Աղվանից եկեղեցին. Ո՞վ կարող է հավակնել նրա ժառանգության

  • 13/01/2021
  • Վարդան Ջալոյան

  • մշակութաբան

Կովկասյան Աղվանքը (Ալբանիան) Հարավային Կովկասի հնագույն պետական կազմավորումներից է, իսկ՝ Աղվանքի եկեղեցին հնագույն քրիստոնեական եկեղեցիներից մեկը:
Անտիկ հեղինակները, ինչպես վաղ շրջանի հայ պատմիչները, նկարագրում են Աղվանքը որպես Կուրի և Կասպից ծովի միջև ընկած երկիր (օրինակ` Ստրաբոնը):

V դարից սկսած Աղվանք է սկսվում կոչվել Սասանյան Իրանի Աղվանքի մարզպետության տարածքը, որն արդեն իր մեջ ներառում էր հին՝ բուն Աղվանքի տարածքից բացի նաև Կուրի աջ ափին գտնվող Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգները: X դարում գրված Մովսես Կաղանկատվացու (Դասխուրանցու) «Պատմութիւն Աղուանից աշխարհի» գրքում «Աղվանքի» տակ նկատի էր առնցել Արաքսից Դերբենտ ընկած տարածքը, որը Աղվանքի կաթողիկոսի եկեղեցական իրավասության մեջ էր: Այդ եկեղեցական-քաղաքական միավորի հետևորդներն էին ինչպես բուն աղվանացիներն, այնպես էլ այդ տարածքի այլ ժողովուրդներ (Կուրի աջ ափին բնակվող հայերը, հյուսիս-արևմտյան շրջաններում՝ վրացիները):

Ավանդությունը Աղվանքում քրիստոնեության տարածումը կապում է ս. Թադեոսի աշակերտ Եղիշաի հետ: Եղիշան գործունեություն է ծավալել բուն Աղվանքի Չող, Կապաղակ, ինչպես նաև Ուտիքի Սուհառ ու Գիս քաղաքներում: Նույն ժանանակ Արցախում առաքելական գործունեություն է ծավալել Թադեոսի մեկ այլ աշակերտ՝ ս. Դադին:

Աղվանքի երկրորդ դարձը կապվում է Գրիգոր Լուսավորչի թոռան՝ Ամարասի եպիսկոպոս Գրիգորիսի հետ: Նա «նորոգեց» եկեղեցիները, քարոզեց տեղի ժողովուրդներին և 338-ին նահատակվեց Մազքթաց Արշակունի թագավոր Սանեսանի կարգադրությամբ։ Աղվանքում քարոզչություն են արել նաև վրացիները և ասորիները: Այս շրջանում Աղվանից եկեղեցու եպիսկոպոսության աթոռանիստ կենտրոններն են եղել Կապաղակը, Չողը, Շաքին։ Նկատենք, որ որոշ ժամանակ Աղվանքի, ինչպես նաև Հայաստանի եպիսկոպոսները ձևականորեն ենթակա են եղել Տիզբոնի նեստորական կաթողիկոսին:

Աղվանքի ժողովուրդների շրջանում քրիստոնեության քարոզչության հաջորդ ալիքը կապված է Մեսրոպ Մաշտոց և Դանիելի անունների հետ, որոնց աղբյուրները վերագրում են 420 թ. աղվանական/գարգառական այբուբենի ստեղծումը: Դատելով Դվինի I ժողովի (506 թ.) նյութերից, Աղվանքի եկեղեցու ծիսական լեզուն աղվաներենն էր:
Մի շարք գիտնականների ենթադրությունն Աղվանքի լեզվով ծիսական հուշարձանների գոյության մասին հաստատում է գտել: Վերջերս Սինայում հայտնաբերվել է վրացական պոլիմպսեստում ավելի քան հարյուր էջ աղվաներեն ծիսական տեքստեր:

VII դարից ուժեղանում է Աղվանքի եկեղեցու հայացման գործընթացն, իսկ ավելի ուշ եկեղեցիական ծառայությունները կատարվում էին արդեն հայերեն: Այնուամենայնիվ, աղվաներեն գիրը շարունակում է օգտագործվել ձախ Կուռի ափի հատվածում (Մինգեչաուրի մոտակայքում գտնվող համալիրի պեղումների արդյունքում հայտնաբերվել են VII դարի կեսին գրված ինչպես ալբանական, այնպես էլ հայկական արձանագրություններ):

Աղվանքի առաջին տիրակալը, ով ընդունեց քրիստոնեություն, Ուրնայր թագավորն էր, ով մոտավորապես 370 թ-ին մկրտվեց Հայաստանում: Բայց Աղվանից մարզպանությունում քրիստոնեությանը վերջնականապես հաղթել է 5-րդ դարի վերջին, Աղվանքի թագավոր Վաչագան Գ Բարեպաշտի օրոք, երբ Աղվենի ժողովում սահմանվել են եկեղեցական կարգ ու կանոնները, աոաջնորդների իրավունքներն ու պարտականությունները։ Սակայն մինչև Х դարը, հատկապես Բուն Աղվանքում, հեթանոսությունը և զրադաշտականությունը ևս մեծ տարածում են ունեցել:
Շուրջ 500-ին Աղվանից կաթողիկոսությունը ընդգրկել է հետևյալ եպիսկոպոսական թեմերը (1). Բախաղաթ, Շաքե, Կապաղակ, Ամարաս, Մեծ Առանք, Գարդման, Յաշու, Պարտավ:

VII դ. սկզբին Վրաց եկեղեցին ընդունեց ուղղափառություն (քաղկեդոնականություն), իսկ հետո՝ 631/32 թվին, նաև հայկական եկեղեցին որոշ ժամանակ ընդունեց դիոֆիզիտական ​​դոգման: Աղվանքի եկեղեցու հավատարմությունը քաղկեդոնական դոգմաներին, ըստ ամենայնի, մինչև Պարտավի ժողովը (706), երբ Եղիա Ա Արճշեցի կաթողիկոսը արաբների աջակցությամբ գահընկեց արեց քաղկեդոնական կաթողիկոս Ներսեսին: X դարի 2-րդ երկրորդ կեսին ձախափնյա Աղվանքի (Հերեթի) բնակչությունը վերամիավորվեց քաղկեդոնականության հետ:
Արաբական նվաճումները (7-րդ դարի կեսերից) սկիզբ դրեցին իսլամի և քրիստոնեության միջև համառ պայքարին, որն ավարտվեց 11-րդ դարում մերձկասպյան տարածաշրջանի բնակչության մեծ մասի իսլամացումով: Խալիֆները հաստատելով Հարավային Կովկասում իրենց իշխանությունը, Աղվանքի կաթողիկոսությունը հայկական եկեղեցուց (VIII դարի 20-ականներից) ենթակայության տակ դրվեց։ Պարզ է դրա պատճառն, արաբները մրցակցում էին Բյուզանդիայի հետ և օրենց պետք էր տեղի քրիստոնյաներին կտրել Բյուզանդական եկեղեցուց։

Քաղաքական մասնատման ժամանակաշրջանում (IX-XII դդ.) Աղվանքի միաբնակ կաթողիկոսությունը անկում է ապրում: Կաթողիկոսը IX-X դարերում հաստատվել էր Խամշի վանքում (Միափորի գավառ): Հետագայում, եկեղեցական կյանքի կենտրոններն էին Արցախը (XI դար) և Կախի-Զաքաթալան (XII դար): 1240-ից Աղվանքի եկեղեցում գերակա դիրք են գրավում Հասան-Ջալալյան տոհմից սերվող Գանձասարի եպիսկոպոսները: XIV դարի վերջում Գանձասարի վանքը, որն Արցախի մելիքությունների հոգևոր և քաղաքական կենտրոնն էր, դարձավ Աղվանքի կաթողիկոսի նստավայրը:

17-րդ դարի կեսից մինչև 18-րդ դարի վերջը Գանձասարի կաթողիկոսն ունեցել է իր հակաթոռը (Խաչենի Երիցմանկանց վանքում)։ XVIII դ. վերջին կաթողիկոսությունն ունեցել է 1736, իակ XIX դարասկզբին ՝ 1311 գործող եկեղեցիներ և վանքեր։
1815-ին ցարական կառավարության հրահանգով Գանձասարի կաթողիկոսությունը վերացվել է և վերածվել մետրոպոլիտության: Ստեղծվել են Էջմիածնի կաթողիկոսությանը ենթակա առաջնորդական երկու թեմ՝ Ղարաբաղի և Շամախու։

Խորհրդային տարիներին կրոնական հալածանքների պատճառով 1930 թ-ին Ղարաբաղի թեմը դադարել է գործել։ Կրանական կյանքը հնարավոր է եղել վերականգնել միայն 1989 թ.-ին, երբ հիմնադրվել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը: Թեմը զգալի դեր է խաղացել արցախահայության ազգային-հոգևոր զարթոնքի, ԼՂՀ ազատագրման և պետականության ամրապնդման գործում։

Գանձասարի կաթողիկոսության վերացումը շահարկումների առիթ է դարձել հատկապես Ադրբեջանում: Համեմատության համար նկատենք, որ Վրաստանում նույն ժամանակ կար չորս կաթողիկոս, որոնք նախ՝ միավորվեցին մեկ կաթողիկոսության մեջ, ապա էկզարխիատի կարգավիճակով միացվեցին Ռուս ուղղափառ եկեղեցուն: Այստեղ պարզապես առկա է կայսերական-ադմինիստրատիվ մտածողության՝ կեսարապապականության դրսևորում:

Աղվանքի եկեղեցին, որն ավելի ուշ շրջանում ավելի շատ հայտնի է որպես Գանձասարի կաթողիկոսություն, աստվածաբանական իմաստավորման կարիք ունի: Ցարական կառավարությունը բռնի ընդհատեց Աղվանքի եկեղեցու ավանդությունները և սուրբ տեղը դատարկ չի մնում ու Ադրբեջանը փորձում է ստեղծել Աղվանքի եկեղեցի: Վերևում շարադրվածից ակնհայտ է դառնում, որ Աղվանքի եկեղեցու միակ օրինական ժառանգը պատմական Գանձասարի կաթողիկոսությունն է, որն այժմ հանդիսանում է Հայ եկեղեցու Արցախի թեմ:

 

(1) Robert H. Hewsen, Armenia: A Historical Atlas. The University of Chicago Press, 2001