Բորբորիտները և Հայ եկեղեցին

  • 30/03/2016
  • Վարդան Ջալոյան

  • մշակութաբան

«Հինգերորդ դարում ծագում են մծնեղականները, որոնք գոյատևեցին Թրակիայում ընդհուպ մինչեւ տասնմեկերորդ դարը:

Բայց նրանք ունեն ակտիվ հարաբերություններ դժոխքի զորությունների հետ, այն աստիճանի, որ որոշ գրվածքներում նրանց անվանում են բորբորիտներ, հունարեն «borboros»-ից, ինչը նշանակում է կեղտ, ի պատիվ այդ անասելի սանձարձակությունների, որը նրանք արել են:

– Իսկ ի՞նչ էր անասելի:

– Այո, ամեն ինչ նույնն է: Տղամարդիկ եւ կանայք հավաքել են իրեն անվայելուչ բաները, այսինքն՝ արական սերմը եւ ամսական արյունը, ձեռքերի վրա պարզել դեպի երկինք և կերել են որպես Քրիստոսի մարմին: Եթե կինը ​​հղիանում էր, ձեռքով բացում էին արգանդը եւ դուրս քաշում պտուղը, հավանգում ծեծում և ուտում մեղրով եւ պղպեղով»:
Ումբերտո Էկո. «Ֆուկոյի ճոճանակը»

Ումբերտո Էկոն այս վեպում նկարագրում է վաղ միջնադարում մեր տարածաշրջանում տարածված գնոստիկ և դուալիստական աղանդները: Անշուշտ, Էկոյի մոտ միստիֆիկացիայի տարրեր կան. օրինակ բորբորիտներին մծնեղիականների հետ նույնացնելը: Նկատենք, որ մծնղեական (մեսալական) աղանդի անդամ լինելու մեջ է մեղադրվել Ղազար Փարպեցին. «Փարպեցու դէմ յարուցուած մեղադրանքներից (թուով 6) առաւել սկզբունքային են երկուսը` աղանդաւոր համարելը (պատմիչը գիտակցաբար չի կոչում աղանդի անունը) եւ պոռնկութիւնը մեղք չդիտելը: Հայագէտները արդէն դիտել են, որ այստեղ մծղնեաց աղանդին յատուկ որակումներ կան, իսկ որ հայոց եկեղեցին այդ ուսմունքին առնչուելու շարժառիթներ ունեցել է, պարզ է Շահապիւանի ժողովի կանոններից»((Պարոյր Մուրադեան, Ղազար Փարպեցի/ http://www.facebook.com/note.php?note_id=240765149301466)):

Պատահական չէ, որ Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցի» առաջին գիրքը ուղղված է գնոստիկների դեմ, վերջին գիրքը՝ Մարկիոնի դուալիստական աղանդի և Մանիի ուսմունքի դեմ: VI-րդ կամ VII-րդ դարի սկզբում ձևավորված պավլիկյան շարժումը իր մեջ ներառեց Հայաստանում տարածված գնոստիկական աղանդների ուսմունքները և վերածվեց հզոր շարժման, որը «ցնցեց Արևելքը և լուսավորեց Արևմուտքը»: Զուր չէ, որ Գրիգոր Մագիստրոս Պահլավունին Թոնդրակյան շարժման (պավլիկյանների ճյուղավորում) հիմնադիր Սմբատ Զարեհավանցուն կոչում է «վաւաշ շամբուշ բորբորիտն, պիղծն Սմբատ անիծեալն»:

Եթե քրիստոնեական աշխարհում շամանակի հետ հին գնոստիկական և քրիստոնեական դուալիստական աղանդները անհետանում են, ապա Հայաստանում նրանք շարունակում են գոյատևել և բարգավաճել: Բրիտանացի արևելագետ Ֆրեդերիկ Կոնիբեռը (Frederick Cornwallis Conybeare (1856 –1924)) համարում էր, որ հայկական Տավրոսն էր այն պատնեշը, որ թույլ տվեց Հայաստանում գոյատևել մինչնիկեական աղանդավորներին՝ դոկետիսներին և ադոպցիոնիստներին առաջին հազարամյակի ընթացքում((The Key of Truth, a Manual of the Paulician Church of Armenia (1898), p. ix: The Taurus range thus formed a huge recess or circular dam into which flowed the early current of the Adoptionist faith, to be therein caught and detained for centuries, as it were a backwater from the main stream of Christian development.)):

Ընդհանուր առմամբ Ումբերտո Էկոն ճիշտ է ներկայացնում բորբորիտների հայացքները և բարքերը, որոնք հայտնի են քրիստոնեական ապոլոգետների գրքերից. Հատկապես բորբորիտների մասին հանգանամանալից գրել է IV դարի հեղինակ Եպիփան Կիպրացին «Ընդդեմ 80 աղանդոց» («Պանարիոն») գրքում((Епифаний Кипрский. Панарион. Против гностиков-борборитов, шестой и двадцать шестой ереси/ http://khazarzar.skeptik.net/books/epiph/panarium/26.htm)): Խնդիրը այն է, որ բորբորիտներին ներկայացվող մեղադրանքները համարյա նույնն են, ինչ հեթանոսներն առաջին դարերում ասում էին քրիստոնեաների մասին: Էրման Բարտը գրում է. «Այդ նոր կրոնը [քրիստոնեությունը] թվում էր ոչ միայն վտանգավոր և սուտ, այն նաև համարվում էր անբարո և այլասերված: … Քրիստոնեաների մասին, որոնց ժողովները գաղտնի էին, մտածում էին, որ նրանք զբաղվում էին անառակությամբ և արնապղծությամբ, որ եղբայրները և քույրերը զբաղվում են շատակերությամբ և, հավանական է, հարբեցողությամբ, և ապա մթության մեջ տրվում սեռական օրգիաների: Ասում էին ավելի վատ բաներ, որ այդ օրգիաներում քրիսոնեաները ուտում են Աստծո Որդու մարմինը և խմում են նրա արյունը: Մանկան մարմի՞նը և արյո՞ւնը: Արյունապղծությունից բացի քրիստոնեաներին մեղադրում էին մանկասպանության և մարդակերության մեջ՝ նրանք սպանում էին նորածիններին և ուտում նրանց»((Барт Д. Эрман-Великий обман. Научный взгляд на авторство священных текстов. «Издательство «Эксмо», 2013 / http://skepdic.ru/wp-content/uploads/2013/11/Erman_Religiya._Voyna_za_Boga_Velikiy_obman_skepdic.ru_.pdf)): Այդ մասին գրում է կայսեր Մարկոս Ավրելիոսի ուսուցիչ Մանուցի Ֆելիքսը((Минуций Феликс, Октавий, IX. / Сочинения древних христианских апологетов. В русском переводе протоиерея Петра Преображенского (СПб., 1895).)):

Որ բորբորիտներին զրպարտել են, այդպիսի կասկածներ առաջանում են, քանզի Նագ Համադի տեքստերի հայտնաբերումից հետո պարզվեց, որ համարյա բոլոր աղանդները ժուժկալ բարքեր են ունեցել: Սակայն այս տեսակետը, ըստ հետազոտողների((Այդպես է պնդում Ստեֆան Գերեն:)), չի տարածվում բորբորիտների վրա: Հետազոտողները համարում են, որ «նրանք քարոզում և գործնականորեն իրագործում էին այն պատկերացումը, որ աշխարհը կառավարող չար իշխանություններից փրկությունը կարող է լինել միայն մարդու սեռական հնարավորությունների գիտակցված և լիակատար բացահայտման միջոցով, հատկապես ծեսերի միջոցով, որտեղ արական և իգական սեռական արտաթորանքը կատարում են կենտրոնական սրբության դեր և դա արվում էր մի եղանակով, որպեսզի կանխվի հղիությունը և ծնունդը»((Стефан Гере. С Вальтером Бауэром по Тигру. Энкратитская ортодоксия и либертинистская ересь в сиро-месопотамском христианстве. /http://gnostik.ru/bogomil/gero.html)): Այս տեսակի աղանդները կրում են ենկրատական (զավակածնությունը մերժող) անվանումը: Նրանք հին Հայաստանում ևս տարածված էին և նրանց որոշ տեքստերը հայերեն պահպանվել են((Օրինակ՝ Վալենտինա Կալցոլարի. Հայերէն քրիստոնէական անկանոն գրութիւները եւ իրենց արժէքը իբր աղբիւր Հայ հին քրիստոնէութեան պատմութեան մասին (ս. Փիլիպոսի վկայաբանութեան ենկրատական վարդապետությունը) /Հայագիտության արդի վիճակը և զարգացման հեռանկարները. Զեկուցումների ժողովածու. Եր. ; 2003 թ., էջ 565-572:)):

Բորբորիտները ընդունում էին Հին և Նոր Կտակարանները, բայց հատկապես «Մարիամի հարցերը» (ἐρωτήσεις Μαρίας), «Ադամի ապոկալիպսիսը», «Սեթի գիրքը», «Նորիայի գիրքը», «Եվայի ավետարանը»: Եպիփան Կիպրացուն հատկապես վրդովեցրել էր «Մարիամի հարցերը», որտեղ խոսվում է Հիսուսի սեռական կապի մասին: Ըստ բորբորիտների Տիեզերքը բաղկացած է ութ ոլորտներից. առաջին ոլորտի իշխանը՝ արքոնտը Իաոն է (Ἰαὼ ἄρχοντα), օձը, որ խժռում է հոգիները, երկրորդինը Սակլասը՝ (τὸν Σακλᾶν), անառակության իշխանը, երրորդինը Սեթը (Σὴθ ἄρχοντα), չորրորդինը՝ Դավիթը: Հինգերորդ ոլորտի իշխանը Էլոայն է (τὸν Ἐλωαῖον), այլ անունով՝ Ադոնայը՝ (Ἀδωναῖον), վեցերրորդում՝ Էլիլայը (Ἠλιλαῖον), յոթերորդում՝ Սաբաոթը (Σαβαώθ), ութերրորդում՝ Բարբելոն (Βαρβηλώ), Ամենի Հայրը, ինքնածին Քրիստոսը (Χριστὸν ἄλλον αὐτολόχευτον), որը և մարդկանց տվել է գնոսիսը՝ փրկության գիտելիքը: Նա չի ծնվել, ընդամենը Մարիամին այդպես է թվացել:
Սաբաոթի մասին ասում են, որ նա ունի ավանակի կամ խոզի կերպարանք և ստեղծել է աշխարհը և հրեշտակներին: Նա հրեաների աստվածն է: Հոգին պետք է անցնի բոլոր ոլորտներով, մինչև Բարբելոն, որպեսզի փրկվի((Ըստ Եպիփան Կիպրացու. Епифаний Кипрский. Панарион. Против гностиков-борборитов, шестой и двадцать шестой ереси/ http://khazarzar.skeptik.net/books/epiph/panarium/26.htm)):

Երբ հոգին մտնում է ութերորդ էոն՝ ոլորտ, մյուս յոթ էոնների արքոնտները խոնարհվում են անտեսանելի լույսի առաջ և ծնվում է Փրկիչը: Բարբելոյի խորհրդանիշը կենաց ծառի խաչն է: Միգուցե՞ այստեղ է հայկական խաչքարերի խորհուրդը: Բորբորիտներից մնացել է երկու տեքստ. Trimorphic Protennoia և Հովհաննի Ապոկրիֆը: Առաջինը կոսմոգոնիական տեքստ է, երկրորդը՝ պատմում է փրկության գաղտնիքների մասին, որ Հիսուսը տվել է Հովհաննին: Անմեղ, մաքուր տեքստեր, նույնիսկ էրոտիզմի ոչ մի հետք: Կարծես չեն էլ եղել սեռական տարօրինակ ծեսերը:

IV դարում ուղղափառ քրիստոնեությունը դժվար պայքար էր մղում արիոսականության դեմ: Գնոստիկական ուղղությունները հյուսիսային Միջագետքում և Հայաստանում դառնում են գերակշիռ: Միայն V դարի սկզբին եկեղեցին սկսում է լուրջ պայքարել վերածնված գնոստիցիզմի դեմ: Երկու հավատաքննիչ մեծ դեր կատարեցին բորբորիտների ազդեցիկ աղանդի դեմ պայքարում՝ Եդեսիայի եպիսկոպոս Ռաբուլասը (412–435) և հայ գրերի ստեղծող Մաշտոցը:

Առաջինի վարքի մեջ ասվում է. «Ինչ վերաբերվում է բորբորիտների ամոթալի մոլորության ըև նողկալի սովորություններին, ապա նա մեծ ողորմությամբ բնակեցրեց նրանց վանքերում ցկյանս, քանզի բազմաթիվ էին նրանց անմտությունը, ատելի նրանց պիղծ ուսմունքը մաքուր շուրթերի համար, որ ասվեն անմեղ ականջներին: Հենց այդ պատճառով նա այդպես որոշեց, հեռու պահելու նրանց [աղանդի] իշխանությունից»((Сказание о славных делах Раббулы, епископа благословленного города Ургей (Эдессы)/ http://epecu.net/index/prodolzhenie_zhitija_rabbuly/0-121)): Այսինքն՝ ցմահ բանտարկություն: Ակադեմիկոս Հրաչ Բարթիկյանը «Քրիստոնեա Հայաստան» հանրագիտարանում գրում է. «նրա կենսագրության մեջ պատմվում է, որ նա իր թեմում ի թիվս այլ աղանդների բնաջնջել է նաև բորբորիտներին»:

Իրականում, Մերձավոր Արևելքում թնդում էր հայ հավատաքննիչների դաժանության փառքը և զուր չէ, որ բյուզանդական Թեոդոսիոս II-ը (408—450 гг.) Մաշտոցին հրավիրում է ոչնչացնել բորբորիտների աղանդը, որ խիստ տարածված էր Հայաստանի բյուզանդական մասում: Կորյունը դրա մասին գրում է. «Ապա յետ այնորիկ ձեռն արկանէր զդժպատեհ եւ զկամակոր բարբարիանոս աղանդն քննելոյ։ Եւ իբրեւ ոչինչ գտանէր հնարս յուղղութիւն ածելոյ, առեալ ի գործ արկանէր զթշուառացուցիչ գաւազանն, ծանրագոյն պատուհասիւք ի բանդս, ի տանջանս, ի գելարանս։ Իսկ յորժամ այնու եւս պակասեալք ի փրկութենէն գտանէին, խորտակեալս, ապա խանձեալս, մրեալս եւ գունակ գունակ խայտառակեալս, եւ յաշխարհէն կորզէին»: Իսկ Մովսես Խորենացին էլ ավելի դաժան գույներով է ներկայացնում. «Հրամայէ քննել զժանդագործ բորբորիտիանս, և եթէ ոչ հեզութեմբ և ոչ սաստիւ գայցեն յուղղութիւն՝ չարչարանօք հալածել. զի որպէս թշնամիք ի թշնամեաց վրէժ առնուցուն, և խայտառակեսցի իրաւացի մահուամμ անիրաւ մահ հոգւոց»: «Քրիստոնեա Հայաստանում» գրված է. «Կ. Պոլսի պատրիարք Ատտիկոսի (405–426) պահանջով Հայոց կաթողիկոսը վտարել է երկրի սահմաններից՝ 415–423-ի ընթացքում»:

Առաջին. Բորբորիտներին հալածել է Մաշտոցը, այլ ոչ թե կաթողիկոսը: Երկրորդ. վտարում չի եղել, այլ՝ բնաջնջում: Ստեֆան Գերեն գրում է. «Հարկ է նշել, որ Հայաստանի այն մասում, որ պարսիկներն էին իշխում, նման միջոցների մասին չի հայտնվում»((Стефан Гере. С Вальтером Бауэром по Тигру. Энкратитская ортодоксия и либертинистская ересь в сиро-месопотамском христианстве. /http://gnostik.ru/bogomil/gero.html)): Երրորդ. Մաշտոցին հրավիրել է Նեստորը, այլ ոչ թե Ատտիկոսը((Նույն տեղում: Ատտիկոսը Փոքր Հայքից էր՝ Սեբաստիայից, այստեղից նրա անձի կարևորումը:)):

Հազիվ թե բորբորիտների տարօրինակ սովորությունները համակրանք առաջացնեն նույնիսկ ժամանակակից ամենաարմատական ազատամիտների մոտ: Այն ուրիշ պատմության մաս է. հայկական ինկվիզիցիայի: