Ռումինիայի Հայոց Թեմ՝ Անիից մինչև Սուչավա

  • 18/11/2015
  • Տեր Հեթում Քահանա Թարվերդյան

  • Ռումինիայի Հայոց Թեմի Թեմական Քարտուղար

Ռումինիայի հայ համայնքը համարվում է Եվրոպայում հնագույններից մեկը: Հայերն այս տարածքներում հաստատվել են 10-րդ դարից սկսած, դեռևս 967 թ. Մոլդովայի Չետատեա Ալբա քաղաքի մի շիրմաքարի արձանագրություն վկայում է նրանց ներկայության մասին: Գրեթե նույն շրջանում հայերի ներկայությունը արձանագրվում է նաև Տրանսիլվանիայում, ուր Հունգարիայի Գեզա դուքսի և Իշտվան թագավորի օրոք (997-1038 թթ.) նրանք ստացան արտոնություններ և ազնվականական տիտղոսներ: Հայերը ռումինական իշխանապետություններ են գաղթել Անի-Ղրիմ-Աքքերման (Չետատեա Ալբա) ճանապարհով: Նրանց հոսքն ուժեղացել է հատկապես Անիի (1236  թ.) և Կիլիկիայի Հայոց թագավորության անկումից (1375 թ.) հետո:

Հետագա դարերում նրանց թիվը համալրվել է 1453 թ. Կոնստանտնուպոլսի և 1475 թ. Ղրիմի թուրքական զավթումներից, իսկ 17-րդ դարի սկզբին Իրանի Շահ Աբասի հայերի զանգվածային տեղահանումների հետո: Շատ հայեր ռումինական տարածքներ են անցել Լեհաստանից, ուր 17-րդ դարի կեսերին նրանց նկատմամբ իրականացվում էր ստիպողական կաթոլիկացման քաղաքականություն: 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հայերի թիվը Ռումինիայում կտրուկ ավելացավ ի հետևանք Օսմանյան կայսրությունում ծայր առած հայահալած քաղաքականության, հատկապես Աբդուլ Համիդյան ջարդերի և երիտթուրքերի կողմից իրականացված լայնածավալ ցեղասպանության:

Վալախիայի մեջ հայերը հաստատվեցին քիչ ավելի ուշ` 14-րդ դարում: 1400-1435 թթ. նրանց ներկայությունը նշմարվում է Բուխարեստ, Թըրգովիշտե, Պիտեշտ, Կրայովա և Ջիուրջու քաղաքների մեջ, այնուհետև Դոբրուջայում:

Այդ շրջանում Մոլդովայում հայերի թիվն այնքան էր աճել, որ Ալեքսանդր Բարի իշխանի 1401 թ. հուլիսի 30-ի հրովարտակով նրանց համար Սուչավա մայրաքաղաքի մեջ հիմնվում է հայոց եպիսկոպոսական աթոռ` Հովհաննես եպիսկոպոսի առաջնորդությամբ: 1407 թ. հոկտեմբերի 8-ի մի այլ հրովարտակով Ալեքսանդր Բարի իշխանը կոչ է անում Լեհաստանի հայ առևտրականներին` մասնակցելու Մոլդովայի զարգացմանը, նրանց խոստանալով մաքսատուրքերից և հարկերից ազատում: Այսպիսով մոտ 4000 լեհահայեր հաստատվում են Սուչավա, Յաշ, Բոտոշան, Դորոհոյ, Վասլո, Գալաց և Հոտին քաղաքներում:

Ռումինիայում հայկական կյանքը կենտրոնացված էր Հայոց եկեղեցու շուրջ, որը նպաստում էր նրանց համախմբմանը և ինքնության պահպանմանը: Դրանցից նշանավորներից են Բոտոշանի Սուրբ Մարիամ Աստվածածինը (1350 թ.), Յաշի Սուրբ Մարիամ Աստվածածինը (1395 թ.), Սուչավայի Սուրբ Խաչ (1521 թ.) եկեղեցիները, Հաճկատար (1512 թ.) և Զամկա (1551 թ.) վանքերը:

Բուխարեստում հայերն առաջին եկեղեցին` Բըրըցիա/Եղբայրություն անունով, կառուցեցին 1581-1629 թթ., որը հավասարապես ծառայում էր ուղղափառ և կաթոլիկ հավատացեալներին: Երբ 1638 թ. այն անցավ կաթոլիկ եկեղեցու տնօրինությանը, ուղղափառ հայերը կառուցեցին մի այլ` փայտե եկեղեցի: Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց ներկա եկեղեցին կառուցվեց 1911-1915թթ. նույն տեղում, ճարտարապետ Գրիգոր Չերքեզի նախագծով: (1931թ. հուլիսի 31-ին պետությունը վերաճանաչեց Հայոց թեմը, մի քանի ամիս անց հաստատելով թեմի կանոնադրությունը, որով Հայ Առաքելական եկեղեցին գործունեություն ծավալեց Ռումինիայի ողջ տարածքով մեկ):

Ռումինիայի հայերը դեռևս 14-դ.-ում՝ հատկապես Բոտոշան քաղաքում և այլ վայրերում, կառուցել են քարաշեն եկեղեցիներ և ունեցել են իրենց հոգևոր թեմը, որը 1365թ.-ից ենթարկվել է Լվովի հայոց եպիսկոպոսությանը: Հետագայում, երբ Մոլդովայի մայրաքաղաքը տեղափոխվել է Յասսի, 1565 թ. այստեղ է հաստատվել նաև թեմի կենտրոնը: 18 դ. մինչև 20 դ. սկիզբը Մոլդովայի Հայոց Թեմի առաջնորդի պաշտոնը վարել է Կ.Պոլսի Հայոց պատրիարքությունից ուղարկված հոգևորականները: 1922 թ. Ռումինիայի հայերի թեմական պատգամավորական ժողովն ընդունել է համայնքի կանոնադրությունը և ընտրում է թեմական գործադիր մարմինը: 1921-1942 թթ. Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդն է եղել Տ. Հուսիկ արք. Զոհրապյանը: 1943-1955 թթ. Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդն էր Վազգեն եպս. Պալճյանը (Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոս): 1960-2010 թթ. Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդն է եղել Տ. Տիրայր արք. Մարտիկյանը: 2010 թ. թեմի առաջնորդն է Տ. Տաթեւ եպս. Հակոբյանը:

Հաջորդ եկեղեցին Բոտոշան քաղաքի Ս. Աստվածածին եկեղեցին է, որը կառուցվել է 1350 թ., վերանորոգվել է 1826 թ. և հետաքրքրություն է ներկայացնում ճակատամասի արձանագրությունները: Բոտոշան քաղաքի մյուս եկեղեցին Ս. Երրորդություն եկեղեցին է, որը կառուցվել է 1560 թ. կառուցված Ս. Օգսենտ եկեղեցու տեղում: Բոտոշանի հայությունը նաև մատուռ ունի հայոց գերեզմանոցում՝ Ս. Ավետում անունով, որը կառուցվել է 1884թ.:

Հայության հաջորդ հոգևոր կենտրոնը Սուչավան է: 1521 թ. այստեղ կառուցվել է Ս. Խաչ եկեղեցին, որի գերեզմանատանը պահպանվել է 1428 թ. տապանաքար, իսկ 1619 թ. կառուցվել է եկեղեցու զանգակատունը և Ս. Հովհաննես Մկրտիչ մատուռը: Սուչավայի մյուս եկեղեցին Ս. Սիմեոնն է, առավել հայտնի է կարմիր աշտարակ անունով, քանի որ աշտարակը ամբողջությամբ կարմիր գույնով էր ներկված: Կառուցվել է 1513 թ. և ընդարձակվել է 1606 թ.: Սուչավան ունի երկու վանք: Առաջինը Ս. Աստվածածին կամ Հաճկատար եկեղեցին է: Կառուցվել է 1512 թ., հայտնի է, որ եկեղեցու զանգը բերվել է Տաթևի վանքից, որի վրա փորագրված է 1244 թ.-ի արձանագրություն: Երկրորդ վանքը Զամկան է, որը նշանակում է ամրոց կամ բերդ: Քարե պարսպով շրջապատված վանքը իր մեջ պարունակում է Ս. Օգսենտ եկեղեցին, արևելյան կողմում աշտարակ զանգակատուն, որի արևելյան մուտքի կամարի վրա գրված է կառուցման թվականը՝ 1606 թ.: Վերնատան մեջ է գտնվում Ս. Մարիամ մատուռը, որը հարուստ է հայկական ոճի զարդարանքներով: Զամկա վանքը, որպես պատմական հուշարձան, նորոգվել է ռումինական պետության կողմից 1948 թ., իսկ ավելի հիմնովի 1956-1957 թթ.:

Ռումինիայի Հայոց Թեմում կանգուն են նաև Ռոմանի Ս. Աստվածածին եկեղեցին 1609 թ., որը վերակառուցվել է 1864 թ. Գալացի Ս. Աստվածածինը 1669 թ., որը նույնպես վերակառուցվել է 1858 թ.: Տուլչայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին 1882 թ., Պիտեշտի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 1852 թ. Ֆոկշանի Ս. Գեւորգ եկեղեցին կառուցված 17-րդ դ., երկորդը՝ Ս. Աստվածածինն է 1780 թ.: Կոստանցա քաղաքի Ս. Աստվածածին եկեղեցին 1882 թ., Բաքըուի Ս. Հրեշտակապետաց եկեղեցին 1849 թ. Թըրկ Օկնայի Ս.Աստվածածին կառուցված 1870 թ., Յաշի եկեղեցին 1395 թ., իսկ երկրորդ եկեղեցին կառուցվել է 1616 թ.: Պըլցի Ս.Աստվածածին հայոց եկեղեցին կառուցվել է 1910 թ: Բացի նշված գերեզմանատներից Ռումինիայի Հայոց Թեմում պահպանվել են Բրըիլայի Ս. Աստվածածին մատուռը իր գերեզմանոցով 1837 թ:

Այս տարի շատ հատկանշական տարի թեմի համար, քանզի Ռումինիայի Հայոց Թեմը նոյեմբերի 8-ին մեծ շուքով նշելու Բուխարեստի Ս. Հրեշտակապետաց եկեղեցու օծման 100-ամյակը: