառմամբ և այլ ստանդարտների պահպանմամբ:
10. Վերացնել մեռելոց երկուշաբթի օրերի գաղափարը, քանի որ այն ազդում է տնտեսական արդյունավետության վրա, առաջ բերում ավելորդ հոգեբանական խնդիրներն և խախտում աշխարհիկ պետության սկզբունքները: 
 
 
  Նկար 1
 
 
 
Նկար 2
Նկար 3
Նկար 4
Նկար 5
Նկար 6

 Նկար 7
Նկար 8

Նկար  9

Նկար  10








1. Տե՛ս http://www.facebook.com/questions/10150438252257193/?qa_ref=qd. Վերը նշված արդյունքները կարող են փոփոխվել, քանի որ սոցիալական կայքում անընդհատ քվեարկում են: Լրագրող Արամ Անտինյանը «Փոշիացնել թե՞ հող դարձնել» հոդվածում անդրադառնում է դիակիզարանների հարցին ու նշում, որ «մեր սոցիոլոգիական հարցման մասնակիցների միայն 26 %-ը դրական վերաբերմունք ունի դիակիզարանների նկատմամբ: Նրանք կարծում են, որ Երևանի համար դիակիզարանների գոյությունն այլևս անխուսափելի է: 59 %-ը սակայն բացասաբար է վերաբերում դիակիզմանը՝ երևույթը մեր մշակույթին անհարիր համարելով»: Տե՛ս «Պիոներ», թիվ 4 (731), http://thepioneer.am/arm/731/weekly/economy/368.html.
2. Հարցազրույց մշակութաբան Յուլիա Անտոնյանի հետ 14.11.2011թ.-ին Երևան քաղաքում::
3. Հարցազրույց սոցիոլոգ, կոնֆլիկտաբան Արտակ Այունցի հետ  09.10.2011թ.-ին Աղվերանում:
4. Հարցազրույց  «Համագործակցություն հանուն ժողովրդավարություն» ՀԿ-ի նախագահ Ստեփան Դանիելյանի հետ  29.09.11թ.-ին Երևան քաղաքում:
5. Հարցազրույց մշակութաբան Վարդան Ջալոյանի հետ 23.10.2011թ.-ին Երևան քաղաքում:
6. Հարցազրույց մշակութաբան Յուլիա Անտոնյանի հետ 14.11.2011թ.-ին Երևան քաղաքում:
7. Ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2006թ. փետրվարի 27-ին: Օրենքում որոշակի փոփոխություններ են կատարվել 2007թ. հոկտեմբերի 24-ին և 2008թ. դեկտեմբերի 26-ին: Այս մասին առավել մանրամասն տե՛ս ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը՝ http://www.parliament.am/legislation.php?sel=alpha
8. ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը նշում է, որ նեոհեթանոսները կարողացել են վարչապետ Անդրանիկ Մարգարյանի օրոք ներգրավվել օրենքի աշխատանքներում ու մտցնել դիակիզարանների անհրաժեշտության մասին դրույթը: Չնայած մշակութաբան-հետազոտողը նշում է, որ նեոհեթանոսների առաջնորդ Սլաք Կակոսյանի դիակիզումը կատարվել է կիսաօրինական ձևով, իսկ այսօր արդեն նրանք կարող են դա կատարել օրինական եղանակով: Հարցազրույց մշակութաբան Յուլիա Անտոնյանի հետ 14.11.2011թ.-ին Երևան քաղաքում:
9. Որոշ հաշվարկների համաձայն Երևան քաղաքի ծայրամասերից մեկում դիակիզարանի կառուցումը՝ իր բոլոր հարմարություններով արժենալու է 4 միլիարդ դրամ, ինչը նախատեսված չի եղել օրենքի ընդունումից հետո ընկած տարիներից որևէ մեկի բյուջեով:
10. Հարցազրույց Չափագիտության ինստիտուտի և «Ստանդարտ դիալոգ» ՍՊԸ համատեղ փորձարկման լաբորատորիայի մասնագետների հետ 24.10.2011թ.-ին Երևան քաղաքում:
11. Հարցազրույց  ԵՊՀ դասախոսի հետ (որը չցանկացավ ներակայանալ) 17.10.2011թ.:
12. Տե՛ս http://www.facebook.com/hovhannes.hovhannisyan?sk=questions.
13. Երևանի բնակիչ Անժելա Սարգսյանը, այցելելով կենտրոնական գերեզմանատանը գտնվող իրենց ընտանեկան գերեզման, հայտնաբերել էր, որ հոր կողքին թաղել են մի անծանոթ կնոջ: «Անմիջապես գնացի թաղման բյուրո, որն այդ ժամանակ ղեկավարում էր ոմն Ռոզան: Պարզաբանում պահանջեցի, իսկ տնօրենը միայն գոռում էր: Երբ վախեցրի, որ այդ հարցով կդիմեմ համապատասխան մարմիներին, Ռոզան խնդրեց, որ չբողոքեմ՝ խոստանալով, որ ինքն այդ հարցին լուծում կտա», - պատմում էր Սարգսյանը:Մեկ շաբաթ անց, Սարգսյանին զանգահարեցին և ասացին, որ խնդիրը «լուծվել» է. «Կնոջ դիակը գիշերվա ընթացքում հանել էին գերեզմանից և տեղափոխել ուրիշ տեղ: Ամիսներ անց պարզեցի, որ մեր ընտանեկան գերեզմանի տարածքը Ռոզան 7000 դոլարով վաճառել էր մի մեծահարուստի»: Այս մասին տե’ս Գալուստ Նանյան, «Հայաստան. կոռուպցիան հասել է գերեզմանատներին», Կովկասյան լրատու,  12.06.2011թ.:
14. Տե՛ս http://www.1in.am/arm/armenia_society_50140.html.
15. Հարցազրույց  «Բնակչության հատուկ սպասարկում» ՍՊԸ-ի ինժեներ Ռազմիկ Հարությունյանի հետ 15.11.2011թ.:
16. Մասնավորապես, Միացյալ Նահանգներում ու Անգլիայում ստեղծվել էին տարբեր կրեամացիայի կողմնակիցների ու հակառակորդների միություններ, որոնք էական ազդեցություն ունեցան հասարակության լիբերալացման վրա: Այդ մասին առավել մանրամասն տե՛ս  Stephen Prothero. Purified by Fire: A History of Cremation in America. Los Angeles, 2001. Brian Parsons. Committed to the Cleansing Flame: The Development of Cremation in Nineteenth-Century England, Oxford, 2005.
17. Տե՛ս Է. սրկ. Աբգարյան, Արդյո՞ք նոր մարտահրավեր դիակիզման տեսքով ..., Ժամանակակից մարտահրավերներ (Միջբուհական երիտասարդական գիտաժողովի նյութեր), Երևան, 2010, էջ 33: Հայ եկեղեցու սպասավորներից շատերն իրենց տեսակետն արտահայտել են տարբեր հեռուստատեսային հաղորդումների ժամանակ (Ար հեռուստաընկերություն), որոնց այստեղ կանդրադառնանք միայն համակարգային խնդիրների դիրքերից:  
18. Այս մասին խոսում է նաև հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը՝ նշելով. «Ավանդականը համեմատական բան է, որովհետև հնդեվրոպական  ծեսը հենց դիակիզումն է»: Չնայած նա նշում է նաև, որ ինքը հավանաբար չէր կարողանա դեմ գնալ թաղման ավանդույթին ու դիակիզել իր հարազատներին: Հարցազրույցը կատարվել է 14.10.2011թ.: Նույն մոտեցման կրողն է նաև կրոնագետ, պատգամավոր Վարդան Խաչատրյանը, որի հետ հարցազրույցը կատարվել է 23.11.2011թ.:
19. Գայանե Մկրտչյան, Արմենիա Նաուի թղթակից,  Գերեզմանային հարց. հուղարկավորությունների մասին օրինագիծը տարաձայնություններ է առաջ բերում խորհրդարանի ու եկեղեցու միջև,
 տե՛ս http://www.armenianow.com/hy/news/6150/grave_issue_draft_law_on_burials_p.
20. Տե՛ս http://www.tert.am/am/news/2011/07/07/cemetery2/. Ռուս ուղղափառ եկեղեցու վարդապետ Ֆյոդոր Յաբլոկովի մեկնաբանությունները դիակիզման վերաբերյալ: 
21. Տե՛ս http://www.tert.am/am/news/2011/07/07/cemetery2/.
22. Տե՛ս Է. սրկ. Աբգարյան, Արդյո՞ք նոր մարտահրավեր դիակիզման տեսքով ..., Ժամանակակից մարտահրավերներ (Միջբուհական երիտասարդական գիտաժողովի նյութեր), էջ 34-35:
23. Տե՛ս նույն տեղում, էջ 36:
24. Նույն տեղում, էջ 40:
25. Անգլերեն լեզվով այն հնչում է հետևյալ կերպ. “… for out of it wast thou taken: for dust thou art, and unto dust shalt thou return”. Այսինքն անգլերեն լեզվով ևս այն հնչում է որպես փոշի: 
26. Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարք Կյուրեղը դիակիզարանների վերաբերյալ հարցին տվել է հետևյալ պատասխանը. «Դիակիզումը խորթ է ուղղափառ եկեղեցու ավանդությանը: Մենք հավատում ենք, որ պատմության վերջում  տեղի է ունենալու մահացածների հարություն մեր Փրկիչ Քրիստոսի հարության նմանությամբ՝ այսինքն ոչ միայն հոգով, այլ նաև մարմով: Եթե մենք թույլ ենք տալիս դիակիզումը, ապա դրանով մենք սիմվոլիկ եղանակով հրաժարվում ենք մեր հավատքից: Անշուշտ, խոսքն այստեղ միայն սիմվոլների մասին է, քանի որ հողում թաղված մարդկային մարմինը ևս վերածվում է փոշու, սակայն Աստված իր ամենազորությամբ փոշուց կվերածնի յուրաքանչյուրի մարմինը»: Տե՛ս http://www.memoriam.ru/main/ritual?id=216.
27. Հարցազրույց հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ 17.10.2011թ. Երևան քաղաքում: Ավանդույթի վերածվելու իմաստով հետաքրքրական է ԱՄՆ-ում կրեմացիոնիստների ու հակակրեմացիոնիստների միջև ծավալված մեծ պայքարը, որտեղ նմանատիպ հարցադրումների պակաս չի զգացվել ու վերջիվերջո այսօր դիակիզումը դիտվում է որպես ավանդական ձևերից մեկը: Տե՛ս Stephen Prothero. Purified by Fire: A History of Cremation in America. pp. 67-103.
28. Հարցազրույց մշակութաբան Յուլիա Անտոնյանի հետ 14.11.2011թ.-ին Երևան քաղաքում:
29. Հարցազրույց Հայկ Քոչարյանի ու Տիգրան Մաթոսյանի հետ 09.11.2011թ. Երևան քաղաքում:
30. Հարցազրույց ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ 29.10.2011թ. Երևան քաղաքում:
31. Հարցազրույց ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանի հետ 12.10.2011թ. Երևան քաղաքում:
32. Հարցազրույց մշակութաբան Վարդան Ջալոյանի ու Ստեփան Դանիելյանի հետ 23.10.2011թ. Երևան քաղաքում:
33. Տաթև Մեսրոպյան, «Երբ ապրելն ավելի մատչելի է, քան մեռնելը», 23.10.2011թ., http://1in.am/arm/armenia_society_38762.html.
34. Հարցազրույց  «Բնակչության հատուկ սպասարկում» ՍՊԸ-ի ինժեներ Ռազմիկ Հարությունյանի հետ 15.11.2011թ.:
35. Հարցազրույց  «Բնակչության հատուկ սպասարկում» ՍՊԸ-ի ինժեներ Ռազմիկ Հարությունյանի հետ 15.11.2011թ. Երևան քաղաքում:
36. Հարցազրույց  «Բնակչության հատուկ սպասարկում» ՍՊԸ աշխատակիցների հետ 15.11.2011թ. Երևան քաղաքում:
37. Հարցազրույց հեռուստալրագրող Գեղամ Մանուկյանի հետ 09.10.2011թ.-ին Աղվերանում:
38. Գալուստ Նանյան, «Գերեզմանային կոռուպցիան Հայաստանում», Կովկասյան լրատու,  24.07.2011թ.:
39. Գալուստ Նանյան, «Գերեզմանային կոռուպցիան Հայաստանում», Կովկասյան լրատու,  24.07.2011թ.: Այս հետազոտության մեջ լրագրողը մանրամասն պատմում է տարբեր դեպքերի մասին` ընդհուպ մինչև գերեզմանատեղի համար մեծ գումարներ վճարելը և գերեզմանների վաճառքի դեպքերը:
40. Հարցազրույց ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանի հետ 12.10.2011թ. Երևան քաղաքում:
41. Հարցազրույց ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանի հետ 12.10.2011թ. Երևան քաղաքում:
42. Հաղորդման հեղինակն է Արմինե Մինասյանը:
43. Հարցազրույց  «Բնակչության հատուկ սպասարկում» ՍՊԸ-ի ինժեներ Ռազմիկ Հարությունյանի հետ 15.11.2011թ. Երևան քաղաքում:
44. Հարցազրույց  «Բնակչության հատուկ սպասարկում» ՍՊԸ-ի ինժեներ Ռազմիկ Հարությունյանի հետ 15.11.2011թ. Երևան քաղաքում:
45. Հարցազրույց բժիշկ, կենսաբան, կենս. գիտ. թեկն. Գայանե Սարգսյանի հետ 28.10.2011թ. Երևան քաղաքում:
46. Տե'ս EMEP/CORINAIR Atmospheric Emission Inventory Guidebook, 3rd edition, October 2002. Technical report #30 Incinerations of Human Bodies.
47. «Հայկական ժամանակ» օրաթերթ, սեպտեմբեր 29, 2011:
48. «Թաղե՞լ, թե՞ այրել մահացածի մարմինը» բանավեճ, տե'ս http://www.tert.am/am/news/2011/07/07/corps3/.
49. Կոլումբարիումը (լատ.` columba - աղավնի) մահացած ու դիակիզված մարդկանց մոխրի պահպանման վայրն է, որը սովորաբար լինում է պատի տեսքով: Այն սկզբնապես եղել է աղավնիների տեղավորման վայր, որտեղից էլ առաջացել է անվանումը:
50. Այս առումով հարկ է նշել, որ Հայաստանում գերեզմանոցային վանդալիզմի դեպքերը գնալով աճում են: Ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանը մեր հետ զրույցում պատմեց ազգագրության ամբիոնի նախկին վարիչ Յուրա Մկրտումյանի ծնողների հետ կապված դեպքը, երբ թալանվել էին վերջինիս ծնողների բրոնզե հուշատախտակները:
51. Հարցազրույց կրոնագետ, պատգամավոր Վարդան Խաչատրյան հետ 23.11.2011թ. Երևան քաղաքում: 
52. Առավել մանրամասն տե՛ս Stephen Prothero. Purified by Fire: A History of Cremation in America. p. 184.
53. Հարցազրույց հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ 17.10.2011թ. Երևան քաղաքում:
54. Հարցազրույց ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ 29.10.2011թ. Երևան քաղաքում:
55. Հարցազրույց մշակութաբան Վարդան Ջալոյանի հետ 23.10.2011թ.-ին Երևան քաղաքում:
56. Հարցազրույց մշակութաբան Վարդան Ջալոյանի հետ 23.10.2011թ.-ին Երևան քաղաքում:
57. http://www.facebook.com/hovhannes.hovhannisyan?sk=questions.
58. http://www.facebook.com/hovhannes.hovhannisyan?sk=questions.
59. http://www.facebook.com/hovhannes.hovhannisyan?sk=questions.
60. Հարցազրույց սոցիոլոգ, կոնֆլիկտաբան Արտակ Այունցի հետ  09.10.2011թ.-ին Աղվերանում:
61. Հարցազրույց  «Բնակչության հատուկ սպասարկում» ՍՊԸ-ի ինժեներ Ռազմիկ Հարությունյանի հետ 15.11.2011թ.:
62. http://www.youtube.com/watch?v=2YiT24Qatoo.
63. Առավել մանրամասն տե՛ս http://www.thestar.com/business/article/727159--dearly-departed-rest-in-green-peace.
64. Տե՛ս "UK firm: Don't burn bodies, boil them", Physorg News, 2007-08-06. Այնուամենայնիվ, ռեզոմացիան օրինական է համարվում դեռևս ԱՄՆ միայն 7 նահանգներում: