Ես դեմ եմ մեռելապաշտությանը

  • 13/07/2016
  • Աշոտ Հովսեփյան

  • protestant.am կայքի մեկնաբան

Ո՞վ է ասել, որ գերեզման այցելելով  է չափվում մարդու հարգանքը հանգուցյալների հիշատակի նկատմամբ:

Ո՞վ է ասել, որ տոներից հետո պետք է այցելել գերեզմաններ, որպեսզի «հանգուցյալների տոնը շնորհավորենք»: Ո՞վ է ասել, որ տարիներ առաջ մեռած մարդը գերեզմանի խորքերից լսելու է մեր շնորհավորանքն ու ուրախանա: Սա ի՜նչ խաբեություն է:
Ո՞վ է ասել, որ տիեզերքի Արարիչ Աստծո սահմանած սուրբ օրը՝ շաբաթը, պետք է դարձնել աշխատանքային օր, որպեսզի երկուշաբթի օրը ազգովի այցելենք գերեզմաններ՝ մեռյալների հետ մի-մի թաս խմելու:

«Մեռելոցները» հակաքրիստոնեական միջոցառումներ են:
Քրիստոնեության աղբյուրը Քրիստոսն է՝ Իր Խոսքով, Իր Ավետարանով, Իր պատգամներով և Իր անսահման սիրով: Քրիստոսից դուրս չկա քրիստոնեություն: Իսկ Քրիստոսը երբևէ չի ասել՝ այցելե՛ք գերեզմաններ: Աստվածաշնչում նույնպես չկա որևէ հեռավոր ակնարկ անգամ, որ անհարժեշտ է որոշակի օրերի պարբերաբար այցելել գերեզմաններ:
Աստվածաշնչում, իհարկե, կարող ենք տեսնել մի քանի իրավիճակ, երբ մարդիկ գերեզման են գնում: Դրանց մեծամասնությունում մարդիկ գերեզման գնում են հանգուցյալներին թաղելու նպատակով: Ընդամենը:
Քրիստոսը մի անգամ գնաց գերեզման՝ չորս օր առաջ մեռած Ղազարոսին հարություն տալու նպատակով՝ ի փառս Աստծո (Հովհ.11): Այլ դեպք, երբ Քրիստոսն այցելեր գերեզման, չկա:
Աստվածաշնչում կա մի եզակի դեպք, երբ կանայք գնացին գերեզման: Խաչելությանը հաջորդող կիրակի օրն էր (ուշադրություն դարձրեք` կիրակի, ոչ երկուշաբթի): Գնացին, որպեսզի Քրիստոսի մարմինը խունկերով օծեն: Նրանք դա անելու էին մեկ-միակ անգամ, ոչ թե ամեն տարի, տարեկան հինգ անգամ՝ կառավարության որոշումով: Եվ անգամ այդ դեպքում նրանք անհաջողության մատնվեցին՝ Քրիստոսն այնտեղ չէր: Նա հարություն էր առել (Մարկ.16:1-8):

Գերեզման էին գնում, ավելի ճիշտ՝ գերեզմաններն էին փախչում դիվահարները (Մարկ.5, Ղուկ.8, Մատթ.8): Մենք հո դիվահար չե՞նք:
Գերեզմանների մասին Աստվածաշնչում խոսվում է ևս մի քանի անգամ, սակայն հիմնականում բացասական իմաստներով:
Ես դեմ չեմ նախնիների շիրիմներին այցելելուն: Դա յուրաքանչյուրի անձնական գործն է: Դեմ չեմ, որ գերեզմանը լինի խնամված, բարեկարգ, բայց համեստ:
Ես դեմ չեմ հանգուցյալների հիշատակը վառ պահելուն: Եթե հանգուցյալը կենդանության օրոք եղել է արժանավոր, բարի, դրական անձնավորություն, ապա պետք է հիշել նրան ու նրա օրինակով դաստիարակել ողջերին:
Ես դեմ եմ գերեզման այցելելը որպես քրիստոնեություն ներկայացնելուն: Ես դեմ եմ այդ այցելություններին պաշտոնական բնույթ հաղորդելուն:
Ես դեմ եմ մեռելապաշտությանը:

Կան մարդիկ, որ պնդում են, թե գերեզման այցելելիս իրենք հոգեկան խաղաղություն են զգում: Հնարավոր է, չեմ բացառում: Բայց գերեզմանն աշխարհի ամենավատ վայրերից մեկն է: Եվ եթե մարդ այդ ամենավատ վայրում իրեն լավ է զգում, ապա… Վախենում եմ որևէ հետևություն անել:
Մեր հանգուցյալները գերեզմաններում չեն: Մեր հանգուցյալները այլ տեղերում են՝ կախված Քրիստոսի նկատմամբ իրենց հավատից, ապաշխարությունից, կենդանության օրոք իրենց ապրած կյանքից:

«Մեռելոցների» կողմնակիցները չգիտես ինչու ավելի շուտ հակված են հավատալ, թե իրենց հարազատները դեռ գերեզմանում են, քան թե այլ վայրում: Կարծում են, թե դեռ հնարավոր է նրանց երկինք «ուղարկել»: Պնդում են, թե գերեզման այցելելով և օղու բաժակը ձեռքին «օղորմի տալով» մենք նպաստում ենք, որ մեր հանգուցյալը շուտով տեղափոխվի երկինք: Սո՛ւտ է: Մոլորություն է: Մեռնելուց հետո այլևս ոչինչ փոխել հնարավոր չէ: Կարդացե’ք Ղուկասի Ավետարանի 16-րդ գլուխը, և ինքներդ կհամոզվեք դրանում:

Չի կարելի մարդկանց կերակրել քաղցր կեղծիքներով և սին հույսերով`նպատակ ունենալով նրանց գրավել դեպի քո եկեղեցին: Դա մարդահաճություն է: Քրիստոնեությունը դեմ է դրան: Քրիստոնյան, առավելևս՝ քրիստոնեական եկեղեցին, աստվածահաճության ջատագովը պետք է լինի: Իսկ մարդահաճության ձգտողներն ընդամենը կեղծավորներ են, որոնք անտեսում են Սուրբ Գրքի ճշմարտությունները և հանուն իրենց անձնական կամ խմբային նպատակների մարդկանց դրդում են մեռելապաշտության և գերեզմանապաշտության:

Այնուհանդերձ, տարին ունի առնվազն 120 ոչ աշխատանքային օր (շաբաթ, կիրակի, տոներ) և մարդիկ կարող են գերեզման այցելել այդ օրերին, օրինակ`տաղավար տոնին նախորդող կամ հաջորդող որևէ շաբաթ կամ կիրակի օր: Միանգամայն անհասկանալի ու անընդունելի է այն պնդումը, թե պետք է հենց տոնի հաջորդ օրն այցելել գերեզման: Ի՞նչը կփոխվի, եթե այցելենք մի քանի օր առաջ կամ հետո: Գուցե մեռյալներն ավելի՞ կմեռնեն: Ի՜նչ անհեթեթություն: Ի՜նչ անտեղի շտապողականություն: Ո՞ւր ենք շտապում, հանուն ինչի՞, ո՞ր օրենքով:

Ազգովի տրվելով մեռելապաշտության մոլուցքին, մենք չենք էլ նկատում, որ նաև դրա պատճառով է, որ օրհնություններն անցնում են մեր կողքով:

Հիշենք՝ «Աստված մեռելների Աստված չէ, այլ կենդանիների»: (Մատթ.22:32):