Կուսակցությունների մասին

  • 03/05/2013

Ընդունված է 2002 թվականի հուլիսի 3-ին

ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3. Կուսակցության հասկացությունը

1. Կուսակցությունը անհատական անդամության հիման վրա ստեղծված հասարակական միավորում է, որի գործունեության նպատակը հասարակության և պետության քաղաքական կյանքին մասնակցելն է:
2. Կուսակցության խնդիրներն ու նպատակներն արտացոլվում են նրա կանոնադրությունում և ծրագրում, որոնք հրապարակվում են զանգվածային լրատվության միջոցներով:
3. Կուսակցություն չի կարող ճանաչվել այն միավորումը, որի կանոնադրությունը՝
1) թույլատրում է նրանում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, ինչպես նաև օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների անդամակցությունը.
2) նախատեսում է անձանց անդամակցությունը միայն մասնագիտական, ազգային, ռասայական, կրոնական հատկանիշներով.
3) նախատեսում է այնպիսի անձանց անդամակցությունը, որոնք սույն օրենքին համապատասխան չեն կարող լինել կուսակցության անդամ:

Հոդված 9. Կուսակցությունների ստեղծման և գործունեության սահմանափակումները
Արգելվում է այն կուսակցությունների ստեղծումն ու գործունեությունը, որոնց նպատակները կամ գործունեությունն ուղղված են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության բռնի փոփոխությանը, զինված կազմավորումների ստեղծմանը, ազգային, ռասայական, կրոնական ատելության բորբոքմանը, բռնություն և պատերազմ քարոզելուն:

Հոդված 25. Կուսակցություններին կատարվող նվիրատվությունները
1. Կուսակցություններն իրավունք ունեն գույքի և դրամական միջոցների տեսքով նվիրատվություններ ստանալ ֆիզիկական անձանցից, հասարակական միավորումներից և հիմնադրամներից, իրավաբանական այլ անձանցից:
2. Չի թույլատրվում նվիրատվություններ՝
1) բարեգործական և կրոնական կազմակերպություններից, ինչպես նաև նրանց հիմնադրած կազմակերպություններից.
2) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, բացառությամբ այդ մարմինների կողմից սույն օրենքի 26-րդ հոդվածի համաձայն կատարվող ֆինանսավորման.
3) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հիմնարկներից ու կազմակերպություններից, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ հիմնադրված կազմակերպություններից.
4) պետական կառավարչական հիմնարկներից.
5) պետական ոչ առևտրային կազմակերպություններից.
6) նվիրատվության կատարման օրվանից մինչև վեց ամիս առաջ գրանցված իրավաբանական անձանցից.
7) օտարերկրյա պետություններից, օտարերկրյա քաղաքացիներից ու իրավաբանական անձանցից, ինչպես նաև օտարերկրյա մասնակցությամբ իրավաբանական անձանցից, եթե օտարերկրյա մասնակցի բաժնետոմսերը, փայը, բաժնեմասը տվյալ իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում 25 տոկոսից ավելի է.
8) միջազգային կազմակերպություններից և միջազգային հասարակական շարժումներից.
9) անանուն անձանցից:
3. Սույն հոդվածի երկրորդ մասի 1-8-րդ կետերում թվարկված նվիրատվությունների ստացման դեպքում կուսակցությունը պարտավոր է ստացման օրվանից երկու շաբաթվա ընթացքում դրանք վերադարձնել նվիրատուին:
4. Սույն հոդվածի երկրորդ մասի 9-րդ կետում նշված նվիրատվության ստացման դեպքում կուսակցությունը պարտավոր է նվիրատվության ստացման օրվանից երկու շաբաթվա ընթացքում այն փոխանցել պետական բյուջե:
5. Նվիրատվություն կատարող ֆիզիկական անձինք պարտավոր են նշել իրենց անունը, ազգանունը, հայրանունը, բնակության վայրը, իսկ իրավաբանական անձինք` իրավաբանական անձանց միջև անկանխիկ հաշվարկի կանոններով պահանջվող բոլոր տեղեկությունները (ռեկվիզիտները):
6. Հայաստանի Հանրապետության քաղաքացին դրամական նվիրատվությունը մուծում է բանկում անձամբ՝ ներկայացնելով անձնագիր կամ դրան փոխարինող այլ փաստաթուղթ: