«Կրոնը գլոբալացման համատեքստում. Կրոնական կազմակերպությունների գործառնության իրավական կողմերը» միջազգային գիտաժողով Կրակովում

Նոյեմբերի 4-7-ը Լեհաստանի Կրակով քաղաքում տեղի ունեցավ «Կրոնը գլոբալացման համատեքստում. Կրոնական կազմակերպությունների գործառնության իրավական կողմերը» միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովը կազմակերպվել էր Կրակովի Յագելոնյան համալսարանի Կրոնի պատմության ամբիոնի, Իրավունքի և կրոնագիտության միջազգային կենտրոնի, ԱՄՆ Բրիգհեմ Յանգի համալսարանի և մի շարք միջազգային ֆոնդերի աջակցությամբ: Գիտաժողովին մասնակցում էին վեց տասնյակից ավելի գիտնականներ ու փորձագետներ 13 տարբեր երկրներից` Ռուսաստան, Բելոռուսիա, ԱՄՆ, Անգլիա, էստոնիա, Լատվիա, Լեհաստան, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Ուկրաինա, Սլովոկիա, Չեխիա:

Նման մասշտաբային գիտաժողովն արդեն դարձել է ավանդական և տարեցտարի ընդլայնվում է մասնակից երկրների ու դրանց ներկայացուցիչների ցանկը: Գիտաժողովի նպատակն է` նպաստել կրոնագիտության և հարակից գիտությունների զարգացմանը` ի նպաստ համաշխարհային գործընթացներում կրոնների միջև հարաբերությունների կարգավորմանը: Այն նաև նպաստում է գիտական և իրավական փորձի փոխանակմանը, միջմշակութային համագործակցության դաշտի ընդլայնմանը:

Գիտաժողովի կազմկոմիտեի անդամ էր ընտրված Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոնի և v1.religions.am կայքի խմբագիր Ստեփան Դանիելյանը: Այս տարի գիտաժողովին հրավիրված էր նաև կայքի կրթության հարցերով փորձագետ Արմինե Դավթյանը:

Համաժողովի ընթացում ձևավորված մասնագիտական և ոլորտային աշխատանքային խմբերում լսվեցին զեկույցներ և իրականացվեցին քննարկումներ մի շարք արդիական ու հրատապ խնդիրների շուրջ: Դրանց շարքում հատկապես կարևոր էր Ուկրաինայում տիրող իրավիճակը` կրոնական կազմակերպությունների ու համայնքների նկատմամբ, որոնց մասին ահազանգում էին Ուկրաինայից ժամանած ներկայացուցիչները:

Առավել թեժ քննարկումներ ծավալվեցին իրավական ոլորտների կարգավորման հարցերում, որոնք առընչվում էին մարդու և նրա ազատության իրավունքի բացարձակ արժեքին: Քննարկվեցին այս հարցում տարբեր երկրների, այդ թվում, նաև Հայաստանի մոտեցումներն ու առանձնահատկությունները:

Քննարվեցին տարբեր կրոնական կազմակերպությունների ներքին կառավարման ու հարաբերությունների համատեքստում կրոնական համոզմունքների ներքո մարդու, հատկապես` կանանց իրավունքների խախտումների ոլորտին առնչվող հարցեր և առաջարկություններ:

Ակնհայտ է, որ կրոնական ոլորտին առընչվող ցանկացած իրավանորմատիվային կարգավորում առաջ է բերում նաև նոր խնդիրներ և հակասություններ:

Մի շարք զեկուցողներ ներկայացրեցին կրոնական կազմակերպությունների նկատմամբ պետական քաղաքականության վարման իրենց երկրների փորձն ու հետազոտությունները:

Հատկապես ուշագրավ էին դոկտորներ և պորֆեսորներ Լ. Ֆիլիպովիչի, Մ. Սիտնիկովի, Ա. Մելնիկովի, Ա. Տատարչուկի, Ա. Ժերեբյատևի, Ս. Աբրամովիչի, Մ.Ֆարեկի, Ա.Կիլպի, Է.Կլարկի, Մ.Կիվիորգի և այլ զեկուցողների կողմից բարձացրած խնդիրներն ու դրանց լուծումները:

Խմբերից մեկում քննարկվեցին կրթության մեջ կրոնների, կրոնի կամ կրոնականի մասին ուսուցման ժամանակակից հայեցակարգերը, որտեղ զեկույցով հանդես եկավ նաև Ա. Դավթյանը:

Ուշգրավ էր Սանկտ-Պետերբուրգի համալսարանի Փիլիսոփայության ֆակուլտետի դոկտոր Տ. Չումակովայի կողմից մշակված Համաշխարհային կրոնների հիմունքներ դասագրքի ներկայացումը: Այն կրոնների մասին ուսուցման ունիվերսալ դասագիրք է դպրոցականների համար, որտեղ ամփոփված են կրոնների դավանաբանական, մշակութաբանական, արժեբանական առանցքային գաղափարները` ճանաչողական հիմքի վրա: Այն նոր խոսք է ՌԴ-ում բազմաշակութային միջավայրում ծառացած խնդիրների այլընտրանքային լուծման առումով, որը ողջունելի է հանրակրթության մեջ աշխարհիկության սկզբունքը որդեգրած երկրների համար:

Ակնհայտ էր, որ կրոնական հակամարտության և անհանդուրժողականության միջավայրը քիչ կամ շատ մասշտաբներով բնորոշ է գրեթե բոլոր հետխորհրդային երկրներին: Դրանց լուծման ուղիներն էլ կապված էթնոմշակութային ընկալումների առանձնահատկությունների հետ բազմազան են: Տարբեր ազգերի, էթնոսների կրոնական ընկալումների և հասարակության զարգացումների վրա դրանց ազդեցության վերաբերյալ զեկույցներով հանդես եկան փիլիսոփայության դոկտորներ` Մ. Սմիրնովը, Տ. Ֆոլյեվան, Ի. Բորովիկը, Ա. Ավիլովան, O. Կազմինան, Վ. Ելենսկին և այլք:

religions.am