Գոշավանքի համալիրը վթարային վիճակում է

Վերականգնումը սկսել է կառավարությունը, բայց արդեն մեկ տարի է, որ այն դադարեցված է ու տաճարն այս վիճակում է: Վթարային վիճակում են Համալիրի մի շարք հուշարձաններ, հատկապես Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Գավիթը, Մատենադարանը, Զանգակատունը, Գրատունը, որոնց թեք լանջերի քարերը քայքայվել են տարիների ընթացքում և հիմա թափվում են ցած՝ սպառնալով նաև այցելուների կյանքին:

goshavank18

Գոշավանք վանքային համալիրը 7-13-րդ դարերում կառուցված հայկական ճարտարապետական հուշարձան է, որը գտնվում է Տավուշի մարզի Գոշ գյուղում` Գետիկ գետի ափին:

Այն կառուցվել է 1190թ.-ին: Մխիթար Գոշի խնդրանքով, որն այդ ժամանակ Զաքարե Երկայնաբազուկի խոստովանահայրն ու խորհրդատու էր: Ամիրսպասալար Զաքարե և Իվանե Զաքարյան իշխանների հովանավորությամբ, երկրաշարժից փլված Գետիկ վանքի փոխարեն կառուցվում է այս հրաշակերտ համալիրը, որը նա անվանել էր Նոր Գետիկ: Նրա մահվանից հետո այն վերանվանվել է Գոշավանք: Եկեղեցական համալիրը բաղկացած է յոթ կառույցներից`Գրատուն-զանգակատուն եկեղեցի, Մայր աստվածածին եկեղեցի, Գավիթ, Սուրբ Գևորգ Լուսավորիչ եկեղեցի, Սուրբ Գրիգոր եկեղեցի, Գոշի դամբարան-մատուռ: Ամենահին կառույցը 1-ին դարի կիկլոպյան պատն է, որն հետագայում օգտագործվել է որպես սեղանատուն:

Գոշավանքը միջնադարյան Հայաստանի հոգևոր, կրթական և մշակույթային խոշոր կենտրոններից է: Պատմական աղբյուրներից հայտնի է, որ այստեղ եղել է համալսարան և ճեմարան: Գոշավանքում ուսուցվել են հայոց և օտար լեզուների քերականություն, փիլիսոփայություն, ճարտասանություն, երաժշտություն, գրչության արվեստ, նկարչություն: Այստեղ են կրթվել և գործել մշակույթի նշանավոր գործիչներ Վանական Վարդապետը և Կիրակոս Գանձակեցին, որոնք հետագայում իրենց հիմնած դպրոցներում շարունակել են Գոշավանքի ավանդները:

goshavank19
Մխիթար Գոշը 12–րդ դարի հայ գրականության մեջ զարգացրեց ժողովրդական բանարվեստի տեսակը` առակը, որով սկսվեց հայ գրականության աշխարհականացման նոր ժամանակափուլ։  Բացառիկ արժեք են ներկայացնում Մխիթար Գոշի Դատաստանագիրքն ու առակների ժողովածուն։ Մ. Գոշը հասարակական կյանքում տեղի ունեցած փոփոխությունները Դատաստանագրքում փորձել է կարգավորել օրենսդրական միջոցներով։

Դեռևս միջնադարում Դատաստանագիրքը թարգմանվել է լատիներեն, լեհերեն և վրացերեն ու կիրառվել հայ գաղթօջախներում։

Մ. Գոշի իմաստության համբավը տարածվել էր հեռավոր երկրներում և շատերը գալիս էին Նոր Գետիկ աշակերտելու նրան։ Նա մեծ հեղինակություն է վայելել ոչ միայն մտավորականների, այլև ժամանակի քաղաքական ու պետական գործիչների շրջանում, Միջնադարում նրա մասին պատմվել են ավանդություններ, որոնց մեջ նա սրբացվել է։

Գոշավանք ուղևորության մեզ հրավիրեց հոգևոր առաջնորդ Հայր Սարգիսը, որին մենք հանդիպեցինք Իջևանում: Երբ մենք այցելեցինք վանական համալի, այստեղ նրան սպասում էին Ռուսաստանի Դաշնության տարբեր մարզերից ժամանած մի խումբ այցելուներ: Զրույցի ընթացքում պարզեցինք, որ նրանք հոգեբաններ են և եկել են Ծաղկաձոր դասընթացների ու ցանկացել են այցելել այս վայրը, որի մասին լսել են գեղեցիկ պատմություններ: Հոգևոր հորը նրանք խնդրեցին աղոթել իրենց համար և Հայր Սարգիսը մեծ սիրով և հանգանքով մեզ առաջնորդեց տաճարի դահլիճ, բոլորի համար օրհնության աղոթք ասաց, երգեց իր երկինք թևածող ձայնով ու զմայլեց ուշադիր վերաբերմունքով: Ի դեպ, նրա հոգեթով ձայնի ու մաքրագործող աղոթքների ազդեցության մասին մենք բազմաթիվ ջերմ խոսքեր ու գոհության տողեր կարդացինք մի տետրում, որտեղ վանքի այցելուները թողել էին իրենց գրվածքները: Այստեղ հանդիպեցինք բազմալեզու շնորհակալական խոսքերի ու հուզական մախթանքների: Դրանք հավաստում են, որ հոգևոր երգն ու աղոթքը ազգեր ու կրոններ չի ճանաչում, այն ունի իր յուրահատուկ լեզուն` հոգու աստվածային լեզուն, որը հպվում է մարդկային զգայությունների նուրբ լարերին: Իսկ Հայր Սարգիսը` հոգևորականին հատուկ նրբանկատությամբ, հպվում էր այդ լարերին` փոխանցելով հայկական հողի ու բնության ջերմությունը, հայի սրտի հավատն առ Աստված:

goshavank20 goshavank21

goshavank22

goshavank23 goshavank24 goshavank25

goshavank26

Վանքի մասին զրուցեցինք բանասեր, պատմաբան, Գոշավանքի աշխարհիկ աշխատանքների պատասխանատու`Արծրուն Հովսեփյանի հետ:

goshavank27

-Կպատմեք համալիրի ստեղծման մասին:

– Մխիթար Գոշ (ծնվել է 1120–ական թթ, Գանձակում), որտեղ և ստացել է իր նախնական կրթություն: Չափահաս դառնալով՝ ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ Աշակերտել է Հովհաննես Տավուշեցուն և ստացել վարդապետի կոչում։ Երեմիայի մարգարեության ինքնուրույն մեկնաբանության համար, որում աղբյուրների մտացի ու տեղին օգտագործումը ներդաշնակվում է մտակառուցման ինքնուրույնությամբ, վտարվում է եկեղեցուց: Այնուհետև Մ. Գոշը գնացել է Կիլիկիա։ Թաքցնելով վարդապետական աստիճանը, ուսանել է Սև Լեռան երևելի գիտնականների մոտ և վերստին ստացել վարդապետի աստիճան։ Վերադառնալով հայրենիք՝ սկզբում ապրել է Գանձակում, ապա տեղափոխվել Խաչեն, այնտեղից էլ՝ Նոր Գետիկի վանքը։ Որոշ ժամանակ անց երկրաշարժից ավերվել են վանքն ու շրջակա գյուղերը։ Ամիրսպասալար Զաքարե  և Իվանե Զաքարյան իշխանների հովանավորությամբ Գետիկից ոչ հեռու՝ Տանձուտա ձորում նա կառուցել Նոր Գետիկ վանքը և հանգրվանել է այնտեղ ու բացել իր համալսարանը, որն ուներ 12 ֆակուլտետ:

Միաժամանակ մեծ զարգացում է ապրում որդան կարմիրով սալաքարերի վրա գրելու վիմագրական արվեստը, որն առանձին հմտություն և շնորհք էր պահանջում: Եվ ի տարբերություն Հայաստանի մյուս եկեղեցիների, այս վիմագրական արձանագրությունները պարունակում են բավական հարուստ պատմական նյութ տվյալ ժամանակների պատմության, սոցիալ-տնտեսական, քաղաքական իրավիճակների մասին:

(Մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել http://serials.flib.sci.am/openreader/vimagrutyun_6/book/index.html#page/64/mode/1up էջում):

Այն գմբեթավոր դահլիճ տիպի կառույց է՝ արևելքից երկու կրկնահարկ խորաններով, արևմուտքից և հյուսիսից՝ մուտքերով։ Արևելյան և հարավային պատերը մշակված են «հայկական խորշերով» (եռանկյունաձև կտրվածքի), հաստաբուն թմբուկը երիզված է նախշազարդ գոտիով։ Եկեղեցու՝ ավելի ուշ կառուցված գավթի ճարտարապետը եղել է Մխիթար Հյուսնը։ Գավիթը (1197-1203թթ.) չորս սյուներով կենտրոնակազմ գավիթների հիմնական տիպին է պատկանում։ Արևելյան երկու անկյուններում ունի երկհարկանի խորաններ։ Գոշավանքի գավիթը ձևով և կառուցվածքային տարրերով:
goshavank28 goshavank29

-Որքա՞ն ժամանակ է գործել համալսարանը:

-1375թ. մոնղոլները նվաճելով հյուսիսային Հայաստանը ամբողջությամբ թալանում ու այրում են գրադարանները: Որոշ աղբյուրներում հիշատակվում է, որ այստեղ պահպանվել են մոտ 10 000 ձեռագրեր: Կա մի հետաքրքիր լեգենդ այդ գրադարանի այրման վերաբերյալ: 1375 թ., երբ մոնղոլ զորապետ Նուխտայի բանակը նվաճեց Հյուսիսային Հայաստանը ու սրի քաշեց տեղի ողջ միաբանությանը, հայ հոգեւորականները ոչ մի գնով չեն համաձայնել մոնղոլ փաշային տալ եկեղեցու գանձերը, և միայն այն ժամանակ, երբ Նուխտար փաշան սպառնացել է, թե կայրի Մատենադարանը, եկեղեցականները բերել և փաշայի ոտքերի տակ են թափել համալիրի ողջ գանձարանը, չնայած դրանով չեն էլ կարողացել Մատենադարանը փրկել այրումից: Պատերի վրա դեռևս կարելի է տեսնել գրադարանի այրման հետևանքով մնացած մրի հետքերը:

Երկրորդ անգամ եկեղեցին խոր անկում է ապրել արդեն 20-րդ դարում, երբ թաթար-մոնղոլների հրից ու սրից փրկված եզակի գրականությունը հրի ճարակ դարձավ բոլշևիկների ձեռքով: Դա 1936 թվականն էր, երբ 4 օր շարունակ կոմունիստներն, շրջապատած եկեղեցու ողջ տարածքը, այրում էին ոչ միայն հայոց, այլև համաշխարհային մշակույթի գանձեր հանդիսացող մատյանները, այրում էին այնպիսի ուշի-ուշով, որ հանկարծ մի թերթիկ թուղթ անգամ չփախցնի, չկորի, որ հանկարծ մի եզակի պատառիկ անգամ չմնա որպես հուշ: Այսօր, մենք չենք կարողանում լրացնել մեր պատմության սպիտակ էջերը հենց այդ այրված գրքերի պատճառով:

Այդ գրքերում են եղել պահպանված նաև մեր պատմական շատ գյուղերի անուններ, որոնք մենք փորձել ենք վերականգնել, և հայտնաբերել ենք, որ դրանք եղել են առանձնահատուկ գյուղեր: Մեկը եղել մէ քաարգործների, մյուսը անասնապահների, մուսը, գինմեգործների: Մենք փորձել ենք պարզել, թե որ գյուղում, որ արհեստներն են գերակշռել:

Այստեղ է պահպանվում նաև մեր խաչագործության կիրառական արվեստի գլուխգործոցի վարպետ Պողոսի ասեղնագործ խաչքարերը, որոնցվից մեկն այստեղ է մյուսը Երևանի պատմության թանգարանում: Նրա մոտ է ուսումնառել Մոմիկը, որը սակայն լինելով խաչքարերի վարպետ, չկարողացավ այդպես էլ գերազանցել իր վարպետին, որը մնաց խաչագործության թագավոր:

Այսօր վանքի հոգևոր առաջնորդը Հայր Սարգիսն է: Նա հազվադեպ հանդիպող հայ հոգևորական է՝ նվիրված մարդկանց ու հավատին:

goshavank30 goshavank31

-Մենք տեսանք, որ եկեղեցում ընթանում են վերականգնման աշխատանքներ: Ո՞վ է զբաղվում դրանով:

-Վերականգնումը սկսել է կառավարությունը, բայց արդեն մեկ տարի է, որ այն դադարեցված է ու տաճարն այս վիճակում է: Վթարային վիճակում են Համալիրի մի շարք հուշարձաններ, հատկապես Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Գավիթը, Մատենադարանը, Զանգակատունը, Գրատունը, որոնց թեք լանջերի քարերը քայքայվել են տարիների ընթացքում և հիմա թափվում են ցած՝ սպառնալով նաև այցելուների կյանքին:  Մամուլում մի քիչ աղմուկ բարձրաձրինք, բայց այդպես էլ մեր մշակույթի նախարարությունից արձագանք չկա: Իբրև խոստացել են, որ գումար կտրամադրեն, բայց առայժմ տեսնում եք, վիճակն անմխիթար է: Այստեղ մենք հավաքել էինք թանգարանային նմուշներ, որոնք ևս տարան, իբրև թե թանգարան պիտի կառուցեն, բայց չգիտենք, թե այդ նմուշներն էլ ուր կորան: Գրիգոր Խանջյանի հանձնարությամբ 60-ական թվականներից իմ կողմից ստեղծված թանգարան էր, որը տուրիստներին վանքի ու գյուղի պատմությունը ներկայացնող մինչև 35 000 տարվա հնության նյութեր ուներ:

Տարեկան 600 000 այցելու ենք ունենում: Մենք այսօր ցուցադրման բան չունենք, բացի ավերակներից: Սա մեր պատմությունն է, ի՞նչ ենք ներկայացնելու աշխարհին, եթե այսօր այսպիսի վերաբերմունք է պատմական հուշարձանների նկատմամբ, ի՞նչ պետք է փոխանցենք մեր սերունդներին: Սրա յուրաքանչյուր քարը մեր ազգի, նրա հավատի, նվիրվածության մի պատմություն է: Նույնիսկ սովետի ժամանակ հնագիտական աշխատանքների արդյունքում բազմաթիվ պատմական հուշարձաններ վեր հանվեցին ու ուսումնասիրվեցին: Իսկ այսօր գումարներ չեն հատկացվում այդ աշխատանքների համար: Սա ուղղակի բարբարոսություն է, այլ ոչ թե մշակույթի նախարարություն:

goshavank32

-Վանքի հարևանությամբ, բարձրավանդակի վրա ևս մի փոքր վանք է երևում:

-Դա Սուրբ Գևորգ եկեղեցին է, որտեղ սկզբում եղել է Մ. Գոշի բնակարանը, որը մի փոքր հյուղակ էր, որտեղ մեր մեծերը մի կում ջրով, մի կտոր նշխարհ հացով աշխարհիկ գործեր են ստեղծել: Նրա մահից հետո նրա աշակերտներ Բարսեղն ու Կարապետը այստեղ եկեղեցի են կառուցել: Դրանից քիչ վերև Գոշի դամբարանն է: Նա իր կենդանության օրոք կառուցեց այն, ասելով. Ինձ կամփոփեք այս բարձրունքում, որ իմ հոգու աչքերով տեսնեմ այս եկեղեցու ավարտը:

1936թ., մի դեպք են պատմում, կապված այդ դամբարանի հետ, ինչի մասին կոմունիստների շրջանում, արգելված էր այդ մասին խոսել: Ասում են, որ կոնունիստական կուսակցության գյուղի քարտուղարը, կիսով չափ քանդում է մատուռը և կողքն իր համար բնակարան է կառուցում: Հենց ընտանիքով մտնում են ներս, կայծակը խփում է ու ամբողջ ընտանիքը այրվում է: Բայց նրանք արդեն հասցրած են լինում 3 խաչքարեր վերացնեն, որոնցից երկուսը մենք գտել ենք, բայց երրորդը չենք գտնում:

1934թ. այստեղ է այցելում Աղասի Խանջյանն ու տեսնում է, որ եկեղեցում դարման են լցրել, կանչում է գյուղի նախագահին ու ասում. «Դուք կյանքում մի քար քարի վրա դրած կա՞ք»: Ասում է, թե ո՛չ: Նա բարկանում է, թե, որ եթե ո՛չ, ինչո՞ւ եք եղածն ավիրում, ու հրամայում է, որ անմիջապես մաքրեն տաճարը: Այդ էր պատճառը, որ վերացրեցին նրա նման հայրենասեր մարդուն ու մենք կորցրեցինք շատ հայ մեծեր, ինչպիսին էր մեր մեծ Չարենցը, որին նա այլևս չկարողացավ պաշտպաներ:

goshavank33

Արմինե Դավթյան
Հատուկ  religions.am  կայքի համար

Լուսանկարները՝  religions.am