Եկեղեցու ռեֆորմերը պետական խնդիր է

  • 18/10/2017
  • religions.am

1991-ից ի վեր Հայաստանյայց առաքելական եկեղեցին նպատակասլաց կերպով ընդլայնում էր իր ներկայությունը հանրային եւ պետական կյանքում, սակայն անկախության հռչակումից երկու տասնամյակ անց նրա տեղի ու դերի խնդիրը մնում է բուռն քննարկումների թեմա:

Եթե սովետական աթեիստական ժամանակաշրջանում հանրության մեծամասնությունը կասկածի տակ չէր դնում եկեղեցու ոչ միայն պատմական, այլեւ հայ ժողովրդի պատմության մեջ ունեցած բացառիկ դերակատարումը, ապա այսօր, երբ այդ պնդումը սահմանադրության մեջ է ներդրվել, եկեղեցուն թերահավատությամբ վերաբերողների քանակը մեծանում է: Վերագնահատվում է նաև նրա պատմության ընթացքում ունեցած դերը:
Հասարակության ու եկեղեցու միջեւ առաջացել է ճեղքվածք, որն արտահայտվում է ԶԼՄ-ներում և հատկապես սոցցանցերում եկեղեցուն եւ նրա սպասավորներին ուղղված երբեմն ծայրահեղ քննադատություններով ու կոպտագույն որակումներով:

Կարծում ենք՝ պատճառն այն է, որ եկեղեցին չունի «եկեղեցի-պետություն» եւ «եկեղեցի-հասարակություն» հարաբերությունների վերաբերյալ որեւէ հայեցակարգային մոտեցում, որը համահունչ լինի արդի իրավիճակին:

Եկեղեցին փորձում է խաղարկել իր հին թեզերը

Քննադատությանը որևէ կերպ հակադարձելու համար մայր Աթոռը փորձում է խաղարկել իր նախկին թեզերը և կաղապարները, որոնք բնորոշ են Մերձավոր Արևելի պետականազուրկ կրոնական համայնքներին, դրանով փորձելով բավարարել կոմպլեքսավորված փոքր ժողովուրդներին բնորոշ սնափառությունը և ստանձնել պետական հասարակություններին ոչ բնորոշ դերակատարություն.

  • հայերը քրիստոնեությունը պետականորեն ընդունած՝ աշխարհի առաջին ազգն են,
  • եկեղեցու նպատակն է՝ զբաղվել “հայապահպանությամբ”,
  • ազգի հիմնական առաքելությունը գոյապահպանությունն է,
  • Հայ եկեղեցին ազգային է,
  • նա, ով հայ առաքելական չէ, հայ չէ,
  • պետությունն ու ազգը պարտք են եկեղեցուն “հայապահպանության” համար ու եկել է պահը այդ պարտքը վերադարձնելու համար և այլն:

Ժամանակները փոխվել են, ինչը սկսել են զգալ անգամ Էջմիածնի միաբանները, սակայն բարեփոխումների չեն կարող սահմանափակվել արտաքին դրսևորումներով: Հավակնել “ազգային եկեղեցու” կարգավիճակին, նշանակում է համապատասխանել քաղաքական իրավիճակին և ամենակարևորը` լինել արդիական ու կարողանալ արձագանքել հանրության պահանջներին:

Հարցեր, որոնց մասին Էջմիածնի միաբանները պետք է հրապարակին կերպով արտահայտեն իրենց դիրքորոշումը

Երկրի քաղաքական ու սոցիալական կյանքի հանրային դիսկուրսի հիմնական առանցքը անարդարությունների մասին խոսակցություններն են՝ ընտրախախտումները, սոցիալական անարդարությունները, անվստահությունը դատական համակարգի ու առհասարակ արդարության հանդեպ եւ այլն: Այս պայմաններում եկեղեցու վերնախավը հանրային դիսկուրսում սկսել է դիտարկվել որպես հասարակական լեգիտիմություն չունեցող համակարգի սպասավոր: Քրիստոնեությունը համարվում է կենդանի եկեղեցի, ինչը նշանակում է լինել արդիական ու որոնել տվյալ պահին հանությանը հուզող հարցրի պատասխանները, թեկուզ իրեն բնորոշ փրկչաբանության տեսանկյունից:

Առանձին բարձրաստիճան հոգեւորականներ կոռուպցիոն սկանդալների հիմնական հերոսներից են, ովքեր հայտվելով քննադատության կենտրոնում, այնուամենայնիվ, շարունակում են պաշտոնավարել: Դրան նպաստում է նաեւ եկեղեցու բյուջեի փակ լինելն իր հետեւորդների համար, ինչի պատճառով հանրային անվստահություն կա եկեղեցու վերնախավի նկատմամբ: Եկեղեցին պետությունից ստանում է հարկային արտոնություններ եւ արդեն վերածվել է խոշոր հարկատուի ու նյութական մեծ ունեցվածքի սեփականատիրոջ, սակայն եկեղեցու բյուջեի եւ ֆինանսական գործունեության ոչ թափանցիկ լինելն իր հերթին հանրային կասկածների համար հարուստ ենթահող է հանդիսանում:

Մյուս կարեւորագույն խնդիրը կրոնական ազատությունների հանդեպ վերաբերմունքն է: ՀՀ սահմանադրության եւ օրենսդրության հիմնարար դրույթներից է խղճի ազատության սկզբունքը, սակայն, եկեղեցականների հրապարակային հռետորաբանության մեջ այդ սկզբունքը քննադատվում է: Ավելին՝ կրոնական ազատությունները դատապարտվում եւ ներկայացվում են իբրեւ հակազգային դրույթ, ինչը լուրջ խնդիր է առաջացնում սահմանադրականության եւ օրինականության մասին հանրային ընկալումներում: Կրոնական ազատությունների դեմ բացեիբաց հանդես գալով` եկեղեցին փորձում է օրենքից դուրս դնել մյուս կրոնական կազմակերպություններին՝ նրանց որակելով որպես «աղանդ» եւ ապազգային կառույցներ:

Հիմնական խնդիրներից մեկն էլ ազգային եւ կրոնական պատկանելության նույնականացման դրույթն է, որը միլեթական անցյալի կաղապարներից է եւ Հայ եկեղեցու քարոզչության հիմնական թեզը:

Այսպիսով, եկեղեցին պարտավոր է իր դիրքորոշումները համապատասխանեցնել Հայաստանի սահմանադրությանը.

Ա) hրաժարվել ազգի եւ կրոնի նույնականացման դրույթից,

բ) ձեւակերպել եկեղեցու պաշտոնական վերաբերմունքը կրոնական ազատությունների իրավունքի առնչությամբ, որը կհամապատասխանի ՀՀ սահմանադրությանն ու Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին,

գ) սկսել երկխոսություն այլ կրոնների, հարանվանությունների ու կոնֆեսիաների պատկանող հայկական համայնքների հետ՝ ներազգային համերաշխության եւ փոխօգնության մթնոլորտ ձեւավորելու համար,

դ) պատրաստել իր սոցիալական հայեցակարգը՝ հստակ արտահայտելով սոցիալական արդարության, սեփականության իրավունքի, ընտանիքի, միայնակ մայրերի եւ հանրային օրակարգի հանգուցային այլ խնդիրների վերաբերյալ եկեղեցու տեսակետները,

ե) ձեւակերպել եկեղեցի-պետություն համագործակցության կանոնները,

զ) Հրապարակել եւ իր հետեւորդներին ներկայացնել եկեղեցու բյուջեն, տարեկան ծախսերը, գույքի եւ ունեցվածքի, տնտեսվարող կառույցների ցանկերը, եկեղեցու բանկային հաշիվներն ու նվիրատվությունների մասին հանգամանալի հաշվետվությունները:

Իսկ ամենակարևոր, պետք է հստակեցնի իր դավանաբանությունը, սակայ դա առանձին և հատուկ քննարկման թեմա է: