ՀՀ օրենքը ՀՀ և Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին

  • 03/05/2013

Համարը ՀՕ-80-Ն
Սկզբնաղբյուրը
ՀՀՊՏ 28.03.07./17(541) Հոդ.359
Ընդունման վայրը
Երևան
Ընդունող մարմինը
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը
22.02.2007
Ստորագրող մարմինը
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը
14.03.2007
Վավերացնող մարմինը
Վավերացման ամսաթիվը
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը
07.04.2007

Ընդունված է 2007 թվականի փետրվարի 22-ին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1.
Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձնահատուկ հարաբերությունները:

Հոդված 2.
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին

1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին` որպես ազգային եկեղեցի` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կենտրոնով, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների նվիրապետական աթոռներով, և նրա բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

2. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում:

Հոդված 3.
Ամենայն Հայոց Կաթողիկոսը

Հայաստանի Հանրապետության Նախագահը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գլուխ ընտրված Ամենայն Հայոց Կաթողիկոսին շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ:

Հոդված 4.
Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը

Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների կարգավորման սկզբունքները սահմանված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, ընդհանուր հարաբերությունները՝ ,Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և միջազգային պայմանագրերով, իսկ առանձնահատուկ հարաբերությունները` որպես պետության և նրա կողմից ազգային ճանաչված Եկեղեցու հարաբերություններ, սույն օրենքով:

Հոդված 5.
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ժառանգությունը

1. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմական, հոգևոր, մշակութային և վավերագրական ժառանգությունը ազգային ինքնության հենքի կարևոր և անբաժանելի մասն է:

2. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմական, հոգևոր, մշակութային և վավերագրական արժեքների` պետական սեփականություն հանդիսացող հատվածը կարող է օտարվել կամ պահպանման վայրից փոխադրվել՝ այդ մասին նախապես տեղեկացնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն: Այդ արժեքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` խորհրդակցելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ:

Հոդված 6.
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտամունքային կառույցները

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի կառուցելու վանքեր, եկեղեցիներ և պաշտամունքային այլ շինություններ, գործող դարձնելու պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող վանքերն ու եկեղեցիները: Պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցիների և պաշտամունքային այլ շինությունների պահպանությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և Հայաստանի Հանրապետությունն իրականացնում են համատեղ:

Հոդված 7.
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող մշակութային հաստատությունները

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սեփականությունը և ազգային մշակութային ժառանգության բաղկացուցիչ մասը հանդիսացող մշակութային հաստատությունների, հավաքածուների, թանգարանների, գրադարանների, արխիվների պահպանության և հարստացման համար պետական աջակցության ծավալն ու նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է տվյալ տարվա պետական բյուջեի նախագծով` նախապես այն քննարկելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ:

Հոդված 8.
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերակատարությունը կրթական ոլորտում

1. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի`

1) հիմնելու կամ հովանավորելու նախադպրոցական հաստատություններ, տարրական, միջնակարգ և ավագ դպրոցներ, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում.

2) մասնակցելու պետական կրթական հաստատություններում ,Հայ Եկեղեցու պատմությունե առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը և դպրոցներին ներկայացնելու այդ ուսուցիչների թեկնածությունները.

3) պետական կրթական հաստատություններում կամավոր ուսումնական դասընթացներ կազմակերպելու՝ օգտագործելով դրանց շենքերն ու ռեսուրսները՝ այդ հաստատությունների հետ համաձայնեցնելով դասընթացների իրականացմանն առնչվող խնդիրները.

4) նպաստելու հասարակության հոգևոր կրթությանը կրթական հաստատություններում՝ օրենքով սահմանված կարգով:

2. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ստեղծած ուսումնական հաստատությունները պետք է ստանան այն աջակցությունը, որը պետությունը ցուցաբերում է մասնավոր հաստատություններին:

3. Պետությունը երաշխավորում է կրոնական կրթության իրավունքի իրացումը՝ կամավորության հիման վրա:

4. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտոնական հաղորդագրությունները զանգվածային լրատվության միջոցները հրապարակում են անփոփոխ:

Հոդված 9.
Ամուսնությունների գրանցումը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև ստորագրված համաձայնագրով սահմանված կարգին համապատասխան, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու` կանոնական ծեսով իրագործած ամուսնություններն ու հռչակած ամուսնալուծությունները:

Հոդված 10.
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեխնամ գործունեությունը
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի ունենալու մշտական հոգևոր ներկայացուցիչ հիվանդանոցներում, մանկատներում, տուն-ինտերնատներում, զորամասերում, ազատազրկման վայրերում, ներառյալ` քննչական մեկուսարաններում:

Հոդված 11.
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարկումից ազատ եկամուտները

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի կազմակերպելու հասարակական դրամահավաքներ և ստանալու նվիրատվություններ ու ընծաներ, որոնք ազատ են հարկումից:
Հարկումից ազատ են նաև ծիսական նշանակության առարկաների ու պարագաների արտադրությունը և իրացումը:

Հոդված 12.
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և իրավապահ մարմինների հարաբերությունները
Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է եկեղեցական խոստովանության գաղտնիությունը: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորական-խոստովանահայրը` որպես վկա, չի կարող հարցաքննվել այն հանգամանքների մասին, որոնք նրան հայտնի են դարձել խոստովանության ժամանակ:

Հոդված 13.
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությունը այլ երկրներում

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, որպես ազգային եկեղեցի, որը գործում է նաև այլ երկրներում, գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո՝ միջազգային իրավական նորմերին համապատասխան:

Հոդված 14.
Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ
Ռ. Քոչարյան

2007 թ. մարտի 14
Երևան
ՀՕ-80-Ն