Երբ հայկական կուսակցությունները որոշեցին, որ կայսրության հիմնական խնդիրը սուլթանին հեռացնելն ու նոր ուժեր իշխանության բերելն է, քչերին էր հետաքրքրում խորքային գաղափարական գործընթացները, որոնք տեղի էին ունենում օսմանյան մուսուլմանների շրջանում, մասնավորապես՝ «Միասնություն և առաջընթաց» կուսակցության» ներքին խմորումներում։ Քայքայվող կայսրությունում սահմանադրական կարգ հաստատելու գաղափարը հայերին թվում էր այլընտրանք չունեցող։ Բայց կյանքը ցույց տվեց հայերի և մյուս փոքրամասնությունների համար դառը ճշմարտության հաղթանակը։
Էնվեր փաշայի, Թալեաթ փաշայի և Ջեմալ փաշայի եռապետության իշխանության գալուց հետո 1876 թվականի վերականգնված սահմանադրության դրույթները սկսեցին անտեսվել, և խորհրդարանը գործնականում կորցրեց երկրի քաղաքական կյանքի վրա ազդելու հնարավորությունը։
«Միասնություն և առաջադիմություն» կուսակցությունը, որին աջակցում էր Դաշնակցությունը, զբաղված էր այլ խնդիրներով, Սահմանադրության վերականգնումը նրանց քիչ էր հետաքրքրում։ Պատահական չէր, որ այդ կուսակցության անդամներին հետագայում անվանեցին երիտթուրքեր։ Սրա մասին արժե ավելի մանրամասն խոսել։
Հայտնի է, որ երբ 1913 թվականի Բալկանյան պատերազմում «Միասնության և առաջադիմության» կուսակցության ղեկավարությամբ Օսմանյան Թուրքիան սկսեց պարտություն կրել, որոշվեց Անատոլիան դարձնել միատար։ Նպատակն էր կրճատել տարածքի քրիստոնյա բնակչության թիվը։ Այս նպատակն էր հետապնդում ամբողջ 1914 թվականի ընթացքում Էգեյան ծովի տարածաշրջանում, հատկապես առափնյա հատվածում, ապրող հույների վտարումը։ Դե, հայերի հետագա ճակատագիրը միայն ապացուցում է այն փաստը, որ այդ քաղաքականությունը մանրակրկիտ մտածված է եղել։
Ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի 1915 թվականի մայիսի 26-ի զեկույցում ասվում էր. «այնպես, ինչպես Եվրոպայում, այստեղ էլ կարող ենք կորցնել մեր հողերը»։ Այս նամակում Թալեաթ փաշան ասում է, որ «մեզ համար խնդիր դարձած հայկական բարեփոխումների հարցը վերջնականապես լուծելու համար, երբ պատերազմը սկսվեց, մենք որոշ ուղիներ մտածեցինք»։ Կայսրությունը յուրացնողները գիտեին, թե ինչ են անում։
Թե ինչ ուղիներ են մտածել երիտթուրքերը պատերազմի սկզբում, բոլորի համար պարզ է՝ քրիստոնյա ժողովուրդների ոչնչացում և կայսրության տարածքի մնացորդների յուրացում։ Բայց ինչպիսի՞ն էին այն գործիչները, ովքեր յուրացրել էին իշխանությունը Օսմանյան կայսրությունում։ Ինչո՞ւ քրիստոնյա ազգերը հանկարծ դարձան նրանց երդվյալ թշնամիները։ Ինչպես ասացի, Թանզիմաթի բարեփոխումների հենց սկզբից, Օսմանյան կայսրության տարբեր քաղաքական գործիչներ փորձել են գաղափարական նոր հիմքեր գտնել կայսրության միասնությունը պահպանելու համար։ Շրջանառության մեջ մտավ նեոօսմանիզմի գաղափարը ։
Սակայն, երբ երիտթուրքերն իշխանության եկան, հասկացան, որ նեոօսմանիզմը չի կարող հիմք դառնալ կայսրության միասնության պահպանման համար, մեկ այլ դոկտրին է պետք։ Նրանք սկսեցին լայնորեն քարոզել օսմանցիների և թուրքերի նունականության կարգախոսը, և այն շովինիստական տեսությունը, որ թուրքերը պատկանում են «զտարյուն», «բարձր» ռասային։ Ահմեդ Ռիզան, ով մինչև 1908 թվականը ղեկավար պաշտոն էր զբաղեցնում «Միասնություն և առաջադիմություն» կուսակցության մեջ, խոստովանեց, որ նեոօսմանիզմի դոկտրի տակ հասկանում է թուրքերի գերիշխանությունը, և, որ իր քաղաքականության հիմնական նպատակն է ապահովել թուրքերի գերակայությունը կայսրության մնացած էթնիկ խմբերի հանդեպ։ Այսպիսով, նրանք ցույց տվեցին, որ իրենք թյուրքական կազմակերպություն են և օսմանյան պետության մեջ ներմուծում են թյուրքիզմի գաղափարախոսությունը։ Այս էքսպանսիոնիստական գաղափարը Օսմանյան կայսրության ժողովուրդների ճակատագրերում փոխեց ամեն ինչ։
Պետք է ասել, որ թուրքիզմը Օսմանյան կայսրություն է ներմուծվել դրսից։ Դրանում շահագրգռված էին այն ուժերը, որոնք ձգտում էին կազմաքանդել կայսրությունը՝ հասարակության մեջ ազգայնականություն սերմանելով խաչխլել այդ ժամանակ եղած կրոնների՝ միլեթների վրա հիմնված ժողովուրդների միասնությունը։ Բավականին շատ տեղեկություններ կան, որ դրանում շահագրգռված էին և՛ Ռուսաստանը, և՛ եվրոպական տերությունները, և՝ մասնավորապես Ֆրանսիան և Բրիտանիան:
Այս գաղափարը երկար ժամանակ առաջացրեց կայսրության քաղաքական ուժերի կտրուկ մերժումը։ Բայց, քաղաքական նպատակահարմարությունը ստիպեց օսմանցիներին հագնել մինչ այժմ նրանց կողմից արհամարհված թյուրքական «հագուստը»։ Թուրք պատմաբան Աքչամ Թաներն, իր հետազոտության մեջ, հստակ բացատրում է այդ հանգամանքը։ (հետաքրքրվողները կարող են կարդալ http://www.armenianhouse.org/akcam/genocide/contents.html):
Դեռեւս 1910 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, տեղի ունեցավ «Միասնություն և առաջադիմություն» կուսակցության ընդհանուր ժողովը՝ «Թուրքիան՝ միայն թուրքերի համար» կարգախոսով։ Երիտթուրքերի որդեգրած կուրսը իրականացվեց ամենայն լրջությամբ՝ դրան ստորադասելով երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունը։ 1912-13-ի Բալկանյան պատերազմները հանգեցրին վերջնական որոշմանը, որի համար Օսմանյան կայսրությունում իշխանությունը յուրացրած գործիչները երկիրն ներգրավեցին պատերազմի մեջ։
Նորաթուխ թուրքերը հասկացան, որ, կայսրության փլուզման հետևանքով, տարածաշրջանում առաջացած իշխանության վակուումը ստիպեց բոլոր տերություններին աջակցել նոր քաղաքական միավորների ձևավորման գործընթացին, ուժերի նոր հարաբերակցություն հաստատելու համար։ Հայ ժողովրդին ոչնչացնելու որոշումը կարող էին ընդունել միայն նրանք, ովքեր գիտակցում էին, որ հայոց պետականության վերածնունդը դառնում է օբյեկտիվ իրականություն, որը ոչ ոք չէր կարող կանխել։
1914 թվականի օգոստոսի 2-ին, երիտթուրքերը գաղտնի պայմանագիր կնքեցին Գերմանիայի հետ, որի կետերից մեկը Օսմանյան կայսրության արևելյան սահմանների փոփոխությունն էր՝ Ռուսաստանի մուսուլման ժողովուրդների հետ միջանցք ստեղծելու համար, ինչը նշանակում էր վերաձևվող տարածքներում հայկական ներկայության վերացում։ Այս քաղաքականությունը հրապարակավ հայտարարվեց օսմանյան կառավարությունը պատերազմի մեջ մտնելուց հետո, 1914-ի հոկտեմբերի 30-ին։ Կոչը պարունակում էր հայտարարություն թուրքական ռասայի բոլոր ներկայացուցիչների «բնական» միավորման մասին։
Անմիջապես փոխվեց Դաշնակցության հանդեպ երիտթուրքերի իշխող վերնախավի վերաբերմունքը: 1914 թվականի օգոստոսին, մինչ Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումը, երիտթուրքերը փորձեցին դիմել Դաշնակցության օսմանյան մասնաճյուղի օգնությանը՝ պատերազմի դեպքում ռուսահայերի ապստամբություն կազմակերպելու համար։ Դաշնակցության ղեկավարությունը, սակայն, հայտարարեց, որ գալիք պատերազմում սահմանի երկու կողմի հայերը պետք է հավատարիմ մնան իրենց կառավարություններին։ Մերժումը հանգեցրեց կուսակցության մի քանի ղեկավարների սպանության։ Արդյունքում, Դաշնակցությունն իր գործունեությունը տեղափոխեց Ռուսաստանի տարածք։ Ինչպես գիտեք, երիտթուրքերը Հնչակյան կուսակցության ղեկավարների հետ հարցը լուծել էին 1915թ.։
Նմանատիպ սխեմաների են դիմել Ռուսաստանի իշխանությունները։ 1914 թվականի օգոստոսին Հայոց կաթողիկոսը փորձեց ռուսական իշխանություններից ստանալ թուրքական Հայաստանի հետպատերազմյան ինքնավարության երաշխիքներ։ Կովկասի կոմսի փոխարքա Վորոնցով-Դաշկով հայտարարել էր, որ Ռուսաստանը պնդելու է նախապես համաձայնեցված բարեփոխումների իրականացումը, և կոչ է արել Ռուսաստանի և սահմանի մյուս կողմում գտնվող հայերին պատրաստ լինել պատերազմի դեպքում կատարել ռուսական հրահանգները։ Բայց կոնկրետ գործողություններ տեղի ունեցան Ռուսաստանի տարածքում։ Ռուսական բանակի կողմից մարտերին մասնակցելու համար ստեղծվեցին հայկական կամավորական գումարտակներ: Սկզբում ստեղծվեցին հինգն, իսկ հետագայում ևս երկուսը։ Կամավորների թվում կային 1878 թվականին Ռուսաստանին բռնակցված տարածքներից փախչածներ, ինչպես նաև և թուրքական տիրապետությունից Կովկասում հայտնված հայեր։
Հայերի մշակված դիրքորոշումը, ըստ որի յուրաքանչյուր կողմի հայերը պետք է հավատարիմ մնան իրենց իշխանությանը, ոչ միայն Դաշնակցության, այլեւ բոլոր հայկական կազմակերպությունների ու Եկեղեցու որոշումն էր։
Ինչ ճակատագրական նշանակություն ունեցավ այս որոշումը հայ ժողովրդի համար, կխոսենք առանձին։
Ազգային ինքնորոշման իմաստի չըմբռնումը ճակատագրական դեր խաղաց՝ բացի անկախ պետության հռչակումից, հայությունն այս իրավիճակում այլընտրանք չուներ։ Բայց, ժողովրդի ղեկավարները նախընտրեցին այլոց ծրագրերին մասնակցելու կուրսը` հրաժարվելով իրենց իրավունքներից։ Ընդ որում, նման որոշում է կայացվել այն ֆոնին, երբ թուրք-գերմանական գաղտնի ռազմական պայմանագրի կնքումից անմիջապես հետո, երիտթուրքերը հայտարարեցին համընդհանուր զորահավաք, որի արդյունքում գրեթե բոլոր առողջ հայ տղամարդիկ զորակոչվեցին բանակ։ Իսկ Առաջին համաշխարհային պատերազմ մտնելուց կարճ ժամանակ անց՝ 1915 թվականի փետրվարին, արտառոց միջոցներ ձեռնարկվեցին օսմանյան հայերի դեմ։ Օսմանյան բանակի հայ զինվորները զինաթափվել էին, իսկ խաղաղ հայ բնակչությունից առգրավվել են 1908 թվականից նրանց թույլատրված զենքերը։ Զինաթափմանը հաջորդել է հայ զինծառայողների դաժան սպանությունները։
Դա հայ ժողովրդի բնաջնջման հրեշավոր ծրագրի նախերգանքն էր։ Հայերի զինաթափումը հնարավորություն տվեց համակարգված արշավ իրականացնել Օսմանյան կայսրության հայ բնակչության դեմ, որի մասն էր նաև սիրիական անապատ արտաքսումից։ Սրա մանրամասները լավ ուսումնասիրված են և հասանելի են բոլորին:
Արդյո՞ք հայության ներկա սերունդները հասկանում են այս ազգային աղետի իրական պատճառները: