Աշխարհի՞կ, թե՞ կրոնական հասարակություն

  • 12/01/2018
  • Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյան

  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան

1in.am  (11.01.2018)

Մեկ տասնամյակից ավելի է՝ Հայաստանում որոշ «առաջադեմ» ուժեր ահազանգում են պետական տարբեր կառույցների կրոնականացման մասին։ Ընդ որում՝ քննադատություններն ու թեմաներն անընդհատ դառնում են ի շրջանս իւրեանց՝ կրթական համակարգ և զինված ուժեր։ Կարծես լավ սերտված դասի պես, գոց արտասանվում են՝ «Եկեղեցին ներխուժել է դպրոց», «բանակը կրոնականացվում է», հասեք, օգնեք, Հայաստանում միջնադարյան մտածելակերպ է․․․Այս ֆոնի վրա բոլորովին վերջերս, արդեն անցած տարվա դեկտեմբերի վերջին շաբաթում սոցցանցերից մեկում կարդացի Ֆրանսիայի նախագահ Է․ Մակրոնի հետաքրքիր արտահայտությունը պետության աշխարհիկայնության (laïcité) վերաբերյալ․ «Հանրապետությունն աշխարհիկ է (laïque), բայց ոչ՝ հասարակությունը (société)»։ Եւ սա՝ 1905 թ․ Ֆրանսիայում ընդունված հայտնի աշխարհիկայնության օրենքի 112-րդ տարեդարձին ընդառաջ։

Ասվածը մտածելու տեղիք է տալիս նաև մեր պարագայում․ պետությունն ու եկեղեցին ՀՀ-ում օրենսդրորեն անջատված են, ՀՀ-ի և Եկեղեցու հարաբերությունները, ըստ սահմանադրության, կարող են կարգավորվել առանձին օրենքով․․․ճիշտ այնպես, ինչպես արևմտյան շատ ու շատ եվրոպական, ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներում։ Հարցն այստեղ շատ ավելի խորքային է ու գոյաբանական։

Ինչպիսի՞ն է հայ հասարակությունը՝ աշխարհի՞կ, թե՞ կրոնական։ Պարզ է, որ կրոնն ու կրոնական զգացումն անհատական, անձնական ոլորտին պատկանող նվիրական հասկացություններ են, որոնց ընտրության հարցում կարևորագույն դերակատարություն ունեն ոչ միայն ազատ կամքն ու գիտակցությունը, այլ նաև ազգային պատկանելությունը, դաստիարակությունը, ընտանեկան ավանդույթները և նույնիսկ․․․էթնիկ ենթագիտակցությունը։ Այո՛, թող զարմանալի չթվա, բայց վերջինս, ժամանակակից մարդաբանության ու փիլիսոփայության ուսումնասիրությունների համաձայն, շատ հաճախ կարող է որոշիչ դերակատարություն ունենալ։ Եվ ուրեմն, հարցը կրկին մնում է այժմեական՝ աշխարհի՞կ է հայ հասարակությունը, թե՞ կրոնական։ Խելամիտ չի լինի կարծել, որ հնագույն քրիստոնեական ինքնություն ու մշակույթ ունեցող Հայաստանի հասարակությունն աշխարհիկ է․ դա գիտակցում են նույնիսկ նրանք, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում Հայաստանի կրոնականացման «վտանգները» ներկայացնելիս։ Հետևաբար, անհիմն են այն բոլոր մակերեսային ու հաճախ դիտումնավոր քննադատությունները, որոնք նպատակ ունեն, իրենց իսկ խոսքով, վերհանելու ՀՀ-ում պետության և եկեղեցու սերտաճման արատավոր երևույթը։ Շատ բան պետք չէ, պարզապես անհրաժեշտ է նախ հասկանալ ու խորապես ըմբռնել հայ հասարակության մոտեցումները կրոնականի, այս պարագային քրիստոնեության և Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ։ Եվ միայն դրանից հետո գրիչ առնել ու քննադատել և ծաղրել Սուրբ Ծննդյան ազգային-դարավոր ավանդույթները։ Այստեղ շեշտեմ, որ անձերը՝ հոգևորական թե աշխարհական, որևէ դերակատարություն չունեն։

Ամբողջական տեքստ