Մեկն իր կամքին ինչ ուզես անի, մյուսը խոսելու իրավունք չունի

  • 23/10/2014
  • Վլադիմիր Բաղդասարյան

  • Սևանի Ավետարանի հավատքի քրիստոնյաների եկեղեցու հովիվ

– Կպատմե՞ք Ձեր համայնքի մասին:

– Մեր քաղաքի մասին սկսեմ պատմել պատմական մի փոքր էքսկուրսով: Այդ պատմությունը ուրիշ քաղաքների համեմատ ավելի քան յուրահատուկ է, որովհետև դրա գոյության հիմքերը դրել են հոգևոր մարդիկ: 1830 թթ. Ռուսաստանի ցարի հրամանով, ռուս ուղղափառ եկեղեցուն չհամապատասխանող կամ վտանգ ներկայացնող անձանց աքսորում են Կովկաս: Դրանց թվում էին մոլոկանները, դուխաբոռները, պռիգունները, ավանդական կամ մեսիական հրեաները: Առաջին հանգրվանը, որտեղ նրանց բնակեցնում են, այս տեղանքն էր, որն ի պատիվ նրանց այստեղ ջերմ վերաբերմունք ցույց տվող ռուս ընտանիքի անդամներից մեկի, անվանում են Ելենովկա: 1830-1930 թթ. նրանք այստեղ ունենում են իրենց ժողովարանները, ծառայությունները: Էջմիածնի գրագիրներից մեկի 1895թ.  գրառումներում կա այնպիսի մի հատված, որում նա Վարդենիսի ճանապարհին իր տպավորություններն է գրում. «Մենք չմտանք Ելենովկա, ռուսի գյուղը, որովհետև այստեղ անելիք չունեինք»:

Դեռ փոքր տարիքից մենք գիտեինք, որ նրանք մոլոկաններ են: Նրանց կենցաղն ու բարքերը տարբերվում էին մեր բարքերից: Օրինակ, թաղում գնալիս նրանք իրենց հետ թեյնիկներ էին տանում: Այսինքն, մեր «ողորմա թասերի» փոխարեն նրանք թեյ էին խմում: Ռուս հայտնի գիտնականներից մեկը մի աշխատություն էր գրել մոլոկանների մասին, որտեղ նա ասում է, որ մոտ 100 տարի այս գյուղաքաղաքը հանդիսացել է Անդրկովկասի հոգևոր կենտրոններից մեկը: Մինչ օրս այստեղ դեռ պահպանվում է նրանց ժողովարաններից մեկը, մյուսը կոմունիստները քանդել էին ու տեղը խանութ կառուցել: Համայնքից մնացել են երևի թե մի 10 մարդ:
Քաղաքի մուտքի մոտ կա գերեզմանատուն, որն անվանում են «ռուսի գերեզմանոց», բայց երբ մտնում ենք, տեսնում ենք, որ դրանց մեծ մասը հրեական գերեզմաններ են. բոլոր գերեզմանների վրա կա հրեական Դավթի նշանը: Այդ մասին վկայում են և՛ անունները, և՛ գրելաձևը:

Այսօր հրեաները  հոգ են տանում պահպանելու համար այդ քարերը Եվ դա չէր կարող չազդել տեղաբնակների հավատքի առանձնահատկությունների վրա:
Իսկ մեր հոգևոր համայնքը ձևավորվել է 70-ական թվականներից: Մեր ընտանիքը եղել է համայնքի անկյունաքարը:  Համայնքն աճել է բնական զարգացման ճանապարհով. մեկը մեկին պատմելով, վկայելով, ծանոթացնելով, այսպես շատացել ենք ու հաստատվել: Շատ չենք, քիչ էլ չենք, ցավոք սրտի, արտագաղթն ազդում է քանակի վրա, շատ են երկրից գնում` տանելով ընտանիքները: Իհարկե մեծ մասի հետ կապը փորձում ենք պահպանել, դե իրար հետ աղ ու հաց կիսած մարդիկ ենք, հեշտ չէ իրարից կտրվելը, բայց, այնուամնեայնիվ, արտագաղթը մեծ է:

– Խորհրդային շրջանում, օրինակ` Իջևանում քահանա չի եղել, իսկ Սևանում եղե՞լ է:

– Սևանում էլ չի եղել: Միայն Սևանի Թերակղզու վանքն է եղել, որը ժամանակին  մենաստան էր: Այն վերջին շրջանում պահպանվում էր որպես թանգարան: Նույնիսկ գրված էր, որ այստեղ մատաղ անելը խստիվ արգելվում է:

– Տարածքի գյուղերի հետ կապ ունեք:

– Իհարկե՛, որոշ գյուղերում ունենք մեր ժողովարանները, որտեղ ավելի մեծ են համայնքները` հարյուր հոգուց ավելի: Իսկ եթե փոքր է թիվը, դրա անհրաժեշտությունը չի լինում:

Ի՞նչ սոցիալական ծրագրեր եք իրականացնում:Այստեղ, եթե մենք հրապարակայնացնենք մեր գործունեությունը, կհանդիպենք կոշտ արգելքների: Օրինակ, եթե որոշենք կերակրել աղքատներին, նրանք, ովքեր որ արգելում են, արենայում չերևալով, այլ կազմակերպությունների միջոցով, մեզ համար կստեղծեն բազմաթիվ խոչընդոտներ, խնդիրներ, ու եթե ուզենանք բարիք անել մարդկանց համար, դա մեր գլխին կդառնա  փորձանք, ասեկոսների առիթ, չարիք: Այս պարագայում մենք շարժվում ենք այնպես, ինչպես պատվիրել է Հիսուսը. առանց աղաղակելու և իրավունքով:

Եթե կարող ենք, օրինակ` դաստիարակության ոլորտում ինչ որ բան անել, ինչո՞ւ չանենք: Այսօր երեխային մեծամասամբ դաստիարակում է համակարգիչը: Եկեղեցին նրա համար է նաև, որ երեխային կամ մատաղ սերնդին հոգևոր արժեքներով հարուստ կյանք մտցնի: Հոգևոր ասելով ես չեմ հասկանում կրոնական, այլ մշակութային, բարոյական, գեղագիտական արժեքներով հարուստ կյանք: Իսկ դա հաստատ համակարգիչը չի կարող տալ: Փորձում ենք վերականգնել, ձևավորել այն հարգանքը, որ մենք տածել ենք ուսման, դպրոցի, ուսուցչի նկատմամբ, որն ինձ համար նոստալգիայի առիթ է: Այսօր գիտեմ, որ ուսուցիչը ըստ արժանվույն հարգված կերպարներից չէ: Մենք փորձում ենք պահպանել մեր արժեքները: Եկեղեցում գործում են երաժշտական, գեղագիտական, պարային խմբակներ:

– Այդ գործունեության ընթացքում արգելքների չե՞ք բախվում:

– Ո´չ, չենք ունեցել: Հաճախողները մեր երեխաներն են, ինչո՞ւ պետք է ունենանք: Եթե կազմակերպում ենք միջոցառումներ ու ներկայացումներ և այլ երեխաներ էլ են ցանկանում մասնակցել, խելամիտ չենք համարում փակել դռները: Ցանկացողներն  ազատ կարող են մասնակցել բոլոր ծրագրերին:

– Սևանում կա՞  հայորդաց տուն:

– Անկեղծ ասած չգիտեմ: Վանքում, գիտեմ, կա դպրոց, վանքի քահանան՝ տեր Մինասը, ժամանակին Սևանի կուլտուրայի տանը դասընթանցներ էր կազմակերպում, նույնիսկ հեռուստատեսությամբ հաղորդումներ էր կազմակերպում, որտեղ բավականին առողջ թեմաներ էր բարձրացնում: Եվ հարգանքի արժանի էր այն ամենը, ինչ նա ասում էր:

– Շփում կա՞ առաքելական եկեղեցու հետ:

–  Ինչ որ ժամանակ կար, քանի դեռ… Քանի դեռ վերևներից ազդեցություն չեն գործում, մարդը` մարդ է: Երբ ազդում են, բնական է, մարդը պետք է հնազանդվի իր վերևներին:

– Ինչպիսի՞ հարաբերություններ ունեք այլ կրոնական կազմակերպությունների հետ:

– Ես միշտ հարց եմ տալիս. «Ինչո՞ւ է մարդը դա ընտրել: Որովհետև ինչ-որ մեկը նրան պատմել է դրա մասին: Ինչո՞ւ, որովհետև ես չեմ գնացել ու նրան չեմ պատմել: Եթե ես նրան պատմեի, նա ինձ կլսեր, իմ ճիշտը կիմանար ու գուցե ինձ հետ գար: Եթե ես չեմ գնացել, չեմ ասել, ես բարոյական իրավունք չունեմ նրան ասելու, որ նա սխալ է կամ ինչու է գնում այլ տեղ: Մեզ մնում է ապրել բարոյական վարքով, կյանքով, մարդկային արժանապատիվ հոգևոր կեցվածքով, նա կտեսնի, կհամեմատի` խոսքը և կյանքը, ու գուցե կվերանայի իր ընտրությունը: Լարումը, անհանդուրժողականությունը ընդհանրապես մարդկային հարաբերությունների շրջանակից էլ են դուրս: Իսկ հավատքի պարագայում` առավել ևս:

– Կազմակերպության անունը որոշ ժամանակ շրջանառվում էր մի լրագրողի հետ կապված միջադեպի շրջանակներում: Ինչպե՞ս ավարտվեց այդ պատմությունը:

– Ի՞նչ ասեմ, եթե ամեն բան պատվիրված էր նախապես: Երբ առանձին մարդկանց հանդիպում ենք ու հարցնում, թե ինչո՞ւ այդպես արեցին, պատասխանը միանշանակ մեկն է. «Կներես էլի, ձեր դեմ ոչ մի բան չունեմ, բայց եթե ես էլ չանեի, մեկ ուրիշն էր անելու»:

– Իսկ ո՞վ էր պատվիրատուն:

– Ես գրել եմ այդ մասին, որ բոլոր ճանապարհները տանում են Հռոմ:

Դատի ժամանակ շատ բաներ պարզ դարձավ, դատավորից սկսած փորձում էին քողարկել, որ կոնֆլիկտ հրահրողներին այստեղ էին բերել քահանաները: Թեպետ, քննության ժամանակ լրագրողը հերքում էր, որ ծանոթ է քահանային, բայց քահանան ինքն ասաց, որ ինքն է բերել լրագրողներին, իմանալով հանդերձ, որ այդտեղ հոգեգալստականներ են հավաքվում: Երբ քահանային հարցրի, թե  հաղորդումը լսելուց  ի՞նչ է  հասկացել: Պատասխանն այսպիսին էր. «Հաղորդման ժամանակ իմ խոսքերը  այնպիսի մոնտաժ էին արել, որ ստացվել էր, թե ձեր եկեղեցին այն տեղն է որտեղ պատրաստում են պոտենցյալ մարդասպաններ»:Եվ նա հանդես եկավ հերքումով տեղական հեռուստատեսությամբ մի հաղորդման ժամանակ:

Իսկ այս պատմության մեջ, ամենավատն այն էր, որ ինչպես Հիսուսին մատնողն էր Հուդան, օպերատորն էլ մի մարդ էր, որը երկար ժամանակ ծառայել էր Երևանի ավետարանչական եկեղեցում, որի ծնողները այդ եկեղեցու ծառայողներ էին: Սա որպես օրինաչափություն եմ դիտում, որ հենց եկեղեցու ներսի անձն է լինում Հուդան:

– Ըստ ձեզ կա՞ պետություն-կրոն իդեալական հարաբերության մոդել, որտեղ հնարավոր են առողջ փոխհարաբերություններ, առողջ համագործակցություն:

– Իմ պատկերացմամբ բացարձակ ոչինչ չի լինում, յուրաքանչյուր տեսակետ փոփոխական է, հարաբերական: Պետություն–կրոն հարաբերությունների առումով կրոնն իր անգնահատելի տեղն ունի բարոյահոգեբանական ոլորտի ձևավորման ու ազդեցության հարցում: Բայց քաղաքականության մեջ, ինչպես որ մարմնին է և՛ աչք է պետք, և՛ ականջ, այնպես էլ պետությանը` և´ քաղաքականությունը, և´ կրոնը պետք են, բայց ամեն մեկն իր գործառույթով: Սովորոբար ինչպես է լինում. եթե ես ունեմ 10 000 դրամ,  մտածում եմ, որ իմ գրպանում գումար կա, քիչ թե շատ ապահով եմ ինձ զգում և մտքովս էլ չի անցնում , որ ինձանից դա կարող են գողանալ: Իսկ եթե ես ունեմ միլիոն, հնարավոր է, որ բնավորությունս ու զգացումներս փոխվեն: Եվ  վախենամ, որ ինձանից կարող են դա գողանալ, հնարավոր է որ հպարտանամ, փոխվի իմ պահվածքը: Նույն հաջողությամբ, եթե կրոնը մնում է իր ոլորտում ու մնում է պատասխանատու, նա կլինի օգտակար: Եթե այն մտնում է մեկ այլ ոլորտ, այն կարող է դառնալ վնասակար: Դա  նույնն է, որ ֆիզկուլտուրայի ուսուցիչը ֆիզիկա դասավանդի:

– Կա՞ն  դեպքեր, որ համայնքի անդամներին, ովքեր աշխատում են պետական հիմնարկներում, ազատվեն աշխատանքից:

– Դա կատարվում է ոչ կոնկրետ, բացահայտ այդ հիմքի վրա: Եղել են օրինակ, որ Հայոց եկեղեցու պատմություն առարկան դասավանդողներին ազատել են աշխատանքից, որոշները իրենք են դուրս եկել, չցանկանալով ընդհարվել կամ շարունակել աշխատանքը լարված մթնոլորտում: Որոշ դեպքերում դա կախված է նաև աշխատակցի նկատմամբ տնօրենի վերաբերմունքից:

– Արդյոք նման դեպքերը նույն պետություն-կրոն հարաբերությունների բացասական հետևանքնե՞րը չեն:

– Ախր շատ անտրամաբանական է: Ասենք թե, մեկը հիվանդ է և նրան երաշխավորել են գնալ մի շատ լավ մասնագետի, բժշկի մոտ, որը օրինակ Եհովայի վկա է: Ի՞նչ է, նա չպե՞տք է գնա այդ բժշկի մոտ: Չէ՞ որ նա չի գնում նրա գաղափարախոսության ու համոզմունքների համար, այլ գնում է նրա մոտ` որպես բժշկի: Երեխային դպրոց են ուղարկում, համապատասխան մասնագետի մոտ:  Դպրոցում կան տարբեր ուսուցիչներ, մեկը լավ, մյուսը` վատ: Երբ ուսուցիչը լավն է լինում, ակամա նրա առարկային աշակերտը լավ է տրամադրվում, անկախ նրանից, թե ինքն ինչ համոզմունքներից դրդված է լավ աշխատում ու լավ մարդ: Նախկինում երբեք չի քննարկվել, թե մասնագետն ինչ համոզմունքներ ունի` աթեիստ է, թե կրոնական որևէ համոզմուքների տեր: Չէ՞ որ այս պարագայում էական է մասնագետը:

– Կան երկրներ, որտեղ առավել գնահատում են քրիստոնյա մասնագետներին, որովհետև փորձը ցույց է տվել, որ նրանք ավելի բարեխիղճ ու լավ են սպասարկում: Մեզ մոտ նկատելի է հակառակ միտում: Սա ազգային, մշակութային խնդիր է, թե՞ առկա համակարգի:

– Չգիտես ինչու մտավորականությունը պատմության մեջ միշտ իշխող հասարակարգին ընդդիմություն է եղել: Հավանաբար, որովհետև ինքն ավելի շատ բան է միշտ տեսնում և ավելի շատ այլընտրանքներ է առաջարկում` տարբեր խնդիրների լուծման համար: Պետությունը կամ իշխող հասարակարգը, որպես կանոն, համակարծիք չի լինում այդ տեսակետներին: Շատերն անում են ոչ թե այն, ինչ ցանկալի է, այլ այն, ինչ իրենց պարտադրում են: Նույնը կատարվում է մեր հասարակարգում:

Ակամայից, կարծիք է ձևավորվում, որ այս հասարակարգը ոչ թե անհատների ու մասնագետների կարիք ունի, այլ՝ կամակատարների ու հպատակների: Բայց խիստ ցանկալի է, որ ամենուր մարդն իրեն մարդ զգա՝ մարդը` մարդ մնա: Քրիստոնեությունը վերափոխման ուղի է, ոչ եսակենտրոն, որին բնորոշ է մարդամոտությունը, ընկերասիրությունը, բարությունը… Իսկ այդպիսի մեկին իր միջավայրում նկատում են, որն էլ իր հերթին առաջացնում է ոմանց մոտ համակրանք, ցավոք, մյուսների մոտ՝ նախանձ ու դավադրություն… Իմ տեսակետով, սա չկայացած հասարակարգի բնորոշ գիծն է. նա իրենից ցած եղողին խղճում է, ողորմում, իրեն հավասար մեկից զգուշանում է ու խոչընդոտում, իսկ իրենից բարձրին՝ ծաղրում ու փնովում… Ո՞վ է մեղավոր…

Միտք եմ անում միտք, ու չեմ հասկանում, ո՞վ է մեղավոր… Ապրել չի լինի էսպես ամեն օր: Մեկն իր կամքին ինչ ուզես անի, մյուսը խոսելու իրավունք չունի: Ես  չասեմ, դուք հո կարդացած մարդ եք, էդ ո՞ր Աստվածն է այսպիսի կարգ դրել: Հաստատ ոչ մերը:

Երկուսս էլ հայ ենք, ունենք մի հավատ, էլ ինչի՞ մուժիկ, կամ էլ ի՞նչ թավադ: Նրա արյունը կարմի՞ր է մերից, թե՞ ավել հունար դուրս կգա ձեռից…

– Ուկրաինան, որը կրոնական բազմազանությամբ աչքի ընկնող ամենատոլերանտ երկրներից է, օրինակ հանդիսացավ նաև կրոնական միասնականության` ժողովրդի համար կարևոր պատմական փուլում:

– Ընդհանրապես, բժիշկն ավելի քան հիվանդի համար է: Ավելի ճիշտ է, որ բժիշկը քաղաքականցված չլինի: Եկեղեցու կրոնի դերը բացարձակ քաղաքական խնդիրներ չի լուծում: Բայց, երբ որևէ անձ, ունենալով սեփական քաղաքական կարծիք, հայտնում է իր անձնական կարծիքը, բայց հարում է որևէ կրոնական կազմակերպության, պետք է հաշվի առնի, որ իր անձնական կարծիքը կարող է վերագրվել կրոնական կազմակերպությանը: Այսպես պատահեց նաև Ուկրաինայում: Հիսուսը այս հարցին տվել է  հստակ պատասխան. «Կայսրինը տվեք կայսրին, Աստծունը` Աստծուն»:
Եթե օրինակ նախարարի երեխան լավ չի պահում իրեն: Սա հոգեբանական, հոգևոր խնդիր է, քաղաքական չէ: Նախագահը այս հարցին կարո՞ղ է արդյոք քաղաքական լուծում տալ: Իհարկե ո´չ: Երեխայի դաստիարակության հարցով զբաղվում են նրա հոգևոր ոլորտի պատասխանատուները` ուսուցիչը, տատիկ-պապիկը, դպրոցը, մասնագետը, հոգևորականը, հարևանը և այլն: Կրոնը պետք է զբաղվի այն հարցերով, որոնք վերաբերում են մարդու ներաշխարհին, հարաբերություններին:

– Արդյոք հենց այս սահմանն այսօր խախտված չէ՞, և դրա պատճառով է որ առաջանում են բազմաթիվ խնդիրներ նաև կրոնական անհանդուրժողականության ոլորտում:

– Հակված չեմ քար գցել, բայց համաձայնեք,  հոգևոր գործառույթ չի կարող լինել օրինակ բանկի բացմանը եկեղեցու սպասավորի ներկայությունը: Ոչ մի կապ չեմ տեսնում եկեղեցու գործունեության ոլորտի և բանկի միջև:

– Հայաստանում կրոնական հանդուրժողականության հարցում վերջին տարիներին կա՞ն դրական փոփոխություններ:

– Երբ մենք այս ժողովարանը ձեռք բերեցինք, խառը ժամանակներ էին, շենքը հանված էր աճուրդի, և կարողացանք վճարել ու գնել այն: Նույնը Չարենցավանում ցանկացավ անել մեկ ուրիշ կազմակերպություն: Գնեցին, թղթերը տվեցին կադաստր գրանցելու: Մինչև վերջնական կադաստարային թղթերը կլինեին, տղաները սկսել էին նորոգման աշխատանքներ: Տեղի քահանան տեսնելով, որ տղաները բարձրացել են տանիքը վերանորոգելու, կաթողիկոսի միջամտությամբ, վարչապետի անմիջական հրահանգներով անմիջապես շենքը դարձրեցին առաքելական եկեղեցու սեփականությունը: Գումարն էլ երկար պտտելուց հետո, արժեզրկելով, ինչ-որ կերպ վերադարձրել էին:

Այս պարագայում երկրի օրենքները, միջազգային հարաբերություններն ու մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները ոչինչ անել չկարողացան: Մեր պարագայում ևս: Անգամ դատավորն ասաց, որ, եթե չկարողանա արդարացնել, ապա իմանանք, որ այն իր ուժերից վեր էր: Իրավապաշտպան կազմակերպությունները ամեն ջանք գործադրեցին մեր իրավունքների հաստատման առումով, միևնույն է ոչինչ չստացվեց: Ես պարզապես ուզում եմ ասել շնորհակալություն միջազգային միջամտություններին, բայց դե պահը գիտե: Ո՞վ լսեց:

Մարդ կար, որ աշխատում էր բանակում, եկան ասացին, որ մեզ մոտ այդպիսի մարդ չի կարող աշխատել, դիմում գրի ազատվի, թե չէ այլ բան կլինի: Մարդիկ գնում են գործարան աշխատելու հարցնում են, թե ո՞ր կրոնական կազմակերպության է պատկանում: Այսինքն, քլունգը բարձրացնելու համար խիստ անհրաժեշտ է կրոնական պատկանելությունը: Գիտենք, որ աշխարհում ամենամեծ չարիքը եղել է մարդկանց հավատաքննությունը, որի արդյունքում վերացրել են մեծ թվով գործիչների, մտավորականների, արվեստի գործիչների: Դա մեր ժամանակներում էլ ընդունելի չէ:

– Մամուլում բազմիցս նշում են, որ կրոնական կազմակերպությունները դրսից գումարներ են ստանում և ազգը պառակտում:

– Թույլ տվեք հարց տալ ձեզ. դրսի հետ ո՞վ ավելի շատ կապ ունի: Բոլոր բարերարները այցելում են Էջմիածին, Կաթողիկոսը հաճախ է այցելում այլ երկրներ ու այնտեղից բերում մեծ գումարներ, իհարկե, կասեք ազգանպաստ գործունեություն ծավալելու նպատակով, դեմ չեմ, թող անեն, մաքսատունն էլ իրենք են անխափան անցնում: Իսկ մենք, քանի՞ անգամ ենք գնացել արտասահման: Այս հարցը այլ հասցեատիրոջ ուղղեք:

Իսկ Առաքելական եկեղեցին, եթե խելամիտ քաղաքականություն վարեր, (միևնույն է, փաստ է, որ մյուս եկեղեցիները կան, նրանք ուզեն, թե` չուզեն), կվերցներ այդ եկեղեցիները իր հովանու տակ, կհամագործակցեր, և  գուցե մեր  երկիրը ավելի շահեկան դիրքում հայտնվեր:

 

Արմինե Դավթյան

Հատուկ  religions.am կայքի համար