Մեկնողական ժանրը. Ալեքսանդրյան և Անտիոքյան դպրոցներ

  • 18/09/2015
  • Մարիամ Ամիրյան

  • Աստվածաբան

Մեկնության ժանրը մի ընդարձակ և ծավալուն դրսևորում է, որը նախևառաջ ստեղծվել է Աստվածաշունչը մեկնելու, պարզաբանելու և ավելի հասկանալի դարձնելու նպատակով: Այս ժանրը առաջացել է հրեական, մասամբ նաև Անտիկ փիլիսոփայության և հելլենիստական ավանդույթների ուսումնասիրությամբ և կիրառությամբ:

Սուրբ Գրքում բազում են ծիսական, կենցաղային դրվագներ, նշաններ, տեսիլքներ, տերմիններ և այլն, որոնք կարիքն ունեն պարզաբանելու և մեկնելու, և մեկնողական ժանրը առաջնահերթ նպաստեց դրան: Նախնական իմաստով մեկնությունը հենց նշանակում էր մեկնվող նյութի կամ մտքի ուղիղ և ծածուկ իմաստի բացահայտում:

Իհարկե մեկնությունները շատ կարևոր նշանակություն ունեին և անհրաժեշտ էին տվյալ ժամանակաշրջանի համար, սակայն ոչ բոլորին էր տրված դրանք կատարելու շնորհն ու իրավունքը, քանզի այդ կատարողը պիտի լիներ իմաստուն, շնորհալի մեկը: Այդ անձինք մեկնիչ – վարդապետներն էին:

Մեկնության ժանրը ժամանակի ընթացքում ավելի զարգացավ և հետագայում մեկնություններն իրենք դարձան բացատրության նյութ` հիմք դնելով մեկնությունների մեկնությանը:

Քրիստոնեական մեկնաբանությունը անցել է պատմական զարգացման երեք հիմնական շրջան` վաղ միջնադարյան (Հայրաբանական` I – V դդ.), միջնադարյան (VI – XV դդ.) և նոր ժամանակներ (XVI – XX դդ.):
Ինչպես արդեն վերը նշվեց, մեկնություններում կիրառվել են հրեական ավանդության տարրեր. հատկապես արմատական խնդիրներում: Հետագայում աստիճանաբար ընդլայնվել է և իր մեջ ներառել նաև անտիկ աշխարհի և համաշխարհային կրոնագիտական նվաճումներ, դիցաբանական պատկերացումներ և ավելի հարստացել: Ի՞նչ ենք հասկանում հրեական կամ անտիկ ավանդույթի ընկալում և կիրառում ասելով: Խոսքը վերաբերում է մեկնություններում օգտագործվող այդ ավանդույթներին բնորոշ սկզբունքներին, մեթոդներին, ոճային առանձնահատկություններին, որոնք ժամանակի ընթացքում մշակվել են և ուրույնացվել:

Նախնական մեկնությունները կատարվել են բանավոր, քարոզների տեսքով` ժողովարաններում, եկեղեցիներում: Այս իրողությունը նկատելի է Ավետարանում: Պողոս Առաքյալը, իր թղթերում ժողովրդի հետ խոսելիս, մեջբերում է հինկտակարանյան բազմաթիվ հատվածներ և բացատրում դրանք, այսինքն կատարում է մեկնություններ (Ա Կորնթ. Թ; 8 – 10, Հռոմ. Ա; 1 – 4 և այլն): Ուստի հարկ է ընդգծել այն միտքը, որ առաջին մեկնիչները հենց առաքյալներն են:

Անշուշտ, մեկնությունները լինելով լայն և ծավալուն բնույթի աշխատանքներ, չէին կարող մնալ նախնական` բանավոր, զուտ քարոզչական աստիճանի վրա, հետզհետե ընդգրկում էին եկեղեցական, կրթական, մատենագիտական և մշակութային բոլոր ոլորտները: Առաջին հայացքից թվում է, թե մեկնությունները պարզապես պիտի իրենցից նյութի  լոկ բացատրությունը ներկայացնեին (իհարկե պարզաբանբելը մեկնության բուն նպատակն էր), սակայն պետք էր հասկանալ մեկնվող նյութի ողջ բնույթը, ճիշտ կողմնորոշվել նյութի իմաստի մեկնաբանության ժամանակ, կողմնորոշվել եղանակային ընտրության հարցում: Պետք էր հասկանալ, թե մեկնաբանական որ եղանակն է անհրաժեշտ` տառացի, թե այլաբանական, պետք է գտնել ամենաէականը, և որ ամենակարևորն է, այն պիտի լիներ Աստվածահաճո:

Բնական է, որ մեկնողական ժանրի ձևավորման ընթացքում պետք է առաջանային վերը նշված եղանակներից բխող բաժանումներ: Խնդո առարկա այս երկուեղանակները մշտապես եղել են քրիստոնեական մատենագրության ուշադրության կենտրոնում, քանզի դրանք իրենցից ներկայացնում էին կարևոր և նշանակալից երևույթներ. շատ հաճախ դրանցով է պայմանավորված եղել քրիստոնեական մտավորական շրջանակների բաժանումը հասարակական – քաղաքական կողմնորոշումը, մինչ եկեղեցական հարաբերությունները: Այսպիսով այն ձեռք է բերում շատ կայուն և ծանրակշիռ նշանակություն վարդապետական, դավանանքային, երբեմն նաև ծիսական հարցերի վերաբերյալ հմտություն ձեռք բերելու և դրանց շուրջ կողմնորոշվելու հարցերում:

Նախնական շրջանում դեռևս քրիստոնեական աշխարհայացքը զուգակցվում էր փիլիսոփայության, հատկապես նորպլատոնականության հետ, և ինչպես աշխարհն էր բաժանվում նյութական և ոչ նյութական մասերի, այնպես էլ մեկնողական ժանրի եղանակներն էին բաժանվում` տառացի և այլաբանական: Այս ժամանակաշրջանում տարածված էր ամեն ինչ սիմվոլիզացման միջոցով բացատրելու միտումը և այս իրողությունը թափանցել էր նաև քրիստոնեական մտածողության մեջ: Եվ միջնադարը, որ բացահայտ հակում է ցուցաբերել ամեն երևույթ պատկերավոր ընկալելու հանդեպ, պարարտ հող հանդիսացավ քրիստոնեական սիմվոլիզմի` լայն և ծավալուն կիրառություն ձեռք բերելու համար:

Սրա արդյունքում առաջ է գալիս այն իրողությունը, որ իմացականը դառնում է առաջնային, որը սերտ առնչություն ուներ փիլիսոփայական տարբեր ուղղությունների հետ (պյութագորականներ, նորպլատոնականներ, ստոիկներ և այլն): Աշխարհը ճանաչելու պատկերացումն այլ էր կրոնական շրջանակներում: Այստեղ գիտելիքը համարում էին աշխարհի և մարդու ոչ թե գիտության վրա հենված ճանաչումը, այլ կրոնական, անտիկ փիլիսոփայական բազմաթիվ դրույթների իմաստավորումը:

Արդեն նշվեց, որ մեկնաբանական այս կամ այն եղանակի ընտրությամբ պայմանավորված էր կողմնորոշման խնդիրը, այս կամ այն եկեղեցական աթոռի, դպրոցի ընտրությունը, որով պայմանավորվում էր դրանց վարկն ու հեղինակությունը:
Իհարկե այս բաժանումը մեծ էր ու խորը, և ինչպես նշում է Երվանդ Տեր – Մինասեանը. «Մինչ քրիստոնեութիւն տարածւում էր ամեն կողմ, քրիստոնեայ եկեղեցին զբաղուած էր մի շարք վեճերով, որոնց մի մասը առաջ էր գալիս երկու մեծ դպոցների դաւանական հայացքների տարբերությունից»: Այդ երկու մեծ դպրոցներն էին Ալեքսանդրյան և Անտիոքյան դպրոցները, որոնք աչքի էին ընկնում դավանաբանական, մեկնողական և գաղափարական տարբերություններով:

Եթե փիլիսոփայական տեսանկյունից գնահատենք Ալեքսանդրյան հայրերի տեսակետները, ապա պետք է նրանց անվանել դուալիստներ, քանի որ նրանք աշխարհը տեսնում էին առանձին` հոգևոր և նյութական մասերով: Ի դեպ նրանք հոգևոր աշխարհը չէին ընկալում այնպես, ինչպես մենք այսօր, ինչպես աշխարհ, որ ստեղծվում է մարդկային մտքում: Նրանց համար հոգևոր աշխարհը գերբնական աշխարհր էր` Աստծո և հրեշտակների, որոնք հանդիսանում են ճշմարիտ գոյություն և կատարելություն: Նյութը նրանց համար հանդիսանում էր լիարժեք հակադրություն հոգուն և հոգևոր աշխարհին: Այն կատարյալ չէ և ժամանակավոր բնույթ է կրում:
Ելնելով նորպլատոնական մտքից` Ալեքսանդրյան հայրերը հաստատում էին, որ նյութը իրենից «անգոյություն» է ներկայացնում (μη ον,mi on), այս սկզբունքով չունի անկախ իմաստ և իր սեփական էությունը:

Ալեքսանդրյան դպրոցի ներկայացուցիչները, պատճառաբանելով, թե մեկնվող բնագրերն ունեն իմաստային դրսևորման երկու ձև` պարզ, ուղիղ, տառացի, մյուսը` ծածուկ, փոխաբերական, այլաբանական (եբրայերեն` ռեշատ), ընտրել էին մեկնողական այլաբանական եղանակը: Նրանց համար առավել կարևոր է ընդգծել նյութի ծածուկ խորհրդավոր ինաստը, և ըստ նրանց միայն այդ կերպ կարելի էր երևան հանել իրականը, էականը: Սուրբ Գիրքը իրենից չի ներկայացնում պարզ գրքերի մի հավաքածու, այլ պարունակում է խորին խորհուրդներ, որոնք հարկ է բացատրել: Այն ինչ կա և երևում է արդեն իսկ հեշտությամբ բացատրելի է և միայն արտաքին շղարշ է, որ թաքցնում է բուն իմաստը, սրբազան միտքը: Եվ հենց այստեղ է առաջանում այն հարցի կարևորությունը, որ մեկնիչը պետք է լինի շնորհալի մեկը, ով կկարողանա տեսնել այդ ծածուկ, սքողված խորհուրդները:

Այլաբանական եղանակը, որն ընտրել էին Ալեքսանդրյան դպրոցի ներկայացուցիչները, ուներ աշխատանքային նուրբ բնույթ, քանզի այդ ծածուկ խորհուրդները բացահայտելու և գտնելու ճանապարհին նրանք կարող էին տարվել ստեղծագործական երևակայությամբ և շեղումների ու սխալների դուռ բանալ: Սակայն այս եղանակն ունի նաև մեկ այլ կողմ: Սրա միջոցով հնարավոր  է լինում անճշտելի հասկացությունները և եզրերը բերել ցանկալի և երբեմն նույնիսկ պահանջվող եզրակացության: Անշուշտ սա այլաբանական եղանակի էական կողմերից մեկն է, որի միջոցով հնարավոր էր եկեղեցու հակառակորդներին հստակ պատասխաններ տալ: Եվ մեկնությունները հիմնականում օգտագործվում էին այդ նպատակով:
Այլաբանական եղանակն այնքան հին է, որքան ինքը` մեկնությունը, ավելի հին, քան գրավոր որևէ մշակույթ:

Ալեքսանդրյան դպրոցն իր ուրույն և կայուն տեղն է գրավել քրիստոնեական պատմության մեջ: Այս դպրոցի վառ ներկայացուցիչներից են Փիլոն Ալեքսանդրացին, Կղեմես Ալեքսանդրացին, Որոգինեսը և այլք: Վերջինս համարվում է այդ դպրոցի պաշտոնական հանգանակի կազմողը: Նա ստեղծել է տեսական և մեկնողական մի ընդհանուր համակարգ, որը կայուն հիմք հանդիսացավ այս դպրոցի հետագա զարգացման համար: Մեկնություն կատարելիս նա առանձնացնում էր երեք հիմնական սկզբունք` մարմնական, մտավոր և հոգևոր: Սրանք են այն էական տարրերը, որոնցից բաղակացած է սուրբգրային ամեն մի բնագրի ու բնաբանի իմաստը:

«Մարմինը» կամ «մարմնականը», ըստ Որոգինեսի, մեկնաբանվող բնագրի նյութական, ակնհայտ, պատմական – քերականական մասն է: Այն համեմատաբար նվազ կարևորություն ունի. պարզապես, արտաքին կեղև է ու միջոց, որով պահպանվում և հայտնվում է բուն իմաստը: «Միտքը» կամ «մտավորը» այդ բնագրերից հանված խրատական, բարոյական, ուսուցողական – դաստիարակչական իմաստի ածանցումն է: Այն, անշուշտ, շատ ավելի կարևոր է, քան մարմնականը, քանի որ վերաբերում է մարդու բարոյական աշխարհի բյուրեղացմանը: Թեկուզ այս երկուսի հետ էլ օրգանական կապի մեջ է, բայց երկուսից էլ առավել կարևորություն ու նշանակություն ունի «հոգին» կամ «հոգևորը», որ հիշյալ բնագրի բուն խորհուրդն է, ձգտումն ու վերջնական նպատակը: Դրա շնորհիվ է, որ մարդը հաղորդակցվում է աստվածային շնորհների հետ: «Հոգևորը» հենց լիովին այլաբանական կատեգորիա է:

Խոսելով աստվածաբանական մյուս նշանավոր` Անտիոքյան դպրոցի մասին, նախ և առաջ պետք է նշել, որ իրենց փիլիսոփայական հայացքները Անտիոքյան դպրոցի ներկայացուցիչները որդեգրել էին արիստոտելականությունից:
Անտիոքյան դպրոցի փիլիսոփայական և աստվածաբանական առանձնահատկությունը նրանում էր, որ նրանց գաղափարների հիմքում ընկած էին ռեալիզմը և ռացիոնալիզմը: Նշելով փիլիսոփայական մտքի զարգացումը այս դպրոցում` չպետք է մոռանալ նրա աստվածաբանական գաղափարներն ու աստվածաբանության զարգացումը: Սակայն հստակորեն կարող ենք նշել, որ աստվածաբանական այդ գաղափարները անմիջականորեն ազդված արիստոտելականությունից:
Անտիոքյան դպրոցի ներկայացուցիչները խորապես ուսումնասիրում էին Արիստոտելի գաղափարները և աչքի էին ընկնում իրենց դիալեկտիկական արվեստով: Ուսումնասիրողները նշում են, որ նրանք սիրում էին վիճաբանել, և որ իրենց ուսմունքը բացահայտում էին արիստոտելականության և սիլոգիզմի ¥հետևաբանություն¤ շնորհիվ:

Անտիոքցիների` տառացի եղանակի ընտրությունը բխում է այն պատճառաբանությունից, թե մեկնաբանվող նյութը իր ուղղակի, անմիջական իմաստով պետք է մեկնաբանվի, որովհետև Հին և Նոր Կտակարանի գրքերը  գրված են Աստծո շնչով և Նրա խոսքերն են, իսկ Տերը կարիք չուներ իր խոսքերը ծածուկ հայտնելու: Նա, ընդհակառակը, հայտնում էր պարզ ու իմանալի, քանզի մարդու հետ գաղտնախոհելու կարիք չուներ: Յուրաքանչյուր մեկնվող նյութ, բառ, պարբերություն պետք է ընկալվի և ներկայացվի առանց կողմնակի վերապահումների և արտահայտությունների, այլապես սխալների պատճառ կհանդիսանա: Ուստի պետք չէ տարվել այլաբանական մտքերով և ամեն հարցին նայել և լուծում տալ այս եղանակով:

Անտիոքյան դպրոցի ներկայացուցիչները մանրակրկիտ քննարկում էին բնագրերի բնագիտական չափանիշները, ճշտում իմաստային նրբությունները կատարում էին լեզվաքննական վերլուծություն և ստուգաբանություն` ջանալով ըմբռնել նյութի անմիջական իմաստը: Այս դպրոցի ներկայացուցիչների համար կարևոր տեղ էին զբաղեցնում նաև պատմական փաստերը, նյութի պատմականությունը, քանզի նրարց համար այդ բնագրերը ներկայացնում էին հրեա ժողովրդի պատմությունը, կենցաղը, ավանդույթները, փիլիսոփայական, իրավագիտական ժառանգությունը: Եվ բնականաբար, ժամանակի ընթացքում դրանք փոխանցվել և շարունակում էին փոխանցվել քրիստոնեությանը, ուստի շատ էական էր դրանց ճիշտ ընկալումն ու ուսումնասիրությունը:
Անտիոքյան դպրոցի ներկայացուցիչների համար մեկնվող նյութը (այս դեպքում խոսքը Սուրբ Գրքի տեքստին է վերաբերում) պարզապես գրվածքներ չէին, այլ ըստ նրանց դրանք պարունակում էին զգացմունքներ, տրամադրություն, հոգեբանական տարրեր, մարդկային ապրումներ, և նրանք հետամուտ էին պարզելու հենզ դրանք: Նրանք այս միջոցով կատարում էին նաև գրականագիտական որոշակի դիտարկումներ: Այս առումով ընդգծելի է այն փաստը, որ նրանք կատարում էին թարգմանական բնույթի քննություններ, համեմատություններ էին անում Աստվածաշնչի տարրալեզու բնագրերի, բառակապակցությունների, բառերի միջև և կարևոր ճշտումներ կատարում: Նրանց համար շատ կարևոր էր թարգմանական ճշգրիտ եղանակը:

Նրարք չեն խուսափել ցույց տալ սուրբգրային տարբերությունները, ավելի զուսպ են եղել Հին կտակարանի մեջ տեսնելու Նոր Կտակարանի նախադրյալներ: Սակայն ամբողջովին դրանից զերտ չեն մնացել, քանզի, ուսումնասիրելով այս դպրոցի մի քանի հեղինակների գործերը (Քիրստոսի մադեղության վերաբերյալ հարցերը ուսումնասիրելու նպատակով), հստակ կարող ենք ասել, որ նրանք կիրառել են այս համեմատական մեթոդը և Հին Կտակարանի տարբեր անձանց համեմատել են Հիսուս Քրիստոսի հետ: Սակայն նրանք քիչ թե շատ լիբերալ վերաբերմունք են ցուցաբերել Սուրբ Գրքի պատումների և ասույթների նկատմամբ, և թերևս այս է պատճառը, որ այս դպրոցից շատ են եղել այն մարդիկ, որոնք քիրստոնեական աշխարհի և եկեղեցու կողմից որակվել են իբրև այլախոհներ և նույնիսկ հերձվածողներ:

Իհարկե անհերքելի է այն փաստը, որ տառացի մեկնության հակառակ եղանակի` այլաբանականի միջոցով էլ հնարավոր էր հասնել շեղվածությունների և հերձվածների: Անտիոքյան դպրոցի ներկայացուցիչները մեծ զգուշավորություն էին ցուցաբրում Ալեքսանդրյան այլաբանության նկատմամբ: Նրանք քաջ գիտակցում էին, որ այլաբանությունը անտիկ հեթանոսական աշխարհում կիրառվել է բացատրելու և արդարացնելու համար դիցաբանական որոշակի իրողություններ: Եվ պնդում էին, որ այս ձևի կիրառությունը Ալեքսանդրացիների կողմից հետապնդում էր հենց այս նպատակը, և այստեղ իշխում էին հելլենական տարրերը: Նրանք զգուշանում էին նաև գնոստիկյան ուղղակի ազդեցությունից:

Գնոստիկները Սուրբ Գրքի մեջ ներկայացվող իրողությունները, որոնք հարկ էր հասկանալ տառացիորեն, վերածեցին այլաբանության սիմվոլի, դրանով էլ ուղի հարթեցին զանազան հերետիկոսությունների համար: Այս ևս հեռու էր պահում նրանց այլաբանությունից:
Ինչպես քանիցս նշվեց, մեկնաբանական ժանրում կիրառելի էին հրեական մեկնաբանական տարբեր տարրեր, ոճային առանձնահատկություններ: Այդ եղանակներից Անտիոքյան դպրոցի ներկայացուցիչների համար օրինակ է հանդիսացել «պեշատը», որը զարգացման բավականին երկար ճանապարհ էր անցել:

Քրիստոնեական պատմության մեջ Անտիոքյան դպրոցը իրի ազդեցիկ տեղն է զբաղեցնում: Այս դպրոցի ներկայացուցիչները, ինչպիսիք են` Հովհան Ոսկեբերանը, Եվսեբիոս Կեսարացին, Եվսեբիոս Եմեսացին, Կյուրեղ Երուսաղեմացին և այլք, իրենց աշխատանքներով և մեկնողական գրականությամբ հարուստ ժառանգություն են թողել և մեծ ներդրում կատարել ընդհանուր քրիստոնեական մեկնաբանական գրականության մեջ:

Եթե փորձենք ամփոփել հիշյալ զույգ եղանակները, հիմք ունենալով այս դպրոցների ներկայացուցիչների աշխատանքները, ապա նրանց մեջ անհաշտ հակասություններ չենք տեսնի: Սուրբ Գրքի մեկնության համար միայն այս կամ այն եղանակի կիրառությունը բավարար չէ, և մեկնությունները հնարավոր չէ կատարել միայն մեկ եղանակ ընտրելով: Հենց մեկնաբանվող նյութն էլ, վերջիվերջո, պարունակում է այդ երկու եղանակները: Ուստի միանշանակ ասել, թե այս դպրոցի ներկայացուցիչները իրենց մեկնություններում կիրառել են միայն մեկ` իրենց ընտրած եղանակը` տառացի կամ այլաբանական, սխալ է:

 

Օգտագործված գրականության

1. Աստուածաշունչ մատեան, Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւն, 1997:
2. Անթափյան Փ., Հայ մեկնաբանական գրականության տեսական նախահիմքերի շուրջ, Բանբեր մատենադարանի, N 15, Երևան 1986:
3. Անանեան Պ., Դաւիթ Անյաղթի անտիպ մեկ ճառը, Բազմավէպ, N 4-5, ապրիլ-մայիս,  Վենետիկ, Ս. Ղազար, 1956:
4. Անասյան Հ., Մատենագիտություն, հ. Ա, Երևան, 1959:
5. Արևշատյան Ս., Դավիթ Անհաղթի ժառանգությունը նոր
լուսաբանությամբ, Բանբեր մատենադարանի, N9, Երևան, 1969:
6. Դավիթ Անհաղթ, Մատենագիտութիւնք եւ թուղթ Գիւտա Կաթողիկոսի առ Դավիթ, Վենետիկ, 1932:
7. Դավիթ Անհաղթ, Երկեր, Երևան, 1980:
8. Եղիշե Վարդապետ, Աստվածաբնական երկեր, Ս. Էջմիածին, 2007:
9. Ընտրանի հայ եկեղեցական մատենագրության, Էջմիածին, 2003:
10. Խաչիկյան Լ., Եղիշեի «Արարծոց մեկնութիւն», Երևան 1992:
11. Կիւրեղ Ալեքսանդրացի, Գիրք պարապմանց, Կոստանդնուպօլիս, 1717:
12. Կյուրեղ Երուսաղեմացի, Կոչումն ընծայության, Ս. Էջմիածին, 2007:
13. Հովհան Ոսկեբերան Ճառք, նշխարք ի մեկնութեանց Սուրբ Գրոց, Ս.     Էջմիածին, 2008:
14. Հովհան Ոսկեբերան, Ճառերի ընտրանի, Ս. Էջմիածին, 2007:
15. Շիրինյան Մ. Է., Քրիստոնեական վարդապետության անտիկ և հելլենական տարրերը, Երևան, 2005:
16. Չամչյան Մ., Մեկնություն Սաղմոսաց, Վենետիկ 1823:
17. Պետրոսյան Ե., Հայրաբանություն, Ս. Էջմիածին, 1996:
18. Տեր – Մինասեան Ե., Ընդհանուր եկեղեցական պատմութիւն, Ս. Էջմիածին, 1908:
19. Քյոսեյան Հ., Եկեղեցու հայրեր, վարդապետներ (IV – VIII դդ.), Երևան, 2007:
20. Քյոսեյան Հ., Անանիա վարդապետի հայոց բան հակաճառութեան ընդդէմ երկբնակաց, զոր գրեաց հրամանաւ տեառն Պետրոսի հայոց վերադիտողի, Գանձասար, հ. Ա, Բ, Երևան, 1992:
21. Ефрем Сирин, Творения, т1,2, Барнаул, 2005.
22. Соколов В.В, Средневековая философия, Москва, 1979.
23. Спасский А., История догматических движений в эпоху Вселенских соборов. Том 1, Сергиев Посад, 1914.
24. Ориген, О началах, Самара, 1993.