Հայ առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. ԱՌԱՔԵԼ արքեպիսկոպոս ՔԱՐԱՄՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում անդրադարձել է այս օրերին արցախա-ադրբեջանական սահմանին առկա պատերազմական իրավիճակին եւ վստահ հույս հայտնել, որ. «Մեկ վայրկյան անգամ իրավունք չունենք կասկածելու մեր գալիք հաղթանակին»: Սրբազանի խոսքերով.
-Անաստված ու անհայրենիք ադրբեջանական ու թուրքական ոսոխը կրկին իր յաթաղանն ուղղեց խաղաղասեր հայի կողմը: Եվ նորից հայ ժողովրդին միասնանալու, բռունցք դառնալու, մեկ անգամ եւս առիթ ընձեռեց, փորձեց հարվածել մեր հայրենիքին, մեր սրբություններին եւ հավատի օջախներին, բայց դրանով մեր խաղաղասեր ազգին պայքարելու նոր եռանդ տվեց, քանզի մեր հավատն առ Աստված` մեր սահմանների նման անխախտ ու աներեր է: