Դեկտեմբերյան զրադաշտական տոները 

Միհրի տոնը նշվում  է դեկտեմբերի 20-ից  21-ը

Միհրը (Mithra) արդարադատության հովանավորն է` ճշմարտության խորհրդանիշ Աշիի ամենատես աչքը: Միհրը խորհրդանծում է արևը կամ  ավելի ճիշտ` արևի ճառագայթները, որոնցից անկարող է թագնվել Սուտը: Նա հետևում է պարտքերի վճարմանը, կարգուկանոնին, ներդաշնակության ու հավասարակշռության հաստատմանը: Միհրը պահպանում է օրենքը, իրականացնում է արդարադատություն և անհնար է նրան կաշառել կամ նրանից խուսափել:

Միհրը կարգավորում  է ոչ միայն հասարակության, այլև տիեզերական կարգուկանոնը: Նա տերն է լայնածավալ արոտավայրերի ու ջրային ավազանների ու նրա շնորհիվ են գալիս անձրևներն ու աճում բույսերը: Միհրը բազմաթիվ քաջագործություններ է կատարել: Նա ամեն տարի սպանում է չարը խորհրդանշող հզոր ցուլին, որը սակայն ամեն տարի նորից վերակենդանանում է:

Միհրը տառապյալ մարդկանց հովանավորն է, պաշտպանում է նրանց աղետների ժամանակ, բայց փոխարենը պահանջում է բարեպաշտ ապրելակերպ ու բարոյականություն: Փոխարենը մահվանից հետո բարեպաշտներին պարգևատրում է հավիտենական լույսով:

Զրադաշտականները այս օրը վառում են 21 կրակ:

Դեկտեմբերի 21-ի, լույս 22-ի գիշերը Զրադաշտ մարգարեի տոնն է:

Ձմեռային արևադարձին, երբ արևը դուրս է գալիս Աղեղնավորի համաստեղության նկատմամբ 30 աստիճան անկյան տակ, նշվում է Զրադաշտ մարգարեի տոնը: Նա է առաջին անգամ քարոզել միաստվածություն, սակայն Աստված մշտական պայքարի մեջ է չար ուժի` Ահրիմանի հետ:

Ըստ Զրադաշտի ուսմունքի`կա միայն մեկ Աստված`Ահուրա Մազդան, որին մարդկությունը պետք է ուղղի իր խնդրանքներն ու բարեխոսությունները  և կատարի  գոհաբանություններ: «Ահուրա Մազդա» անունը  նշանակում է «Իմաստուն տիրակալ»: Նա մեղմ ու բարեգութ Աստված է, որը միշտ խղճում է մարդկանց ու պատրաստ նրանց օգնության հասնել: Նա չի միջամտում Բնության օրենքներին, որոնք հենց Ինքն է ստեղծել: Իմաստուն Տիրակալը մարդկանց պատվիրել է միշտ լինել զգոն և հետևել երեք պատգամներին` Բարի Միտք, Բարի Խոսք և Բարի Գործ:

Մարգարեի ուսմունքի համաձայն`արարչագործությունը երկու հակաբևեռ ուժերի փոխազդեցության ծնունդ է, կամ չար ու բարի հոգիների, որոնց համապատասխանաբար  անվանել է` Սպենտա և Անգրա: Նրանք էլ կառավարում են աշխարհի բոլոր գործողությունները:

Ավանդաբար այդ օրը թխում են լոշիկներ, որոնց մեջ դրվում են գուշակության տեքստերով թղթեր` գատաներ: Այդ օրը երգում են Զրադաշտին նվիրված հիմնը ու վառում 17 կրակներ` մարգարեի աշակերտներիր թվին համապատասխան: