Օսմանյան Կայսրությունում Հայ Եկեղեցու և Կաթոլիկ Հայերի Հարաբերություններից

  • 23/11/2018
  • Նուբար Չիվանյան

Հայ առաքելական եկեղեցու և հայ կաթոլիկների հարաբերությունները բարդ, իսկ երբեմն ողբերգական պատմություն ունեն: Այդ հարաբերությունները XVI-XVII դդ. հիմնականում խաղաղ են եղել: Էջմիածնի ամեն մի նորընտիր կաթողիկոս նվերներ և հատուկ ուղերձներ էր ուղարկում Հռոմի պապին, ինչը նշանակում է, որ Էջմիածինն ընդունում էր Հռոմի աթոռի ավագությունը: Գոյություն ուներ հաղորդակցություն հայ կաթոլիկ և առաքելական համայնքների միջև:

Օսմանյան կայսերությունում հայ կաթոլիկները (իսկ որոշ ժամանակահատվածում նաև այլազգի կաթոլիկները, մասնավորապես` Կիպրոսի) ենթարկվում էին Պոլիսի Հայոց Պատրիարքին: Հայ կաթոլիկները պատության կողմից որպես ինքնուրույն կրոնական համայնք` միլեթ, չէին ճանաչվում, չէին կարող սեփական կղեր և աղոթավայրեր ունենալ: Նրանք հաճախում էին հայ Պատրիարքին ենթակա եկեղեցիները, այդտեղ մկրտվում, ամուսնանում և կատարում այլ ծիսակատարություններ, ինչպես նաև դատվում հայ եկեղեցու դատարանով: Սակայն XVII դ. կեսերից Հայ եկեղեցու և կաթոլիկների հարաբերությունները վատթարանում են:

Այդ անցքերի մասին ուշագրավ տեղեկություններ է հաղորդում օսմանյան պատմիչ Ջևդեթ-Փաշան (Ահմեդ-Ջևդեթ (1774-1825թթ.)) իր «Թարիխի Ջևդեթ» աշխատությունում((«Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին» գրքից, Հ. 1 : Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին, Հ. Ա ; Կազմ.՝ Ա.Խ. Սաֆրաստյան, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1961 թ., (էջ 237-241))):

Ի՞նչ հետևություն է կարելի անել այդ գրքից:

Առաջին` այն լույս է սփռում օսմանյան քաղաքականության որոշ առանձնահատկությունների վրա: Հույները Ռուսաստանին աջակցել են XVIII դարի պատերազմի ժամանակ, նրանք դավաճան են. հայերը չեզոք են մնացել, նրանք հավատարիմ ցեղ են: Կարևոր է, թե ինչպես են պատժել` մահապատիժ, տաժանակիր աշխատանքներ, աքսոր և այլն: Մասնավորապես հատկապես դաժան էր 1828թ Պոլսի հայ կաթոլիկների աքսորը դեպի Անատոլիայի խորքերը, երբ հազարավոր հայ կաթոլիկներ մահացան սովից և ցրտից:

Երկրորդ` հայ առաքելականները բնութագրվում են իբրև «մոլեռանդ», «պարզամիտ», հակված հետադիմականությանը և պահպանողականությանը, ի տարբերություն հայ կաթոլիկների:

Երրորդ` հայ առաքելականները զրպարտում են հայ կաթոլիկներին, իսկ «բարեխնամ Օսմանյան կառավարությունը» փրկում է հայ կաթոլիկներին իրենց իսկ ազգակիցներին: Դա վկայում է Պոլսո Հայոց Պատրարքարանի այդ դարաշրջանում ազգային հարցերը քաղաքական մեթոդներով լուծելու անկարողության մասին:

Կարծես թե վաղուց չկա միջնադարյան այս մոլեռանդությունը և Հայ առաքելական ու կաթոլիկ եկեղեցիների միջև հարաբերությունները բարեկամական են, գոնե պաշտոնական հայտարարությունների մակարդակով, որի վերջին վկայությունը Ֆրանցիսկոս պապի այցն էր: Այլ է իրողությունը մեկ այլ քաղաքական հարթությունում. «հիշողության քաղաքականությունում»:

Սկսած Վատիկանի II համաժողովից կաթոլիկ եկեղեցին մինչքաղկեդոնական եկեղեցիներին (Հայ առաքելական, Սիրիական, Ղպտի, Եթովպիական ուղափառ և այլնօսմանյան), որոնց անվանակում էին մոնոֆիզիտ և հերձվածող, ընդունեց իբրև Միասնական եկեղեցու բաղադրիչներ, ճանաչեց նրանց ավանդույթըը և կաթոլիկ եկեղեցին նրանց հետ ակտիվ երկխոսություն սկսեց վարել: Կաթոլիկ եկեղեցին ընդունեց իր գործած սխալները և հանցանքները, այդ թվում XVII-XVIII-րդ դարերում Օսմանյան կայսերության արևելյան քրիստոնեական եկեղեցիների հանդեպ: Սա է Վատիկանի նոր «հիշողության քաղաքականությունը»:

Ռուս ուղղափառ եկեղեցին կաթոլիկ եկեղեցու հետ հարաբերություններում շեշտը դնում է ունիաների պատմության վրա: Նրա «հիշողության քաղաքականությունը» կարելի է բնութագրել որպես «ուրիշներին մեղադրող հիշողության քաղաքականություն»: Հայ առաքելական եկեղեցու որոշ առաջնորդներ բաժանում են ռուս եկեղեցու մոտեցումը՝ «ուրիշներին մեղադրելու քաղաքականությունը», բայց հիմնականում իշխում է այն մոտեցումը, որ հարկավոր է մոռանալ հին վիրավորանքները. Փորձելով այն դարձնել «մոռանալու հիշողության քաղաքականության»:

Հատված օսմանյան պատմիչ Ջևդեթ-Փաշաի գրքից

Օսմանյան կայսերության հպատակներից հայ ազգը, հույն և կաթոլիկ դավանանքներից տարբեր, հատուկ ծիսակատարություն է ունեցել և մինչև 1040 թ. (1630թ մեր թվականով) նրանց (հայերի) այլ դավանանք հայտնի չի եղել: Սակայն ֆրենգ (ֆրանսիացի) հայտնի վարդապետները շրջելով հայերի մեջ, կարողացան նրանց մի մասին ընդունել տալ Հռոմում՝ Պապի հոգևորական իշխանության տակ գտնվող կաթոլիկական դավանանքը (ընդհանուր դավանանք իմաստով): Հույների և հայերի հոգևորական պետերը՝ պատրիարքները, գտնվում են Օսմանյան պետության մեջ, իսկ կաթոլիկ եկեղեցին օտար հոգևորական պետի է հպատակվում: Արևմտյան պետությունների մեծ մասը պատկանում է այդ (կաթոլիկական) դավանանքին: Արևելյան երկրներում ֆրենգությունը մեծ համբավ վաստակած լինելով , Օսմանյան պետության հպատակներից մի փոքր հասարակության այդպիսի մի օտար եկեղեցու հպատակությունը քաղաքական խռովություն է համարվում: Բուն հայերը, ֆանատիկոսության տեսակետից, կաթոլիկ դարձած հայերին խիստ թշնամի լինելով, նրանց (կաթոլիկ հայերի) դեմ մի շարք ամբաստանություններով և զրպարտություններով խլացնում էին կառավարության ականջը: Երբ այդ խնդիրը զեկուցվեց վսեմ Սուլթան Մուրադ IV-ին, նրա հրամանով ռայաների մեջ նման խռովություն ստեղծելու համարձակություն ունեցողներին համապատասխան պատժով պատժեցին: Այս հարցը նորից երևան եկավ 1147 թ. (1774թ), Հեքիմ-Զադե-Ալի փաշայի սեդարեթության ժամանակ: Նկատի առնելով այս երևույթի քաղաքական վնասակարությունը, վերոհիշյալ խմբից (կաթոլիկ հայերից) մի քանի հոգի մահվան դատապարտվեցին. բացի այդ հայոց պատրիարքներին պաշտոնական հրաման տրվեց, որով հայտնվում էր, որ ֆրենգ եկեղեցիներ գնացող և կաթոլիկ դավանանք ընդունող ռայաներ հայտնաբերելիս, պետք է հայտնել դատավորներին: Նրանք անմիջապես քյուրեքի (տաժանակիր աշխատանքի) պիտի ենթարկվեն. բացի այդ, իրենց (հայերի) դավանանքին և ռայաների կարգ ու կանոնին հակառակ ընթացքի մեջ գտնվողներին դաստիարակելու և պատժելու մասին նրանց կողմից ուղարկված և կնքված նկատի պիտի առնվեն և ամենևին չպիտի մերժվեն:

Սակայն չնայած այդ հարցը այդ ձևով պարզված էր, որոշ ժամանակից ի վեր այդ խնդրին անհրաժեշտ չափով ուշադրություն չէր դարձվում. այդ պատճառով էլ այդ ռայաներից որոշ թվով հարուստներ կաթոլիկություն էին ընդունել, և նրանց օգնությամբ մի քանի կաթոլիկ վարդապետներ պապի կողմից կնքված թղթեր ձեռք բերելով, շրջագայելով գյուղերը և քաղաքները ռայաներից շատերին խաբել իրենց դավանանքն էին ընդունել տվել: Նախապես հայոց պատրիարքներին տրված հրամաններում, կաթոլիկական դավանանքը պատժելու հետ միասին նրանց մեռյալներին չվեցնելու մասին հատուկ կետ էլ կար: Այդ ժամանակ տեղի ունեցած մեծ ժանտախտի համաճարակի ընթացքում հայոց պատրիարքը արգելում էր կաթոլիկների դագաղները վերցնել: Կաթոլիկները չխոսելով այդ երևույթի իսկական պատճառի մասին և այն միայն դավանական հակառակության հետ կապելով, պատրիարքի չարամտության մասին գանգատ հայտնեցին և դիմում ներկայացրին Նորին Վսեմություն փադիշահին, խնդրեցին, որ իրենց համար առանձին պատրիարք նշանակվի: Խնդիրը ուղարկվեց բարձրագույն դուռը, այդ մասին վեքիլների միջև խորհրդակցություն տեղի ունեցավ, որի ընթացքում Ռեիս-էֆենդին՝ Արիֆ-Զադե Օմար-Վահիդ էֆենդին այս հարցի մասին ընդարձակ բացատրական գրավոր մի զեկուցում ներկայացրեց, որ պատճեն տրվում է ստորև համառոտակի կերպով:

Ռեիս-էֆենդիի զեկուցման բովանդակությունը

Օսմանյան ռայաներից ամենաբազմամարդը հայ ժողովուրդն է: Նրանց հայ անունը (կոչումը), նախապես իրենց ապրած իրանյան երկրներից Ադրբեջանի Արմեն երկրարամասից է առաջացել: Իսկ Արմենիա անունը (տերմինը) այդ երկրի իշխողի՝ Արմենյարի մայրաքաղաքից է առաջացել:

Մինչև 600-ական թթ. Արմենիան (կազմված էր) Փոքր Արմենիայից՝ Անթաքիայի, Վանի, էրզրումի և Սվազի էյալեթներից, և Մեծ Արմեինայից` Ադրբեջանի կողմերը, որոնք ունեին իրենց անկախ իշխողները, նրանց մայրաքաղաքը Կոնիան էր: Սելջուքյան սուլթաններից Սուլթան-Ղայաս-Էդդինի ժամանակ, սրանց երկիրը նվաճվում է, նրանց իշխողները բնաջինջ են լինում և իրենք (ժողովուրդը) ռայա են դառնում: Ավելի ուշ վերոհիշյալ երկիրը (Արմենիան) Օսմանյան երկրի տիրապետության մեջ է մտնում, այդ ժամանակից մինչև վսեմաշուք Սուլթան Մուրադ IV-ի իշխանության շրջանը վերոհիշյալ ցեղի (հայերի) դավանանքը բոլոր քրիստոնեա ազգությունների դավանանքից տարբեր լինելով, միասնական դավանանքով և իրենց վիճակով հանգիստ ապրում են: Սրանք (հայերը) պարզամիտ մի ժողովուրդ էին: Էֆրենջ (ֆրանսիացի) ցեղը Օսմանյան պետության նկատմամբ չարանպատակ խռովություններ առիթներ ստեղծելու հետամուտ լինելով , ինչպես որ ռուսները պատերազմի ժամանակ հույներից օգտվեցին խռովարարական նպատակներով, նրանք էլ (ֆրենգները), ինչպես վերևը հիշվեց, հայերի մեջ կաթոլիկական դավանանքը տարածելով, հետամուտ էին իրենց դավանակիցների թիվը ավելացնելուն:

Հետևաբար, ինչպես վերևը հիշվեց, երկու անգամ այդպիսի խռովություն կազմակերպելու հանդգնություն ունեցողները, համաձայն օրենքի, մահվան էին դատապարտվել: Ներկայումս էլ հայերի և կաթոլիկների միջև այն աստիճան թշնամություն գոյություն ունի, որ մեկի մորթածը (կենդանին) մյուսը չի ուտում, մեկի ոչնչացումը մյուսի կողմից փրկություն է համարվում: Բուն հայերը ցանկանում են Օսմանյան պետության հաղթանակը, իսկ կաթոլիկները (կաթոլիկ հայերը), բնական է, որ ցանկանում են եվրոպական (էֆրենջ) երկրների հաղթանակը: Մոտիկ անցյալում ռուսական արշավանքի (պատերազմի) ժամանակ, ռուսների և հույների միջև երևան եկած հայտնի հարաբերությունը այս պնդումի համար բավականաչափ փաստ է հանդիսանում: Իրենց նախնիների և պապերի դավանանքին հավատարիմ հայերը չեզոք մնալով ցույց տվին, որ նրանք հավատարիմ են Օսմանյան կառավարությանը, մինչդեռ կաթոլիկ դավանանքին պատկանողները, Եվրոպայում մի եկեղեցի գնելով, հարուստները իրենց որդիներին և մոտիկներին կրթելու համար այդ եկեղեցին են ուղարկում, գլուխները շլյապա (շապկա) ծածկում, եվրոպական հագուստներ հագնում և այս կերպով իրենց բուն կրթությունը (կենցաղը) փոխում են. բացի այդ, նրանցից ոմանք սարաֆության և վաճառականության դիմակի տակ, (պետության) ավագանու և ազնվականների բնակարաններում ազատ ելումուտ անելով, մոտենում են նրանց և հետամուտ լինում պետության գաղտնիքները կորզելուն: Կաթոլիկ վարդապետները կաթոլիկ հայերից խլում են մահացողների ժառանգությունը (ունեցվածքը) և այսպիսով ամեն տարի հազար քիսեի հարստություն Ֆրանսիա է ուղարկվում: Աստված մի՛ արասցե, եթե սրանց թույլատրվի, կասկած չկա, որ Ռումելիում և Անադոլուում ապրող բոլոր ռայաները կաթոլիկ կդառնան:

Վերոհիշյալ զեկուցագրի վերևում՝ «Ռեիս էֆենիի կարծիքն է» խոսքերով ծանոթություն տվեց և Սեդարեթության կողմից Նորին Վսեմություն փադիշահին ներկայացվեց: Այդ մասին շնորհված կայսերական հրամանի համաձայն, օրենքին հակառակ, հայ ռայաներին խաբող և մոլորեցնողներին պատժելու մասին հայոց պատրիարքին ուղղված մի հրամանագիր (բույրուլթի) գրվեց, որով առաջարկվում էր՝ առանց անձնական ատելության և թշնամության խնդրագրեր ներկայացնել, կաթոլիկ մեռյալներին մեջտեղ չթողնել, վեճերին և թշնամությանը վերջ տալ: