Դիտողություններ և առաջարկություններ «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

  • 18/10/2017
  • «Կրոնի եվ իրավունքի կենտրոն» գիտահետազոտական ՀԿ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը

Գնահատելով օրենքի նախագծի (այսուհետև՝ Նախագիծ) հեղինակների կողմից իրականացված մեծածավալ աշխատանքը, այդուհանդերձ, գտնում ենք, որ Նախագիծը լրամշակման կարիք է զգում՝ հաշվի առնելով մի շարք խնդրահարույց դրույթներ։ Մասնավորապես՝ կամավորության մշակույթի զարգացմանն օրենսդրորեն նպաստելու համար անհրաժեշտ է, որպեսզի Նախագիծը հնարավորինս թեթևացվի գերկարգավորումներից՝ չծանրացնելու համար կամավորական կազմակերպության կամ կամավոր ներգրավող կազմակերպության հարաբերությունները կամավորների հետ, զգալիորեն չշատացնելու թղթաբանության ծավալը և պարտավորությունների մեծ բեռ չդնելու նրանց վրա։ Վստահ լինելով, որ մի շարք հասարակական կազմակերպություններ մասնագիտական առաջարկներ են ներկայացրել հիշյալ խնդիրների մասով, մենք նպատակահարմար ենք գտնում անդրադառնալ Նախագծում տեղ գտած մի էական սահմանափակման և ներկայացնել դրա վերաբերյալ մասնագիտական վերլուծություն։

1․1․ Օրենքի նախագծի 7-րդ հոդվածով, մասնավորապես, արգելվում է կամավորին կամ կամավոր աշխատանք կատարող անհատին կամ խմբին ներգրավել կրոնական կազմակերպությունների օգտին և (կամ) նրանց նախաձեռնությամբ կատարվող աշխատանքներին։

Սույն սահմանափակումը ոտնահարում է, մի կողմից՝ կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը, մյուս կողմից՝ մարդու խղճի, դավանանքի, համոզմունքների ազատության հիմնարար իրավունքը։ Այն հակասում է միջազգային կոնվենցիաներին, ՀՀ Սահմանադրությանը, «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին։ Նման օրենսդրական արգելքն անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությունում և չի հետապնդում իրավաչափ նպատակ։

1․2․Կամավորական գործունեությունը ներհատուկ է կրոնական միավորումներին, բխում է նրանց բնույթից և շահույթ չհետապնդող, ոչ առևտրային կազմակերպության տեսակից։ Անշահախնդիր, անվարձահատույց և կամավոր աշխատանքների (ծառայության) կատարումը, կամավոր գթասիրական և բարեխնամ գործունեությամբ մարդկանց օգնելը և այլ հանրօգուտ աշխատանքներ իրականացնելը հավատացյալ անձանց կրոնական պահանջմունք է, ինչպես նաև խղճի և դավանանքի ազատության արտահայտման կարևորագույն բաղադրիչներից և ձևերից մեկը։

1.3. Գաղտնիք չէ, որ ամբողջ աշխարհում կրոնական կազմակերպություններն իրենց գործունեությունն առավելապես իրականացնում են կամավոր ծառայողների և հավատացյալների միջոցով, ովքեր պատրաստակամ են անհատույց կերպով ներգրավված լինել ինչպես իրենց կրոնական միավորման օգտին, այնպես էլ իրենց կրոնական միավորման նախաձեռնությամբ կատարվող աշխատանքներին։ Նրանք կամավոր կերպով աջակցում են եկեղեցական արարողությունների, կրոնական ծիսակատարությունների կատարմանը, բարեգործական, գթասիրական, բարեխնամ աշխատանքների իրականացմանը։

1.4. Հաշվի առնելով, որ Հայաստանի դոմինանտ կրոնը քրիստոնեությունն է, չենք կարող անտեսել այն ցայտուն իրողությունը, որ անշահախնդիր, անվարձահատույց և կամավոր աշխատանքների (ծառայության) կատարումը բխում է քրիստոնեության Սուրբ Գրքից՝ Աստվածաշնչից, որում կան բազմաթիվ հորդորներ և պատվիրաններ, որոնք խրախուսում են հավատացյալ քրիստոնյաներին՝ կամավոր ծառայելու մարդկանց՝ հատուցում ակնկալելով միայն Աստծուց։ Ընդ որում, Հայ Առաքելական եկեղեցին, Հայ կաթողիկե և Հայ բողոքական-ավետարանական ընտանիքի եկեղեցիներն իրենց գործունեությունը, մասնավորապես՝ հասարակական նշանակության, սոցիալական ուղղվածության և այլ հանրօգուտ ծրագրերն իրականացնում են գերազանցապես կամավորների օժանդակությամբ։ Ուստի, Նախագծի 7-րդ հոդվածի 4-րդ կետի սահմանափակումն օրենքի ուժ ստանալու պարագայում՝ բոլոր այս եկեղեցիների ու կրոնական միավորումների գործունեությունը կհայտնվի ապօրինի դաշտում։

2. Ելնելով վերոգրյալից՝ մատնանշենք որոշ հիմնարար իրավական ակտեր և դրույթներ, որոնց հակասում է Նախագծում տեղ գտած արգելքը։

2.1. ՀՀ Սահմանադրության 41-րդ հոդվածը երաշխավորում է յուրաքանչյուր անձի մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունքը, որն իրացվում է կրոնը կամ համոզմունքները փոխելու, դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով՝ քարոզի, եկեղեցական արարողությունների, պաշտամունքի այլ ծիսակատարությունների կամ այլ ձևերով արտահայտելու միջոցով։ Առաջին մասում մենք վկայակոչեցինք այն հանգամանքը, որ խղճի և կրոնի ազատության արտահայտման հիմնական ձևերից է կամավորների ներգրավմամբ կրոնական կազմակերպության նպատակներից և իրավունքներից բխող գործունեությունն իրականացնելը։ Ուստի, Նախագծի արգելքը հակասահմանդրական է, քանի որ սահմանափակում է անձանց և կրոնական կազմակերպությունների կրոնի ազատության արտահայտման ձևերը։

2.2. ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը։ Ընդ որում, «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով (այսուհետև՝ Օրենք) սահմանվում է, որ կրոնական կազմակերպությունը հավատի համատեղ դավանության, ինչպես նաև կրոնական այլ պահանջմունքների բավարարման նպատակով ստեղծված միավորում է։ Աքսիոմատիկ իրողություն է, որ կամավոր և անշահախնդիր կերպով բարի գործեր, հանրօգուտ աշխատանքներ կատարելն անձի հիմնական կրոնական պահանջմունքներից մեկն է։

2.3. Օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատված է պետությունից: Սույն հիմնադրույթի համաձայն՝ պետությունը չի միջամտում եկեղեցու և կրոնական կազմակերպությունների` օրենքին համապատասխանող գործունեությանը և ներքին կյանքին:

Վերոհիշյալ դրույթների համակցված վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ կրոնական կազմակերպություններին կամավորական գործունեության և կամավորներ ներգրավելու հնարավորությունից զրկելով՝ պետությունն, ըստ էության, կոպիտ կերպով միջամտում է կրոնական կազմակերպությունների ներքին կյանքին, քանի որ այդպիսի գործունեությունը կրոնական կազմակերպության ինքնակազմակերպման կարևորագույն ձևերից է, ինչն արգելելու դեպքում կրոնական կազմակերպության՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված գործունեության ազատությունը կլինի վտանգված և անիրացվելի։

2․4․ Օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ կրոնական կազմակերպություններն իրենց գործունեությունը, ի թիվս այլ ձևերի, իրականացնում են՝
ա/ իրենց շուրջ իրենց հավատացյալներին համախմբելով,
բ/ ապահովելով իրենց հավատացյալների հոգևոր-կրոնական բոլոր կարիքների ու պահանջմունքների բավարարումը,
գ/ կատարելով կրոնական ժամերգություններ, ծեսեր ու արարողություններ աղոթատներում և դրանց պատկանող տարածքում, ուխտատեղիներում, կրոնական կազմակերպությունների հիմնարկներում, ինչպես նաև գերեզմանոցներում, քաղաքացիների տներում և բնակարաններում, հիվանդանոցներում, զառամյալների ու հաշմանդամների տներում, ազատազրկման վայրերում, զորամասերում,
դ/ ստեղծելով համապատասխան կրոնական ուսուցման խմբեր կրոնական կրթության համար,
ե/ զբաղվելով աստվածաբանական, կրոնական, պատմամշակութային ուսումնասիրություններով,
զ/ պատրաստելով հոգևորական ծառայության կամ գիտական ու մանկավարժական կադրեր իրենց հոգևոր կենտրոնների կրթական հաստատություններում,
է/ զբաղվելով բարեգործությամբ:
Այս բոլոր իրավունքներից բխող գործունեության տեսակների իրականացումն անքակտելիորեն կապված է կամավորներ ներգրավելու հետ, մինչդեռ արգելքի օրենքի ուժ ստանալու դեպքում հիշատակված իրավունքների իրացումը կդառնա անհնարին։

2․5․ ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի համաձայն՝ խտրականությունը, կախված նաև կրոնից, արգելվում է, իսկ 39-րդ հոդվածի համաձայն՝ մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին: ՀՀ Սահմանադրության 41-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով, իսկ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սեփական կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատությունը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի պաշտպանություն հասարակական անվտանգության, հասարակական կարգի, առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների։

Այսպիսով՝ Նախագծով սահմանված կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հիմնական սկզբունքներին և նպատակներին համապատասխան կատարվող գործունեությունը և կամավորների ներգրավումը կրոնական կազմակերպությունների մասով արգելելու որևէ օբյեկտիվ անհրաժեշտություն չկա, ավելին՝ այդպիսի արգելքը խտրական է, հակասահմանադրական և իրենից ներկայացնում է խղճի և կրոնի ազատության կոպիտ սահմանափակում։ Այն չի կարող հետապնդել իրավաչափ նպատակ, իսկ կրոնական կազմակերպությունների կողմից իրենց աշխատանքներում կամավորներ ներգրավելու իրավունքը որևէ կերպ չի կարող վտանգ ներկայացնել հասարակական անվտանգության, հասարակական կարգի, առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների համար։

2.6. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Jehovah’s Witnesses of Moscow v. Russia, §§170-182 գործով կայացված վճռում նկատել է, որ կամավոր աշխատանքը չի հակասում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային։ Սա վկայում է, որ Եվրոպական դատարանի դիրքորոշումը կրոնական կազմակերպությունների կողմից կամավորներ ներգրավելու և կամավորական գործունեություն իրականացնելու վերաբերյալ հստակ է. այն չի կարող արգելվել։

2.7. Հարկ ենք համարում նաև նշել, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայումս լրամշակվում է «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի 13-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանվում է, որ կրոնական կազմակերպության հաշվետվության մեջ պետք է նշվի նաև կամավորների թիվը։ Այստեղից հետևում է, որ կրոնական կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերում կարող են ներգրավված լինել կամավորներ։

2.8. Նախագծի լրամշակման ժամանակ կարևոր է հաշվի առնել նաև, որ կամավորական գործունեությունն ու կամավորներ ներգրավելը վերաբերում է ոչ միայն հասարակական կազմակերպություններին, այլ նաև շահույթ չհետապնդող, ոչ առևտրային կազմակերպությունների մյուս տեսակներին, մասնավորապես՝ կրոնական կազմակերպություններին։

Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք Նախագծից հանել 7-րդ հոդվածով կրոնական կազմակերպությունների նկատմամբ սահմանված սահմանափակումը, ըստ որի՝ արգելվում է կամավորներ ներգրավել կրոնական կազմակերպությունների օգտին և (կամ) նրանց նախաձեռնությամբ իրականացվող աշխատանքներին։