Ողբերգության վրա ձեռքեր տաքացնելը ստորություն է

  • 11/02/2015
  • Աշոտ Հովսեփյան

  • protestant.am կայքի մեկնաբան

– Կրքերի փոքր ինչ հանդարտվելուց հետո անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ համացանցում տարածված այն տեղեկատվությանը, որ Գյումրու սպանդի հեղինակը` Վ. Պերմյակովը հոգեգալստական եկեղեցու հովվի որդի է, ինչպես նաև այդ  եկեղեցու անդամ: Ինչպե՞ս եք վերաբերում նրան, որ որոշ անձիք մեծագույն հաճույքով են շահարկում նման մասնավոր դեպքերը` փորձելով արատավորել կրոնական կազմակերպություններին:

-Հարցին մոտենանք երկու տեսանկյունից՝ իրավական և բարոյական:

Իրավական տեսանկյունից  որ ոք չի ապացուցել, որ սպանությունը կատարվել է կրոնական համոզմունքներից  ելնելով: Դա դատարանի իրավասությունն է և դատարանից առաջ ընկնելով անհեթեթ հայտարարություններ տարածելը կարող է վատ հետևանքներ ունենալ:

Բարոյական տեսանկյունից. Ոճրագործությունը բազմաթիվ մութ կողմեր ունի: Առանց ամբողջական տեղեկատվություն ունենալու ենթադրություններ անելը բարոյական չէ: Ոմանք փորձում են ողբերգության վրա իրենց ձեռքերը տաքացնել՝ իրենց արատավոր գաղափարներն առաջ տանել ու հասարակության մեջ ստեղծել «ժողովրդի թշնամու» կերպար: Սա, մեղմ ասած, ստորություն է: Մյուս կողմից, որոշ լրատվամիջոցներ պնդում են, որ Պերմյակովի հայրը հոգեգալստական եկեղեցու հովիվ է, մյուսները՝ մկրտական: Երկու եկեղեցիներն էլ հայտնի են իրենց քրիստոնեական բարձր բարոյական հատկանիշներով: Պնդել, թե ոճրագործությունը մկրտական կամ հոգեգալստական եկեղեցու գաղափարախոսության հետևանք է, սա կամ տգիտության արդյունք է, կամ խաբեության:

Հայաստանում քիչ չեն և՛ մկրտական, և՛ հոգեգալստական եկեղեցիների հետևորդներ: Մարդկանց զգացմունքների վրա խաղալով ատլեություն սերմանալ այս հավատացյալների նկատմամբ, նշանակում է անհիմն ատելության մթնոլորտ ստեղծել սեփական հայրենակիցների նկատմամբ: Սա էլ հայրենադավություն է:

Ամփոփելով վերը նշվածը, կարող եմ վստահաբար ասել՝ ոճրագործությանը կրոնական երանգներ տալը միաժամանակ և՛ իրավախախտում է, և՛ ստորություն է, և՛ տգիտություն է, և՛ խաբեություն է, և՛ դավաճանություն:

– Ի՞նչ եք կարծում, ինչ հետևանք կարող է ունենալ, եթե օրինակ բացահայտվի, որ Հայաստանում կատարված հանցագործությունների 90 տոկոսը Հայ առաքելական եկեղեցու հավատացյալներ են, իսկ դա մեծամասամբ այդպես է, անձամբ գիտափորձ եմ արել քրեակատարողական հիմնարկում, որտեղ 90 տոկոսը կնքված էին Հայ առաքելական եկեղեցում: Կամ ասենք, տարեկան 400 և ավելի ինքնասպանություն գործած անձիք նույնպես պատկանում են Հայ առաքելական եկեղեցուն: Էլ չթվարկեմ այլ հանցագործություններն ու արատավոր դեպքերը:

– Ցավոք, որևէ լուրջ հետևանք չի կարող ունենալ: Մեր երկրի և՛ հասարակությունը, և՛ իրավապահները կարծես բնականոն են համարում, երբ հանցագործություն կատարողը Առաքելական եկեղեցու հետևորդ է: Դրա վրա ոչ-ոք ուշադրություն չի դարձնում: Սակայն, երբ որևէ հանցագործության կամ ինքնասպանության հետևում հնարավոր է գտնել «աղանդավորական պոչեր», այդ մասին անպայման թմբկահրում  ու շեփորահարում են: Անգամ եթե չկա այդ «պոչը», մի շարք վայ-լրագրողներ կամ հասարակական գործիչներ հանուն սենսացիայի փորձում են բանսարկությունների ու կեղծիքների միջոցով ստեղծել այն: Իրականանում է Հիսուսի հայտնի ասացվածքը՝ ուրիշի աչքի շյուղը տեսնում են, իրենց աչքի գերանը համառորեն չեն նկատում: Թող Աստված անաչառություն տա բոլորին:

Ցանկացած եկեղեցու հետևորդներ կարող են սխալվել, սայթաքել ու վայր ընկնել: Սակայն մի բան է, երբ այդ սխալները բացառիկ դեպքեր են, այլ բան է, երբ դրանք, ինչպես նշեցիք, ցավալիորեն շատ են: Ավետարանական ընտանիքի եկեղեցիների քարոզչության մեջ առանցքային տեղ է գրավում մեղքի նկատմամբ անհանդուրժողականության արմատավորումը հավատացյալների մտքում և սրտում: Նույնը մաղթենք նաև մյուս եկեղեցիներին:

– Այսօր բազմաթիվ դեպքերի ենք ականատես լինում, երբ Առաքելական եկեղեցուց անջատ այլ քրիստոնեական հարանվանություններին անվանում են «աղանդներ»: Ըստ բառիմաստի` նորմալ է, երբ գոյություն ունեն տարբեր հարանվանություններ, որոնք ինչ-ինչ հարցերում ունեն տարաձայնություններ, և դրանք կարող են լինել որևէ ուղղությունից տարբերվող: Սակայն այսօր այդ բառը հիմանկանում օգտագործվում է ոչ թե տարբերությունների շեշտադրմամբ, այլ վիրավորելու կամ խմբային գիտակցությունից անջատված լինելու շեշտադրմամբ: Երբ հարցնում ենք, թե ո՞ր հատկանիշների կամ ինչո՞ւ համար եք այս կամ այն կազմակերպությունն անվանում աղանդավորական, հազվադեպ է լինում հիմնավորված և տրամաբանված պատասխան: Իհարկե, մեծ մասամբ «Առաքելական եկեղեցուց դուս բոլոր խմբերը աղանդավորներ են» պատասխանն է: Կա՞ն բարոյական չափանիշներ, որոնցով ավետարանական ուղղության կազմակերպությունները տարբերվում են առաքելականներից: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ կարծրատիպերին:

– Շատ տարողունակ հարց եք առաջարդրում:  Հայաստանում գործող քրիստոնեական շատ հարանվանություններ բողոքական եկեղեցու տարբեր ճյուղեր են՝ ավետարանականներ, մկրտականներ, հոգեգալստականներ, խարիզմատներ և այլն: Թեև դրանք ունեն տարբեր անվանումներ և որոշ վարդապետական տարբերություններ, բայց կրկնեմ՝ դրանք բոլորը բողոքականներ են: Բողոքականների հիմնական առանձնահատկությունն այն է, որ նրանք որպես միակ հեղինակություն ընդունում են Սուրբ Գիրքը՝ Աստվածաշունչը (Sola Scriptura): Ոչ թե հետագայում ստեղծված ավանդույթը, ոչ թե այս կամ այն կղերականի ստեղծած ծեսերն ու արարողությունները, այլ միայն Աստվածաշունչը: Կարելի՞ է արդյոք քրիստոնեական վարդապետության միակ աղբյուրը՝ Աստվածաշունչը, որպես միակ հեղինակություն ընդունող եկեղեցուն, «աղանդ» անվանել: Իհարկե՝ ոչ:

Այս մասին տարբեր ձևերով ու տարբեր մակարդակներում տարիներ ու տասնամյակներ շարունակ բացատրում են ավետարանական-բողոքական եկեղեցու ներկայացուցիչները: Դժվար է հավատալ, որ պաշտոնական եկեղեցու ներկայացուցիչները ի զորու չեն ընկալելու այս պարզագույն ճշմարտությունը:

Ուրեմն ի՞նչն է պատճառը, որ կղերականները և հասարակական մի շարք գործիչներ «շերլոկհոլմսյան խորաթափանցությամբ» ու «հայրենասերի» խրոխտ կեցվածքով թշնամական կամ վիրավորական երանգներ են տալիս բառին ու անօգուտ ճիգեր են գործադրում «աղանդավորների» գործունեության մեջ «հանցակազմ» գտնելու համար: Պատճառը հասարակության ուշադրությունն իրական խնդիրներից շեղելը, ներքին երևակայական թշնամու կերպար ստեղծելը և բոլոր խնդիրները նրանց գլխին բարդելն է: Ընդամե՛նը:

Չարժե կուրորեն ընդունել այս թշնամանքը, կարծելով, թե դրանից հայրենասիրությունն աճում է: Ի՞նչ հայրենասիրության մասին կարող է լինել խոսքը, եթե թշնամանք ես սփռում հայրենակցիդ նկատմամբ: Հանուն ինչի՞: Հանուն ոչնչի՛:

Ի դեպ, բողոքականների նկատմամբ թշնամանք տարածելու մոլուցքն առկա է միայն Հայաստանում, Ռուսաստանում, նախկին սոցիալիստական որոշ երկրներում և մահմեդական երկրներում: Իսկ քիչ թե շատ առաջավոր երկրներում, եթե որևէ մեկը բողոքականին աղանդավոր հայտարարի, ապա նրան (հայտարարողին) կվերաբերվեն որպես, ներեցեք բառի համար, ապուշի:

Իսկ բարոյական չափանիշների մասին արդեն խոսվեց: Փորձեք գնահատել, թե հանցագործների, մարմնավաճառների, թմրամոլների, խաղամոլների, կաշառակերների, հարբեցողների, կեղծարարների (այդ թվում՝ ընտրակեղծարարների) մեջ քանի տոկոս են կազմում հայ առաքելականները, քանի տոկոս՝ մյուս քրիստնոեական հարանվանությունների ներկայացուցիչները, և ամեն բան պարզ կդառնա:

– Որո՞նք են հայրենասիրության չափանիշները բողոքական եկեղեցիներում:

– Ամեն դեպքում դրանք բոցաշունչ ճառերն ու ամպագորգոռ հայտարարությունները չեն: Հոդվածներիցս մեկում նշել եմ, որ հաճախ որքան բարձրագոչ են հայրենասիրական ճառերը, այնքան կասկածելի է դրանց հեղինակների անկեղծությունը: Մեր հովիվներից մեկը մի առիթով նկատեց, որ հայրենասիրություն բառի արմատներն են հայրենիքն ու սերը: Իսկ սերը, ինչպես հայտնի է, քրիստոնեության հիմնարար գաղափարներից մեկն է, սխալված չեմ լինի, եթե ասեմ՝ ամենից հիմնարարը: Հայրենիքի նկատմամբ սերը բողոքական եկեղեցիներում դրսևորվում է տարբեր կերպ:

Մենք պայքարում ենք աբորտների դեմ, դեմ ենք նույնասեռականության քարոզչությանը, քաջալերում ենք զինվորական ծառայությունը, չենք արդարացնում տարբեր կեղծիքների միջոցով երեխային բանակից ազատելու ձգտումները, պայքարում ենք հարբեցողության, թմրամոլության, խաղամոլության, անառակության դեմ, խրախուսում ենք ազնիվ աշխատանքը, հանդես ենք գալիս ի պաշտպանություն ավանդական ընտանիքի և այլն: Մտեք ցանկացած բողոքական եկեղեցի և կհանդիպեք բազմաթիվ մարդկանց, ովքեր հաճախելով եկեղեցի, հրաժարվել են արատավոր սովորություններից՝ թմրամոլությունից, խաղամոլությունից, անառակությունից: Կհանդիպեք բազմաթիվ վերականգնված ընտանիքների, ինքնասպանության մտքից կամ հանցավոր ապրելակերպից հրաժարված մարդկանց: Կարծում եմ իրական հայրենասիրությունը հենց սա է՝ սիրել հայրենակիցներին և նրանց առաջնորդել դժբախտ ու արատավոր կյանքից դեպի առաքինի կյանք: Ընդ որում, բոլոր այս չափանիշները գալիս են Աստվածաշնչից ու մշտապես հնչում են բոլոր բողոքական եկեղեցիների քարոզներում: Մարդիկ այս պատվիրանները պահում են ոչ թե վախից կամ ամոթից, այլ դրանք ամուր նստած են մարդկանց գիտակցության մեջ ու հոգու խորքերում:

– Հաճախ են հնչում մեղադրանքներ, նույնիսկ որոշ լրագրողներ անձնական հետաքննություններ են անցկացնում փորձելով բողոքական եկեղեցիների քարոզչաձևը դիտարկել որպես զանգվածային մանիպուլյացիա: Դուք, որպես նման եկեղեցու հետևորդ, մտավորական, ինչպե՞ս եք վերաբերում նման բնորոշումներին:

– Ավանդական եկեղեցիներում հազարավոր մարդիկ սգավոր դեմքերով լսում են պատարագը, նրանց գերակշիռ մասը ոչինչ կամ համարյա ոչինչ չեն հասկանում, թե ինչ են ասում կամ երգում հոգևորականները, բայց ժամանակ առ ժամանակ վախվորած խաչակնքում են դեմքերն ու նույն վախվորածությամբ եկեղեցուց կրակ են տանում իրենց տները՝ ապավինելով ոչ թե կենդանի Աստծուն, այլ ճրագի բոցին: Ոչ մեկի, այդ թվում նաև իմ մտքով չի անցնում դա որակել որպես «զանգվածային մանիպուլյացիա» կամ «զոմբիացում»: Բայց, երբ մարդը կարդում է Աստվածաշունչը, և պարզորոշ գիտակցելով, որ փառաբանում է տիեզերքի Արարչին և իրեն հավիտենական կյանք պարգևողին, ձեռքերը բարձրացնում է դեպի վեր և փառք է տալիս Նրան, դա բնորոշվում է որպես մանիպուլյացիա:Ամեն մարդ դատողություններ է անում սեփական բարոյականության (իսկ տվյալ դեպքում՝ անբարոյականության) աստիճանի համեմատ:

 

religions.am