Կրոնական թշնամանքի քարոզ պատերազմական վիճակում

  • 10/06/2016
  • Արմինե Դավթյան     

– Պատերազմի ամենածանր փուլում «Իրավունք» թերթում մի նյութ (http://iravunk.com/news/1916 ) հրապարակվեց, որտեղ կասկած տակ դրվեց Հայաստանի կրոնական կազմակերպությունների անդամներ հայրենասիրությունը: Խոսքը վերաբերում էր ադրբեջանական «Կյանքի Խոսք» եկեղեցի անվանումը կրող կազմակերպության անդամի հայտարարությունն այն մասին, որ պետք է «վերադարձնեն» Ղարաբաղը: Թերթը դա կապեց Հայաստանում գործող «Կյանքի խոսք» եկեղեցու հետ և մեղադրեց դավաճանության մեջ: Ավետարանական եկեղեցու անդամ, protestant.am կայքի լրագրող Աշոտ Հովսեփյանն ասում է, որ դա առաջին դեպքը չի, որ նման մեղադրանքներ են ներկայացնում Հայաստանի բողոքական եկեղեցիների հանդեպ:

– Իսկապես սա առաջին դեպքը չէ, երբ դժվար պահերին հասարակության ուշադրությունն իրական խնդիրներից շեղելու նպատակով փորձ է արվում որպես «քավության նոխազ» ներկայացնել այս կամ այն կրոնական կազմակերպությանը: Ոմանք կարծում են, որ սա ընդամենը անտեղյակության արդյունք է: Սակայն իմ խորը համոզմամբ` սա նենգ դիտավորություն է: Գուցե դրա հեղինակները կարծում են, թե «ազգանվեր» գործ են անում, սակայն ազգի մի զգալի հատվածի նկատմամբ ատելություն ու թշնամանք քարոզելը չի կարող լավ հետևանքներ ունենալ: «Կյանքի խոսք» եկեղեցու մամլո խոսնակի սպառիչ ու հիմնավոր պատասխանն արդեն իսկ առկա է տարբեր լրատվամիջոցներում: Նշեմ, որ թե՚«Կյանքի խոսք» եկեղեցու, թե՚ Ավետարանական ընտանիքի մյուս բոլոր եկեղեցիների բազմաթիվ երիտասարդներ ու նաև տարեցներ այս պահին գտնվում են առաջնագծում, դրանց մի մասը ժամկետային զինծառայության մեջ են, մյուսները` որպես կամավորներ:

– Հայաստանում երկու կրոնական կազմակերպություն կա, որոնք զինվորական ծառայություն չեն անցնում` Եհովայի Վկաները և Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հոգևորականները: Որքան էլ առաջին հայացքից ոմանց համար տարօրինակ հնչի, հենց քրիստոնեության բողոքական ուղղությանը դավանող երկրներն են աչքի ընկնում ռազմական հաջողություններով, միաժամանակ հենց այդ երկրներում են առավել սկզբունքային կերպով մետենում Մարդու Իրավունքներին:

– Օգտվելով հասարակության անիրազեկությունից, հաճախ այնպիսի ապատեղեկատվություն է տարածվում, թե իբր բողոքական- ավետարանական եկեղեցիները խուսափում զինվորական ծառայությունից: Բողոքական եկեղեցիների բազմաթիվ հետևորդներ ապրիլյան պատերազմի առաջին օրվանից գտնվել են և այս պահին էլ գտնվում են առաջնային գծում: Ցավոք` ունենք նաև զոհեր: Ավետարանական-բողոքական եկեղեցիներից ոչ մեկի վարդապետությունում որևէ սահմանափակում չկա զինվորական ծառայությանը կամ պատերազմին մասնակցելու վերաբերյալ: Ընդհակառակը` բացարձակապես չի խարախուսվում կեղծիքի կամ կաշառքի միջոցով ծառայությունից խուսափելու երևույթը: Մենք, աչքի առաջ ունենալով Դավթի, Նեյեմիայի, Դանիելի, Գեդեոնի և ուրիշ շատ Աստվածաշնչյան հերոսների կերպարները, մեր որդիներին ու եղբայրներին օրհնելով ճանապարհում ենք բանակ և առաջնագիծ:

Ռազմական, տնտեսական, մարդու իրավունքների և այլ ոլորտներում բողոքական երկրների հաջողություններն անհերքելի են և պայմանավորված են բողոքական եկեղեցիների հավատարմությամբ աստվածաշնչյան սկզբունքներին` սեր, արդարություն, ազնվություն, մարդասիրություն և այլն: Բողոքական եկեղեցիներում մեծ ուշադրություն է դարձվում այս սկզբունքների քարոզչությանը: Այս եկեղեցիների հետևորդների համար առաջնայինը քրիստոնեավայել ապրելակերպն է` չգողանալ, չխաբել, անառակաբարո կյանք չվարել, նվիրվել կատարած աշխատանքին և այլն:

– Մենք հաճախ չենք կարողանում կողմնորոշվել, Հայաստանը Արևելք է, թե Արևմուտք: Մի կողմից որպես Արևմուտք մասնակցում ենք Եվրատեսիլին և ֆուտբոլի եվրոպական խմբում, մյուս կողմից արևմտյան արժեքների դեմ հաճախ է կարելի ելույթներ լսել: Կարծես թե Արևմուտքը և Արևելքը հենց մեր միջով են անցնում: Աշոտ Հովսեփյանը գտնել է «Արևելքի» կիզակետում` Իրանի մահապարտների բանտում` որպես բանտարկյալ: Բանտում, այն էլ մահապարտների համար նախատեսված, կյանքը իր կանոններն ունի: Այնտեղ ամեն ինչ բացահայտ է, առանց քաղաքակրթական շղարշի:

– Ինձ Իրան տարավ այն, ինչը մեր բազմաթիվ հայրենակիցների տանում է օտարություն՝ փող վաստակելու ցանկությունը: Իսկ Իրանում բանտում հայտնվելը դժվար բան չէ: Մի փոքր կասկած, մի սուտ մատնություն, մի բամբասանք, եվ կարող ես հայտնվել ճաղերի ետևում: Անկեղծ ասած, սա այն թեման է, որ ամեն անգման աշխատում եմ շրջանցել: Այդ պատճառով թույլ տվեք ավելի չմանրամասնել: Ինձ անմիջպես «տեղավորեցին» Քարաջ քաղաքի «Ղըզըլ Հեսար»  բանտի մահապարտների բաժանմունքում (2-րդ բաժանմունք): Չեմ կարող պնդել, դա ազգային, կրոնական կամ այլ խտրականության արդյունք էր, թե ոչ, բայց հայտնվեցի մահվան դատապարտված մոտ 300 անձանց հետ նույն բաժանմունքում: Ամեն ամիս կարող էին մինչև մեկ-երկու տասնյակ մարդու կախելու տանել: Սարսափելի բան է ապրել մարդկանց կողքին, ով գիտի, որ ամեն րոպե կարող են գալ իր ետևից և տանել կախելու: Կային մարդիկ, որ այդ ապրումներով կախաղանի էին սպասում արդեն 6-7 տարի: Մի աղվանստանցի կար՝ բաժանմունքի հավաքարարը, մահապատժի էր սպասում 19 տարի:

Սարսափելի է նաև նայել այն մարդկանց աչքերին, ում տանում են կախելու: Սարսափելի է, երբ տանում են կախելու մարդկանց, ում հետ հասցրել ես ընկերանալ, ճաշել, զրուցել, ու ամիսներ ես միասին անցկացրել:

Իրանի բանտում ես եղա մեկ տարի ութ ամիս, որից չորս ամսից ավել՝ մահապարտների բաժանմունքում: Իրանի բանտն առանձնահատուկ է նրանով, որ այնտեղ բացի իսկական հանցագործներից գտնվում են բազմաթիվ մարդիկ, ովքեր, օրինակ, չեն կարողացել ժամանակին վերադարձնել վերցրած պարտքը, մարդուն պատահաբար մարմնական ոչ ծանր վնասվածք են պատճառել և չեն կարողանում վճարել այսպես կոչված «արյան գինը», սիրահարվել են ամուսնացած կնոջը…

Ինձ հետ նստածների մեջ կար հանրահայտ դերասան, մի քանի սպորտսմեն, այդ թվում՝ Իրանի չեմպիոն արևելյան մարտաձևերից մեկում, նավթատար նավի նավապետ, գործարանի տնօրեն: Վերջինիս «հանցանքն» այն էր, որ համբուրել էր հիվանդանոցում իրեն այցի եկած իր քարտուղարուհու իննամյա աղջկա թուշիկն ու ասել էր՝ «Ի՜նչ անուշ բալիկ է»: Նրան մեղադրել էին աղջնակի նկատմամբ «սեռական ոտնձգության» մեջ և դատապարտել վեց ամսվա ազատազրկման: Երեք ամիս հետո պայմանականորեն ազատ արձակեցին:

Այս ամենն ասում եմ՝ ցույց տալու համար, որ Իրանի բանտը իսկապես կարելի է համարել Իրանի հասարակության հայելին: Այստեղ խտացված կերպով դրսևորված են արևելյան ողջ մշակույթն ու բարքերը: Ինձ վրա շատ բացասական տպավորություն թողեց կեղծավորությունն ու շողոքորթությունը: Բոլորը բոլորին քծնում էին, անկախ այն բանից, դրա կարիքը կար, թե ոչ: Պարսկերենում շնորհակալության փոխարեն համատարած ասում են՝ «ձեռքդ չցավի», «նոքյարդդ եմ», «մատաղդ եմ»: Կարող են սուտ երդվել անգամ Աստծով: Սուտ խոսելը չէր համարվում պարսավելի արարք: Կարող էին սուտ լացել, սուտ ծիծաղել:

Արևմուտքի նկատմամբ մեր թիվ մեկ մեղադրանքը նույնասեռության պաշտոնական ճանաչումն է: Իրանի բանտում նույնասեռականներին հարգում ու գնահատում էին. չէ՞ որ նրանց շնորհիվ բանտարկյալ տղամարդիկ «թեթև էին տանում» իրենց կանանցից երկարամյա բաժանումը: Սա ինձ համար անհասկանալի էր, աներևակայելի: Նույնասեռականների «ծառայություններից» օգտվում էր անգամ պահակախումբը:

Մայրենի լեզվի նկատմամբ տիրում էր ահավոր անփույթ վերաբերմունք: Ֆիրդուսու, Հաֆեզի, Խայամի գեղեցիկ լեզուն թողած, մարդիկ պատիվ են համարում օգտագործել հնարավորինս շատ արաբերեն բառեր: Արաբերեն՝ քանի որ դա Ղուրանի ու Մուհամեդի լեզուն է:

Պետք է ցավով նշեմ, որ շատերն անկեղծորեն ծարավ էին արդարության ու ջերմ մարդկային հարաբերությունների: Երբ ես կիսվում էի քրիստոնեության մասին իմ այն ժամանակվա սուղ գիտելիքներով, ոմանք երանությամբ նայում էին ինձ ու երանի տալիս քրիստոնյաներին:

Ի դեպ, կրոնական անհանդուրժողականությունն իշխանությունների կողմից ահռելի չափերի է հասնում: Շատ քաղաքացիներ, իշխանություններին հաճոյանալու նպատակով նույնպես հայհոյում են այլադավաններին՝ գյավուրներին: Ինձ երբեմն զգուշացնում էին, թե զգույշ մնամ, շատ «չգովազդեմ» քրիստոնեությունը, թե չէ կարող են պատժել և անգամ կախել: Փառք Աստծո, բանը դրան չհասավ:

Հայաստանում, որտեղ ավետարանական-բողոքական եկեղեցիների նկատմամբ հաճախ կարելի է լսել անհանդուրժողական հայտարարություններ, ես հաճախ հիշում եմ Իրանն ու զուգահեռներ անց կացնում… Արևելքի ու արևմուտքի սահմանագծում գտնվելը մեզ մեծ հնարավորություն է ընձեռում երկու կողմերից ընդունել դրականը և կիրառել մեր երկրում: Սակայն իրականում հաճախ հակառակն է տեղի ունենում՝ մեծ պատրաստակամությամբ յուրացնում ենք բացասականը ու համառորեն մերժում ենք դրականը:

– Արևմտյան մշակույթում ամենաաններելի մեղքերից մեկը համարվում է սուտ խոսելը, հատկապես եթե նման բան իրեն թույլ է տալիս հրապարակային դեմքը, առավել ևս պետպաշտոնյան, կամ էլ լրատվամիջոցը: Դա չի ներվում: Հայաստանում սուտ խոսելը սովորական երևույթ է: Գուցե Արևելք-Արևմուտք հիմնական ջրբաժաններից մեկը հենց սուտ խոսելն է:

– Ես ուղիղ կապ եմ տեսնում ստի նկատմամբ անհանդուրժողականության և քրիստոնեության միջև: Հատկապես քրիստոնեական այն երկրներում, որտեղ մեծ թիվ են կազմում բողոքականները, սուտն ու կեղծիքը չեն կարող խարախուսվել: Բացատրությունը պարզ է. բողոքական եկեղեցիներում Աստվածաշունչը, աստվածաշնչյան սկզբունքները ընթերցվում և քարոզվում են ոչ թե մեռած ու անհասկանալի լեզուներով (լատիներեն, գրաբար, հին հունարեն), այլ բոլորին հասկանալի, տվյալ երկրի մայրենի լեզվով: Բողոքական եկեղեցիներում մեծ ուշադրություն է դարձվում բուն քարոզչությանը, ավետարանչությանը: Չգողանալը, չստելը, ուրիշի ունեցվածքը չցանկանալը և այլ պատվիրանների պահպանելը յուրաքանչյուր քրիստոնյայի սրբազան պարտքն է: Իհարկե, այսօր Արևմուտքում նույնպես նկատվում են որոշակի շեղումներ քրիստոնեական բարոյականությունից, սակայն ստի նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքն արդեն խորը արմատներ է գցել նրանց էության մեջ:

– Վերևադառնանք «Իրավունք» թերթի հոդվածին, երբ հանուն «հայրենասիրության» ստի հիման վրա փորձ է անում մեղադրանքներ ներկայանել մյուս կրոնական կազմակերպություններին: Նման բաներ պարբերաբար են տեղի ունենում: Շատերի համար հանուն ինչ-որ «վեհ» նպատակի արդարացվում է սուտը: Այս երևույթը մենք տեսնում է մեր պետության բոլոր բնագավառներում, քաղաքական կյանքում, նաև կենցաղում: Հավատացյալ մարդը կամ եկեղեցու հոգևորականը` հովիվը, քահանան, եպիսկոպոսը, կաթողիկոսը «հանուն բարձր նպատակների» ասված սուտը քրիստոնեական հավատքի առումով կարո՞ղ է արդարացված լինել: Եվ արդյո՞ք մեր աշխարհիկ կյանքի թերությունները սկիզբ չեն առնում հոգևոր ինստիտուտների թերություններից:

– Սուտն ամեն դեպքում մնում է սուտ և ոչ մի պարագայում ոչ մի արդարացում չի կարող ունենալ: Առավելևս, երբ այն հնչում է հոգևորականի շուրթերից: Ինքն իրեն հոգևոր մարդ համարողը պետք է քրիստոնեական բարոյականություն քարոզի ոչ միայն խոսքերով, այլև առաջին հերթին սեփական ապրելակերպով:

Առավել պարսավելի է ստի այն տեսակը, որ կոչվում է դեմագոգիա: Այս զազրելի երևույթը հաճախ է կիրառվում կրոնական կազմակերպությունների նկատմամբ թշնամանք տարածելու նպատակով: Դրա վառ օրինակն է բավականին թարմ մի ասուլիս (http://aysor.info/am/news/39876 ), որով կրկին փորձ է արվում հասարակական գիտակցությունում ստեղծել «ներքին թշնամու» կերպար և մարդկանց համոզել, որ բոլոր «աղանդավորականները», որոնց թիվը մի քանի հարյուր հազար է, հրաժարվում են ծառայել բանակում:
Շահարկելով այն փաստը, որ «Եհովայի վկաները» գերադասում են այլընտրանքային զինծառայությունը (այլ ոչ թե ընդհանրապես խուսափում են զինծառայությունից), և նրբանկատորեն շրջանցելով այն փաստը, որ զինծառայությունից ազատվում են Առաքելական եկեղեցու սպասավորները, այդ ասուլիսում հերյուրանքներ էին հնչում «աղանդավորների» հասցեին առանց հստակեցնելու, թե ում նկատի ունեն «աղանդ» ասելով: Սրանով դաժան ատելություն է սերմանվում նաև քրիստոնեական ավետարանական-բողոքական եկեղեցիների հետևորդների նկատմամբ:  Ընդ որում, այդ չարաբաստիկ «աղանդ» բառը ոմանք սուպերմենի այնպիսի խրոխտ կեցվածքով են արտաբերում, կարծես շեռլոկհոլմսյան խորաթափանցությամբ մի աշխարհակործան դավադրություն են բացահայտել:

Այսպիսի զավեշտալի ստերով ավետարանական ընտանիքի եկեղեցիների հետևորդների նկատմամբ ատելություն սերմանելը վտանգավոր և կործանարար երևույթ է մեր պետության համար»: