Ապրիլի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով նշել է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնը։ Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ Պատարագ է մատուցել Հայոց Եկեղեցու հովվապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակագի հաղորդմամբ, հոգևորականների խաչվառազարդ թափորով, «Հրաշափառ» շարականի երգեցողության ներքո, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Վեհարանից ամպհովանիով առաջնորդվել են դեպի Մայր Տաճար, ուր նրանց դիմավորել են Մայր Աթոռի «Էօռնեկեան» հանրակրթական դպրոցի աշակերտները, ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի անդամները և բազում ուխտավորներ: