Երևանի «Նոր սերունդ» ավետարանական հավատքի քրիստոնյաների եկեղեցի

  • 12/02/2017

Երևանի «Նոր սերունդ» եկեղեցին ավետարանական հավատքի քրիստոնյաների եկեղեցի է: Այն որպես կրոնական կազմակերպություն գրանցվել է 2002 թվականին, թեև իր արմատներով և գործունեությամբ ունի ավելի վաղ պատմություն (http://newgeneration.am/church/history.html):

«Նոր սերունդ» եկեղեցու ծնունդն ու կայացումը արդյունք է նրա այսօրվա առաջնորդ հովիվ Տիգրան Թադևոսյանի և դրա հիմնադիր անդամների հոգևոր վերածննդի, Աստծո որոնումների, ապաշխարության, հոգևոր կյանքի իմաստի փնտրտուքների ոչ դյուրին ուղու հետ:
«Նոր սերունդ» եկեղեցու ծնունդը Երևանում չի եղել որևէ մեկի ծրագրավորման կամ մտահղացման արդյունքը: Այն ունի բնական ծագման և զարգացման պատմություն, ինչպես այն ամենը, ինչ ստեղծվում է Վերին նախասահմանության կողմից:
«Նոր սերունդ» եկեղեցին մասն է կազմում Հիսուս Քրիստոսին որպես Տեր և Փրկիչ ընդունող Ընդհանրական Եկեղեցու: Եկեղեցու դավանաբանական հիմքը կանոնական Սուրբ Գիրքն է՝ Աստվածաշունչ մատյանը, որը եկեղեցու համար բարձրագույն հեղինակություն է, Աստծո ամբողջական ու անփոփոխ հայտնություն:

Եկեղեցու հավատքի հիմքը.

1. Եկեղեցին հավատում է.

· որ միայն և միայն Աստվածաշունչն է ճշմարիտ Աստծո Խոսքը (2 Տիմ. 3:16, 2 Պետ. 1:20-21),
· եռամեկության ուսմունքին՝ Հայր, Որդի Հիսուս և Սուրբ Հոգի (Ծննդ. 1:26, Մթ. 28:19, 3:16-17),
· որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է: Երկրի վրա Նա ներկայացավ և՛ որպես ճշմարիտ Աստված, և՛ որպես մարդ: Նա միակն էր, ով ապրեց առանց մեղքի (Հովհ.1:1, 1:14, 20:28 և 1 Տիմ. 3:16),
· որ կույս Մարիամը ընդունեց Աստծուց Հիսուս Քրիստոսին՝ Սուրբ Հոգու միջոցով: Նրան անվանում են Աստծո Որդի, որովհետև Նա ծնվեց Աստվածային Սուրբ Հոգուց (Մթ. 1:18, 1:20, Ղուկ. 1:35),
· որ Քրիստոսը բնակվում է բոլոր հավատացյալների մեջ: Քրիստոնյան այն մարդն է, ով խնդրում է Տեր Հիսուս Քրիստոսին մտնել և բնակվել իր սրտում: Քրիստոնյայի հույսը արդարացված է այն ամենով, ինչ արեց Քրիստոսն իր համար. Նա մահացավ, թաղվեց և հարություն առավ մեռելներից (Հովհ. 14:17, 14:2, 1:12, 15:14),
· որ խաչի վրա մահանալուց երեք օր հետո Հիսուս Քրիստոս հարություն առավ մեռելներից: Կգա ժամանակ, երբ Հիսուս Քրիստոսին բոլոր հավատացողները նույնպես հարություն կառնեն, որպեսզի ստանան իրենց պարգևը՝ հավիտենական կյանք երկնքում` Աստծո մոտ (Ղուկ. 24:36, 24:39, 1 Կորնթ. 15:42, 15:44),
· որ Երկինքը բոլոր հավատացյալների հավիտենական բնակության վայրն է (2 Կորնթ. 5:1, 1 Պետրոս 1:4),
· որ բոլոր մեղավորները իրենց երկրային կյանքից հետո պետք է դատվեն Աստծո կողմից և ուղարկվեն դժոխք (Եբր. 9:27, Մթ. 25:41),
· որ Հիսուս Քրիստոսը գալու է երկիր երկրորդ անգամ՝ Իր Արքայությունը հաստատելու համար: Նրա գալուստը տեսանելի է լինելու բոլորին: Կատարվելու օրը և ժամը Խոսքում չի բացված (Հայտն. 1:7, Գործք. 1:9-11),
· որ Հիսուս Քրիստոսի ծառայության ընթացքում եղել են բազմաթիվ բժշկություններ: Հիսուսն Իր աշակերտներին հրամայեց նույնն անել: Սա նշաններից մեկն է, որն ուղեկցում է հավատացյալներին (Մթ. 8:16-17, Գործք. 8:6-7, Մկ. 16:17-18):

2. Եկեղեցին ընդունում է.

· Մեղքի մերժումը, որը յուրաքանչյուրի ձգտումն է դեպի Հիսուս Քրիստոսը, Նրա անունով մեղքերի թողության ընդունումը (Գործք. 2:38, 3:19),
· Սրբացումը, որը կատարյալ նվիրման պրոցեսն է Աստծուն, որպեսզի նմանվենք Քրիստոսին (1 Թես. 4:3, 5:23),
· Փրկությունը, որը Հիսուս Քրիստոսին, Նրա մահվանն ու հարությանը հավատալով է: Փրկությունը Աստծո պարգև է, այն մեր բարի գործերով չէ և ոչ էլ մարդկային ձեռքբերումներով (Գաղ. 2:16, Տիտ. 3:5):
· Հիսուսի արյունը, որ թափվեց Գողգոթայի խաչի վրա և մաքրում է մեզ բոլոր մեղքերից: Հիսուսը վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը (1 Հովհ. 1:7, Հայտ. 1:5, 5:9),
· Ջրի մկրտությունը. Աստծո Խոսքն ասում է` նրանք ովքեր հավատում են Տեր Հիսուս Քրիստոսին, պետք է մկրտվեն ջրով՝ Հիսուս Քրիստոսի անունով (Մթ. 28:19, Հովհ. 1:26, Գործք. 2:38): Մկրտվել կարող են բոլոր չափահաս, գիտակից մարդիկ, ովքեր ապաշխարում են իրենց մեղքերից և հավատում են Հիսուս Քրիստոսի մահվանն ու հարությանը՝ հանուն մարդկության փրկության: Ջրի մկրտությունը կատարվում է եկեղեցու սպասավորների կողմից՝ ջրի մեջ ամբողջությամբ ընկղմվելով, այլ հավատացյալների ներկայությամբ:
· Խորհրդավոր Ընթրիքը հիշողության հատուկ ժամանակ է Աստծո ներկայության մեջ: Հացը և գինին խորհրդանշում են Հիսուս Քրիստոսի մարմինը և արյունը (1 Կորնթ. 11:23-25, Մկ. 14:22-25): Սուրբ հաղորդությունը իրականացնում են հովիվները կամ, նրանց բացակայության դեպքում, այլ ավագ ծառայողներ:
· Սուրբ Հոգու մկրտությունը և օտար լեզուներով խոսելու պարգևը – Տրված է Պենտեկոստեի օրը: Սա խոստմունք էր Հորից, որը կատարվեց Հիսուս Քրիստոսի հարությունից հետո՝ եկեղեցու ամրության և Ավետարանը ամբողջ աշխարհում քարոզելու համար: Նրա նպատակը հավատացյալների ամրապնդումը և անհավատներին նշաններ ցույց տալն է: (Գործք. 2:17, 2:38-39, Մկ. 16:17)

«Նոր սերունդ» եկեղեցու գործունեության նպատակն է՝ քրիստոնեական արժեքների տարածումը հասարակության մեջ, մարդկանց հոգևոր լուսավորությունն ու աջակցությունը` մեղավոր ապրելակերպից հրաժարվելու, խաղամոլությունից, թմրամոլությունից և այլ կախվածություններից ազատվելու, ընտանիքները վերականգնելու հարցերում:

Աստված եկեղեցու շատ անդամների ճակատագրերում կատարել է վերածննդի հրաշք և նորոգել, իմաստավորել նրանց կյանքը:
Նախկին օրինախախտները դարձել են աստվածային շնորհքով և օրենքով ապրող քաղաքացիներ: Միավորվել են քայքայված, ամուսնալուծված ընտանիքներ: Կախվածությունների ծանր բեռի տակ ճգնող երիտասարդ տղամարդիկ և կանայք ազատվել են մոլուցքներից ու վերականգնել իրենց կյանքն ու ընտանիքը: Բազմաթիվ հիվանդներ իրենց հավատի շնորհիվ և Աստծո զորությամբ բժշկվել են ծանր և անբուժելի հիվանդություններից:

Եկեղեցին նպաստում է առողջ ընտանիքների ձևավորմանը, առողջ սերնդի դաստիարակությանը ու քրիստոնեական մշակույթի զարգացմանը:

Մենք հավատում ենք, որ Աստված օգնում է հասարակության հոգևոր վերականգնման դժվարին խնդրի լուծմանը:

«Նոր սերունդ» եկեղեցին քաջալերում է ծառայությունը ազգային բանակում, կրթությունը պետության կողմից հավատարմագրված ուսումնական հաստատություններում, ընդունում է պաշտոնական բժշկությունը, աղոթում է պետության իշխանությունների համար, որպեսզի իրենց գործունեության ընթացքում առաջնորդվեն քրիստոնեական արժեքներով և արդարությամբ:

Երևանի «Նոր սերունդ» եկեղեցին մասն է կազմում միջազգային «Նոր սերունդ» շարժման, որը Ռիգայի բազային եկեղեցու հետ միասին ընդգրկում է 200-ից ավելի եկեղեցի` աշխարհի 15 երկրներում:
«Նոր սերունդ» միջազգային շարժումն աճում է նոր եկեղեցիների բացման շնորհիվ, ինչպես նաև, իր շարքերը համալրում է արդեն գոյություն ունեցող եկեղեցիներով, որոնք ընդունում ու ցանկանում են միանալ «Նոր սերունդ» շարժման տեսիլքին և հայտնություններին:

Սոցիալական գաղափարախոսության հիմքն է. «Ծառայել Աստծուն` նշանակում է ծառայել մարդկանց, ծառայել մարդկանց` նշանակում է ծառայել հասարակությանը, ծառայել հասարակությանը` նշանակում է ծառայել պետությանը»: