Հոգեւորականը պիտի Խիզախ լինի եւ չվախենայ արդարութիւնը պաշտպանելուց

  • 21/04/2015
  • Տէր Մարտիրոս Պէրպէրեան

  • 2014-ին կարգալույծ է հռչակվել

– Հարգելի Տեր Մարտիրոս. Հայաստանում այսօր եկեղեցու քննադատների թիվը կտրուկ աճել է: Կան կարծիքներ, որ եկեղեցին ճգնաժամի մեջ է, կան նաև կարծիքներ, որ խնդիրն ընդամենն անհատներն են:

– Իմ կարծիքով եկեղեցին ճգնաժամի մէջ չէ, այլ կարգ մը բարձրաստիճան եկեղեցականները սեփականացրել են եկեղեցին ու կառավարում են իրենց քմահաճոյքով, եւ այդ իսկ պատճարով ժողովուրդի մէջ կայ անհանդուրժողութիւն այս կառավարման ձեւի նկատմամբ։ Քննադատողները եկեղեցին չեն քննադատում այլ կարգ մը եկեղեցականները։

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նոյնինքն ժողովուրդն է, եւ ոչ թէ` եկեղեցականները, դժբախտաբար մեր ժողովուրդին մօտ սխալ հասկացողութիւն կայ, որ եկեղեցին պատկանում է հոգեւորականներուն, եւ պարզ ժողովուրդը կապ չունի եկեղեցին ղեկավարելու հետ, սակայն մեր եկեղեցին կերեւի աշխարհի հազուագիւտ եկեղեցիներէն է որ ժողովուրդը իր մեծ մասնակցութիւնը ունի եկեղեցուոյ կարավարման մէջ, սակայն այսօր բոլոր կանոնները ու օրենքները մէկդի դրուած են ու չեն գործադրուոմ։

Եթէ հոգեւորականը լաւ չի կատարում իր հայրական պարտականութիւնը, ժողովուրդը սկսում է քննադատել եկեղեցին, այս դէպքում պէտք է քննադատել հոգեւորականի վարքը (եթէ անշուշտ կան փաստեր) եւ ոչ թէ եկեղեցին։

Մեր ժողովուրդը պէտք է հասկնայ, որ ինքն է տէրը իր եկեղեցուոյ, ու ինքը տէր պիտի կանգնի իր եկեղեցուոյ, ինչպէս տէր կը կանգներ իր ընտանիքին։

Եկեղեցին ալ մի ընտանիք է, եւ հոգեւորականը այդ ընտանիքի հայրը, եթէ հայրը սխալ ճամբու մէջ է, ընտանիքի անդամները իրաւունքը ունին իրենց հօրը հետ խօսելու ու կարգի հրաւիրելու։

– Եկեղեցին գործում է որոշակի կանոնակարգի շրջանակներում: Այն քննադատւթյունը, որին ենթարկվում է այսօր եկեղեցին նոր չէ: 100, 500, 1500 տարի առաջ եկեղեցուն նույնպես քննարդատում էին: Մասնավորապես Մովսես Խորենացին , Փարպեցին, Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին և այլոք նույնպես քննադատում էին եկեղեցին: Գուցե ժամանակն է դուրս գալ անձանց քննադատության ծիրից և փորձել ավելի լուրջ նայել այն խնդիրներին, որոնք պարբերաբար կրկնվում են մեր պատմության ընթացքում:

– Իմ հասկացողութեամբ, նախանձախնդիր Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցուոյ զաւակը, ոչ մի անգամ վատ իմաստով չի քննադատեր իր հոգեւորականներուն, երբ հոգեւորականը չի գործում ինչպէս որ պէտք է գործէ, ըստ Սուրբ գրքի, այդ պարագայում, ժողովուրդը իր նախաձախնդրութենէ մղուած, շինիչ քննադատութիւն է անում։

Եթէ Հաւատացեալը տեսնում է սխալը, պէտք է արտահայտուի, որովհետեւ այսօր հաւատացեալ ժողովուրդի կարծիքը անտեսուած է, եւ ժողովուրդը, երբ նամակներով դիմում է ու պատասխան չի ստանում, ստիպուած, իր մտահոգութիւնները արտահայտում է թերթերու կամ սոցցանցերու միջոցաւ, իմ կարծիքով սա քննադատութիւն չէ այլ նախանձախնդրութեն է մղուած արտահայտում։

Քննադատութիւններ միշտ եղել են եւ պիտի լինեն, որովհետեւ արանց շինիչ քննադատութեան չենք կրնար առաջ գնալ, քննադատութիւնը միշտ դիմացինը զգաստ կը պահէ։

Եթէ քննադատութիւնները շինիչ են այդ շատ լաւ է: Սակայն, երբեմն, քննադատողներու նպատակը այլ է, կան քննադատողներ որոնք դէմ են Հայ եկեղեցուոյ եւ քննադատում են ամէն ինչ որ եկեղեցին է կազմակերպում կամ գործում, որովհետեւ իրենց նպատակը Հայ Եկեղեցին տկարացնել ու քանդելն է ։ Օրինակի համար աղանդաւորները միշտ քննադատում են մեր եկեղեցին ու հոգեւորակնութիւնը, իրենց նպատակը մեր եկեղեցին տկարացնել է եւ ոչ թէ բարեկարգելը, այդ նույն քննադատութեան ոճ էր 100, 500, 1500 տարի առաջ, երբ քննադատում էին Հայ եկեղեցին, որպէսզի տկարացնեն ու իրենց ազդեցութեան տակ պահեն մեր եկեղեցին ու ժողովուրդը, բոլորս ալ գիտենք, որ հզօր Եկեղեցին միշտ նեցուկ է ժողովուրդին ու պետութեանը, Բիւզանդիոնը միշտ ուզում էր, որ մենք Քաղկեդոնի ժողովը ընդունէինք, պատճառը բոլորս ալ գիտենք ինչու՞, որպէսզի իրենց տիրապետութեան տակ լինէինք։

Այո ժամանակն հասած է եւ կերեւի ալ քիչ մը ուշ է, որ մեր եկեղեցին բարեբոփումներ կատարէ` ժամանկի հետ քայլ պահելու համար, բայց առանց շեղուելու մեր եկեղեցուոյ Քրիստոնէական վարդապետութեն։

– 2009թ Մայր աթոռում տեղի է ունեցել Քահանայաց Ժողով, որտեղ դատապարտվել էր անձնապաշտությունը: Ի՞նչ եք կարծում, արդյոք անձնապաշտության մեջ նկատի չի ունեցվել սեփական կարծիք արտահայտելու արատավորությունը, հատկապես, երբ դա անում են հոգևորականները, առանց ենթարկվելու բարձրաստիճան հոգևորականների թույլտվությանը: Արդյոք հոգևորականն իրավունք ունի՞ սեփական կարծիք ունենալ, եթե այդ կարծիքը հակասում է եկեղեցու ղեկավարության կարծիքին: Հոգևորականը իրավունք ունի՞ ըմբոստանալու ավելի բարձրաստիճական հոգևորականի կարծիքին: Եթե այո, ապա ո՞ր դեպքում:

– Անձնապաշտութիւնը միշտ ալ դատապարտելի է, այստեղ երկու կարծիք չի կարող լինել։ Ինչ վերաբերվում է անձնական կարծիք արտահայտելու, ամէն մարդ իրաւունք ունի իր անձնական կարծիքը արտահայտելու համար, հրաման ստանալու կարիք չունի որեւէ մէկը, եթէ անշուշտ դա իր կարծիքն է, նույն է պարագան հոգեւորկանի դէպքում, եթէ ինքը իր անձնական կարծիքն է արտահայտում, ինքն ազատ է, բարձրաստիճան հոգեւորականի հրամանը պէտք չէ այս դէպքում։ Մենք ստրուկներ չենք, որ մեր կարծիքը չկարենանք ազատօրէն արտահայտել, բայց միշտ եղած են մարդիկ (Եւ այսօր ալ կան) որոնք, իրենց ղեկավարներուն հաճելի դառնալու համար, իրենց կարծիքը արտահայտելու տեղ իրենց ղեկավարի կարծիքն են արտահայտում` ինչ-ինչ պատճառներով։

Իսկ գալով այն հարցին որ հոգեւորականի կարծիքը հակասում է եկեղեցու ղեկավարութեան կարծիքին, նախ պէտք է իմանալ, որ այդ ղեկավարի անձնական կարծիքն է, թէ եկեղեցու դիրքորոշումը ինչ որ հարցով, եթէ ղեկավարի անձնական կարծիքն է, այդ դէպքում հարցը անձնական կարծիքներու մասին է եւ ոչ թէ եկեղեցու, ուրեմն ամէն մարդ կարող է իր անձնական կարծիքը ունենալ որեւէ հարցի, եւ բոլորի կարծիքն ալ հարգելի է միշտ։

Հոգեւորականի ըմբոստանալու մասին։ Կարգ մը դէպքերում, այո՛ իրաւունք ունի ու պէտք է որ ըմբոստանայ, նամանաւանդ, եթէ հարցը վերաբերւում եկեղեցական վարդապետութեան, դաւանաբանական ու եկեղեցու կանոններու սխալ գործադրութեան հետ։

Մեր եկեղեցական պատմութեան մէջ շատ հանդիպել ենք ըմբոստութիւններու հոգեւորականներու կողմէ, որոնց շնորհիւ մեր Ազգը ու կաթողիկոսութիւնը ազատուել են տապալումից ու դաւանափոխութիւնից։ Նայած, թէ ինչ հարցով է ըմբոստութիւնը, ըմբոստութիւնը պէտք չէ ընդունիլ վատ իմաստով, լաւ եւ շինիջ ըմբոստութիւնը միշտ ալ լաւ արդիւնքի է հասել։

Աւետարանին մէջ ալ տեսնում ենք որ Քրիստոս Հրեայ քահանայապետներին ու օրենսգետներին քննադատեց, նույնիսկ «իժերու ծնունդներ» անուանեց, հիմա Քրիստոս ըմբոստ էր՞ կամ իր քննադատութիւնները հրեայ ժողովուրդին գայթակղութեան պատճառ դարձաւ՞: Ո՛չ, Քրիստոսի նպատակը այդ օրենսգետներուն եւ քահանայապետներուն դարձի հրավիրելն էր։ Մի խոսքով, քննադատութիւնն ու ըմբոստութեան նպատակը պէտք է ըլլայ բարի։

– Դուք ասում եք, որ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նույն ինքը ժողովուրդն է, և ոչ թէ եկեղեցականները: Արդյոք դրանից հետևո՞ւմ է, որ եկեղեցու պատասխանատուները հաշվետու են նույն ժողովրդի առջև, մասնավորապես, ֆինանսական հարցերում: Եթե եկեղեցին ժողովրդինն է, ապա ինչ մեխանիզմներով է ժողովուրդը կարող վերահսկել եկեղեցականների գործունեությունը:

– Այո՛, եկեղեցուոյ հոգեւորականներն ու պատասխանատուները հաշւետու են Աստուծոյ եւ Ժողովուրդի առջեւ։

Ես այստեղ կուզեմ հաստատել մի անգամ եւս, որ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նույն ինքն հաւատացեալ ժողովուրդն է: Եթէ կարդանք եկեղեցական կանոնները` կապուած ծուխեր ստեղծելու հետ, այնտեղ հստակօրէն կը տեսնենք, որ Հոգեւորականը հայր եւ հսկիչ է, եւ ամէն ինչ, բացի կրօնական եւ ծիսական խնդիրներից, ղեկավարւում է ժողովուրդի կողմից ընտրուած ծխական կամ թաղական խորհուրդի կողմէ, բոլոր ֆինանսական հաշիւնեը թափանցիկ եւ հասանելի են բոլորին, որովհետեւ այդ ամէնը պատկանում են ծուխին, եւ ծուխի անդամները իրաւունք ունեն իմանալու, ուր ծախսուեցան իրենց նուիրաբերած գումարները։

Այսօր խնդիրն այն է, որ տարբեր երկրներում, տարբեր կանոններ են գործում եւ մեր եկեղեցին չունի մէկ կանոն, որ գործէ ամէն տեղ։ Օրինակի համար, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան թեմերում, Թուրքիայում եւ միջին արեւելքի այլ երկիրներում գործում է Ազգային սահմանադրութիւնը, ես ինքս Լիբանանի մէջ ծնած ու հասակ առած լինելով, տեսեր եմ, թէ ինչպէս է գործում ազգային սահմանադրութիւնը եկեղեցական կեանքում։ Այդ սահմանադրութեամբ Հաւատացեալի եկեղեցական իրաւունքները պաշտպանուած են, հաւատացեալը մասնակցում է եկեղեցական կեանքին, ինքն ընտրում է իր թաղական խորհուրդը իր ձայնով, ընտրում է իր ազգային երեսփոխանները, որոնք կազմում են իր թեմի խորհուրդը եւ քննարկում բոլոր թեմի հարցերն ու ընտրում թեմի առաջնորդը, մի խօսքով հաւատացեալը ինքն իրեն եկեղեցուց դուրս չի զգում։

Բայց ինչքան գիտեմ Հայաստանում եւ նախկին Սովետական միութեան երկիրներում, վիճակը տարբեր է, այստեղ գործում են տարբեր կանոններ, այնտեղ ամէն ինչ նշանակովի է, եւ ժողովուրդը ոչ մի մասնակցութիւն եւ ձայն չունի, այս իսկ պատճառով սկասում են ըմբոստութիւններ եւ քննադատութիւններ հաւատացեալ ժողովուրդի կողմից։

Իմ կարծիքով եթէ մեր բոլոր թեմերը որդեգրեն մեր հին եկեղեցական կանոնները կամ Ազգային Սահմանադրութիւնը, որտեղ ժողովուրդը ունի իր ձայնը եւ մասնակցութիւնը եկեղեցական կեանքին, շատ մը քննադատութիւններու եւ ըմբոստութիւններու առաջքը արած կը լինենք։ Ժողովուրդը պէտք է պահանջէ, որ կանոնները գործադրուին, ու պէտք է դէմ լինի որեւէ կանոնի, որ կը խլէ իր եկեղեցական իրաւուքը։

Օրինակ, մեր եկեղեցական կանոններով որեւէ Քահանայի թեկնածու, պէտք է ընտրուի այդ ծուխի ժողովուրդի կողմէ որտեղ ինք ծառայելու է, ու ձեռնադրուի այդ ծուխի ժողովուրդի վկայութեանբ, բայց այսօր այդ կանոնը չի գործում ինչ-ինչ պատճառներով:

Նաեւ, եթէ Քահանային պիտի կարգազրկեն պէտք է անպայման ժողովուրդի վկայութիւնը ու դժգոհութիւնը, այս կանոնն ալ չի գործում։ Ազգային եկեղեցական ժողովը, որ մեր եկեղեցուոյ ամենա բարձր ժողովն է, կանոնով այդ ժողովի անդամները պէտք է ընտրուեն հաւատացեալ ժողովուրդի կողմէ, բայց դժբախտաբար այսօր նշանակւում են հարուստներ, բարերարներ եւ ինչու չէ, եկեղեցական գիտելիքներից շատ հեռու անձեր` թեմի առաջնորդի կողմէ, կամ թեմական ներկայացուչական ժողովի են հրաւիրում, այդ ժողովի մասնակցող պատուիրակներն ալ պէտք է ընտրուեն, որովհետեւ թեմի ժողովուրդն են ներկայացնում, բայց նոյնպէս թեմի առաջնորդի կողմէ նշահակւում են, նաեւ շատ շատ ուրիշ կանոններ ալ չեն գործում, իսկ ժողովուրդն ալ չի կարող պահանջել, որովհետեւ տեղեակ չէ այս կանոններէն, եւ ընդհանրապէս, ոչ մի հոգեւորական այսօր չի բացատրում ժողովուրդին այս կանոնները։

Ժամանակն է որ մեր ժողովուրդը սթափի ու նախանձախնդրութեամբ պահանջէ իր եկեղեցական իրաւունքները եւ մասնակցի եկեղեցական կեանքին, պաշտպանէ ու պայծառացնէ իր եկեղեցին ի փառս Աստուծոյ, այս դէպքում մենք կունենանք հզօր եկեղեցի եւ հոգեւորականութիւն։ Պէտք է գործեն մեր եկեղեցական ճիշգրիտ կանոնները, որտեղ ժողովուրդի մասնակցութիւնը առաջնահերդ է։

– Եթե որևէ մեկը կյանքի ընթացքում փոխում է իր եկեղեցական կամ կրոնական համոզմունքները, դառնում օրինակ քրիստոնեական այլ հարանվանության կամ դավանանքի կրող, առաքելական եկեղեցին նրան հռչակում է աղանդավոր` անգամ, եթե նա իր մարդկային որակներով ու բարեպաշտ կյանքով չի հակասում Աստծո պատվիրաններին ու հավատքի կյանքի սկզբունքներին: Որո՞նք են դրա հիմքերը:

– Այն անհատը որ մկրտուած է հայ եկեղեցուոյ աւազանէն եւ թողելով ուղղափառ հաւատքը կը հեռանայ իր մայր եկեղեցիէն, եւ կը միանայ ոչ Ուղղափառ հաւատքի դաւանութեան, այդ անհատը աղանդաւոր է, որովհետեւ հրաժարուեց իր ուղղափառ հաւատքէն։ Բոլոր Առաքելահաստատ եկեղեցիները ուղղափառ հաւատք ունին, որովհետեւ Առաքեալներու կողմէ հիմնուծ են եւ Սուրբ հոգիով կ՛առաջնորդուին։

– Ո՞րն է էական, ըստ ձեզ, մարդու կենսակերպը՞, որով նա պետք է համապատասխանի քրիստոնեական ապրելակերպին, թե՞ եկեղեցական կանոններին հետևելը: Չէ որ բազմաթիվ առաքելադավան մարդիկ առհասարակ հեռու են քրիստոնեական հավատքի առաջադրված կենսակերպից:

– Եթէ Քրիստոնիայ անհատը կ՛ապրի իսկական Քրիստոնէական կեանք, որ կը համապատասխանէ Քրիստոսի խոսքերուն, արդէն ինք նոյն ատեն կը կատարէ եկեղեցական կանոնները, բայց եթէ քրիստոնեան միայն ձեւական կը պահէ եկեղեցական կանոնները ու իր կեանքը չի համապատասխաներ Քրիստոսի խօսքերուն, այդ անհատը քրիստոնիայ չի կրնար կոչուիլ։

Քրիստոս միշտ քարոզել է սէր եւ ներողամտութիւն, եթէ ինքզինք Քրիստոսնիայ սեպող անձը իր նմանին չի ուզում սիրէ եւ ներէ, այդ անձը նոյնիսկ իրաւունք չունի տերունական աղօթքը աղօթելու, որովհետետւ ինք այդ աղօթքին մէջ երկնաւոր հօրմէ կը խնդրէ, որ ներէ իր հանցանքները ինչպէս ինք (Այսինքն անհատը) կը ներէ իր նմաներուն որոնք հանցանք գործեր են իր հանդէպ։Եթէ Քրիստոնեան չի ներեր, ուրեմն Աստուծոյ խաբած կ՛ըլլայ ամէն անգամ որ «Հայր Մեր» աղօթքը կ՛ըսէ։

Եկեղեցական կանոնները կը բխին Աստուածաշունչէն։ Քրիստոսի խօսքերը, եկեղեցուոյ կանոնները ու քրիստոնիային ապրելակերպը, իրամէ անբաժանելի են, այսինքն մարդ չի կրնար ապրիլ որպէս քրիստոնիայ ու չկատարել Քրիստոսի խօսքերը։ Եկեղեցին առաջնորդւում է Քրիստոսով, բոլոր եկեղեցական կանոնները որոնք դրուած են քրիստոնիայի համար, բոլորը հիմնուած են Աստուածաշունչի ու Քրիստոսի խօսքերու վրայ։ Մարդ չի կրնար երկու տիրոջ ծառաել, քրիստոնեան լրիւ պիտի ապրի քրիստոնէական կեանքով, չի կարելի քիչ մը Քրիստոնէական, քիչ մը աշխարհիկ կեանք ապրիլ։ Քրիստոնեան ձեւականութենէ հեռու պէտք է ըլլայ, եւ իր Իսկական քրիստոնէական կեանքով ցոյց տայ որ ինքը քրիստոնիայ է։

– Սամուել մարգարեի ժամանակներում հոգևոր ծառայողը թագավորների կողքին էր լինում որպես Աստծո կամքը նրան հաղորդող խորհրդական, և հիմնականում հոգևոր ծառայողների պահանջները բխում էին ոչ թե անհատի, այլ ժողովրդի շահերից: Արդյոք քրիստոնյա հոգևոր ծառայողները այսօր պետական պաշտոնյաներին հորդորո՞ւմ են իրենց որոշումներում շարժվել համընդհանուրի, ժողովրդի շահերից:

– Հոգեւոր ծառայողը միշտ պիտի լինի արդար ու իր անհատական շահերից ելնելով չէ որ պիտի խորհուրդներ տայ, այլ իր բոլոր խորհուրդները պիտի լինին արդար ու Աստուածահաճոյ։ Այսօր ալ, եթէ հոգեւոր ծառայողը վախի ազդեցութեան տակ, կամ մարդկանց հաճոյանալու համար ոչ քրիստոնէական ու ոչ արդար հորդորներ տայ, ինք պիտի լինի Աստուծոյ առաջ պատասխանատու իր բոլոր քայլերի համար։ Իմ կարծիքով Հոգեւորականը պիտի Խիզախ լինի եւ չվախենայ արդարութիւնը պաշտպանելուց, մանաւանդ բարձրաստիճան հոգեւորականները, որոնք հոգեւոր իշխաններ են մեր եկեղեցուոյ զաւակներուն, եւ պէտք է ամենայն արդարութեամբ գործադրեն կանոնները անխտիր, բայց ինչպէս գիտեք բոլորս ալ մարդ ենք եւ երբեմն մարդկային տկարութեան պատճառով, նիւթականը գերակշրում է հոգեկանին, ու ինչու չէ հոգեւորականը ընկնում է գայթակղութեան մէջ։ Հոգեւորականը որպէսզի կարենայ հաղթահարել այս գայթակղութիւնը, միշտ պէտք է աղոթքի մէջ լինի ու Աստուծոյ օգնութիւնը խնդրէ որ կարենայ գայթակղութեան դէմ պայքարի ու իրեն վստահուած հոտը հովուէ արդարութեանբ։ Քրիստսո ասում է, «մի վախեցէք նրանցից որոնք մարմինն են սպանում եւ ապա ուրիշ բան անել չեն կարող։Ասեմ թէ ումից վախենաք, Վախեցէք նրացից որոնք սպանելուց հետո իշխանութիւն ունին գեհէն գցելու», Քրիստոսի այս խօսքերը միշտ պէտք է յիշեն բոլոր հոգեւորականները եւ չվախենան արդարութիւնը պաշտպանելուց։

– Չեք կարծո՞ւմ, որ նույնիսկ հոգևորականներն այսօր ծառայում են ավելի շատ անհատների կամ նյութական շահերին, քան Աստծո կամքին ու պատվիրաններին:

– Հոգեւորական ալ մեր հասարակութեան մէջից է, ուրեմն, եթէ կան այդպէս հոգեւորականներ, որոնք ծառայում են անհատների շահերին, դրանք սխալ ճանապարհի մէջ են: Հոգեւորականը պիտի ծառայէ Աստուծոյ, եւ Աստուծոյ պատուիրաններով պիտի քայլէ, ու իր կեանքով օրինակ պէտք է դարնայ իր հոտին։ Սակայն, երբեմն կը գնուին հոգեւորականներ որոնք, ինչ ինչ ակնկալութիւններով անհատների շահերին են ծառայում, ինչպէս Քրիստոսի 12 Առաքեալներից մէկն ալ, Յուդան, որ իր վարդապետին մատնեց 30 արծաթով: Այլապես մենք այսօր չէինք ունենա այն, ինչ ունենք:

– Նկատելի չէ այն օրինաչափությունը, որ սոցիալական կյանքի տարբեր ոլորտներում` եկեղեցու ակտիվացմանը զուգընթաց` կրթության, մշակույթի, քաղաքականության, բանակի հանրության բարոյահոգևոր չափանիշներչը ցածրացան:

– Ես չէի ասեր որ ինչքան եկեղեցին ակտիւացաւ սոցիալական կեանքի տարբեր ոլորտներում, այնքան վատացաւ բարոյահոգեւոր վիճակը։ Ճիշտ է այսօր մեր եկեղեցին չի կարողանում տանի այն մեծ գործը որ պէտք է, պատճառը լաւ հոգեւորականներու թիւի պակասն է, հոգեւորականներու թիւը շատ քիչ է համաեմատած ժողովուրդի կարիքներին, եթէ ուզում եք, որ Քահանան իր իսկական հովութիւնը անի, ինք կարող է ծխատեր քահանայ լինել ամենայ շատը 100 ընտանիքի, որովհետեւ ինք որպէս հայր պէտք է միշտ այցելութիւններ կատարէ իր հոտի անդամներին ու հետաքրքրուի իրենց Քրիստոնէական կեանքով ու հասնի կարիքներուն։ Դժբախտաբար մեր եկեղեցին այսօր չունի միսիոներական աշխատանք, եւ մեր հոգեւորականների մեծ մասը, միշտ սպասում են որ ժողովուրդը գայ եկեղեցի, բայց Քրիստոս ըսաւ. «Գացեք աշակերտեցեք զամենայն հեթանոսս», ուրեմն հոգեւորակը պիտի ժողովուրդի մէջ գործէ, իրենց հետ ապրի ամէնօրեայ կեանքը, եւ ամէն ճիգ թափէ որ ժողովուրդը առաջնորդէ դէպի եկեղեցի եւ հասնի ժողովուրդի կարիքներուն, որպէսզի ժողովուրդն ալ հոգեւորականին հետ կապնուի եւ ընդունի որպէս իր հոգեւոր հայրը։

– Դրա վառ ապացույցը արտագաղթի աճը, կրթության ցածր որակը, աճող հիվանդություններն ու ծնելիության նվազումը, աղքատությունն ու գյուղերի դատարկվելը և էլի շատ խնդիրներ: Իհարկե՛, կան և դրական միտումներ, սական ընդհանուր բացասական ավելին չէ՞:

– Ճիշտ է, որ այսօր մեր Հայրենիքը շատ ծանր վիճակի մէջ է, բայց պատճառը չի կարելի եկեղեցու մէջ փնտրել, ճիշտ է եկեղեցին ժողովուրդի բարոյական կրթութեան մէջ մեծ դեր ունի, բայց չի կարելի ամէն ինչի մէջ եկեղեցին պատասխանատու եւ մեղաւոր լինել, մենք ունենք պետութիւն, որ նույնքան եւ աւելի պարտաւորութիւններ ունի մեր ժողովուրդի հանդէպ, արտագաղթը եւ մնացած բոլոր թուարկած խնդիները պէտք է լուծուեն պետութեան կողմէ, եկեղեցին ժողովուրդի բարոյական բաժինը պէտք է ապահովէ: Արդարութիւն եւ սէր քարոզելով պիտի համագործակցի պետութեան հետ, որպէսզի առաջքը արնուի Արտագաղթի, ծնելիութեան բարձրացման (որ այսօր շատ կարեւոր է մեր ազգի համար), եւ ամէն ճիգ ի գործ դնէ որ գիւղացին մնայ իր հողին վրայ։

 

Արմինե Դավթյան
Հատուկ religions.am կայքի համար