Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին Հռչակագրով եւ Սահմանադրությամբ, նկատի ունենալով հայ ժողովրդի հոգեւոր զարթոնքը, նրա դարավոր հոգեւոր փորձն ու ավանդույթները, ճանաչելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին որպես հայ ժողովրդի ազգային եկեղեցի, նրա հոգեւոր կյանքի շինության ու ազգապահպանման կարեւոր պատվար, առաջնորդվելով միջազգային նորմերով սահմանված մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների սկզբունքներով եւ հավատարիմ լինելով քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային Դաշնագրի 18 հոդվածի դրույթներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն ընդունում է սույն օրենքը խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին։
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ապահովվում է քաղաքացիների խղճի եւ կրոնական դավանանքի ազատությունը։ Յուրաքանչյուր քաղաքացի ազատորեն է որոշում իր վերաբերմունքը կրոնի նկատմամբ, իրավունք ունի դավանելու ցանկացած կրոն կամ չդավանելու ոչ մի կրոն, անձնապես կամ այլ քաղաքացիների հետ համատեղ կատարելու կրոնական ծեսեր։
Հոդված 2.
1.Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներն օրենքի առջեւ հավասար են քաղաքացիական, քաղաքական, հասարակական, տնտեսական եւ մշակութային կյանքի բոլոր բնագավառներում՝ անկախ կրոնի նկատմամբ իրենց վերաբերմունքից կամ կրոնական պատկանելիությունից։
2.Դավանանքի նկատմամբ քաղաքացիների իրավունքների ուղղակի կամ անուղղակի սահմանափակումները, կրոնական հողի վրա հետապնդումները կամ այլ իրավունքների խոչընդոտումը, կրոնական թշնամանքի հարուցումը առաջ են բերում օրենքով սահմանված պատասխանատվություն։
Հոդված 3.
1.Քաղաքացու նկատմամբ չի թույլատրվում որեւէ հարկադրանք կամ բռնություն՝ ժամերգություններին, կրոնական ծիսակատարություններին եւ արարողություններին, կրոնի ուսուցմանը մասնակցելու կամ չմասնակցելու հարցերի նկատմամբ իր վերաբերմունքը որոշելիս։
2.Խղճի ազատության իրավունքի իրագործումը ենթակա է լոկ այն սահմանափակումներին, որոնք անհրաժեշտ են պետական եւ հասարակական անվտանգությունը, կարգուկանոնը, քաղաքացիների առողջությունն ու բարոյականությունը, հասարակության մյուս անդամների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու համար։
ԳԼՈՒԽ 2
ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ
Հոդված 4.
1.Կրոնական կազմակերպությունը հավատի համատեղ դավանության, ինչպես նաեւ կրոնական այլ պահանջմունքների բավարարման նպատակով ստեղծված քաղաքացիների միավորում է։
2.Կրոնական կազմակերպություններ են՝ եկեղեցական ու կրոնական համայնքները, թեմերը, վանքերը, կրոնական միաբանությունները, նրանց կրթական ու հրատարակչական հաստատությունները եւ այլ կրոնական-եկեղեցական հիմնարկներ։
Հոդված 5.
1.Քաղաքացիների խումբը ճանաչվում է որպես կրոնական կազմակերպություն, եթե այն բավարարում է հետեւյալ պայմաններին.
1) չի հակասում սույն օրենքի 3-րդ հոդվածի դրույթներին.
2) հիմնվում է պատմականորեն կանոնացված որեւէ սուրբ գրքի վրա.
3) իր դավանանքով մտնում է համաշխարհային ժամանակակից կրոնական- եկեղեցական համայնքների համակարգի մեջ.
4) զերծ է նյութապաշտությունից եւ ուղղված է դեպի զուտ հոգեւոր ոլորտները.
5) ընդգրկում է առնվազն 100 hավատացյալ անդամ: Մինչեւ 18 տարեկան երեխաները չեն կարող անդամագրվել կրոնական կազմակերպությանը՝ անկախ կրոնական ծեսերին իրենց մասնակցելու պարագայից եւ այլ հանգամանքներից:
2.Սույն պայմանները (բացի 1-ին կետում նշվածից) պարտադիր չեն միայն ազգային փոքրամասնությունների կրոնական կազմակերպությունների համար՝ իրենց ազգային դավանանքով։
Հոդված 6.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործում են.
1)Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին (կրճատ՝ Հայ Եկեղեցի) իր ավանդական կազմակերպություններով.
2)կրոնական այլ կազմակերպություններ, որոնք ստեղծվում եւ գործում են իրենց հավատացյալ անդամների շրջանակում՝ սեփական ունեցվածքի ու կանոնադրության համաձայն։
ԳԼՈՒԽ 3
ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 7.
1.Կրոնական կազմակերպությունների հոգեւոր-կրոնական գործունեությունն իրականացվում է հետեւյալ իրավունքների հստակ ընդգծված շրջանակներում.
1) իրենց շուրջ համախմբել իրենց հավատացյալներին.
2) ապահովել իրենց հավատացյալների հոգեւոր-կրոնական բոլոր կարիքների ու պահանջմունքների բավարարումը.
3) կատարել կրոնական ժամերգություններ, ծեսեր ու արարողություններ աղոթատներում եւ դրանց պատկանող տարածքում, ուխտատեղիներում, կրոնական կազմակերպությունների հիմնարկներում, ինչպես նաեւ հիվանդանոցներում, զառամյալների ու հաշմանդամների տներում, ազատազրկման վայրերում` այնտեղ գտնվող եւ տվյալ կրոնական կազմակերպության անդամ հանդիսացող քաղաքացիների խնդրանքով:
Զորամասերում կրոնական ժամերգություններ, ծեսեր ու արարողություններ կարող են կատարել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին:
Մնացած դեպքերում հրապարակային ժամասացությունները, կրոնական ծեսերն ու արարողությունները կատարվում են ժողովների, ցույցերի ու երթերի համար սահմանված կարգով։ Նման միջոցառումների համար դահլիճներ, համերգասրահներ եւ այլ տարածքներ հատկացվում են միայն գրանցված կրոնական կազմակերպություններին՝ նախօրոք այդ հարցը համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրոնի գործերով պետական լիազորված մարմնի հետ.
4) ստեղծել համապատասխան կրոնական ուսուցման խմբեր իրենց անդամների ու նրանց երեխաների կրոնական կրթության համար՝ ծնողների համաձայնությամբ, այդ նպատակով օգտագործելով իրենց պատկանող կամ հատկացված շինությունները.
5) զբաղվել աստվածաբանական, կրոնական, պատմամշակութային ուսումնասիրություններով.
6) պատրաստել հոգեւորական ծառայության կամ գիտական ու մանկավարժական մշակներ իրենց հոգեւոր կենտրոնների կրթական հաստատություններում.
7) ձեռք բերել եւ օգտագործել կրոնական նշանակության առարկաներ ու նյութեր.
8) օգտվել զանգվածային լրատվության միջոցներից՝ օրենքով սահմանված կարգով.
9) կապեր հաստատել այլ երկրների եկեղեցական կազմակերպությունների հետ՝ անկախ նրանց ազգային կամ դավանական պատկանելիությունից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրոնի գործերով պետական լիազորված մարմնի համաձայնությամբ, իրենց հավատացյալներին գործուղել արտասահման՝ ուխտագնացության, ժողովների կամ կրոնական այլ միջոցառումների մասնակցելու, ինչպես նաեւ ուսման կամ հանգստի նպատակով։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված կրոնական եւ այլ կազմակերպությունները, հիմնարկներն ու պաշտոնատար անձինք օտարերկրյա կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն են հրավիրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրոնի գործերով պետական լիազորված մարմնի միջոցով.
10) զբաղվել բարեգործությամբ։
2.Կրոնական կազմակերպությունների հրատարակչական գործունեությունը կարգավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող օրենսդրությամբ։
3.Կրոնական կազմակերպությունների իրավունքներն առաջանում են տվյալ կրոնական կազմակերպության Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցվելու պահից:
Հոդված 8.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում արգելվում է հոգեորսությունը (դավանաորսությունը)։ Որպես հոգեորսություն (դավանաորսություն) չի կարող դիտվել սույն օրենքի 7-րդ հոդվածում նշված իրավասությունների սահմանում ծավալված որեւէ գործողություն։
ԳԼՈՒԽ 4
ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
Հոդված 9. 1.Կրոնական կազմակերպության սեփականության իրավունքը կարգավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով։
2.Պետությունն անհատույց Հայ Եկեղեցուն է վերադարձնում կրոնական շինությունները, նրանց կից տարածքները եւ այլ ունեցվածքները։
Հոդված 10.
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ կրոնական այլ կազմակերպությունների պատմական հուշարձաններն ու պաշտամունքային գույքը օգտագործվում են համաձայն այդ կազմակերպությունների նվիրագործված ավանդական կարգի։
Հոդված 11.
Կրոնական կազմակերպությունները պարտավոր են ապահովել պետության կողմից որպես սեփականություն իրենց հանձնված կառույցների, տարածքների եւ մյուս ունեցվածքի, ինչպես նաեւ իրենց սեփականություն հանդիսացող պատմական հուշարձանների պահպանությունը եւ ըստ նշանակության օգտագործումը։
Հոդված 12.
1.Կրոնական կազմակերպությունները կարող են դիմել հավատացյալներին կամավոր դրամական եւ այլ նվիրատվությունների խնդրանքով, ստանալ եւ տնօրինել դրանք։
2.Կրոնական կազմակերպությունների ստացած դրամական եւ այլ նվիրատվությունները, քաղաքացիներից ստացվող հասույթները հարկման ենթակա չեն։
Հոդված 13.
Այն կրոնական կազմակերպությունները, որոնց հոգեւոր կենտրոնները գտնվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս, չեն կարող ֆինանսավորվել այդ կենտրոնների կողմից։ Կրոնական կազմակերպությունները չեն կարող ֆինանսավորվել կուսակցությունների կողմից եւ ֆինանսավորել նրանց:
ԳԼՈՒԽ 5
ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 14.
Կրոնական համայնքը կամ կազմակերպությունն իրավաբանական անձ է ճանաչվում պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալու պահից: Կրոնական կազմակերպությունը գրանցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին իրավաբանական անձանց պետական ռեգիստր պետք է ներկայացվի կրոնի գործերով պետական լիազորված մարմնի փորձագիտական եզրակացությունը՝ սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված պայմանների վերաբերյալ: Փորձագիտական եզրակացություն ստանալու համար կրոնական կազմակերպությունը պետք է ներկայացնի սույն օրենքի 5-րդ հոդվածում նշված պայմանները հավաստող փաստաթղթեր: Փորձագիտական եզրակացությունը դիմողին տրվում է դիմելու օրվանից ոչ ուշ, քան քսան օրվա ընթացքում: Փորձագիտական եզրակացության ձեւը սահմանում է կրոնի գործերով պետական լիազորված մարմինը:
Հոդված 15.
Կրոնական կազմակերպության կանոնադրությունը տվյալներ է պարունակում կրոնական կազմակերպության բնույթի եւ գործելու վայրի, դավանական պատկանելիության, կրոնական միավորման կառուցվածքի, աղոթատեղիների եւ գույքային դրության, ձեռնարկություններ հիմնելու, ուսումնական եւ հրատարակչական հաստատություններ ստեղծելու մտադրությունների, գործունեության դադարեցման դեպքում գույքային եւ այլ հարցերի լուծման կարգի մասին, ինչպես նաեւ պարունակում է տվյալ կազմակերպության գործունեության առանձնահատկությունների հետ կապված այլ դրույթներ։
Հոդված 16.
1.Կրոնական կազմակերպության գրանցման կամ գրանցումը մերժելու որոշումը՝ մերժման հիմքերի նշումով, մեկամսյա ժամկետում գրավոր ձեւով հանձնվում է դիմողին։
2.Կրոնական կազմակերպության գրանցումը մերժվում է գործող օրենսդրությանը նրա հակասելու պարագայում։
3.Մերժումը կամ որոշման կայացման՝ սույն օրենքով նախատեսված ժամկետի խախտումը կարող է բողոքարկվել դատական կարգով։
4.Կրոնական կազմակերպության գործունեությունը կարող է դադարեցվել ինքնալուծարման հետեւանքով կամ դատարանի որոշմամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների խախտման դեպքում։
ԳԼՈՒԽ 6
ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 17.
1.Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եկեղեցին անջատված է պետությունից։ Սույն հիմնադրույթի համաձայն պետությունը՝
1) իրավունք չունի քաղաքացուն հարկադրել դավանելու այս կամ այն կրոնը,
2) չի միջամտում եկեղեցու եւ կրոնական կազմակերպությունների՝ օրենքին համապատասխանող գործունեությանը եւ ներքին կյանքին, արգելում է եկեղեցիների եւ կրոնական կազմակերպությունների կառուցվածքում որեւէ պետական մարմնի կամ նրա հանձնարարությունները կատարող անձի գործունեությունը,
3) արգելում է եկեղեցու մասնակցությունը պետական կառավարմանը, եկեղեցու եւ կրոնական կազմակերպությունների վրա չի դնում որեւէ պետական գործառույթ։
2.Պետությունը չի խոչընդոտում ազգային եկեղեցու մենաշնորհ հանդիսացող հետեւյալ առաքելությունների իրագործմանը.
1) ազատ քարոզել ու տարածել իր դավանանքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ողջ տարածքում:
2) վերստեղծել իր պատմական ավանդույթները, կառուցվածքը, կազմակերպությունները, թեմերն ու համայնքները.
3) կառուցել նոր եկեղեցիներ, գործող դարձնել իրեն պատկանող պատմական հուշարձան□եկեղեցիները՝ ինչպես հավատացյալների խնդրանքով, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ.
4) նպաստել ժողովրդի հոգեւոր կրթությանը, օրենքով սահմանված կարգով նաեւ պետական կրթական հաստատություններում, որտեղ կրոնի դասավանդումը թույլատրվում է միայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանության հիմքի վրա եւ իրագործվում է Հայ Եկեղեցու կողմից համապատասխան որակավորում եւ թույլտվություն ստացած ուսուցիչների ուժերով.
5) գործնականորեն աջակցել ժողովրդի բարոյական կատարելագործմանը.
6) ծավալել բարեգործական եւ բարեխնամ գործունեություն.
7) մշտական հոգեւոր ներկայացուցիչ ունենալ հիվանդանոցներում, զառամյալների եւ հաշմանդամների տներում, զորամասերում, ազատազրկման վայրերում (ներառյալ՝ քննչական մեկուսարաններում)։
3.Հայ Եկեղեցու միջնորդության դեպքում տաղավարային տոներին հաջորդող երկուշաբթի աշխատանքային օրը տեղափոխվում է նախորդ շաբաթ օրը։
Հոդված 18.
Պետությունը չի ֆինանսավորում ինչպես կրոնական կազմակերպությունների գործունեությունը, այնպես էլ աթեիզմի քարոզչությունը, միեւնույն ժամանակ կրոնական կազմակերպությունների անդամներին ու սպասավորներին վերապահում է հասարակական ու քաղաքական կյանքին մասնակցելու իրավունք՝ այլ քաղաքացիների հետ համահավասար։
Հոդված 19.
1.Գործող օրենսդրությամբ նախատեսված բոլոր քաղաքացիական պարտականությունները տարածվում են նաեւ կրոնական կազմակերպությունների հավատացյալ անդամների վրա՝ այլ քաղաքացիների հետ համահավասար։
2.Քաղաքացիական պարտականությունների եւ կրոնական համոզմունքների հակասության առանձին դեպքերում քաղաքացիական պարտականությունների կատարման հարցը կարող է լուծվել այլընտրանքային սկզբունքով՝ օրենքով նախատեսված կարգով, համապատասխան պետական մարմնի եւ տվյալ կրոնական կազմակերպության փոխադարձ համաձայնությամբ։
Հոդված 20.
Պետությունը ճանաչում է խոստովանության գաղտնիությունը: Քննչական եւ դատական ատյաններում որպես վկա չի կարող հարցաքննվել ձեռնադրված հոգեւորական-խոստովանահայրը գործի այն հանգամանքների մասին, որոնք նրան հայտնի են դարձել խոստովանության ժամանակ:
Հոդված 21.
Պետությունն իր վրա է վերցնում կրոնական նշանակություն ունեցող պատմական հուշարձանների պահպանությունը՝ անկախ նրանց պատկանելությունից։
Հոդված 22.
1.Պետության եւ կրոնական կազմակերպությունների հարաբերությունները կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը, որը՝
1)փորձագիտական եզրակացություն է տալիս կրոնական կազմակերպությունները գրանցելու համար, միջնորդում է դատարանին օրենքը խախտող կրոնական կազմակերպությունների լուծարման առաջարկով.
2) կրոնական կազմակերպությունների խնդրանքով աջակցում է առանձին
հարցերի շուրջ պետական մարմինների հետ համաձայնության գալուն եւ անհրաժեշտ օգնություն ցույց տալիս այդ հարցերի լուծմանը պետական մարմինների կողմից.
3) պետության անունից որպես միջնորդ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրոնական կազմակերպությունների միջեւ ծագող հարցերի եւ վեճերի լուծմանը.
4) իրականացնում է հսկողություն կրոնական թեմաներով գրականության եւ ծիսական նշանակության առարկաների արտադրության, ներմուծման եւ վաճառքի նկատմամբ.
5) իրականացնում է սույն օրենքով նախատեսված լիազորությունները.
Պետության եւ կրոնական կազմակերպությունների սույն օրենքով չկանոնակարգված հարաբերությունները կարգավորվում են պետության եւ համապատասխան կրոնական կազմակերպությունների ղեկավար մարմինների համաձայնությամբ։
ԳԼՈՒԽ 7
ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 23.
1.Սույն օրենքի դրույթների խախտման համար կրոնական կազմակերպությունները ենթակա են պատասխանատվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
2.Կրկնակի խախտման դեպքում դատարանն իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրոնի գործերով պետական լիազորված մարմնի կամ շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա վճիռ կայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված կրոնական կազմակերպության լուծարման մասին։
3.Սույն օրենքի պահանջների կրկնակի խախտում թույլ տված օտարերկրյա կրոնական կազմակերպության` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող ներկայացուցիչները վտարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից։
Հոդված 24.
1.Սույն օրենքի դրույթների խախտման համար պաշտոնատար անձինք ենթակա են պատասխանատվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
2.Սույն օրենքի պահանջների խախտմամբ ձեռք բերված շահույթը որպես եկամուտ ենթակա է բռնագանձման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե։
3.Նման դեպքերում դատարան հայց է ներկայացնում պետական լիազորված մարմինը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրոնի գործերով պետական լիազորված մարմնի միջնորդությամբ:
Հոդված 25.
Կրոնական կազմակերպությունները պարտավոր են գրանցվել կամ վերագրանցվել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:
ԳԼՈՒԽ 8
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ
Հոդված 26.
1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
2.Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1996 թվականի սեպտեմբերի 18-ի ՀՕ-35-Ն օրենքը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
24 դեկտեմբերի 2008թ.
ՀՕ-59-Ն