Ի՞նչ հիմքով է կրոնական կազմակերպության ներկայցուցչությանը գերակայող դիրք շնորհվում

  • 17/04/2015
  • Արմինե Դավթյան

  • մանկավարժ, դասախոս

– Տիկին Դավթյան, ԿԳ նախարարը հայտարարելել է, որ Մայր Աթոռի հետ փոխադարձ համաձայնությամբ Երևանի Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցը հանձնվել է եկեղեցու ենթակայությանը: Որո՞նք են հանրակրթական հաստատությունը կրոնական կառույցի կառավարմանը հանձնելու կրթական և իրավական հիմքերը:

– Կրթության ոլորտի խնդիրներն ուսումնասիրելիս հաճախ ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ նախարարությունը ոչ թե աշխատում է օրենքի սահմաններում գործընթացների կառավարում իրականացնել, այլ ստեղծել ու գտնել այնպիսի երկիմաստ ձևակերպումներ, որոնց միջոցով հնարավոր կլինի շրջանցել արդեն ամրագրված օրենքները: Զավեշտալի է, սակայն ակնառու է թեկուզ այս դպրոցի օրինակը: Հասկանալի է, որ աշխարհիկության սկզբունք որդեգրած հանրակրթության պայմաններում նման որոշման արդարացման համար նախ անհրաժեշտ էր օրենսդրական «հող» նախապատրաստել, ինչը հմտորեն կատարվել է, գործընթացին հնարավորինս իրավական երանգավորում հաղորդելով: Այսինքն. նախ դպրոցը պետական ոչ առևտրային կազմակերպությունից վերակազմավորվել է հիմնադրամի, որպեսզի հնարավոր լինի օրենքի սահմաններում հանրակթության կառավարման մարմնի գործառույթները հանձնել համապատասխան կրոնական կազմակերպությանը:

Ըստ ՀՀ Կրթության մասին օրենքի` հանրակրթական դպրոցի կառավարման մարմիններն են` հիմնադիրը, այսինքն պետությունը`նախարարությունը, տարածքային կառավարման մարմինը կամ Երևանի քաղաքապետը, ապա խորհուրդը և հանրակրթական դպրոցի տնօրենը[1]Գ լ ու խ 6, Հանրակրթության կառավարման մարմինները եվ դրանց իրավասությունները
http://edu.am/index.php?id=3566&topMenu=-1&menu1=85&menu2=89&arch=0
: ՊՈԱԿ-ի կարգավիճակում, բնականաբար, դպրոցի ղեկավարումը եկեղեցուն հանձնելով լուրջ իրավական խախտում կարձանագրվեր: Ուրեմն ինչ, անհրաժեշտ էր փորձել գտնել իրավական ելքեր: Դրանցից մեկը Հիմնադրամի օրենսդրական կարգավորման կետերից օգտվելու հնարավությունն է, քանի որ Հիմնադրամի կառավարման մարինը համարվում է հոգաբարձուների խորհուրդը: Ուստի, ամենայն հավանականությամբ Քրիստոնեական դաստիարակության կենտորնի ջանքերի շնորհիվ և, բնականաբար, բարձրաստիաճան պաշտոնյաների աջակցությամբ, 2014-ին ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց Հիմնադրամի[2]https://www.e-gov.am/gov-decrees/item/24781/, որն էլ իրավունք է շնորհել եկեղեցուն դառնալ հանրակրթական հաստատության հիմնական կառավարող մարմինը:

ՊՈԱԿԻ- դեպքում դպրոցի ռազմավարական և տարեկան ծրագրերի հաստատումը, դպրոցի բյուջեի և դրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների ու դպրոցի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը, դպրոցի գույքի տնօրինման կարգի հաստատումը, դպրոցի խորհրդի նախագահի, տնօրենի և սույն կանոնադրությամբ սահմանված այլ մարմինների ընտրության ու նրանց լիազորությունների վերաբերյալ որոշումների ընդունումը, ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը, կառուցվածքի հաստատումը, դպրոցի հաստիքացուցակի հաստատումը, տնօրենի աշխատանքային պայմանների և տնօրենի թեկնածուի նկատմամբ պահանջների սահմանումը և այլ գործողությունների իրականացման իրավասու մարմիններ են համարվում հիմնադիրը, նախարարությունը, տարածքային կառավարման մարմինը կամ Երևանի քաղաքապետը, ապա խորհուրդը և հանրակրթական դպրոցի տնօրենը: Հիմնադրամի դեպքում այդ իրավասությունները շնորհվում են Հոգաբարձուների խորհրդին:

Դպրոցի կառավարումը, հիմնադրամի կանոնադրության համաձայն, ստանձնում է հոգաբարձուների խորհուրդը, բաղկացած է 7 անդամից, որի անհատական կազմը հաստատում է ՀՀ վարչապետը` ԳԿ նախարարի ներկայացմամբ: Դրա կազմում 4 անդամներ պետք է լինեն Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչները, մեկ անդամ` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի առաջադրմամբ, մեկ անդամ` մանկավարժական կազմից և մեկ անդամ` ծնողական խորհրդի կազմից[3]http://www.edu.am/DownloadFile/6941arm-soc-37-31.pdf:

Անհասկանալի համադրություն կարելի է տեսնել դպրոցի գործունեության հիմնարար սկզբունքների` ժողովրդավարության, մարդասիրության, հանրամատչելիության, թափանցիկության, անձի ազատ զարգացման, ինքնավարության և կրթության աշխարհիկ բնույթի պահպանման, ազգային և համամարդկային արժեքների զուգորդման և Հոգաբարձուների խորհրդում կրոնական կառույցի կողմից առաջադրված չորս անդամի գերակայության միջև:

Համոզված եմ, որ այլ կրոնական համոզմունքներով անդամ իհարկե չի կարող դառնալ խորհրդի անդամ, երբ 3-ը` 4-ի հարաբերակցությամբ մի կրոնական կառույցը գերակայող դիրքում է գտնվելու, պետության, քաղաքացիական հասարակության և մասնագիտական կազմի նկատմամբ: Այստեղից էլ կարելի է նշագծել լուրջ իրավախախտման տրամաբանություն, քանի որ հանարակրթությունը իրականացվում է աշխարհիկության սկզբունքով, ապա ի՞նչ հիմքով է կրոնական կազմակերպության ներկայցուցչությանը գերակայող դիրք շնորհվում, այն էլ պետական մարմնի կողմից: Եթե հիմք ենք ընդունում օրենքով ամրագրված մի դրույթը, ըստ որի եկեղեցին որոշակի արտոնություններ ունի իր միապետության սահմաններում, ապա այստեղ պետք է նկատենք, որ այդ սահամանները ևս անհասկանալի են:

Ի դեմս հոգաբարձուների խորհրդի` Եկեղեցուն է անժամկետ հանձնվել նաև դպրոցի գույքը տնօրինելու իրավասությունները:

– Ինչպիսի՞ խնդիրներ կարող են ծագել այս կարգի պետական որոշումներից:

– Առաջին խնդիրը, համոզված եմ, որ կծագի քաղաքացիների և երեխաների իրավունքներիր բնագավառում: Մեր տաս տարիների փորձն արդեն իսկ փաստում է, որ հանրակթության ոլորտում կրոնագիտական առարկաների ներմուծմամբ սկսվեցին ուսուցիչների զանգվածային ազատումներ, աշակերտների և նրանց ծնողների կրոնական համոզմունքների նկատմամբ ծաղրական, հալածական և խտրական դրսևորումներ: Հոմոզված եմ, որ դպրոցում կլինեն այլ կրոնական համոզմունքների ուսուցիչներ, երեխաներ ու ծնողներ: Ենթադրում եմ, որ նրանց կարծիքը ոչ ոք չի հարցրել նման որոշում կայացնելուց առաջ: Մեծ հարց է նաև, թե այսուհետ ի՞նչ է սպասվում նրանց:

Հավանական խնդիր է նաև հոգեբանական, բարոյական ճնշման միջոցով հավատաքննության իրականացումը, որից խուսափելու համար շատ այլ դավանանքի երեխաներ ու ծնողներ գտնում են իրենց կրոնական համոզմունքները թաքցնելու մեջ: Ծայրահեղ դեպքում տարբեր ճնշման միջոցներով փորձ է արվելու նրանց «դարձի» բերել, բողոքող և չհնազանդվող երեխաներին էլ իհարկե բոյկոտել, կամ դպրոցից հեռացնել: Իսկ ուսուցիչների կոնֆորմիզմի մասին խոսելն անգամ ավելորդ է: Երևի թե ամենաանսկզբունքային կոնտինգենտն է մնացել այսօր դպրոցում, ովքեր պատրաստ են ենթարկվել ղեկավարության անխտիր բոլոր հրահանգներին, գերադասելով պատերի տակ բողոքելը, միայն թե աշխատանքը չկորցնեն:

Իհարկե, նրանց էլ կարելի է հասկանալ: Մարդիկ տարիներով կրթվել ու ջանք են թափել ուսուցիչ դառնալու, դպրոցում աշխատանքի ընդունվելու համար: Սա հարցի մյուս կողմն է: Այլ հարց է, թե ի՞նչ իրավունքով են պետական վարչական մարմինները հավատաքննություն իրականացնում և աշխատանքից մարդկանց հեռացնում ոչ առաքելադավան լինելու համար:

– Արձանագրվե՞լ են նման դեպքեր:

– Դուք հարցրեցիք ի՞նչ խնդիրներ կարող են ծագել, և ես խոսեցի նախկին տարիների փորձից ենթադրվող խնդիրների մասին: Իհարկե, դեռևս նման դեպքեր այդ դպրոցում չեն արձանագրվել, սակայն, իմ կարծիքով, նման խնդիրներն անխուսափելի կլինեն:

Դպրոցի կրոնականացման քայլերն իրենցում ամփոփում են ոչ միայն օրենսդրական, իրավական, այլև լուրջ մանկավարժական, հոգեբանական, բարոյական խնդիրներ ու անհնար է չվնասեն աճող սերնդին, նրանց հոգևոր զգացումներն ու ապրումները: Իսկ ամենամեծ հեղինակազրկման վնասը կրելու է հենց ինքը` եկեղեցին: Չունենալով համապատասխան ռեսուրսներ կրթական հաստատության ղեկավարման համար, չբավարարվելով Հայոց եկեղեցու պատմություն առարկայի ներմուծմամբ, սեփականացնելով արդեն իսկ պետական հաստատությունները, նա մեծացնում է իր կողմից իրավախախտումների սահմանները, հավակնելով ղեկավարել իր միապետության սահմաններից դուրս գտնվող ոլորտներ ու կառույցներ: Իսկ պետությունը, փուլ առ փուլ, կորցնելու է իր կառավարման լծակները` երկիրը վերածելով կրոնապետության, կորցնելով վերահսկողության իր լծակները:

– Ինչ եք կարծում, ի՞նչ նպատակ է հետապնդում հանրակթական հաստատության կառավարման խորհրդում կրոնական ներկայացուցիչների ներառումը:

– Մենք շատ լավ հասկանում ենք, որ նպատակը կրոնական քարոզչության ընդլայնումն ու կրոնական վերահսկողության սահմանումն է:

Ի՞նչ եք կարծում, հոգևորականը կարող է դասավանադման մեջ պահպանել աշխարհիկության սկզբունքը` շրջանցելով իր կրոնական համոզմունքները: Քա՛վ լիցի: Ցանկացած կրոնական գործիչ զբաղվում է իր կրոնական համոզմունքերի կամ ուղղության քարոզչությամբ, նա կրթվում ու պատրաստվում է հենց դրա համար: Նա պատրաստված չէ գիտական տեսանկյունից ընկալելու երևույթները: Դրա վառ ապացույցն դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ նշանակված հոգևորորականի կողմից իմ թեկնածուական ատենախոսության վերաբերյալ ընդիմախոսական կարծիքի մեջ թույլ տված գիտական և մասնագիտական դիտողություններն են: Դրանցում նա միանշանակ է դիտարկել «ավագ դպրոցական տարիքն» ու «ավագ դպրոցը», «ուսուցում» և «դաստիարակություն» հասկացությունները և այլն: Հոգևոր դաստիարակության բազմաբաղադրիչ բովանդակային ներկայացմամբ աշխատանքում նա դիտարկել էր միայն կրոնական բաղադրիչը` շրջանցելով մտավոր, բարոյական, գեղագիտական և այլ բաղադրիչների համակարգվածության միտումը: Գիտական մոտեցումը գնահատվել է որպես «այլ կրոնական համոզմունքների արտահայտություն»: Իսկ ամենացավալին, որ նա գնահատել է հեղինակիս որպես « ոչ մասնագետ հոգևոր դաստիարակության»` բացառապես կրոնական չափանիշներով:

Եթե մանկավարժագիտական ուղիս սկսել եմ համոզվածությամբ, որ եկեղեցին պետք է մասնակցի հոգևոր արժեհամակարգում քրիստոնեական արժեքների ձևավորման գործընթացին` չթերագնահատելով դրա ազգային և մշակութային նշանակությունը, երկար տարիների փորձի արդյունքում փոխեցի իմ պատկերացումները ու այսօր ավելի քան համոզված եմ, որ եկեղեցին, հոգևորականը իրավասու են զբաղվելու հոգևոր գործունեությամբ, միայն իրենց համայնքի, նվիրապետության և իրենց կողմից հիմնած կրթական հաստատությունների շրջանակներում:

Եվ այսօր, առավել քան երբևէ, գտնում եմ, որ աշխարհիկության սկզբունքը անհրաժեշտություն է քաղաքացիական դաստիարակության հիմնախնդիրների լուծման համար: Այս մասին ես բազմիցս շեշտել եմ իմ հոդվածներում ու կրկին շեշտում եմ.

Հանրակրթությունը պետք է զբաղվի իր գործառույթներով, եկեղեցին` իր: Դրանք կարող են համագործակցել բացառապես չեզոք, այլ ոչ կրոնական դավանաբանության հարցերով: Եկեղեցու ցանկացած վերահսկողական, միջամտական, հավատաքննական, քարոզչական գործողություն լի է բացասական ու խնդրահարույց հետևանքներով, որոնք խախտում են յուրաքանչյուրիս ազատության իրավունքները, պետական օրենքներն ու Սահամանադրությունը:

 

religions.am

References   [ + ]

1. Գ լ ու խ 6, Հանրակրթության կառավարման մարմինները եվ դրանց իրավասությունները
http://edu.am/index.php?id=3566&topMenu=-1&menu1=85&menu2=89&arch=0
2. https://www.e-gov.am/gov-decrees/item/24781/
3. http://www.edu.am/DownloadFile/6941arm-soc-37-31.pdf