Եվրոպան գնահատելու է ոչ այնքան Եկեղեցուն շնորհված դիրքը, որքան խղճի և դավնանքի ազատության իրականացումը:

  • 17/07/2014
  • Օլեգ Կիսիլևով

  • Կրոնագետ, Ուկրաինա

– Հարգելի Օլեգ. Կպատմեք մի փոքր Ձեր գիտական գործունեության և գիտական մոտեցումների մասին:

– Իմ գիտական հետաքրքրությունները բացառապես կապված են կրոնագիտության հետ`սկսած տեսական, մեթոդաբանական հիմնախնդիրներից, վերջացրած, օրինակ, կրոնի  ապամասնավորեցման հիմնախնդրով: Եթե խոսենք, ավելի կոնկրետ, ես իմ շատ գործընկերների մոտ ասոցացվում եմ էկումենիզմի թեմայի հետ, քանի որ այն իմ գիտական թեզի թեման էր, որի շուրջ ես նաև հրապարակել եմ մի շարք մենագրություններ: Թեկնածուական ատենախոսության պաշտպանությունից հետո, ես որոշ ժամանակ թողել էի այն, բայց հիմա կրկին վերադառնում եմ դրան: Ի դեպ, իմ ընդիմախոսներից մեկը գտնում էր, որ այն ավելի շատ վերաբերում է կրոնի սոցիոլագիային, քան կրոնագիտությանը: Սակայն, բազային փիլիսոփայական կրթությամբ կրոնագետի համար դժվար է զբաղվել կրոնի սոցիոլոգիայով, թեպետ իմ մի քանի գործընկերների հետ մասնակցել եմ նաև մի շարք սոցիոլոգիական հետազոտությունների: Դրանցից են` Կիևում ուսանողների ազգային և կրոնական հանդուրժողականության, բողոքական հոգևոր հաստատությունների ուսանողների աշխարհայացքի և մուսուլմանների քաղաքացիական դիրքորոշումների ուսումնասիրությունները: Որոշ բազային հիմքերի հետ ես ծանոթացա Ուկրաինայի ԳԱԱ Սոցիոլոգիայի ինստիտուտի Սոցիոլոգիայի բարձրագույն դպրոցում:
Երկու տարի առաջ ես ուսումնասիրում էի Ուկրաինայի միջուղղափառ հարաբերությունները և պատրաստել էի ձեռնարկ այդ թեմայով, բայց դեռևս ժամանակը չի բավարարում այն ավարտին հասցնել:

– Հաճախ կրոնական ուղղությունները բաժանվում են ավանդական և ոչ ավանդական տիպերի: Ինչպե՞ս է իրավիճակը այս առումով Ուկրաինայում:

– Սկսեմ օրենսդրությունից: Ուկրաինայում օրենսդրական մակարդակով նման տարանջատում չկա, մեզ մոտ բոլորը այս հարցում հավասար են:
Դրան ինչ որ առումներով նպաստում է նաև այն, որ «ավանդական» եկեղեցի հասկացության հետ մեզ մոտ ասոցացվում են 4 եկեղեցիներ: Դրանք են` ուկրաինական ուղղափառ եկեղեցին (Մոսկվայի պատրիարքության միաբանության հետ), Ուկրաինայի ինքնավար գլխավոր ուղղափառ եկեղեցին, Կիևյան պատրիարքության ուկրաինական ուղղափառ եկեղեցին (վերջին երկուսը Մոսկվայի պատրիարքության կողմից դիտվում են որպես «պառակտվածներ», «հերետիկոսներ») և Ուկրաինայի հունա-կաթոլիկական եկեղեցին (արևելյան ծիսակարգի կաթոլիկական եկեղեցի): Բացի վերոնշյալներից, մի շարք կրոնական ուղղություններ և համայնքներ ևս կարող են հավակնել «ավանդականի» դիրքի` հրեաները, մուսուլմանները, բապտիստները, լյութերականները, բողոքականները և այլն:

– Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում «ավանդական» եկեղեցիների և պետությունների համագործակցության մեջ, որն այսօր լայն տարածում է գտել հատկապես հետխորհրդային պետություններում: Ու՞նի այդ համագործակցությունը ապագա:

– Տվյալ պահին Ուկարաինայի պետությունը ունի կրոնական համայնքների խաղաղասիրական գործունեության և ներուժի կարիքը: Ցավոք, եթե պաշտոնական մակարդակով բոլոր եկեղեցիները դատապարտում են ռազմական գործողությունները Ուկրաինայի արևելքում, ապա որոշ մասանվոր հոգևորականներ ակնհայտ պաշտպանում են ահաբեկիչներին:

Այս դեպքում ես նկատի ունեմ ոչ միայն հոգևոր աջակցությունը, այլ նաև ռեսուրսային: Հոգևորականներն իրենց տեղերում քիչ են նպաստում, որ ինչ-որ կերպ հակամարտությունները լուծվեն խաղաղ մակարդակով, իսկ նրանցից ոմանք, ընդհակառակը, փաստացի նպաստում են իրավիճակի սրացմանը: Եթե այս հարցը տրվեր մեկ տարի առաջ, կամ Դոնբասում հակամարտությունների կարգավորումից հետո, ես կպատասխանեի, որ գոյություն ունի մի հզոր սոցիալական ոլորտ, որտեղ հնարավոր է պետության և եկեղեցու համագործակցությունը: Խոսքը մանկատների աջակցության, այն քաղաքացիների առոջության վերականգնման կամ խնամքի հարցերում, որոնց համար բժշկությունն անզոր է կամ պահանջում է հսկայական ծախսեր: Գործում են հաշմանդամների, տարեցների, դատապարտյալների, թմրամոլների ու հարբեցողների օգնության բազմաթիվ եկեղեցական ծրագրեր: Պետքէ գիտակցել, որ եկեղեցիներն ակտիվ են հատկապես այն ոլորտներում, որտեղ պետությունը գրեթե ոչինչ չի անում, սակայն պետք է որ անի: Ուրեմն, ինչո՞ւ պետությունը չպետք է աջակցի կրոնական կազմակերպությունների սոցիալական գործունեությանը` ստեղծելով բարենպաստ օրենսդրական, ինչպես նաև, ֆինանսական դաշտ` նրանց գործունեության համար:

– Ձեր կարծիքով, կրոնը ժամանակակից աշխարհում իրականացնո՞ւմ է աշխարհայացքային, մշակութային, հասարակական և այլ արժեքների ձևավորման գործառույթ:

– Այս հարցին միանշանակ պատասխանելը շատ դժվար է, քանի որ մենք չենք կարող խոսել կրոնի կամ աշխարհի` որպես առանձին ամբողջականությունների մասին: Այս պարագայում տեղին է Շմուել Էյզենշտադի «բազմաթիվ արդիականությունների» մասին հայեցակարգը:

Ուրեմն, հարցին պատասխանելով ես ավելի շատ կխոսեմ քրիստոնեության մասին մի կողմից, Արևմտյան քաղաքակրթության ու հետխորհրդային տարածքի մասին` մյուս: Կրոնը ժամանակակից աշխարհում հաճախ է օգտագործվում որպես նույնականացման չափանիշ: Մարդը կարող է մի կողմից վարել բացարձակ աշխարհիկ կյանք, ընդ որում ունենալով «կրոնական վինեգրետ» պատկերացումներ, բայց իրեն համարել ուղղադավան, կաթոլիկ կամ բողոքական: Ուկրաինայում օրինակ, դա վերաբերում է ավելի շատ ուղղափառներին, քան մյուս կրոնական ուղղություններին: Մեզ մոտ ավելի շատ խոսում են նույնականացման մասին, քան եկեղեցական պատկանելության: Գոյություն ունեցող կրոնական նույնականացումը կարող է բնավ կապ չունենալ աշխարհայացքի, արժեքների և մշակույթի հետ: Շատ ակնառու է այս առումով «Pew Research Forum»-ի հետազոտությունները հենց ինքնակողմնորոշման վերաբերյալ: Հռոմի Պապ Ֆրանցիսկի նկատմամբ ամերիկացիների վերաբերկմունքի հետազոտությունները փաստում են, որ կարելի է լինել կաթոլիկ, բայց չկիսել եկեղեցու գործող սոցիալական ուսմունքը և պահանջել դրա փոփոխություն (օրինակ` սեռական փոքրամասնությունների, հղիության արհեստական ընդհատումների, էվթանազիաների հարցով):

– Ինչպե՞ս է դրսևորվում կրոնի և գիտության բազմադարյան հակամարտությունը Ուկրաինայում այսօր:

– Կրկին բարդ հարց: Նորից պետք է ավելի կոնկրետ կրոնին անդրադառնանք և ավելի կոնկրետ գիտությանը: Ընդհանուր առմամբ, կրոնական և գիտական հանրությունների միջև բաց հակասություններ չեն դրսևորվում: Շատ հոգևորականներ անմիջական առնչություն ունեն գիտության հետ, պաշտպանում են գիտական թեզեր` աշխարհիկ գիտական ուղղություններով: Մի շարք դասընթացներ, հատկապես եկեղեցու պատմության հետ կապված, անմիջականորեն խրախուսվում են պաշտոնական կառույցների կողմից: Օրինակ, Լվովի կաթոլիկական համալսարանում խորապես ուսումնասիրվում է հռոմեական կաթոլիկության պատմությունը խորհրդային շրջանում, անմիջականորեն արխիվային փաստաթղթերի ու հարցազրույցների ուսումնասիրությունների միջոցով (բանավոր պատմություն, oral history)

Իհարկե կա որոշ հակասություններ` արարչագործական և էվոլյուցիոնիստական տեսությունների կողմնակիցների միջև: Հետաքրքիր է, որ առաջինները համառորեն պնդում են, որ երկուսն էլ պետք է հավասարապես դասավանդվեն դպրոցներում: Իմ կարծիքով նրանք դեռ չեն հանգել ինչ որ վերջնարդյունքի: Այլ է խնդիրը կրթական ոլորտում և գիտական կադրերի պատրաստման հարցերում: Մի կողմից եկեղեցիները հասել են աստվածաբանության պաշտոնական դիրքի հաստատման, այսպես, այն ներառված է որպես մասնագիտություն փիլիսոփայական գիտությունների շարքում, որի ուղղությամբ կարելի է պաշտպանել գիտական թեզ և ստանալ գիտական աստիճան: Փորձ արվեց նույնիսկ բացել գիտական խորհուրդ, բայց Ուկրաինայի ԳԿՆ այն թույլ չտվեց: Աստվածաբանության պետական ասպիրանտուրա և դոկտորատուրա կա, բայց այն վճարովի է և դրանց համար բյուջետային տեղեր չեն հատկացվում:

– Կրոնագիտության տեսանկյունից ինչպես կհիմնավորեք Հայաստանի ԶԼՄ-ներում վերջերս հայտնված այն լուրը, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդների մասնակցությամբ տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկում, որին մասնակցել է նաև ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը (http://www.ilur.am/news/view/31709.html#sthash.Nlw0MkN0.dpuf): Շատերի կարծիքով, սա Սահմանադրական «Պետությունը անջատ է եկեղեցուց» դրույթի խախտում է, որն իրենց թույլ են տալիս երկու կողմն էլ: Ձեր կարծիքով,  ի՞նչ գործոններ կարող են նպաստել դրան այն երկրում, որը որդեգրել է և´ ժողովրդավարություն, և´ ԵՄ ինտեգրացիայի ընթացք: Սա ժողովրդավարություն է, թե կրոնապետության ստեղծման նախապայման:

– Ինձ համար անկեղծորեն դժվար է մեկնաբանել Հայաստանի իրավիճակը, որովհետև չեմ տիրապետում բավարար տեղեկությունների: Եթե ասենք ընդհանրացված, մի կողմից Եվրոպայում չկա համընդհանուր ընդունված մոդել պետական և եկեղեցական հարաբերությունների: Կան պետական կրոններ Իսպանիայում, Իտալիայում, Հունաստանում և կա այսպես կոչված առանձնահատուկ մոդելը, այսինքն, եկեղեցու և պետության խիստ անջատված են` ինչպես Ֆրանսիայում է: Ուկրաինայում Սահմանադրությամբ նույնպես ամրագրված է եկեղեցու պետությունից անջատ լինելը: Մի շարք փորձագետներ ասում են, որ դա չի նշանակում, որ եկեղեցին ու պետությունը չեն կարող չհամագործակցել և փաստորեն առաջարկում են ներմուծել կոոպերատիվ մոդելը:

Ըստ էության պետական եկեղեցու գոյությունը չի հակասում դեմոկրատական պետության կառուցմանը: Սակայն, հետևելով զարգացման միտումներին, դեմոկրատացման ընթացքում  եվրոպական շատ պետություններ հրաժարվեցին պետական եկեղեցիներից, որը փաստորեն դարձավ ավելի սիմվոլիկ: Որպեսզի հիմնավորեմ, նշեմ, որ 2000թ.Շվեցիան մերժեց Շվեցիայի Լյութերական եկեղեցուն տալ պետական դիրք, իսկ Հունաստանում արդեն 10 տարի է այս հարցը քննարկվում է:

Այլ հարց է, թե ինչո՞ւ է Հայ առտաքելական եկեղեցին միջամտում այս հարցում: Ըստ էության ցնցող ոչինչ այստեղ չկա: Եկեղեցիները միշտ էլ ակտիվ մասնակցում են պետություն և եկեղեցի հարաբերություններին վերաբերող հարցերին, ավելի քան` միջպետական կամ տնտեսական: Մյուս կողմից սակայն, պետք է լինի նաև հասարակական կամ քաղաքական հակաուժ, որը կպաշտպանի պետության աշխարհիկության սկզբունքը, և սա ևս նորմալ է:

Ամեն դեպքում, Եվրոպան գնահատելու է ոչ այնքան Եկեղեցուն շնորհված դիրքը, որքան խղճի և դավնանքի ազատության իրականացումը, որն առաջին հերթին ենթադրում է կրոնական խտրականության բացառում: Եթե Հայ առաքելական եկեղեցուն տրվի ավելի շատ ազատություններ և իրավունքներ` ի հաշիվ մյուս կրոնական կազմակերպությունների իրավունքների և ազատությունների սահմանափակման, ապա դրան անխուսափելիորեն կհետևի եվրոպական հանրության բացասական արձագանքը:

ԵՄ ինտեգրացիայի համտեքստում Հայաստանից կպահանջվի նվազեցնել նաև կրոնական կազմակերպության գրանցման համար անդամների մինիմալ քանակը: Եթե ես չեմ սխալվում դրա համար հիմա անհրաժեշտ է 200 անդամ, որը չհիմնավորված մեծ քանակություն է: Ուկրաինայում օրինակ անհրաժեշտ է ընդամենը 10 անդամ:

Արմինե Դավթյան
Հատուկ  religions.am կայքի համար