Հայաստանն այլևս աշխարհիկ երկիր չէ

  • 20/02/2022
  • Ստեփան Դանիելյան

Եկեղեցին ու պետությունը, որպես երևույթներ, պատմականորեն ունեն ընդհանուր գործառույթներ: Երկուսն էլ կանոնակարգում են միջանձնային հարաբերությունները: Եթե պետության գործառույթն է օրինական ուժի կիրառումը և դատական համակարգի ձևավորումը, ապա եկեղեցին ապահովում է հանրության կանխատեսելիության հոգեբանական ասպեկտները: Եկեղեցին և պետությունն իշխանության կիրառման համար միմյանց անհրաժեշտ սուբյեկտներ են ու պատահական չէ, որ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների կողմից ամենագործածական արտահայտություններից են «հոգևոր իշխանությունը» և «հոգևոր անվտանգությունը»:

Երկու հասկացություններն էլ՝ «իշխանություն»-ն ու «անվտանգություն»-ը պետության ուժային գործառույթներն են:

Հայաստանի իշխանությունը Եկեղեցու ցանկություններն անարձագանք չի թողնում և փոխադարձ մերձեցման նշանակալի քայլեր է կատարում` թե՛ օրենսդրական, թե՛ քաղաքական:

2017-ին երկու կարևոր հայտարարություններ են արվել, որոնց նշանակությունը հանրային դաշտում աննկատ է մնացել:

Ազգային ժողովի և Հանրապետական կուսակցության փոխնախագահը 2017-ի սեպտեմբերի 13-ին ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին պետական եկեղեցի է, ինչպես նաև ասել, որ «հայն ու քրիստոնյան հոմանիշներ են»։ Նաև հայտարարել է, որ բանակում, դպրոցներում, Ազգային Ժողովում պետք է արտասանել «Հայր մեր» աղոթքը, իսկ մյուս կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին անվանել է «աղանդավորականներ»((Միակ ճիշտ ներդրումը Հայաստանում եկեղեցի կառուցելն է. Շարմազանով, 13/09/2017, https://www.youtube.com/watch?time_continue=156&v=C13JhidzJlQ))։

Դա կարելի էր համարել անձնական կարծիք, եթե մյուս պետական պաշտոնյանները նույնպես չհայտարարեին, որ Հայ եկեղեցին պետական եկեղեցի է։ 2017-ի դեկտեմբերի 8-ին ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդության հիմնադրման 20-րդ տարեդարձի պաշտոնական միջոցառման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր ելույթում հայտարարել է, որ «Եկեղեցին չի կարող անջատ լինել ոչ պետությունից, ոչ բանակից։ Դա ամրագրված է մեր Սահմանադրության, օրենսդրության, և ամենակարևորը` յուրաքանչյուր հայի սրտի մեջ»((Եկեղեցին չի կարող անջատ լինել ոչ պետությունից, ոչ բանակից. Վիգեն Սարգսյան, 09.12.2017, https://news.am/arm/news/425532.html#.Wiw7K_5UDvY.facebook))։

Այս հայտարարությունները պատկան պաշտոնյաների և իրավասու մարմինների կողմից չեն հերքվել ու որևէ մեկնաբանության չեն արժանացել:

ԱԺ փոխնախագահի այս մտքերը մամուլում ստվերել էին այդ նույն ասուլիսի ժամանակ արտահայտած մեկ այլ միտքն այն մասին, թե եկեղեցի կառուցելը լայագույն ներդրումն է, ինչը հայեցողական տեսակետ է և ցանկացած անձ կարող է նման կարծիք ունենալ: Սակայն այն, որ եկեղեցին արդեն պետական կառույց է, հանրության ուշադրությունից դուրս մնաց:

Առավել նշանակալից էր Պաշտպանության նախարարի հայտարարությունը: ՊՆ նախարարն այն եզակի պետական պաշտոնյաներից է, ում իրավական գիտելիքներն ու կրթվածության աստիճանը կասկածի տակ դնելն անհնարին է, և այդ իսկ պատճառով նրա այն միտքը, որ, ըստ Սահմանադրության, եկեղեցին չի կարող անջատ լինել պետությունից ու բանակից, պետք է լրջորեն մտահոգի: Սա արդեն նոր իրողություն է, ինչը կասկածի տակ է դնում Հայաստանի աշխարհիկ պետություն լինելը:

Եվ իրոք, եթե մենք ուշադիր դիտարկենք 2015-ին փոփոխված ՀՀ Սահմանադրությունը, ապա պաշտպանության նախարարի հայտարարությունն այնքան էլ հակասահմանադրական չի հնչում:

2015-ին ուժի մեջ մտած նոր Սահմանադրության 17-րդ հոդվածում նշվում է, որ կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից: Հայաստանի՝ աշխարհիկ պետություն լինելու մասին որևէ հիշատակում չկա: Հանվել է նաև նախորդ սահմանադրության բավականին հստակ այն ձևակերպումը, որտեղ ասվում է, որ եկեղեցին անջատ է պետությունից:

Հաջորդող` 18-րդ հոդվածով ՀՀ-ը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ առաքելությունը և տարանջատվում են Հայ եկեղեցին ու «կրոնական կազմակերպությունները»:

Փաստորեն, դրանք տարբեր իրավական ստատուսներ ունեցող կազմակերպություններ են և պետության ու կրոնական կազմակերպությունների անջատ լինելու դրույթն կարող է չտարածվել հայ եկեղեցու վրա:

Այս ենթադրությունը հիմքեր է ձեռք բերում ոչ միայն ԱԺ փոխնախագահի ու ՊՆ նախարարի հայտարարությունները հաշվի առնելով․ 2017-ի հունիսին Արդարադատության նախարարության կողմից հրապարակված կրոնական կազմակերպությունների մասին նոր օրենքի նախագծի հենց առաջին հոդվածում ասվում է, որ «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունները կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքով», այսինքն՝ կրոնական կազմակերպությունների մասին օրենքը եկեղեցուն չի վերաբերվում:

Փաստորեն, իրավաբանորեն հաստատվում է, որ եկեղեցին ունի այլ կարգավիճակ, և Սահմանադրության պետության և կրոնական կազմակերպությունների անջատ լինելու մասին պնդումը եկեղեցուն չի վերաբերվում: Պաշտպանության նախարարի հղումը Սահմանադրության վրա, որ եկեղեցին ու պետությունը չի կարելի միմյանցից բաժանել, արդեն սպառնալի է հնչում:

Ավելի անկեղծ է արտահայտվում կաթողիկոս Գարեգին Բ-ն, ով աստվածաբանական ձևակերպումներ է փնտրում եկեղեցու ու պետության «ներդաշնակ միասնության» մասին. «Ազգային կեանքի հոգևոր և աշխարհիկ երկու այս կառոյցների միմեանց լրացնող ներդաշնակ միութեամբ միայն ի զօրու ենք կերտել բարգաւաճ ու բարօր գալիքր մեր ժողովրդի»((«էջմիածին» ամսագիր, 2000, Գարեգին Բ., Էջ 7-8))», «Ինքնացանք մեր սուրբ հավատով, զորացանք Քրիստոսով եւ Տերունական Խաչր կանգուն պահեցինք մեր հողում: Միասնացան, նույնացան և մեկ դարձան Ազգ, Հայրենիք, Պետություն և Հայոց Եկեղեցի»((Գարեգին Բ. Կաթողիկոս Ամենայն Հայոց, Հատրնտիր պաշտոնականք (1999-2009 թթ.), Ս. էջմիածին, 2010, Էջ 206)):

Նման ձևակերպումները բազմաթիվ են ոչ միայն կաթողիկոսի ելույթներում, այլև հանրակրթական դպրոցների դասագրքերում և որևէ կասկած այլևս չի կարող լինել, որ դա հստակ ու գիտակցված պետական քաղաքականություն է:

 

epress.am, Դեկտեմբերի 31, 2017