Եկեղեցին իրավունք չունի աշխարհիկացվելու

  • 05/08/2015
  • Հ. Եղիա Խաչատրյան

  • Աստվածաբանության մագիստրոս

– Հարգելի հայր Եղիա, հավատքին և եկեղեցուն տարբեր աշխարհայացք ունեցող մարդիկ տարբեր կերպ են մոտենում: Որոշ մարդկանց համար եկեղեցիները քաղաքական կառույցներ են, որոշների համար մշակութային կամ հասարակական: Խորը հավատք ունեցողների համար եկեղեցին առաջին հերթին Խորհուրդ ունեցող մարմին է: Տարբեր աշխարհայացքներ ունեցող մարդիկ գուցե տարբեր մոտեցումների պատճառով չեն կարողանում միասնական հարթության մեջ քննարկել իրենց հուզող հարցերը: Մասնավորապես` ո՞րն է եկեղեցու դերը հանրության կյանքում:

– Եկեղեցու մասին խոսելիս՝ նախ պետք է քննության առնենք նրա աստվածաբանական իմաստը, որից հետո կկարողանանք հասկանալ եկեղեցու դերը հանրության կյանքում։ Ինչպես տեղեկանում ենք Ավետարաններից, Քրիստոս իր երկրային առաքելությունը և տնօրինական խորհուրդները իրագործելուց հետո, որպես տրամաբանական շարունակություն և մնայուն ներկայություն իր նախաձեռնած գործունեության, ընտրեց իր առաքյալներին և մեկ առ մեկ ուղարկեց աշխարհի չորս կողմերը՝ քարոզելու փրկության բարի լուրը, մարդկանց ծանոթացնելու Ավետարանի պատգամներին, նրանց պատրաստելու Աստծո Արքայության մեջ հավիտենական կյանք ունենալուն։

Ավետարանչության և քրիստոնեացման դժվարին ճանապարհին, հակառակ բոլոր տեսակի հալածանքների, օրեցօր աճում ու բազմանում էին քրիստոնեական նորադարձ համայնքները։ Համայնքային կյանքը կազմակերպելու և ուղղորդելու համար համայնքի միջից ընտրում էին պատրաստված և արժանավոր քրիստոնյաներին՝ նրանց ձեռնադրելու սարկավագներ, քահանաներ և եպիսկոպոսներ, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր պարտականությունները։ Ձեռնադրության այս խորհուրդը կատարվում էր նախ առաքյալների, ապա նրանց հաջորդների՝ եպիսկոպոսների կողմից՝ համաձայն Քրիստոսից փոխանցված կրոնական իշխանության։

Հենց այդ քրիստոնյա ժողովուրդն էլ, իր աշխարհական և հոգևորական դասերով, կոչվում է եկեղեցի` էկլեզիա, որ հունարենից թարգմանաբար նշանակում է «ժողով»: Փաստորեն, եկեղեցու դերը հանրության կյանքում նույնն է նաև այսօր, ինչ որ էր իր հիմնադրման ժամանակ. քրիստոնյա դարձնել հեթանոս և անհավատ մարդկանց, օգնության ձեռք մեկնել կարիքավորներին, մարդկանց տալ ճշմարիտ աստվածաճանաչողություն՝ նրանց առաջնորդելով դեպի փրկություն տանող ճանապարհով, որն իրականանում է քրիստոնեական եկեղեցում հաստատված սրբազան Խորհուրդների և ուղղափառ վարդապետության միջոցով:

– Քրիստոնեական համայնքները սկզբնական շրջանում բավականին պարզ կառուցվածք ունեին, սակայն ժամանակի ընթացքում, ըստ շատ հետազոտողների` սկսած Կոստանդիանոս Ա Մեծի ժամանակաշրջանից, երբ քրիստոնեությունը պետական հովանավորություն ստացած, սկսվեց եկեղեցիների բյուրոկրատացման ժամանակաշրջանը: Պատահական չի, որ հետագայում հոգևորականները Աստծո և անհատի միջև միջնորդի դերակատարություն ստանձնեցին և այլև չէին ցանկանում Աստվածաշունչը մատչելի դարձնել հասարակ հավատացյալների համար: Պատահական չի, որ Ռեֆորմացիան սկսվեց Աստվածաշնչի ազգային լեզուներով թարգմանություններով և Աստծո ու անհատի առանց միջնորդի հաղորդակցման պահանջներով: Այսօր Հայ եկեղեցու շատ բարձրաստիճան հոգևորականներ ուղղակիորեն հայտարարում են. մի դատեք հոգևորականներին, դա ձեր գործը չի: Կամ էլ խորհուրդ են տալիս սնվել հոգևոր սննդով, երբ նյութական սննդի պակասություն են ունենում: Արդյո՞ք հավատքը և խորհուրդները չեն ծառայում նրանց ետևում թագնվելու և հանրության հետ ուղղակի առերեսվելուց խուսափելու համար: Դա իհարկե չի նշանակում, որ կասկածի տակ են դրվում  խորհուրդները կամ անխտիր բոլոր հոգևորականների վարքը:

– Դուք մի քանի հարցեր շոշափեցիք, որոնց կփորձեմ պատասխանել հերթականությամբ։ Բնականաբար, առաջին դարում քրիստոնեական համայնքները գտնվում էին դեռևս կազմավորման սաղմնային փուլում, ուստի դրանք շատ ավելի պարզ, մակերեսային տեսք ունեին։ Համայնքային գործունեության հետագա զարգացումները առավելաբար կրում էին վարչական-իրավական բնույթ, ինչը անխուսափելիորեն կախված էր նաև օրվա քաղաքական իշխանությունների տրամադրություններից։

Դրան զուգահեռ մեծ տեղ էր հատկացվում նաև դավանաբանական վեճերին՝ քրիստոնեական համայնքների ծոցում տարբեր դարաշրջաններում ի հայտ եկած հերետիկոսական ուսմունքների և հերձվածողական ձգտումների պատճառով։ Երբեմն հարկ էր լինում մեկտեղման հրավիրել բոլոր տեղական եկեղեցիների հայրապետներին՝ գումարելու Տիեզերական ժողովներ, որպեսզի վերջ դնեին այն ահագնացող եկեղեցական խռովություններին, որոնք ժանգի պես քայքայում էին համայնքների բնականոն ընթացքը։ Տիեզերաժողովները սովորաբար պսակվում էին ուղղափառության հաղթանակով և հերետիկոսությունների դատապարտումով։

Ինչպես իմ նախորդ պատասխանում նշեցի, եկեղեցականներին առաքելական հաջորդականությամբ և ձեռնադրության խորհրդով փոխանցվում էր Քրիստոսից եկող կրոնական իշխանությունը՝ եկեղեցական կյանքում խորհրդակատարություններ իրականացնելու և այդկերպ քրիստոնյաներին առ Աստված փրկության ճանապարհի վրա հաստատելու համար։ Սակայն Աստծո և անհատի միջև փրկության միջնորդը ոչ թե մարդն է, այս դեպքում՝ հոգևորականը, այլ Աստված Ինքն է՝ Իր միածին Որդու մարդեղությամբ և փրկագործությամբ։

Հոգևորականի միջնորդությունը միայն եկեղեցական խորհուրդների մատակարարման և փոխանցման մեջ է։ Ինչ խոսք, տարբեր ժամանակահատվածներում անհրաժեշտություն է զգացվում համայնքային կյանքի թերությունները սրբագրելու և եկեղեցու առաքելությունը թարմացնելու նկատառումով կատարել բարեկարգումներ՝ ծիսական, քարոզչական, հովվական և այլ ուղղություններով։ Առանց այսպիսի բարեկարգումների գնալով խորանալու են եկեղեցական կյանք սպրդած ախտերը, որոնք լուրջ արգելակ պիտի հանդիսանան համայնքների հոգեւոր առողջության հարցում։ Եկեղեցական բարեկարգումների անհրաժեշտությունը նաև կարող է լինել ժամանակի հրամայականը՝ առավել արդյունավոր դարձնելու ավետարանչությունը և մատչելիորեն տեղ հասցնելու Աստծո Խոսքի քարոզչությունը, որոնք եկեղեցու առաքելության հիմնական մասերն են հանդիսանում։

Գալով բողոքական շարժման նախաձեռնած ռեֆորմացիային՝ պետք է ասեմ, որ իրենց բողոքներում և դատողություններում, իհարկե, կային առողջ և ընդունելի տարրեր։ Մասնավորապես, Սուրբ Գրքի տարածմանն ու սերտողությանն ուղղված ջանքերը մեծապես գնահատելի են։ Սակայն զգույշ պետք է լինել, որպեսզի եկեղեցական ախտերի դեմ ընդվզումի մակերեսը չանցնի ողջամտության սահմանը։ Հակառակ դեպքում, վտանգը չափազանց մեծ է, որ այդ բողոքական շարժումը ամբողջությամբ կկտրվի եկեղեցու առաքելական հիմքից, սրբազան Ավանդությունից՝ հանդես գալով ինքնուրույնաբար և հիմք դնելով նոր հերձված(ներ)ի։

Դեռ չեմ խոսում վարդապետական այն շեղումների մասին, որոնք հեշտությամբ հերետիկոսությունների դուռ կարող են բացել։ Եկեղեցու կյանքի առողջացման համար մղվող պայքարը պետք է մնա եկեղեցում և դուրս չգա նրա սահմաններից։ Այսօրվա եկեղեցական մեր իրականությունը ևս կարիք ունի բարեկարգումների։ Սա նշանակում է, որ առաջին հերթին պետք է հզորացնել եկեղեցու հոգևոր կողմը, հատկապես զարկ տալ վանականությանը։ Մենք այսօր լուրջ խնդիր ունենք եկեղեցական առողջ կադրերի, որն անմիջականորեն աղերսվում է հոգևորականների պատրաստության կարևոր հարցին։ Եթե կարողանանք ճեմարաններում ապահովել հոգևոր մթնոլորտ, սերմանել հավատքի գիտակցություն, համայնքին նվիրվածություն, ապա մի քանի տարի հետո ցանկալի արդյունք կունենանք հոգևորականների նոր սերնդում։

Ձեր ակնարկած բարձրաստիճան եկեղեցականներից շատերը սովետական սերնդի ներկայացուցիչներ են։ Թեև չի բացառվում, որ նրանց թվում էլ երբեմն կարող են լինել արժանավոր և ճշմարիտ հոգևորականներ: Բայց ինձ համար առավել մտահոգիչն այն է, որ եկեղեցական վերնախավի հոգևոր գաղջ վիճակը աստիճանաբար նորմալ և օրինաչափ է ընկալվում եկեղեցական շրջանակներում։ Ուստի տիրապետում է համընդհանուր հանդուրժող, չասելու համար՝ ստրկամիտ վերաբերմունք նման ճահճացած միջավայրերի նկատմամբ։

Ընդամենը երկու տարի առաջ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Սբ. Էջմիածնում գումարված Եպիսկոպոսական ընդհանուր ժողովի նիստերին հայտարարեց, որ եկեղեցին կվերածվի թանգարանի, եթե այն չբարեկարգվի՝ միաժամանակ ընդգծելով եկեղեցական բարեփոխումների այժմեականությունն ու կարևորությունը։ Մինչ օրս նկատելի տեղաշարժեր գրեթե չեն արձանագրվել այդ ուղղությամբ։ Եկեղեցական բարեկարգումները առաջին հերթին պետք է սկսել կադրային որոշակի փոփոխություններից, մոռացված ավանդությունների վերականգնումից, հոգևոր արմատներին մերձենալու պատրաստակամությունից։

Մենք շատ ենք հեռացել Ավետարանի ոգուց: Եկեղեցին իրավունք չունի աշխարհիկացվելու։ Եթե հասարակ քաղաքացին կրոնապետի և մնացյալ եկեղեցանների մեջ հավատքի ու սրբության կյանքը տեսնի, ապա ինքնաբերաբար կը մագնիսացվի դեպի հոգևոր աշխարհը և մտքով անգամ չի անցկացնի հոգևորականներին դատելու։ Հարկավոր է ճառերից գործի անցնել։ Ինչպես ժողովրդական առածն է ասում. «Խոսքով փլավ չի եփվի»: Ի տարբերություն հայկական իրականության՝ պատկերը բոլորովին այլ է Կաթողիկե և Ուղղափառ եկեղեցիներում:

– Դուք մի շատ կարևոր միտք ասացիք. «եկեղեցին իրավունք չունի աշխարհիկացվելու»: Դարձյալ բերենք Կաթոլիկ եկեղեցու օրինակը: Կաթոլիկ եկեղեցու պատմությունը լի է բազմաթիվ աղտերով և անօրինականություններով: Ընդամենը մեկ օրինակ բերեմ` Կաթոլիկ եկեղեցու Մեծ Սխիզման (Կաթոլիկ եկեղեցու պառակտումը)  հաղթահարելու համար Կոստանցայի Տիեզերական XVI ժողովի (1414-1418թթ) ժամանակ, ըստ տարեգիրների մոտ 7000  մարմնավաճառ էր տիեզերաժողքովը սպասարկում: Սիմոնականությունը, նեպոտիզմը և այլ շատ աղտեր կարելի է հիշել:

Շատ հետազոտողներ այդ այլասերումները բացատրում են Կաթոլիկ եկեղեցու աշխարհիկ իշխանության ձգտումներով: Եվ պատահական չի, որ երբ 1870-ին վերացվեց Պապական նահանգը և Կաթոլիկ եկեղեցին կորցրեց աշխարհիկ իշխանությունը, շատ աղտեր սկսեցին վերանալ: Ի՞նչ եք կարծում, այսօրվա Մայր Աթոռի աղտերը արդյոք պայմանավորված չեն աշխարհիկ և հոգևոր իշխանությունների սերտաճմամբ: Թվարկված նույն աղտերը այսօր բնորոշ են նաև Մայր աթոռին, որոնք չէին ծաղկում հենց Ձեր նշած սովետական ժամանակաշրջանում, որովհետև եկեղեցին այդ ժամանակ նման հնարավորություններ չուներ: Սովետական շրջանում, ըստ բազմաթիվ հետազոտողների, հիմնական արատը հատուկ ծառայությունների մուտքն էր եկեղեցի:

– Անկեղծ ասած՝ ինձ հասու չեն պատմական այն մանրամասնությունները, որոնք օրինակ բերեցիք Կաթողիկե եկեղեցու անցյալից։ Բոլոր դեպքերում, որքան էլ եկեղեցին ունենա աստվածային ծագում, չմոռանանք, որ այն նաև կազմված է մարդկային հասարակություններից, իսկ մարդը իր բնությամբ անկատար է, թեև ի սկզբանե այդպես չի ստեղծվել։ Եկեղեցական կյանքում մարդկային արատներից հնարավոր չէ իսպառ խուսափել, բայց կարևոր պայման է այդ ախտերը տեսնել, ցավալ և սրբագրել։ Այսօր մեր առջև հառնում է Կաթողիկե եկեղեցու ամբողջովին նոր՝ բարեկարգված պատկերը, ինչը հավատացյալ համայնքի կյանքում գրեթե մոռացության է մատնել անցյալի դառը հիշողությունները։

Այս հարցում անհամեմատ մեծ ավանդ ունի հատկապես ներկայիս Պապ Ֆրանչիսկոսը, որը, կարելի է ասել, հոգևոր հեղաշրջում մտցրեց Կաթողիկե եկեղեցու կյանքում՝ իր պարզությամբ, հաղորդականությամբ, համեստությամբ, լայնախոհությամբ և առաքելական եռանդով։ Եկեղեցիների աշխարհիկացումը ներկա դարի հոգևոր համընդհանուր ճգնաժամերից թերևս գլխավորն է։ Եկեղեցին ունի գործունեության իր տիրույթը, պետությունը՝ իրենը։ Մեկը մյուսին սերտաճելու կարիք չկա, քանի որ տարբեր են այդ երկու կառոյցների առաքելությունները։ Հայ եկեղեցու պատմությունը այնպես դասավորվեց, որ հայկական պետականությունը կորցրած ժամանակահատվածներում հայ ժողովրդի աշխարհիկ ղեկավարության, դատավարության պարտականությունները ևս տրվեցին եկեղեցուն։

Սա ինչ-որ առումով հասկանալի է, որովհետև ազգի գոյության ու պահպանության հարցն էր վտանգված։ Ուստ Հայ եկեղեցին ստանձնեց նաև աշխարհիկ իշխանությունների ղեկը։ Մինչդեռ այսօր, երբ մեր երկիրը վայելում է իր «անկախությունը», երկրի աշխարհիկ կառավարմամբ պետք է զբաղվի հայկական պետությունը՝ իրեն պատկան ենթակառույցներով։ Եկեղեցին էլ իր դիրքերի վրա պետք է մնա և գործի իր առաքելությունից բխող շրջանակներում։ Որպես ՀՀ քաղաքացիներ՝ ամեն մի եկեղեցական կարող է ունենալ իր քաղաքական կողմնորոշումը, բայց դա չպետք է արտահայտվի նրա եկեղեցական գործունեության մեջ։

Հիմնովին սխալ է, որ քաղաքական կուսակցությունները իշխեն եկեղեցուն։ Անընդունելի է, որ որևէ եկեղեցական լինի կուսակցական։ Ճիշտ չէ նաև, երբ եկեղեցին է միջամտում պետության գործերին, խառնվում քաղաքականությանը։ Սա չի նշանակում, թե աշխարհիկ իշխանավորները պետք չէ լինեն քրիստոնյաներ, կամ եկեղեցական դասը պետք է հակադրության մեջ լինի գործող իշխանությունների հետ։ Լայն առումով՝ Հայ եկեղեցին, առանց խտրություն դնելու, իր բարի հայացքի ու հոգևոր խնամքի ներքո պետք է պահի ամբողջական հայ ժողովրդի զավակներին՝ անկախ իրենց քաղաքական, կրոնական և աշխարհագրական շերտավորումներից։

Սփյուռքյան պայմաններում, երբ հայ ազգի մեծ հատվածը պատմական ցավալի դեպքերի բերումով գտնվում է օտարության գրկում և հոգևոր սննդին զուգահեռ կարիք ունի իր ազգային ինքնությունը պահպանելու, մեծ մասամբ հենվում է տեղի հայկական եկեղեցիների վրա, որոնք էլ իրականացնում են հայապահպանությանը միտված աշխատանքները։ Միևնույն ժամանակ անուրանալի է, որ Հայ եկեղեցին դարերի հոլովույթում լայնորեն նպաստել է նաև գիտության, դպրության և կրթության զարգացմանը՝ սկսած գրերի գյուտից, թարգմանական լայնածավալ գործունեությունից մինչև հայ պատմագրության վերելքը։

Գալով սովետական շրջանին, ճիշտ է, հավատքը անկում էր ապրում, աթէիզմի գաղափարախոսությունն էր իշխում, բայց դրանով հանդերձ, հասարակության մեջ բարոյականության համեմատաբար բարձր մակարդակ կար։ Այդ պատճառով էլ նվազ էին հասարակական ախտերը։ Սա մի տեսակ պարադոքս է, քանի որ բարոյականության աղբյուրը Աստված է, բայց այս դեպքում մի ամբողջ հասարակարգ մերժում էր Աստծուն իրենց կյանքում, սակայն որդեգրել էին հավատքի ավետարանական սկզբունքները, բարոյականության նորմերը։

Հիմա, երբ 24 տարի է՝ արձակված է Սովետի «զսպանակը», այդ նույն սովետական սերունդը բարոյական այլասերում է ապրում։ Սա նկատելի է ոչ միայն եկեղեցական, այլև հասարակական բոլոր ոլորտներում՝ քաղաքական, կրթական, առողջապահական և այլն։ Սա համահայկական ախտանիշ է դարձել։ Այս ախտերից մաքրվելու համար դուրս պետք է գալ անտառային հոգեբանությունից, եսակենտրոն մտածելակերպից և ունենալ ինչպես պետական, այնպես էլ եկեղեցական մտածողություն։ Կրոնական կամ քաղաքական անհատ գործիչները համընդհանուր շահը միշտ վեր պետք է դասեն սեփական հաշիվներից, որպեսզի կարողանան հոգալ ժողովրդի թե՛ հոգևոր և թե՛ նյութական կարիքները՝ կերտելու նոր սերնդի պայծառ ապագան։

Եկեղեցին և պետությունը իրենց վիճակված գործառույթներով՝ յուրաքանչյուրը պիտի զբաղվի իր առաքելությամբ։ Մյուս կողմից, հասարակությանը հուզող տարբերի խնդիրների շուրջ Մայր Աթոռը իր հստակ դիրքորոշումը պետք է հայտնի՝ առանց վախենալու, որ դրանով հնարավոր է հակադրվի քաղաքական որոշ ուժերի մոտեցումներին։ Կարծում եմ՝ մեր ժողովուրդը սա՛ է սպասում:

– Հայ հոգևորականների մեջ մի այսպիսի տեսակետ կա, որ պետությունը ժամանակավոր է, իսկ եկեղեցին հավերժ: Խոսքը գնում է հայկական պետականության մասին: Համենայն դեպս ոչ մեկ դեպք է եղել, որ հայ հոգևորականներն այդպես են արտահայտվել: Դա  հատվում է Գրիգոր Տաթևացու տեսակետներին, ըստ որի հայերը պետք է համակերպվեն քրիստոնեասեր, բայց ոչ քրիստոնյա տիրակալին և երկնային կյանքում պարգևատրվեն իրենց հեզության համար: Իմիջիայլոց ,Տաթևացին համարվում է Էջմիածնական միաբանների գլխավոր գաղափարախոսներից մեկը: Ի՞նչ եք կարծում, ժամանակը չի, որ եկեղեցին հստակեցնի իր տեսակետը հայկական պետականության հանդեպ:
Խոսքը գնում է աստվածաբանական ձևակերպումների մասին: Պատահական չի, որ Հայաստանի սահմանադրության մեջ նշվում է Հայ եկեղեցու ունեցած բացառիկ դերակատարության մասին հայ ժողովրդի կյանքում, իսկ Վրաստանի սահմանադրության մեջ նշվում է իրենց եկեղեցու բացառիկ դերակատարությունը Վրաստանի կյանքում: Մի դեպքում խոսքը ժողովրդի մասին է, մյուս դեպքում` պետության:

– Եթե հարցը դիտարկենք ժամանակավոր լինելու տեսանկյունից, ապա այս կյանքում ամեն ինչ է ժամանակավոր` ըստ քրիստոնեական վախճանաբանության ուսմունքի: Հավերժական ոչինչ չկա այս երկրագնդի վրա: Այլ հարց է, եթե մենք խոսում ենք Հաղթանակած եկեղեցու մասին, որն անվախճան է: Մեր մատենագիրներից հղումներ կատարելիս ես պիտի նախընտրեի բառացիորեն մեջբերել նրանց մտքերը, որպեսզի կարողանանք կոնտեքստի մեջ ճիշտ հասկանալ և մեկնաբանել տվյալ խոսքը:

Սբ. Գրիգոր Տաթևացին իր ժամանակի խոշորագույն աստվածաբանն էր, հմուտ փիլիսոփա, որի թողած կոթողային բազմաժանր երկերը մեծ դերակատարում են ունեցել Հայ եկեղեցու աստվածաբանական և գիտական մտքի ինքնուրույն զարգացման համար: Իշխանություններին հնազանդության կոչով հանդես է գալիս նաև Պողոս Առաքյալը իր նամակներում: Այս թեզը, կարծում եմ, պետք չէ ծայրահեղացնել և վերագրել բոլոր տեսակի իշխանություններին:

Վարքագրական տեքստերից տեղեկանում ենք, որ ժամանակի քրիստոնյաները չեն հնազանդվում կռապաշտ կայսրերի հրամաններին` նախընտրելով նահատակության ուղիով ընթանալ, քան թե կայսրերի հրամաններով զոհեր մատուցել չաստվածաներին: Ուրեմն, միշտ չէ, որ իշխանություններին հնազանդվելը բարի է: Հնազանդ կարելի է և պետք է լինել բոլոր օրինավոր իշխանություններին` լինի աշխարհիկ, թե կրոնական: Ընդհակառակը` անօրինական իշխանությունները, կաշառքով ընտրված, բախտի քմահաճույքով նշանակված ղեկավարները կարող են հեշտությամբ չարիքի վերածվել որևէ ժողովրդի համար, որին այլևս հնազանդվել անկարելի է:

Սա նման է մարմնի մեջ աճող քաղցկեղին, որին եթե հնազանդվենք, ապա ամբողջ մարմինը պիտի կործանենք, եթե չդիմենք վիրահատական գործողությունների: Անարդարությունների դեմ ընդվզելը, կեղծիքը մերժելը նույնքան քրիստոնեավայել են, որքան հանուն հավատքի նահատակվելը: Ինչ վերաբերում է հայկական պետականության մասին Հայ եկեղեցու հստակեցնելիք աստվածաբանական տեսակետներին, ինձ համար այնքան էլ հասկանալի չէ այս մոտեցումը, քանի որ պետականությունը ինքնին աստվածաբանական կատեգորիա չէ: Ուստի ինչպե՞ս կարելի է աստվածաբանական ձևակերպում տալ պետականությանը:

Մեզանում գրեթե միշտ հայ ժողովրդի հետ նույնացված են եղել հայկական պետականությունը և Հայոց եկեղեցին: Միջնադարում մինչև անգամ չի եղել «Հայ ժողովրդի պատմություն» և «Հայ եկեղեցու պատմություն» ջրբաժանը, որը գոյություն ուներ սովետական տարիներին, այլ եղել է Հայոց պատմություն, որտեղ խոսվել է և՛ հայոց պետականության, աշխարհիկ իշխանությունների և՛ Հայոց եկեղեցու, հոգևոր իշխանությունների մասին: Համենայն դեպս, այսպես են մեզ ավանդել հայ բոլոր պատմագիրնրը` սկսած Խորենացուց մինչև Հովհաննես Դրասխանակերտցի և այլոք: Գուցե սա նկատի ունենալով է, որ սահմանադրության այդ կետում տարբերակում չի մտցվել հայ ժողովրդի և հայկական պետականության միջև: Բայց այս հարցը ավելի շուտ իրավական հարթության վրա պետք է ուսումնասիրել, քան թե կրոնական:

– Հայ Եկեղեցին բացմիվ է քննադատվել այն գործիչների կողմից, որոնք ցանկացել են պայքարել անկախ պետականության համար: Դա հատկապես սուր դրսևորումներ է ունեցել 18-19 դդ. Սա հին վեճ է, որն այսօր նոր բովանդակություն է ստանում: Այսօր եկեղեցին քննադատվում է ժողովրդի վստահությունը չվայելող իշխանությունների կողքին կանգնելու և հանրային հարցադրումներից խուսափելու համար: Գուցե այս ամենը անցական է և պետք է մտածել հոգու փրկության մասին, սակայն հանրության մի զգալի հատված այսօր է ցանկանում ունենալ  արդարություն և պատրաստ է դրա կերտմանը մասնակցել: Սա, ըստ երևույթին, նույնպես դավանաբանական վեճ է: Գուցե կարելի է այդ տեսանկյունից էլ դիտարկել իրավիճակը: Տաթևացին էր կարծեմ ասում, որ Աստված մեզ փորձում է, որքան ավելի համբերող լինենք, այնքան ավելի լավ կպարգևատրվենք մյուս կյանքում: Սա շատ հարմար բանաձև է այսօրվա հոգևոր և աշխարհիկ իշխանությունների համար:

– Տաթևացու` համբերատարության մասին այդ խոսքը քրիստոնյայի միջանձնային հարաբերությունների մասին է: Նույնկերպ էլ, Սուրբ Գիրքը պատվիրում է չսպանել, ուրեմն պետք է հրաժարվե՞նք զինվորական ծառայությունից, ինչպես դա անում են Եհովայի վկաները: «Մի՛ սպանիր» պատվիրանը նույնպես վերաբերում է քրիստոնյայի միջանձնային հարաբերություններին: Հայ եկեղեցու ներկա խնդիրներն ու մարտահրավերներն իսկապես շատ են, և ես ի սրտե կցանկանայի, որ դրանք վաղ թե ուշ իրենց լուծումները գտնեն:

Այո՛, Հայ եկեղեցին, ավելի ճիշտ` էջմիածնական մի շարք եկեղեցականներ, այսօր անընդհատ հայտնվում են քննադատությունների թիրախում: Համացանցը, թերթերը, սոցիալական կայքերը հեղեղված են այդպիսի հրապարակումներով: Ես չգիտեմ մի որևէ այլ ժամանակաշրջան, երբ եկեղեցու նկատմամբ նման կարծր և ժխտողական կեցվածք որդեգրած լինի հայ ժողովուրդը: Սովետական տարիների մասին անդրադարձ ունեցանք սկզբում: Նույնիսկ սովետական անաստված ռեժիմի պայմաններում բավարար հարգանք կար եկեղեցու և եկեղեցականի նկատմամբ:

Բավական է միայն նշել, որ գրեթե յուրաքանչյուր հայի տանը, չհաշված կոմունիստ չինովնիկներին, կարելի էր գտնել երջանկահիշատակ Վազգեն Վեհափառի դիմանկարը, քանի որ այն որպես սիմվոլ էին դիտարկում: Հիմա հայերի շրջանակում անգամ այս տարրական հարգանքը չի մնացել ներկայիս հայրապետի և նրան շրջապատող եկեղեցական խավի նկատմամբ: Մեծերն ասում էին, որ սերն ու հարգանքը փոխադարձ են, և դրանք պետք է վաստակել:

Հիմա խեղճ ժողովուրդը ի՞նչ մեղք ունի, որ իր եկեղեցականներից ոմանց չի տեսնում հոգևոր բարձունքի վրա: Հայ բարձրաստիճան եկեղեցականների նկատմամբ քննադատությունները բազմակողմանի են` սկսած Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի զույգ պատրիարքներից, սակավաթիվ մտավորականներից մինչև տգետ ռամիկը և քաղքենի գիտունը: Երբեմն տեղին, երբեմն անտեղի, երբեմն առողջ, երբեմն չարակամ քննադատությունների ենք հանդիպում ամեն քայլափոխի: Ժողովրդի աչքից ոչինչ չի վրիպում, և հնարավոր էլ չէ փակել մարդկանց աչքերն ու բերանը: Անհապաղ պետք է ազատ երկխոսության գնալ հասարակության հետ, հաշվի առնել հանրային կարծիքը, առերեսվել սեփական հոտի հետ:

Ես բերեմ Ղպտի Ուղղափառ եկեղեցու օրինակը: Թավադրոս պատրիարքը, շարունակելով իր երջանկահիշատակ նախորդի` Շենուդա պատրիարքի բարի օրինակը, ամեն չորեքշաբթի Կահիրեի Սբ. Մարկոսի Մայր Տաճարում հանդիպում է իր ղպտի հավատացյալների հոծ բազմության հետ, երկուժամանոց քարոզ խոսում, ապա պատասխանում ներկաների բազմապիսի հարցերին: Եկեղեցականության և հասարակ ժողովրդի կապն այնքան սերտ է, որ կարծեք մի շաղախ լինի: Եվ ո՞վ իրեն թույլ կտա մի տգեղ խոսք հնչեցնել եկեղեցու, պատրիարքի և հոգևոր դասի հասցեին: Բացառված է, որովհետև իրենց հոգևորականները հոգևոր հայրություն են անում համայնքի անդամներին: Իսկ մեզանում ճիշտ հակապատկերն է: Ի՛նչ ասեք, որ չեն խոսում որոշ եկեղեցականների մասին: Հարկ է սրա՛ պատճառները գտնել և բուժել: Եկեղեցին միշտ պետք է կանգնի ճշմարտության կողքը` առանց խտրականություն դնելու իշխանությունների և ժողովրդի միջև:

 

religions.am