Ինչ էլ լինի, եկեղեցին չպետք է բաժանվի. Նիսի պառակտված համայնքը միավորվում է

  • 25/10/2017

armchurch.info

Ինչպես հայտնի է՝ վերջին տասը տարիներին Ֆրանսիայի Նիս քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին գործում էր ինքնագլուխ, թեմից անկախ, ինչը բազում խնդիրների տեղիք էր տալիս համայնքում, գործը հասել էր մինչեւիսկ դատական քաշքշուկների: Ֆրանսիայից եկած լուրերը վկայում են, որ Նիսի խնդիրները հարթվում են, եւ եկեղեցին որոշել է միանալ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմին:

«Հայ Ձայն»-ն այս առիթով կապ հաստատեց Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի հետ: Առաջնորդ սրբազանը մանրամասներ հաղորդեց իրավիճակի մասին: Նա հաստատեց, որ Նիսում կատարվող դեպքերն այսօր դրական ընթացք ունեն: «Ֆրանսիա փոխադրվելուց հետո իմ մոտեցումն այն եղավ, որ հայ ազգի զավակներն իրենց ունեցած հարցերը դատարաններում չէ, որ պիտի լուծեն: Այլ ուզեցի, որ այս ճանապարհը որդեգրենք ու համերաշխությամբ, սեղանի շուրջ նստելով լուծենք մեր հարցերը: Ուստի շեշտը դրեցի դրա վրա, կապ հաստատեցի Նիսի պառակտված խմբի հետ, երկխոսություն սկսեցինք եւ արդյունքում պարզվեց, որ մարդիկ համաձայն են, որ ետ դառնան մեր եկեղեցու գիրկը եւ շարունակեն գործել իբրեւ Ֆրանսիայի թեմի ծուխ: Երեք տարվա ժողովներ եղան, եւ այդ ժողովների հիմնական կետն այն էր, որ բոլորն էլ համաձայն են, որ միանան, բաժանված խումբը վերադառնա եւ թեմի մաս դառնա: Հիմա դրանից հետո դժվար շրջանն է սկսվում, պետք է տեսնենք, թե այսուհետեւ ինչպես պիտի լինի՝ ի վերջո տասը տարվա պայքար է եղել, դատական վեճեր են ընթացել, իրար դեմ հոդվածներ են գրվել, համայնքը երկու խմբի է բաժանվել, միմյանց հայհոյել են, ոմանք այս պառակտման հետեւանքով զրկված են իրենց խորանից, դպրոցից»,-«Հայ Ձայն»-ի հետ զրույցի ընթացքում ասաց Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդը:

Ամբողջական տեքստ