hraparak.am
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը մեր տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով.
«Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։
«Եկիր ի փրկութիւն ազգի մարդկան,
Թագաւոր փառաց, Քո անճառ խոնարհութեամբդ»
(Շարական):
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության լուսաշող տոնին, համախմբված մեր սուրբ եկեղեցիների կամարների ներքո, փառաբանում ենք Բարձրյալ Աստծուն, որ մարդկության հանդեպ անհուն սիրով ու ողորմությամբ ուղարկեց Իր Միածին Որդուն՝ ազատելու մարդ արարածին մեղքից ու մահվան կապանքներից։ «Փառքի Թագավոր, Քո անճառ խոնարհությամբդ եկար մարդկության փրկության համար» – օրհներգում է շարականագիրը:
Այսօր Սուրբ Ծննդյան հրաշազարդ իրադարձությունն է վերստին հառնում մեր հայացքի առջև։ Երկնային բարձունքներում գահին բազմող Փառքի Թագավորը ծնվում է աղքատիկ մսուրում։ Փրկչի Ծննդյան հրեշտակաձայն ավետիսին ունկնդիր՝ պարզասիրտ հովիվները խոնարհվում են Մանուկ Աստվածորդու առջև։ Իմաստուն մոգերը երկրպագում են Փրկչին, Ով աստվածային խնամքով մարդկությանը առաջնորդում է դեպի բարիք, հաճություն ու համերաշխություն։