Ինչպես հայտնում է Ուկրաինայի Ներքին գործերի նախարարության մամլո ծառայությունը, Լվովում գտնվող հայ կաթողիկէ Սուրբ Կազիմիրի վանքը կվերադարձվի Հայ Կաթողիկէ Եկեղեցուն, մասնավորապես՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի առաջնորդությանը: Այս մասին 2017թ. մայիսի 23-ին հայտարարեց Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը՝ հայ կաթողիկէ առաջնորդության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Պատվիրակության կազմում էին առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը, առաջնորդական փոխանորդ Գերհ. Հ. Մեսրոպ թ.ծ.վ. Սուլահյանը և Հոգշն. Հ. Նարեկ վրդ. Մնոյանը, Հ. Հենրիկ վրդ. Բլաշչիկը: Նախարարի խոսքերով, Ուկրաինայում գոյություն ունի մոտ 80 վանք, եկեղեցի կամ հոգևոր կառույց, որոնք պատմականորեն պատկանել են Ուկրաինայում հաստատված հայերին: Առայժմ, դրանցից միայն 5-ն են հայերին վերադարձվել: