Գանձասարի կաթողիկոսության նստավայրը

Գանձասարի կաթողիկոսությունը հայկական քաղաքական մտքի և քաղաքական նախաձեռնությունների գլխավոր կենտրոններից մեկն է և անուրանալի դերակատարություն է ունեցել Հայաստանի պետականության ստեղծման գործում: Գանձասարի կաթողիկոսները հիմնականում ընտրվում էին Արցախի հայ մելիքների` Հասան-Ջալալյանների տոհմից: Ըստ էության Արցախի, Լոռիի և Սյունիքի հայ մելիքները հայկական աշխարհիկ իշխանության վերջին մնացորդներն էին: Նրանց իշխանությունը պաշտոնապես ճանաչում էին Իրանի շահերը: Մելիքներն ունեին զորամիավորումներ և պարտավոր էին մասնակցել Իրանի շահերի արշավանքներին: Նրանք հայկական զինվորական դասի վերջին ներկայացուցիչներն էին: Հիշեցնենք, որ իսլամական աշխարհում քրիստոնյաները ոչ միայն իրավունք չունեին զենք կրել, այլև անգամ նժույգ ունենալու: Իրանի շահերը հայկական մելիքների այդ իրավունքը ճանաչել էին: Այստեղից էլ Արցախի, Սյունիքի, Լոռիի հայերի «յուրահատուկ» ռազմատենչությունը տարբերվում էր պատմական Հայաստանի մյուս հայերի` «ռայաների» հոգեբանությունից: Էջմիածնի կաթողիկոսները հայ «ռայաների» (իսլամական տերություններում սահմանափակ իրավունքներից օգտվող ոչ մահմեդական հասարակ ժողովուրդ) և առևտրականների կոթողիկոսներն էին, իսկ Գանձասարի կաթողիկոսը` առաջին հերթին հայ զինվորականների առաջնորդն էր:

Գանձասարի կաթողիկոսները հիշեցնում են Մոնտենեգրոյի (Չեռնոգորիայի) Օսմանյան կայսրության կիսաանկախ եպիսկոպոս-իշխաններին, որոնք 300 տարուց ավել պահպանեցին իրենց պետականությունը:

Պատահական չէ, որ հենց Գանձասարում էին ծնվում հայկական պետականության վերականգնման նախագծերը և օրինաչափ էր, որ հենց Արցախից է սկսվել հայկական երրորդ հանրապետության կայացման գործընթացը:

 gandzasar15

Գանձասարի վանական համալիր

Գանձասարը 10-13-րդ դարերի վանական համալիր է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` Մարդակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում։ Անվանումը ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր։

Գանձասարի մասին առաջին տեղեկությունը հայտնել է Անանիա Մոկացի կաթողիկոսը (10-րդ դ.)։ Արցախի Իշխանաց իշխան Հասան-Ջալալի հովանավորությամբ 1216-1238 թթ.-ին կառուցվել է Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին և օծվել 1240-ի հուլիսի 22-ին։ Գանձասարը 1400-1816 թթ. Աղվանից կաթողիկոսության նստավայրն էր։ 18-ր դդ. Սկզբին կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի շուրջն են համախմբվել Ղարաբաղի ու Սյունիքի ազատագրական շարժման ղեկավար գործիչները։ Գանձասարը ազատագրական շարժման կենտրոնի դերը պահպանել է մինչև 1815թ.-ը:

Գանձասարի վանական համալիրը շրջապատված է բարձր պատերով և իր մեջ է ներառում Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։ Որոշ արվեստաբաններ գտնում են, որ վանքը կարելի է դասել հայկական ճարտարապետության գլուխ գործոցների շարքը։ Անատոլի Յակոբսոնը (խորհրդային նշանավոր միջնադարագետ-հնագետ) Գանձասարը նկարագրել է այսպես. «ճարտարապետական արվեստի մարգարիտ… Սա միջնադարյան ճարտարապետության ու քանդակագործության եզակի կոթող է, որը իսկապես պետք է համարվի 13-րդ դարի հայկական մշակույթի հանրագիտարան»:gandzasar16 gandzasar17 gandzasar18 gandzasar19 gandzasar20 gandzasar21

Գանձասարի պատերին առկա են բազմաթիվ հայերեն արձանագրություններ։ Դրանք հետազոտողների ուշադրության կենտրոնում են դեռևս 19-րդ դարից։ Հովսեփ Օրբելին 1909թ. հաշվել է ավելի քան 84 արձանագրություն, որոնցից մեկում ներկայացվում է եկեղեցու կառուցման պատմությունը։

gandzasar22

Աղբյուր` karabakhcenter.com

Լուսանկարները՝  religions.am