Մովսես Խորենացին քաղկեդոնական էր (Պատասխան Ե. S.-Մինասյանին)

  • 05/03/2016
  • Ս.Մալխասյան

  • Ակադեմիկոս

Իմ վերջին երկու աշխատությունների մեջ («Խորենացու առեղծվածի շուրջը» և «Մովսես Խորենացու Հայոց Պատմության» աշխարհաար թարգմանությունը), որոնք լույս տեսան 1940 թվին, ես արծարծեցի այս միտքը, թե hինգերորդ դարի երկրորդ կեսում կային հայ քաղկեդոնականներ, թե Մովսես Խորենացին ես քաղկեդոնական էր և այս պատճառով, ի միջի այլոց, նա ենթարկվեց հալածանքների տգետ, ասորամիտ հայ եկեղեցականների կողմից:

Այս իմ տեսության՝ դեմ, որ նոր հորիզններ էր րաց անում հինգերորդ դարի երկրորդ կեսում՝ հայ մտավորական շարժումը, իդեական հոսանքները, մատենագրությունն ու եկեղեցական պատմությունն ուսումնասիրելու համար, հանդես եկավ Ե. Տ.–Մինասյանը ՍՍՌՄ Գիտությունների Ակադեմիայի Հայկական ֆիլիալի 1943 թ. N2 Տեղեկագրում մի ընդարձակ hոդվածով, որ կրում է վերնագիր «Մ. Խորենացու քաղկեդոնական լինելու առասպելը»։

Հոդվածը ոչ անաչառ քննություն է իմ տեսությունների, ոչ ուսումնասիրություն իմ հարուցած հարցի, այլ ծայրե ծայր բանակռիվ, որի մեջ հոդվածագիրը ճգնում է, ինչ գնով էլ լինի, հերքելու իմ բոլոր ասածները։ Ես մի անգամ էլ կարդացի իմ գրածները վերոհիշյալ երկու գրքերում,  ինքս ինձ ստուգելու համար, և դարձյալ մնացի իմ նախկին հայացքների մեջ: Տ.-Մինասյանի հարյուրավոր հերքումները մազաչափ անգամ չխախտեցին, չոչնչացրին իմ փաստերն ու խորհրդածությունները, այլ, ընդհակաոակն, ավելի զորացրին:

Ինչումն է այս զարմանալի երևույթի գաղտնիքը, ինչի՛ց  է, որ երկու, ըստ երևույթին աոողջ դատողության տեր մարդիկ, այսքան տրամագծորեն հակառակ՝ իրար ոչնչացնող հայացքներ ունին մի կոնկրետ հարցի վերաբերմամբ: Գաղտնիքը սրանումն է, որ ես, չնախապաշարված մտքով, օբեկտիվորեն քննել եմ հարցը մատենագրական և հասարակական տեաակետներից, իսկ S.-Մինասյանն այդ հարցը քննել է կրոնական-դավարանական տեսակետից: Խորենացուն քաղկեդոնական հայտարարելով՝ ես նրան, Տ.-Մինասյանի հասկացողությամբ, հռչակել եմ իբրև հերձվածող Հայ եկեղեցու դեմ, հայ եկեղեցուն թշնամի, Հայ եկեղեցուց օտարացած. «քաղկեդոնական» բառով, որ մեր մեջ վաղուց անարգական, գրեթե հայոյական  նշանակություն է ստացել՝ ես կնքել եմ խնկելի Խորենացու ճակատը, որին հայ եկեղեցին իր տոնելի սրբերի կարգն է դասել:

Դարձյալ՝ երբ ես կարծիք եմ հայտնել, թե  հինգերորդ դարի երկրորդ կեսում կային հայ քաղկեդոնականներ Բյուզանդիոնում ուսում առած և հայրենիք վերադարձած հայերի մեջ՝ սրանով ես կործանել եմ այն ամրոցը, որի մեջ դարերից ի վեր ապաստանել էր հայ նեղմիտ հոգևորականությունը, որ ոչնչացնելով գրված բոլոր քաղկեդոնիկ գրականությունը, երևակայելով թե հայ քաղկեդոնականության բոլոր հետքերը ոչնչացրել է՝ միամիտ սրտով պարծա՚նքով հավատացնում էր հայ ժողովրդին ու բոլոր աշխարհին, թե քաղկեդոնականությունը մուտք չէ գործած Հայաստան։ Այս միտքը իբրև դավանաբանական դոգմա արծարծվում էր դպրոցներում ու կրոնական գրքերում։ Մաղաքիա Օրմանյանը, հմուտ աստվածարան և երբեմն ճեմարանի ուսուցիչ, իր «Ազգապատում»-ի մեջ գրում է. «Մտածելու իսկ չէր, որ կամենային քաղկեդոնական խնդիրներով զբաղվել, բայց եթե զբաղվեին ալ հակաքաղկեդոնիկ որոշուներ պիտի տեսնեին քրիստոնյա եկեղեցիներու կողմե» ( էջ 495):

«Քաղկեդոնական խնդիրր մինչև Բաբգեն կաթողիկոսի ժամանակ հայոց համար գոյություն չուներ»(էջ 505)։ Նույն միտքը ավելի բացորոշկերպով կրկնում է իր հոդվածում  Տ.-Մինասյանը. «Հայաստանում hինգերորդ դարու երկրորդ կեսին չկար քաղկեդոնական հոսանք, որ Մ. Խորենացին էլ նրա պարգլուխը լիներ» (էջ 72)։

Ուրեմն՝ Հայաստանում մինչև VI դարի սկզբները քաղկեդոնական հարցը գոյություն չէ ունեցել: V դարի երկրորդ կեսում Հայաստանում չեն եղել քաղկեդոնական հայեր_ ահա դավանանքի կերպարանք ստացած մի համոզմունք, որով նախապաշարված էին մեր հոգեվորականները և պարծենում էին, որ միայն հայոց եկեղեցին անարատ և սուրբ է մնացել քաղկեդոնական մոլորությունից և հանկարծ ես համարձակվում եմ այս դավանանքը տապալել։

Եվ Տ.-Մինասյանը Հանդես է եկել պաշտպանելու այդ հին դավանանքը, կռվելու իմ հայացքի՝ իմ բերած փաստերի դեմ։ Բայց իմ արծարծած հայացքը Հայ քաղկեդոնականների գոյության մասին Հայաստանում V դարի երկրորդ կեսում՝ ոչ միայն չի ոչնչանա, չի թաղվի, այլ, հուսով եմ, այսուհետև ելակետ կդաոնա նորանոր հետազոտությունների՝ այդ ժամանակվա Հայոց մտավոր ու մատենագրական վիճակը լայնորեն դնելու և ուսումնասիրելու համար։

Խորենացու քաղկեդոնական լինելու կամ չլինելու հարցր իմ աչքում բոլորովին ազատ է կրոնական-դավանաբանական որակումից. լիներ նա քաղկեդոնական կամ հակաքաղկեդոնական դրանով բնավ չէր փոխվի վերաբերմունքը դեպի մեր անզուգական, բազմերախտ հեղինակը։  Ընդհակառակը, նրա քաղկեդոնական լինելը ավելի կրարձրացներ իմ աչքում նրա արժանավորությունը՝ իբրև խոր համոզմունքի տեր մարտնչողի, որ իր քաղկեդոնական համոզմունքի պատճառով հանձն է առել աղքատություն և զանազան տեսակ հալածանքներ։ Նրա քաղկեդոնականությունը ես համարել եմ նախ՝ իբրև բնական հետևանք նրա հունասիրության և երկրորդ՝ իբրև ցանկություն համախոհ լինելու Քաղկեդոնի տիեզերական ժողովին, չհերձվածելու նրա դեմ։

Նույնիսկ նեղ կրոնական-կանոնական տեսակետից նայելով՝ Խորենացին քաղկեդոնական լինելով անգամ չէր դառնա հերձվածող հայոց եկեղեցու դեմ, քանի որ նրա ապրած ժամանակ Հայոց եկեղեցին ոչ մի բանով չէր արտահայտվել Քաղկեդոնի բանաձևի դեմ, ուրեմն այդ ժամանակ ամեն մի հայ կարող էր քաղկեդոնի բանաձևն ընդունել կամ ոչ, մնալով անդամ հայոց եկեղեցու։

Գալով Տ.-Մինասյանի այն պնդմանը, թե V դարի երկրորդ կեսում քաղկեդոնական հայեր չկային Հայաստանում՝ պետք է նկատեմ, որ նա մի անկարելի բան է ասում, նա ուզում է, որ մենp հրաշքների հավատանք, կուրորեն ընդունենք այն անհիմն հակապատմական դավանանքը, որ միջնադարում ստեղծել են մեր մոլեռանդ հակաքաղկեդոնական հոգևորականները։ Բայց անվախ ու զննող միտքը, որ չնախապաշարված աչքերով դիտում ու քննում է պատմական անցյալը, կշռադատում է իրողությունները՝ չի կարող հավատ ընծայել այդպիսի հավաստիացումներին։ Եվ արդարև, ինչու չպետք է Հայաստանում լինեին հայ քաղկեդոնականներ V դարի երկրորդ կեսում: Անկանխակալ մտքով անաչառապես քննենք այն ժամա՚հակվա հանգամանքները։

Նախ՝ անուրանալի փաստ է որ Հայոց եկեղեցին պաշտոնապես, եկեղեցական ժողովով, ոչ մի որոշում չէ կայացրել Քաղկեղոնի բանաձևի մասին, ճիշտ այնպես, ինչպես ոչ մի որոշում չէ կայացրել նախընթաց երկու տիեզերական ժոդովերի՝ Կոստանդնոլպոլսի (381) և Եփեսոսի (431) ժողովների որոշումների մասին։ Այս երեք ժողովներում էլ հայերը չեն ունեցել ներկայացուցիչներ, սակայն առաջին երկուսի կանոններն ընդունել են լռելյայն՝ ինչպես տիեզերական ժողովսերի սահմանած կանոններ։

Ի՞նչ կարելի է սրանից եզրակացնել. այն, որ չորրորդ ժողովի, այսինքն Քաղկեդոնի սահմանած բանաձևն ևս հայերն ընդունել են լռելյայն՝ ինչպես տիեզերական ժողովի սահմանած բանաձև։ Հակառակ դեպքում հայոց հոգևորականությունը պետք է ժողով գումարած լիներ և ժողովով բացարձակ հայտարարեր, թե համաձայն չէ Քաղկեդոնի բանաձևին և մերժում է նրան:

Այսպիսի ժողով գումարելու համար ոչ ժամանակ էր պակասում և ոչ նպաստավոր պայմաններ։ Ի՞նչը կխանգարեր, օրինակ, Մելիտե կամ Մովսես ասորասեր և պարսկասեր կաթողիկոսներին (454— 461),  երբ Հայաստանն արդեն խաղաղվել էր, եկեղեցական ժողով գումարել իրենց հլու ասորասեր հայ հոգևորականներից և նզովել Քաղկեդոնի ժողովը, որով նրանք ավելի կհաճոյանա յին Պարսից արքունիքին և միևնույն ժամանակ օրինական զենք կստեղծեին քաղկեդոնականության դեմ մաքառելու Համար։

Բայց տեսնում ենք, որ Հայոց եկեղեցին, չնայելով գոյություն ունեցող նպաստավոր պայմաններին, ոչ մի ժողով չգումարեց Քաղկեդոնի դեմ. նշանակում է նա լռելյայն ընդունել էր նաև այս ժողովը, մինչև որ հակառակորդ ասորական հոսանքը, գուցե Ասորիքից եկած պրոպագանդիստների օգնությամբ, զորացավ, և սկսվեց ներքին պայքար Հայաստանում երկու հակամարտ հոսանքների միջև  հակաքաղկեդոնական ասորամիտների և քաղկեդոնական հունասերների  միջև:

Երկրորդ այս ժամանակամիջոցում հայերն անընդհատ հարաբերության մեջ էին Բյուզանդիոնի հետ. շարունակ ուսանողների խմբեր դիմում էին Բյուզանդիոն իբրև գիտության աղբյուր, սովորում էին հունաց դպրոցներում, ստանում էին բարձրագույն գիտություն և վերադառնում էին հայրենիք, որին նվիրում էին իրենց ուժերը իբրև թարգմանիչ, իբրև ուսուցիչ, իբրև հոգևոր պաշտոնյաներ։ Բացի սրանից՝ առևտրական և քաղաքական կապերով ևս կապված էին Հունաստանի հետ։ Ւսկ այն ժամանակներում  Բյուզանդիոնը, ամբողջ Հունաստանը և քրիստոնյա աշխարհը տարված էին վեճերով Քաղկեդոնի բանաձևի շուրջը: Հնարավոր բան էր, որ հայ ուսանողները, որոնք տարիներով ապրում, ուսանում էին Բյուզանդիոնում՝ անտեղյակ և անտարբեր մնային այս բուռն պայքարին։

Չէ որ այս պայքարն օրվա Հրատապ Հարցի շունչն էր, և կրոնական Հարցերը գերիշխում էին այդ ժամանակ և զբաղեցնում բոլոր մտքերը և շատ բնական, անխուսափելի էր, որ Հայ ուսանողներն ևս երիտասարդական թափով մասնակցեին այս պայքարին, հատկապես իրենց սնուցիչ բյուղանդական դպրոցների ոգով ընդդեմ արևելցիների և մասնավորապես ասորիների, այսինքն պատկանեին քաղկեդոնականների կուսակցոլթյան և իբրև քաղկեդոնականներ էլ վերադառնային Հայաստան (որտեղ քաղկեդոնականությունն արգելված չէր) և այստեղ արծարծեին իրենց յուրացրած քաղկեդոնական դավանանքը:

 

Տեղեկագիր հայկական ՍՍՌ գիտությոինների ակադեմիայի, № 3—4, 1944թ