Ուղղափառ Քրիստոսաբանության սկզբունքները

  • 08/08/2017
  • Գևորգ Ղազարյան

  • աստվածաբան, Աթենք

Քրիստոսաբանական վեճերն սկսվեցին արդեն իսկ առաքյալների օրոք և շարունակվեցին դարեր:

 

Քրիստոս Փրկչի երկրավոր կյանքի ընթացքում նրա անձնավորությունը, ինչպես կասեինք այսօր, հասարակական բուռն քննարկումների առարկա դարձավ: Եվ մինչդեռ Քրիստոսն Ինքն Իրեն «մարդու Որդի» (=մարդ) էր անվանում` միևնույն ժամանակ Իր Անձը հավասար համարելով Հորը (Հովհ. 10, 33). «ժողովրդի բազմության մեջ Նրա մասին քրթմնջյուն կար» (Հովհ. 7, 12):
Նույնիսկ Քրիստոսի աշակերտներն ու մտերիմները չունեին Նրա ինքնության լիարժեք իմացությունը: Այդ գիտությունը, ավելի ճիշտ Աստվածգիտությունը, նրանց շնորհվեց աստվածային լուսավորմամբ` Հոգեգալստյան ժամանակ: Սակայն Քրիստոսի Անձի մասին ճշմարիտ կարծիքն անընդունելի եղավ շատերի համար. առաջ եկան զանազան հերետիկոսություններ` առաքելական դավանանքից շեղվող ուսմունքներ, որոնք այլ կերպ էին մեկնաբանում Քրիստոսի մարդեղության խորհուրդը: Քրիստոսաբանական վեճերն սկսվեցին արդեն իսկ առաքյալների օրոք և շարունակվեցին դարեր:

Մենք այսօր շատ ենք խոսում այդ վեճերի մասին, սակայն միշտ չէ, որ պատկերացնում ենք, թե ինչու´ էր Եկեղեցին այդքան ուժգին ու անհաշտ պայքարում թվում է թե աննշան տարբերությունների դեմ: Ահա այստեղ է, որ անհրաժեշտություն է առաջանում պարզելու թե ի´նչ սկզբունքներից էր ելնում Եկեղեցին և ի´նչ սկզբունքներ էր պաշտպանում հերետիկսոների ոտնձգություններից:

III դ. սբ. Իրինեոս Լիոնացին (†202 թ.) ձևակերպեց ուղղափառ Քրիստոսաբանության կենտրոնական սկզբունքը` փրկաբանականը (սոտերիոլոգիկ): Լիոնի եպիսկոպոսի բանաձևմամբ՝ «Աստված մարդացավ, որպեսզի մարդը կարողանա աստվածանալ»: Փրկաբանական սկզբունքն ուղղակիորեն բխում է Աստվածաշնչից, որտեղ Մեսիան հռչակվում է մարդկության Փրկիչ: Հետևաբար այն ամենը, ինչը պետք է ասվի Քրիստոսի ինքնության մասին, պետք է դիտարկվի հենց մարդու փրկագործության տեսակետից: Սակայն ո՞րն է մարմնացած ու մարդացած Աստծո փրկագործության էությունը, ինչի՞ց և ինչպե՞ս է Աստվածորդին փրկում ադամորդուն: Այս հիմնախնդիրը երկու տարբեր լուծումներ ունեցավ քրիստոնյա Արևմուտքում և Արևելքում:

Արևմտյան աստվածաբանները, առաջնորդվելով հռոմեական իրավունքի ընկալումներով, կարծում էին, որ Քրիստոսի փրկագործությունը մարդկային մեղքի փոխհատուցումն է. Ադամը և ի դեմս նրա բոլոր ադամորդիները, Աստծո պատվիրանը խախտելով, վիրավորանք են հասցրել Արարչին և գերվել են սատանայի կողմից: Եվ ահա Աստվածորդին, մարդանալով, Իր մահվամբ վճարում է մարդու պարտքը, և Իր արյամբ փրկագնում նրան: Այս գաղափարներն առավելապես զարգացան ֆրանկ աստվածաբանների մեջ, որոնք Քրիստոսի փրկագործությունը դիտարկում էին իրենց հասարակությանը բնորոշ ավատատիրական իրողությունների դիտանկյունից:

Արևելյան Հայրերին սակայն փրկագործության իրավաբանական ընկալումն այնքան էլ հոգեհարազատ չէր: Նրանք փրկագործությունը նկարագրում էին գոյաբանական կատեգորիաների օգնությամբ՝ փրկագործությունը համարելով մարդկային բնության «վերագլխավորում», «բժշկում», «նորոգում», «աստվածացում» (հունարեն՝ «թե՛ոսիս»). առաջին մարդը` Ադամը, կոչված էր սերտագույն հարաբերության ու միության մեջ մտնելու Աստծո հետ` «աստվածանալու»: Սակայն երբ նա նախընտրեց մեղքը, նրա բնությունը աղճատվեց, կորցրեց իր ներդանշակությունը: Մարդը վարակվեց մեղքով, իսկ մեղքի պատճառով էլ աշխարհ եկավ մահը: Ահա այսպես է առաջ գալիս փրկագործության հիմնական բնորոշումը` որպես մարդու բժշկություն ու վերանորոգություն: Եվ քանի որ մեղքը խորապես քայքայել էր մարդու բնությունը, վերջինիս նորոգումը հավասարազոր էր վերաստեղծումին, վերստին արարմանը, ինչն ի զորու էր անել միմիայն Արարիչը:

Որո՞նք են ուրեմն այդ փրկագործությունն իրականացման համար անհրաժեշտ նախապայմանները: Ի՞նչ հատկանիշներ պիտի ունենար Փրկիչը, որպեսզի կարողանար վերամիավորել մարդուն Աստծո հետ, կամրջեր մարդու և Աստծո միջև մեղսագործության հետևանքով բացված անդունդը: Ակնհայտ է, որ Նա պիտի լիներ Միջնորդ, ինչպես որ Փրկչին բնորոշում է Պողոս առաքյալը. «Քանզի մե՛կ Աստված կա և մե՛կ միջնորդ՝ Աստծո և մարդկանց միջև. Հիսուս Քրիստոս մարդը…» (Ա Տիմ. 2, 4-5):

Նույն առաքյալի համաձայն «Միջնորդը ենթադրում է երկու կողմ…» (Գաղ. 3, 20): Ուրեմն, փրկագործությունն իրականացնելու համար Փրկիչը միաժամանակ պետք է լիներ թե´Աստված, թե´մարդ: Միևնույն Անձի մեջ պիտի մեկտեղված լինեին և´ աստվածային հատկությունները (Աստվածային բնությունը), և´ մարդկային հատկանիշները (մարդկային բնությունը): Միայն այդ պարագայում Փրկիչը՝ որպես գոյաբանական Միջնորդ, կարող էր կապող օղակ լինել Աստծո և մարդու միջև: Դա է պատճառը, որ Քրիստոսի մեջ այս երկու բնություններից որևէ մեկի ժխտումը կամ նսեմացումն ուղղակիորեն հարվածում է ուղղափառ Քրիստոսաբանության հիմնարար՝ սոտերիոլոգիկ սկզբունքին. եթե Փրկիչը միայն Աստված է, ապա փրկագործությունը չի հասնում իր հասցեատիրոջը՝ փրկությանը կարոտ մարդուն. եթե նա սոսկ մարդ է, ապա փրկությունը չի կարող իրականանալ, քանի որ մարդն ինքն իրեն չի կարող փրկել:

Այստեղից առաջ է գալիս ուղղափառ Քրիստոսաբանության հիմնական դոգման. Քրիստոսը կատարյալԱստված է և միևնույն ժամանակ՝ կատարյալ Մարդ:

Այս դոգմայի դեմ արդեն իսկ առաքյալների օրոք հանդես եկան գնոստիկները, որոնք, ժխտական վերաբերմունք ունենալով նյութի, հետևաբար նաև մարդու մարմնի հանդեպ, Քրիստոսի մարդեղությունը համարեցին առերևույթ, տեսողական խաբկանք: Ըստ գնոստիկների՝ նյութը, մարմինը չար են, իսկ բացարձակ բարի և աննյութական Աստված չի կարող դրանց միավորվել: Այսպիսով, Քրիստոսի մարդեղությունը չեղյալ էր հայտարարվում, իսկ մարդկային բնության փրկագործումը՝ անիրական:
Պարզ է, որ նման ուսմունքը բոլորովին դեմ էր Քրիստոնեությանը, դրա համար էլ առաքյալները խստորեն դատարարտեցին գնոստիկների գաղափարները՝ դրանք համարելով հակաքրիստոսի վարդապետություն. «Ամեն մի հոգի, որ դավանում է Հիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած, նա Աստծուց է: Եվ ամեն մի հոգի, որ չի դավանում Հիսուս Քրիստոսին մարմնով եկած, նա Աստծուց չէ: Եվ այդ հոգին Նեռինն է…» (Ա Հովհ. 4, 3):

Քրիստոսի Աստվածությունը մերժող արիոսականությունն ու դրան հարող այլ ուղղությունները Եկեղեցին կարողացավ համեմատաբար արագ հերքել ու պատմության լուսանցք մղել՝ հաստատելով այն վարդապետությունը, համաձայն որի Որդին ըստ Աստվածության համագո (նույնագո) է Հորը:

Ավելի բարդ եղավ պատասխանել այն ուղղություններին, որոնք այս կամ այն կերպ կասկածի տակ էին դնում կամ ժխտում Քրիստոսի կատարյալ մարդկային բնությունը: Նախևառաջ, հարց է, թե ի՞նչ է նշանակում «կատարյալ մարդկություն» հասկացությունը: Ըստ Եկեղեցու Հայրերի՝ դա նշանակում է այն, որ Քրիստոսի մարդկային բնությունը համագո է մեզ, այսինքն՝ նույն այն բնությունն է, որն ունի մեզանից ամեն մեկը: Քրիստոսն ունի մարդկային այն բոլոր հատկանիշները, ինչը և ամեն մի ադամորդի, բացառությամբ մեկ բանի՝ մեղքի: Այլ կերպ ասած՝ Քրիստոսը կատարյալ Մարդ է՝ ամբողջական մարդ լինելու, ինչպես նաև մեղքից զերծ լինելու իմաստով:

Քրիստոսի՝ մարդկային բնությամբ մեզ համագո լինելու վարդապետությունը բխում է Եբրայեցիներին ուղղված թղթից, որի համաձայն «որովհետև զավակները հաղորդակից եղան արյան և մարմնին, ինքն էլ մարդկային բնությամբ մասնակից եղավ նրանց…Ուստի պետք էր, որ Նա ամեն ինչով եղբայրներին նմանվեր…» (Եբր. 2, 14-17): Ըստ նույն առաքելական թղթի՝ Քրիստոսը «մեզ նման փորձված է ամեն ինչում, բայց առանց մեղքի է» (Եբր. 4, 14-15):

Պաշտպանելով Քրիստոսի՝ ամբողջական մարդ լինելու վարդապետությունը՝ սբ. Գրիգոր Աստվածաբանը (†390 թ.) ձևակերպել է քրիստոսաբանական մի սզբունք, որը թերևս կարելի է անվանել «հոմեոպաթիկ». ըստ հայրապետի՝ Քրիստոսը «նմանով բժշկել է նմանը», այսինքն՝մարդկային բնությունը փրկել է հենց մարդկային բնությամբ, վերջինս միավորելով Իր Աստվածությանը: Մարտնչելով Քրիստոսի մեջ «միտքը»՝ բանական հոգին ժխտող ապողինարականների դեմ՝ սբ. Գրիգորը հայտարարում է, որ այն, ինչն ընդունվել է Աստծո կողմից, հենց նա էլ փրկվել է: Հետևաբար, եթե մարդկային բնության բաղկացուցիչ հատկանիշներից որևէ մեկը բացակայում է Քրիստոսի մեջ, մարդու փրկությունն անհնարին է դառնում:

Քրիստոսի՝ մարդկային բնությամբ մեզ նույնագո լինելու վարդապետությունն էական է նաև այն իմաստով, որ Տերը հենց մեր պարտված բնությունը պիտի հաղթանակող դարձներ՝ ի հեճուկս Ադամի անկման ապացուցելով, որ այն կոչված է և Աստծո շնորհով ի զորու է «աստվածանալու»: Այս առումով, Եկեղեցին խստիվ դատապարտել է այն կարծիքները, թե Քրիստոսի մարմինը ոչ թե Աստվածածին Մարիամից է գոյացել, այլ բերվել է երկնքից, կամ Աստվածային բնության հետ միավորվելով, կորցրել է իր հատկությունները, մարդկայինից վերածվել Աստվածային բնության ևն: Քրիստոսի՝ մարդկությամբ մեզ համագո լինելու ժխտումը ևս անհնարին է դարձնում մեզանից յուրաքանչյուրի փրկությունը, որովհետև չի կարող փրկվել այն, ինչը չի ընդունվել Աստծո կողմից և չի միավորվել նրան:

Ուղղափառ Քրիստոսաբանության ախոյաններից մեկն էր նեստորականությունը: Վերջինիս կողմնակիցները, հետևելով Արիստոտելին (Ք. ա. IVդ.), «բնություն» ընդհանուր հասկացությունը չէին կարողանում պատկերացնել առանց այդ «բնությունը» մասնավորեցնող իրողության՝ «անձի»: Հետևաբար, փորձելով պաշտպանել Քրիստոսի կատարյալ մարդկությունը, նեստորականները կարծում էին, թե Քրիստոսի մեջ մարդկային բնության հետ մեկտեղ անհրաժեշտաբար կա նաև մարդկային անձ: Ի վերջո ստացվում էր, որ Քրիստոսի մեջ կան երկու տարբեր անձեր՝ մեկը Աստվածային Լոգոսը, իսկ մյուսը՝ Մարիամից ծնված հասարակ մարդ Հիսուսը: Հետևաբար, չի կարող խոսք գնալ երկու բնությունների՝ Աստվածության ու մարդկության միության, այլ միայն դրանց համակցումի, հպումի մասին:

Այս ուսմունքն արժանի հակահարված գտավ սբ. Կյուրեղ Ալեքսանդրացու (†444 թ.) կողմից, որի վարդապետությունը Եկեղեցին հաստատեց երրորդ Տիեզերաժողովում (Եփեսոս, 431 թ.): Ալեքսանդրիայի հայրապետի համաձայն՝ Քրիստոսի մեջ կա ոչ թե բնությունների համակցում, այլ իրական, ճշմարիտ միություն, ընդ որում Տիրոջ մարդկային բնությունը մարդկային անձ չունի: Այլապես կստացվի, թե Քրիստոսի մարդկությունն ինքնագո է: Ըստ սբ. Կյուրեղի՝ Քրիստոսի մարդկային բնությունն անձնավորվում է, այսինքն՝ կոնկրետ գոյության է կոչվում Լոգոսի Անձով: Հենց Սբ. Երրորդության երկրորդ Անձը՝ Բանն Աստված է, որ դառնում է մարդկային բնության անձը, և ոչ թե ոմն մարդ Հիսուսի մարդկային անձնավորությունը: Այդ իսկ պատճառով մեծն Ալեքսանդրացիները՝ սբ. Աթանասն (†373 թ.) ու սբ. Կյուրեղը Քրիստոսի մարդկությունը՝ «մարմինը» համարում են Բանի սեփական մարմին, և այն ամենը, ինչ կրում է այդ մարմինը, վերաբերում է Լոգոսին, ճիշտ այնպես, ինչպես որ արքայի ծիրանիին հասված վիրավորանքը և կամ մատուցված պատիվը վերաբերում է արքայի անձին, թեպետ վերջինս ըստ ինքյան անհաղորդ է մնում դրանց:

Ահա և ուղղափառ Քրիստոսաբանության մեկ այլ սկզբունք. Քրիստոսի մարդկային բնությունն անձնավորվում է, գոյության է կոչվում Բանն Աստծո Աստվածային Անձով: Երկու բնությունների հատման կետը Սբ. Երրորդության երկրորդ Անձն է՝ մարմնացած ու մարդացած Բանն Աստված: Այսպիսով, սբ. Կյուրեղի շնորհիվ ապահովագրվեց փրկագործության երկու նախապայման՝ Աստված-մարդ իրական միությունը, և այն, որ այդ միությունը տարածվում է ամբողջ մարդկային ցեղի վրա, այլ ոչ թե սահմանափակվում մեկ անձով՝ Մարիամի որդի ոմն նազարեթցի Հիսուսով:

