Հայաստանի կրոնական խճանկարը. թվեր և փաստական տվյալներ

  • 15/08/2017
  • «Կրոնի եվ իրավունքի կենտրոն» գիտահետազոտական ՀԿ, 2017թ

Ինչպիսի՞ կրոնական կամ դավանական ուղղություններ կան Հայաստանում, արդյո՞ք կրոնական բազմազանությունը մեր երկրում խիստ մեծ է: Այս հարցերը հաճախակի են շոշափվում հանրային դիսկուրսում, սակայն միշտ չէ, որ օբյեկտիվ և մատչելի տեղեկություն է տրվում դրանց վերաբերյալ։

Հայաստանի կրոնական խճանկարն ընկալելու համար անհրաժեշտ է ներկայացնել որոշ թվային տվյալներ։ 2017 թ. դրությամբ մեր երկրում գործում է 67 գրանցված կրոնական կազմակերպություն, սակայն, դա չի նշանակում, թե Հայաստանում ներկա են 67 կրոնական ուղղություններ։ Իրականում կրոնական և ներկրոնական տարբեր հոսանքների քանակը տատանվում է 1 տասնյակի շրջանակում, ընդ որում դրանց մի մասի հետևորդները մեծաթիվ չեն։

Չգրանցված կրոնական համայնքների քանակը հստակ չէ։ Այս ուղղությամբ մեր Կենտրոնի կողմից իրականացվում են հետազոտական աշխատանքներ։ Ներկայումս կարող ենք մեծ հավանականությամբ պնդել, որ չգրանցված կրոնական և եկեղեցական համայնքների շարքում չկան այնպիսիները, որոնց հետևորդների թիվը կգերազանցեր 200-ը։ Այստեղից կարող ենք անել հետևություն, որ գրանցված կրոնական կազմակերպությունները, ըստ էության, ներկայացնում են Հայաստանի դավանական ուղղությունների ամբողջական պատկերը։

Այսպիսով՝ Հայաստանի կրոնական միավորումների վերլուծության արդյունքում հանգում ենք հետևյալ պատկերին. 67 կրոնական կազմակերպություններից 9-ն ազգային փոքրամասնությունների կրոնական համայնքներն են, ևս 8-ը՝ բարեգործական, կրթալուսավորչական և հրատարակչական բնույթի կազմակերպություն։

Մնացյալ 50 կրոնական կազմակերպությունները, ըստ դավանական ուղղվածության սկզբունքի, կարող ենք բաժանել երկու հիմնական խմբի.

1. Քրիստոնեական եկեղեցիներ և հարանվանություններ (45),

2. Նոր կրոնական շարժումներ (5)։

Հայաստանի կրոնական խճանկարի ճնշող մեծամասնությունը կազմում են քրիստոնեական եկեղեցիներն ու հարանվանությունները, որոնք, ընդհանուր առմամբ, կիսում են հիմնարար համաքրիստոնեական արժեքներն ու գաղափարները։

Այսպիսով՝ քրիստոնեական ուղղություններն են՝

1. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, որը որպես 1700-ամյա պատմական եկեղեցի՝ այսօր էլ թե՛ հետևորդների թվով, թե՛ հասարակական-քաղաքական դերակատարմամբ, և թե՛ հանրային կյանքում ունեցած կշռով Հայաստանի գերակայող կրոնական հաստատությունն է։

Դարերի ընթացքում ՀԱՍԵ-ի գործունեության շնորհիվ ստեղծվել է յուրօրինակ վիթխարի հոգևոր-մշակութային հարստություն, որը, անկասկած, հայ ժողովրդի մշակութային ժառանգության անբաժանելի մասն է:

Հայկական պետականության բացակայության պայմաններում Հայ Առաքելական Եկեղեցին իրականացրել է ոչ միայն կրոնական, այլև քաղաքական-կառավարչական գործառույթներ` տնօրինելով հայ ժողովրդի կենսագործունեության տարբեր բնագավառները:

Շրջանառվող հիմնական տվյալի համաձայն՝ ՀԱՍԵ-ի հետևորդները կազմում են բնակչության 80-90 տոկոսը։ Թեև մասնագետները նկատում են, որ նրանց մեծ մասն անվանական հետևորդներ են, որոնց կապը եկեղեցու հետ խարսխված է ոչ այնքան դավանանքային բաղադրիչի, որքան պատկանելության զգացումի և ավանդույթների վրա։

Ըստ Pew Research Center կենտրոնի հետազոտությունների՝ շաբաթն առնվազն 1 անգամ եկեղեցի այցելում է ՀԱՍԵ-ի հավատացյալների 9%-ը, ինչը խոսում է այն մասին, որ քիչ թե շատ արտահայտված կրոնական գիտակցություն և հավատքի պրակտիկա ունեցող հետևորդների իրական թիվն ավելի պակաս է: Թեև վերջին տասնամյակների ընթացքում Մայր Աթոռի և հոգևորականության ջանքերով իրականացվող տարբեր ծրագրերի շնորհիվ եկեղեցու հավատավոր հետևորդների թիվն ավելանում է։

Ամփոփելով նշենք, որ Հայ Առաքելական Եկեղեցին քրիստոնեության մեջ իր յուրահատուկ ինքնությամբ տարբերվող ազգային եկեղեցի է, որը, կրոնագիտական տիպավորման համաձայն, դասվում է Հին արևելյան ուղղափառ եկեղեցիների շարքին։

2. Հայ Կաթողիկե Եկեղեցի, որն ինստիտուցիոնալ առումով կազմավորվել է 1740-ական թթ.-ին։ Իսկ մինչ այդ՝ դեռևս 1717 թ.-ին, աբբահայր Մխիթար Սեբաստացու ջանքերով Վենետիկի Սբ Ղազար կղզում հիմնվել էր Մխիթարյան կաթողիկե միաբանությունը, որն առ այսօր գործում է և անգնահատելի ներդրում ունի հայագիտության ասպարեզում:

Հայտնի է, որ երբ Նապոլեոն Բոնապարտը Եվրոպայում վերացնում էր միաբանությունները, Մխիթարյան ուխտը ոչ միայն չփակեց, այլև նրան շնորհեց ակադեմիայի կարգավիճակ: Հետաքրքրական է նաև, որ Սբ Ղազար կղզում է հայերեն ուսանել և իր աբբա ուսուցչի հետ բառարաններ ու քերականական գործեր կազմել ճանաչված անգլիացի բանաստեղծ Ջորջ Բայրոնը:

Վատիկանի պաշտոնական տվյալներով` ներկայումս Հայաստանում կաթոլիկների թիվը հասնում է 180 հազարի, սակայն այլ աղբյուրների համաձայն՝ այդ թիվը չի գերազանցում 100 հազարը։ Կաթողիկե հայերը հիմնականում բնակվում են երկրի հյուսիսային շրջաններում, մասնավորապես՝ Շիրակի, Տաշիրի և Լոռու մարզերում:

Ըստ կրոնագիտական տիպավորման՝ Հայ Կաթողիկե Եկեղեցին դասվում է Արևելյան կաթողիկե եկեղեցիների շարքին, որոնք լատինածես չեն, այլ պատարագներն ու եկեղեցական արարողությունները կատարվում են ազգային լեզվով։

3. Հայ հասարակության մյուս համեմատաբար խոշոր և սոցիալապես ակտիվ հատվածը կազմում են քրիստոնեության բողոքական հարանվանությունները՝ դենոմինացիաները (ընդհանուր՝ 41), որոնց հետևորդների թիվը հասնում է 100 հազարի։ Հայ բողոքական շարժումն իր գրեթե 200-ամյա պատմության ընթացքում տվել է բազում ազգանվեր գործիչների՝ Սողոմոն Թեհլերյան, Մուսա լեռան ինքնապաշտպանության կազմակերպիչներից վերապատվելի Տիգրան Անդրեասյան, Հրանտ Դինք, Մոնթե Մելքոնյան և ուրիշներ։

Բողոքական քրիստոնեությունը Հայաստանում ներկայացված է մի շարք հարանվանություններով, ինչպես, օրինակ՝ ավետարանականներ, մկրտականներ, ավետարանական հավատքի քրիստոնյաներ (ամբողջաավետարանականներ կամ հոգեգալստականներ), շաբաթապահ գալստականներ և այլն։ Հայ բողոքականության ամենաներկայացուցչական և ազդեցիկ ոչ ֆորմալ կառույցը Հայաստանի Ավետարանական Ընտանիքի Եկեղեցիների Համագործակցությունն է։

Հայ բողոքական առաջին շարժումները միաժամանակ, թեև միմյանցից անկախ, 1820-ական թթ.-ին սկզբնավորվում են Հայաստանի արևմտյան և արևելյան հատվածներում։ 19-րդ դարի կեսին ավետարանական համայնքներ կային Վաղարշապատում, Ալեքսանդրապոլում, Կարսում, Շուշիում, իսկ 1846թ. հուլիսի 1-ին Կ.Պոլսում կազմավորվում է Հայ Ավետարանական Եկեղեցին:

Թեև աշխարհասփյուռ հայության մեջ ավետարանական հայերի որոշակի թիվ չի հիշատակվում, սակայն կարող ենք ասել, որ 1915թ. Հայոց Ցեղասպանությունից հետո առավել հոծ համայնքներ են ձևավորվել, նախ և առաջ՝ Մերձավոր Արևելքի երկրներում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլ եվրոպական պետություններում:

Հայ մկրտականների պատմությունը սերտորեն առնչվում է հայ ավետարանական շարժման հետ։ Հայության շրջանում մկրտական համայնքերի ձևավորումը տեղի է ունենում 19-րդ դարի վերջին քառորդում։ Հայտնի է, որ 1880-ական թթ.-ին Թիֆլիսում գործել է հայախոս մկրտական համայնք։ Մկրտական ուսմունքը տարածվելով հասնում է նաև Ալեքսանդրապոլ (Գյումրի) և Երևան, ընդ որում Երևանի համայնքը 1944-1990 թթ.-ին հանդիսացել է մայր եկեղեցի ոչ միայն հայ մկրտականների, այլ նաև ավետարանականների համար։

Հայաստանի բողոքական քրիստոնեության մյուս խոշոր ավանդական ուղղությունը, որը հետևորդների թվով մի քանի անգամ գերազանցում է մյուս բոլոր հարանվանություններին, ավետարանական հավատքի քրիստոնյաների (ամբողջաավետարանական կամ հոգեգալստական) շարժումն է։ Այս շարժման առաջին դրսևորումները հայ բնակչության շրջանում արձանագրվել են 1891 թ.-ին, Կարսին հարող Ղարա-Ղալա գյուղում՝ Ամբողջաավետարանական գործարար մարդկանց միջազգային ընկերակցության հիմնադիր Դեմոս Շաքարյանի հայրենի բնակավայրում։

Ամբողջաավետարանական շարժման վերածնունդը Խորհրդային Հայաստանում տեղի է ունենում 1960 թ.-ին, երբ Սուրբ Հոգու մկրտության փորձառությունը վերապրած մի խումբ հավատացյալների մասնակցությամբ հիմնադրվում է Ավետարանի հավատքի քրիստոնյաների եկեղեցին։

Ներկայումս Ամբողջաավետարանական շարժումն ամենաակտիվ և դինամիկ զարգացող բողոքական ուղղությունն է Հայաստանում։ Այն ներկայացված է երկու հիմնական հոսանքներով՝ պահպանողական հոգեգալստականներ և ամբողջաավետարանական համայնքներ, որոնցից առավել խոշորներն են Ավետարանի հավատքի քրիստոնյաների «Միաբանություն» եկեղեցին, Ավետարանական հավատքի քրիստոնյաների «Կյանքի Խոսք» եկեղեցին, Հայաստանի ավետարանական հավատքի եկեղեցիների միությունը և այլն։

Այսպիսով՝ գրանցված բողոքական հարանվանություններն են.

ա) Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցի (2),
բ) Երևանի Ավետարանական եկեղեցի (1)
գ) Ավետարանական-մկրտական եկեղեցիներ (10)
դ) Ավետարանական հավատքի քրիստոնյաների (ամբողջաավետարանական կամ հոգեգալստական) եկեղեցիներ (25)
ե) Շաբաթապահ-գալստական (ադվենտիստական) եկեղեցի (1)
զ) Հայ եղբայրության եկեղեցի (1):

4. Քրիստոնեության և այլ հոսանքներ ՝
ա) Նորառաքելոց եկեղեցու Հայաստանի համայնք (1)
բ) Վոչման Նիի տեղական եկեղեցի (1)։
Ինչ վերաբերում է Հայաստանում գրանցված նոր կրոնական շարժումներին, ապա դրանք 5-ն են՝
ա) «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպություն
բ) «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի» կրոնական համայնք (մորմոններ)
գ) Բահայիների համայնք
դ) «Արորդիների ուխտ» կրոնական համայնք (նեոհեթանոսներ)
ե) «Տիեզերական առաքելություն» հոգևոր միություն։