Քրիստոսի բնություններն այսպիսով, միավորվել են անբաժանելի և անքակտելի կերպով: Բայց դա չի նշանակում, որ դրանք ձուլվել կամ շփոթվել են իրար: Միության մեջ ոչ Աստվածային բնությունն է վերածվում մարդկայինի, ոչ էլ մարդկայինը՝ Աստվածայինի: Բնությունների այլայլումը, այլափոխումը ևս կհանգեցներ փրկագործության խափանմանը:
Հատկապես կարևոր է այն, որ այդ միության մեջ մարդկային բնությունը պահպանի իր գոյությունն ու հատկությունները և ոչ թե դրանք կորցնելով՝ մերվի և ձուլվի Աստվածության մեջ, ինչպես ալիքը՝ անծայրածիր ծովի մեջ: Բացի դրանից, քանի որ բնությունները միավորված են միևնույն Անձի մեջ, ապա և հնարավոր է դառնում բնութենական հատկանիշների փոխատրումը միմյանց: Այսպես, կարելի է խոսել չարչարված, մահ ճաշակած Աստծո մասին՝ նկատի ունենալով չարչարված ու մահացած մարմինը, որը Բանն Աստծո սեփական մարմինն էր, մինչդեռ Նրա Աստվածությունն անչարչարելի և անմահ է: Բնությունների հատկությունների փոխատրումը, ըստ սբ. Կյուրեղի, փրկագործության կարևորագույն նախապայմաններից մեկն է:

Ահա աստվածաբանական այս սկզբունքներն են, որ լավագույնս համադրված են չորրորդ Տիեզերաժողովի (451 թ., Քաղկեդոն) հավատո սահմանի մեջ. «Արդ, սբ. Հայրերին հետևելով, բոլորս միաբան ուսուցանում ենք խոստովանել մեկ և նույն Որդուն` մեր Տեր Հիսուս Քրիստոսին, Որ նույն Ինքը կատարյալ է Աստվածությամբ և նույն Ինքը կատարյալ է մարդկությամբ, ճշմարտապես Աստված է և նույն Ինքը ճշմարտապես մարդ` բանական հոգով ու մարմնով: Ըստ Աստվածության համագո է Հորը և նույն Ինքն ըստ մարդկության համագո է մեզ. ըստ ամենայնի նման է մեզ` բացի մեղքից: Որ հավիտյաններից առաջ Հորից ծնվել է ըստ Աստվածության և նույն Ինքը վերջին օրերին մեզ և մեր փրկության համար Աստվածածին կույս Մարիամից [ծնվել է] ըստ մարդկության:

Մեկ և նույն Քրիստոսը` Տեր Որդին Միածին, որ երկու բնությունների մեջ իմացվում է անշփոթաբար, անփոփոխաբար, անբաժանապես և անանջատապես: Բնությունների տարբերությունը միության պատճառով բնավ չի վերանում, այլ յուրաքանչյուր բնության հատկությունն առավել պահպանվում է և մեկ Դեմքի ու մեկ Անձի մեջ միավորվում: Որ երկու դեմքերի չի մասնատվում կամ բաժանվում, այլ մեկ և նույն Որդին միածին` Բանն Աստված Տեր Հիսուս Քրիստոսը, ինչպես որ ի վերուստ մարգարեները Նրա մասին, և Ինքը` Հիսուս Քրիստոսը մեզ խրատեց և Հայրերի հանգանակը մեզ ավանդեց»

Այսպիսով տեսանելի է, որ ուղղափառ Քրիստոսաբանությունը կուռ մի համակարգ է, որը կառուցված է՝ որպես անկյունաքար ունենալով մարդու փրկագործության հրամայականը: Կոորդինատների մի համակարգ է, որի կետը մարդու փրկագործությունն է և թեոսիսը՝ աստվածացումը: Մեղքի պատճառով ընկած ու հիվանդացած մարդու վերականգնումն ու բժշկումը, որը կայանում է Աստծո հետ վերամիավորվելու մեջ, պահանջում է գոյաբանական մի միջնորդի, որն իրենով կկամրջի Աստծուն ու մարդուն: Մարդացյալ և մարմնացյալ Աստվածորդին՝ Հիսուս Քրիստոսը, լինելով կատարյալ Աստված և կատարյալ Մարդ, դառնում է հենց այդ Միջնորդը: Հանձին Նրա մարդկային բնությունը միավորվում է Աստծո հետ, մաքրվում մեղքից, սրբվում, փրկագործվում ու աստվածանում՝ հասնելով իր գոյության նպատակին: