Հաշվի առնելով, որ սույն օրենքի նախագիծը 2011 թվականին մշակված «Խղճի և կրոնական ազատությունների մասին» նախատիպային օրինագծի վերափոխված և խմբագրված տարբերակն է, պետք է նկատենք, որ այն առավել բարեփոխված է, ձերբազատված է որոշ անհարկի սահմանափակումներից և արգելքներից, թեև զերծ չէ խնդրահարույց և մտահոգիչ մի շարք դրույթներից։Այժմ մեր դիտողություններն ու առաջարկությունները՝ ըստ հոդվածների հերթականության։
1. Նախ՝ Հոդված 1․-ում ավելացվել է 2-րդ մասը, որից այնպես է հասկացվում, թե ուժի մեջ մտնելու պարագայում սույն օրինագիծը տարածվելու է բոլոր կրոնական միավորումների վրա՝ բացառությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, որի հարաբերությունները պետության հետ կարգավորվում են առանձին օրենքով։ Արդյո՞ք սա ենթադրում է իրավական հարթության վրա այնպիսի տարբերակված մոտեցում, որն առօրյա կյանքում կարող է հանգեցնել Հայ Առաքելական Եկեղեցուց բացի մյուս եկեղեցիների և նրանց հետևորդների նկատմամբ խտրականության աճի։
Մայր Աթոռի հանդեպ մեծագույն հարգանք տածելով և ըստ պատշաճի արժևորելով Հայ Առաքելական Եկեղեցու պատմական դերակատարությունն ու ավանդը հայ ժողովրդի հոգևոր կյանքում՝ մենք, անշուշտ, չենք առարկում, որ պետությունը կարող է ունենալ առանձնահատուկ վերաբերմունք պատմական եկեղեցու հանդեպ՝ նրա հետ հարաբերությունները կարգավորելով առանձին օրենքով։
Միաժամանակ գտնում ենք, որ Արդարադատության նախարարությունը պետք է մատնանշի այն գործուն իրավական երաշխիքները, որոնց շնորհիվ ՀՀ քաղաքացիները՝ անկախ իրենց եկեղեցական պատկանելությունից, հավասար կլինեն օրենքի առջև և չեն սահմանափակվի իրենց իրավունքներից օգտվելու հանարավորության մեջ։
2. Հոդված 3-ի 1-ին մասի 2) ենթակետում («կրոնական միավորում՝ ֆիզիկական անձանց միավորում, որը ստեղծվել է մասնակիցների հավատքը համատեղ դավանելու և տարածելու, ինչպես նաև միավորման անդամների կրոնական այլ պահանջմունքների բավարարման նպատակով.»),
առաջարկվում է կրոնական միավորման սահմանման միջից հանել «ինչպես նաև» բառակապակցությունը, իսկ «նպատակով» բառից առաջ լրացնել հետևյալ կերպ․ «ինչպես նաև հասարակական կյանքին լիարժեք մասնակցություն բերելու»:
3. Պարզաբանման կարիք է զգում այն հարցը, թե ինչով է պայմանավորված Հոդված 3․-ի 1-ին մասի 3) ենթակետով լիազոր մարմնի պատասխանատվությունը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի վրա դնելը։ Արդյո՞ք Պետական եկամուտների կոմիտեն այն իրավասու կառույցն է, որը տվյալ ոլորտում կարող է ստանձնել լիազոր մարմնի պատասխանատվությունը։
4. Մտքի, խղճի և կրոնի ազատության ապահովման երաշխիքներին նվիրված Հոդված 4․-ի 3-րդ մասով սահմանվում է, որ ցանկացած խտրականություն՝ պայմանավորված անձի կրոնական պատկանելությամբ կամ կրոնի նկատմամբ ունեցած վերաբերմունքով, արգելվում է։
Ողջունելի համարելով նմանատիպ դրույթի ամրագրումը՝ միաժամանակ կարծում ենք, որ հասարակական հարաբերություններում և առօրյա կյանքում այս երաշխիքի կիրարկումն ապահովելու համար անհրաժեշտ է նախատեսել իրավական կառուցակարգերի որոշակի գործիքակազմ, այլապես այն կկրի հռչակագրային բնույթ և լավագույն դեպքում կմնա որպես օրենքի ուժով արտահայտված բարի ցանկություն։
Այս համատեքստում կարևոր ենք համարում նաև ՀՀ օրենսդրական ակտերի ձերաբազատումը մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքի խտրական և անհարկի սահմանափակումներից։ Մասնավորապես՝ կարող ենք մատնանշել, որ ՀՀ մի շարք օրենքներ պարունակում են դրույթ, որի համաձայն՝ որոշակի ոլորտում աշխատող պաշտոնատար անձն իրավունք չունի անդամակցել որևէ կրոնական կազմակերպության։
Այդպիսի դրույթներ կան «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքում (հոդված 1, մաս 3, կետ 3), «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում (հոդված 39, մաս 7), «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում (հոդված 43, մաս 1, կետ 8), «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում (հոդված 32, մաս 7, կետ 1), «Փրկարար ծառայության մասին» օրենքում (հոդված 39, մաս 1-ին, կետ է), «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում (հոդված 30, մաս 1-ին, կետ 7), և այլն:
Ընդ որում, նշված դրույթները ընդհանրացված ու բացարձակ կերպով սահմանափակում են մտքի, խղճի ու կրոնի ազատության իրավունքն աշխատանքային հարաբերություններում։
Մենք գտնում ենք, որ կրոնական կազմակերպության անդամակցությունն ինքնին չի կարող բացարձակ կերպով սահմանափակվել։ Օրենքով կարող է սահմանվել արգելք պաշտոնեական դիրքը կրոնական շարժառիթներով չարաշահելու կամ ծառայողական պարտականությունները կատարելիս կրոնական գործունեություն իրականացնելու համար։
Մեր համոզմամբ՝ առավել հաջող է ձևակերպված «Դատախազության մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթը (Հոդված 43), որի 5-րդ մասի 2-րդ կետը ոչ թե a priori սահմանում է, որ դատախազն իրավունք չունի անդամակցել կրոնական կազմակերպությանը, այլ որ դատախազն իրավունք չունի «իր պաշտոնեական դիրքն օգտագործելու կուսակցությունների, հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի համար, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզելու, ինչպես նաև իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու»։
Նման իրավակարգավորումը ոչ միայն հստակ է, պարզ ու որոշակի, այլ նաև՝ համաչափ։
5. Մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտման սահմանափակումները բաժնում տեղ է գտել Հոդված 5․-ի 2-րդ մասի անորոշ ձևակերպմամբ 2) ենթակետը․
«2. Մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտումը սահմանափակվում է, եթե՝
2) առկա են հավաստի տվյալներ, որ անձը կամ անձանց խումբը հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ կամ մասնակցում, կազմակերպում է այնպիսի կազմակերպության գործունեությունը, որի նպատակն է վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը, իրականացնել ահաբեկչական գործողություն կամ հարկադրել դավանափոխությանը,»։
Բնավ չի հասկացվում, թե նշված հակաօրինական գործողությունների մասին հավաստի տվյալների առկայության պարագայում ու՞մ ազատության արտահայտումն է սահմանափակվելու՝ անձի կամ անձանց խմբի՞, թե՞ կրոնական միավորման։
Տվյալ ենթակետի համատեքստում անորոշ է մնում՝ անձը կամ անձանց խումբը, կրոնական միավորման անդամ լինելով, միաժամանակ անդամակցում կամ մասնակցում են պետական անվտանգությանը վնաս պատճառելու նպատակ ունեցող կազմակերպությա՞նը, թե՞ կազմակերպությունը, որին անդամակցում կամ մասնակցում են անձը կամ անձանց խումբը, հենց կրոնական միավորում է, որը պետական անվտանգությանը վնաս պատճառելու դիտավորություն ունի։
Ի վերջո, պարզ չէ՝ այս մասով նախատեսվում է անհատակա՞ն, թե՞ կոլեկտիվ պատասխանատվության միջոց։
Առաջարկվում է առավելագույն չափով պարզ և որոշակի կերպով ձևակերպել սույն ենթակետի բովանդակությունը, ինչպես նաև խուսափել անձի կողմից թույլ տրված հակաօրինական գործողությունների համար կոլեկտիվ պատասխանատվություն սահմանելուց՝ անկախ իրավախախտ անձի կրոնական կամ եկեղեցական պատկանելության հանգամանքից։
6. Առաջարկվում է Հոդված 6․-ի 1-ին մասում «եկեղեցական արարողությունների կամ պաշտամունքի այլ ծիսակատարությունների» բառակապակցությունից հետո, Հոդված 4․-ի 4-րդ մասի օրինակով, ավելացնել «կամ այլ ձևերով» բառերը:
7. Հոդված 8․-ի 2-րդ մասով սահմանվում է, որ կրոնական կազմակերպության կանոնադրության մեջ, ի թիվս այլ դրույթների, պետք է ամրագրվեն՝
5) անդամներին առաջադրվող պահանջները և անդամ դառնալու կարգը, ինչպես նաև կազմակերպությունից անդամների դուրս գալու կարգը.
6) անդամների իրավունքները և պարտականությունները.
7) անդամին կազմակերպությունից հեռացնելու դեպքերն ու կարգը։
Իսկ Հոդված 11․-ի 2-րդ մասում նշվում է, որ կրոնական կազմակերպությունները պարտավոր են վարել իրենց անդամների հաշվառում։
Հարկ ենք համարում նկատել, որ կրոնական կազմակերպությունների անդամության գաղափարը միանշանակ երևույթ չէ։ Ընդ որում, կան կրոնական կազմակերպություններ, որոնք ընդհանրապես չունեն անդամության սկզբունք, հետևաբար չունեն նաև անդամներին առաջադրվող պահանջներ։
Անդամության փոխարեն կիրառվում են այլ հասկացություններ, ինչպես, օրինակ՝ հետևորդ, դավանորդ, հավատացյալ, այցելու, մասնակից, ինչը չի ենթադրում կամ նախատեսում կրոնական կազմակերպության և իր հետևորդների միջև իրավական ֆորմալ հարաբերություններ։
Բացի այդ, անդամների հաշվառում վարելու պարտավորությունն անհարկի կծանրաբեռնի կրոնական կազմակերպությունների աշխատանքը, ինչպես նաև կպարտադրի մեկտեղ հավաքագրել հետևորդների մասին տեղեկատվությունը, ինչը ոչ մի պարագայում չի կարող ցանկալի համարվել։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է Նախագծից հանել կամ արմատապես վերանայել կրոնական կազմակերպությունների անդամությանը վերաբերող կետերը, այդ թվում ամրագրել, որ կրոնական միավորումները կարող են ունենալ նաև հետևորդներ, դավանորդներ, այցելուներ կամ մասնակիցներ։
8. Հոդված 8․-ի 3-րդ մասով օրինագծի հեղինակներն առաջարկում են կրոնական կազմակերպությունների ստեղծման հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 10-12-րդ հոդվածները, մինչդեռ դրանք պարունակում են հակասություններ սույն օրինագծում տեղ գտած որոշ պահանջների հետ։
Առաջարկվում է այս դրույթը հանել և դրա փոխարեն նոր Նախագծում առանձին կետով շարադրել կրոնական կազմակերպությունների ստեղծման հետ կապված հարաբերությունների կարգը՝ խուսափելով հասարակական և կրոնական կազմակերպությունների միջև շփոթություն առաջացնելուց։
9. Կրոնական կազմակերպությունների իրավունքների բաժնում առաջարկվում է կատարել որոշ փոփոխություններ և լրացումներ։
9.1. Կրոնական կազմակերպության արարողությունների անցկացման մասին Հոդված 10-ի 1-ին մասի 4) ենթակետի վերջում («կատարել կրոնական ժամերգություններ, ծեսեր ու արարողություններ աղոթատներում և դրանց պատկանող տարածքում, ուխտատեղիներում և դրանց համար նախատեսված այլ վայրերում, ինչպես նաև գերեզմանոցներում, քաղաքացիների տներում և բնակարաններում, հիվանդանոցներում, ծերանոցներում, ազատազրկման վայրերում, զորամասերում` այնտեղ գտնվող և տվյալ կրոնական կազմակերպության անդամ հանդիսացող քաղաքացիների խնդրանքով,»),
առաջարկվում է հանել «և տվյալ կրոնական կազմակերպության անդամ հանդիսացող» բառերը` թողնելով միայն «այնտեղ գտնվող քաղաքացիների խնդրանքով» բառակապակցությունը, քանի որ չկա որևէ հիմք` համապատասխան արարողությունների անցկացման համար տվյալ կրոնական միավորման անդամ կամ հետևորդ չհանդիսացող անձանց խնդրանքը մերժելու:
9.2. Հոդված 10-ի 1-ին մասի 5) ենթակետում («ստեղծել համապատասխան կրոնական ուսուցման խմբեր իրենց անդամների ու նրանց 14 տարին չլրացած երեխաների կրոնական կրթության համար` ծնողների համաձայնությամբ, այդ նպատակով օգտագործելով իրենց պատկանող կամ հատկացված շինությունները,»),
առաջարկվում է «իրենց անդամների» բառակապակցությունը փոխարինել` «ցանկություն հայտնած անձանց» արտահայտությամբ, որի համար սույն նախագիծը արգելք չի հարուցում:
9.3. Հոդված 10-ի 1-ին մասի 8) ենթակետում («կապեր հաստատել այլ երկրների կրոնական կազմակերպությունների հետ:»),
առաջարկվում է «կապեր հաստատել» բառակապակցությունից հետո ավելացնել` «ինչպես հանրապետության, այնպես էլ» արտահայտությունը:
Բացի այդ, առաջարկվում է վերականգնել ինչպես գործող օրենքի, այնպես էլ նախորդ օրինագծի սույն ենթակտի շարունակությունը, որն անհասկանալի պատճառով տեղ չի գտել քննարկվող Նախագծում։
Խոսքը հետևյալ հատվածի մասին է. «… հրավիրել նրանց ներկայացուցիչներին, իրենց հավատացյալներին գործուղել արտասահման՝ ուխտագնացության, ժողովների և կրոնական այլ միջոցառումների մասնակցելու, ինչպես նաև ուսման կամ հանգստի նպատակով.»։
9.4. Առաջարկվում է Հոդված 10․-ի 2-րդ մասի 3) ենթակետում վերականգնել ինչպես գործող օրենքում, այնպես էլ նախորդ օրինագծում ամրագրված հետևյալ դրույթը․ «Կրոնական կազմակերպությունների ստացած դրամական և այլ նվիրատվությունները, անձանցից ստացվող հասույթները հարկման ենթակա չեն:»։
9.5. Առաջարկվում է որպես Հոդված 10-ի 1-ին մասի 9) ենթակետ՝ վերականգնել հետևյալ իրավունքը. «պատրաստել հոգևոր ծառայության կամ գիտական ու մանկավարժական կադրեր իրենց հոգևոր կենտրոնների, ինչպես նաև իրենց ստեղծած կրթական հաստատություններում»։
9․6․ Առաջարկվում է Հոդված 10․-ի 2-րդ մասում շարադրված իրավունքների ցանկում վերականգնել միջազգային պայմանագրերով երաշխավորվող հետևյալ իրավունքները.
«9) ապահովելու իրենց հավատացյալների հոգևոր-կրոնական կարիքների ու պահանջմունքների բավարարում.
10) հիմնելու վերականգնողական կենտրոններ՝ անօթևանների, հարբեցողների, թմրամոլների, խաղամոլների և այլ խոցելի խմբերի ներկայացուցիչների հետ հոգևոր և սոցիալական վերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով․
11) վարձակալելու դահլիճներ, սրահներ և այլ տարածքներ կրոնական, եկեղեցական արարողությունների անցկացման նպատակով․
12) օրենքով սահմանված կարգով օգտվելու զանգվածային լրատվության միջոցներից.
13) օրենքով սահմանված կարգով զբաղվելու հրատարակչական գործունեությամբ»:
9.7. Ելնելով Հոդված 8-ի 2-րս մասի 20) ենթակետում նշված` կրոնական կազմակերպության կանոնադրությունում, մասնավորապես՝ «գործունեության այլ առանձնահատկություններ»-ի վերաբերյալ տեղեկությունների պարունակման հանգամանքից` առաջարկվում է իրավունքների ցանկը եզրափակել հետևյալ կերպ.
«14) իրականացնել կրոնական կազմակերպության այլ առանձնահատկություններից բխող գործունեություն՝ ՀՀ օրենսդրության շրջանակներում։»։
10․ Կրոնական կազմակերպությունների պարտականություններին վերաբերող Հոդված 11․-ի 2-րդ մասի 3) ենթակետում («սույն օրենքի պահանջների կատարումը ստուգելու համար Լիազոր մարմնի օրինական և պատճառաբանված պահանջով ողջամիտ ժամկետում նրան տրամադրել իր գործունեության մասին փաստաթղթեր.»),
առաջարկվում է «իր գործունեության մասին փաստաթղթեր» անորոշ ձևակերպման փոխարեն հստակեցնել տրամադրվելիք փաստաթղթերի սպառիչ ցանկը։
11․ Հոդված 11․-ի 4-րդ մասում պահպանվել է գործող օրենքում առկա սահմանափակումը, որի համաձայն՝ արտերկրում հոգևոր կենտրոններ ունեցող կրոնական կազմակերպությունները չեն կարող ֆինանսավորվել նրանց կողմից։
Այդ կապակցությամբ մենք նախկինում էլ մատնանշել էինք, որ նման արգելքը հիմնավոր ու իրավաչափ չէ։ Այն նախևառաջ ազդելու է Հայաստանում գործող այլ ազգային պատկանելության եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների (օրինակ` Հայաստանում գործող Ռուս Ուղղափառ եկեղեցու, Վրաց Ուղղափառ եկեղեցու, Ասորական համայնքի և այլ կրոնական միավորումների) վրա, ինչը կարող է նախադեպ դառնալ նման սահմանափակման կիրառմանն աշխարհի տարբեր երկրներում գտնվող հայ եկեղեցիների նկատմամբ։
Առաջարկվում է հիշյալ դրույթը սահմանել հետևյալ կերպ․ «Կրոնական միավորումները չեն կարող ֆինանսավորվել կուսակցությունների կողմից և ֆինանսավորել նրանց։»։
12. Հոդված 12․-ի 2-րդ մասի 3) ենթակետով սահմանվում է, որ պետությունը չի ֆինանսավորում կրոնական միավորումների գործունեությունը։ Սույն դրույթը հակասում է Նախագծի Հոդված 13․-ի 2-րդ մասին, որով նախատեսվում է հաշվետվության հրապարակում այն դեպքում, եթե կրոնական կազմակերպության գույքի ստացման աղբյուր են հանդիսացել հանրային միջոցները (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և այլ հանրային միջոցներ տնօրինող մարմնի կամ իրավաբանական անձի միջոցները)։
Առաջարկվում է Նախագծից հանել հիշատակված դրույթներից որևէ մեկը։
13. Հոդված 12․-ի 3-րդ մասում, որով պետությունը ճանաչում է խոստովանության գաղտնիությունը, առաջարկվում է վերականգնել ինչպես գործող օրենքում, այնպես նախորդ օրինագծում առկա շարունակությունը, այն է՝ «Քննչական և դատական ատյաններում որպես վկա չի կարող հարցաքննվել ձեռնադրված հոգևորական-խոստովանահայրը գործի այն հանգամանքների մասին, որոնք նրան հայտնի են դարձել խոստովանության ժամանակ»։
14. Հաշվի առնելով օրինագծի կարևորությունը և դրա վերաբերյալ շահագրգիռ կողմերի միջև մասնագիտական շփումների անհրաժեշտությունը՝ առաջարկվում է առնվազն 3 ամսով երկարաձգել Նախագծի հանրային քննարկմանը հատկացված ժամանակը:
Հայաստանի Ավետարանական Ընտանիքի
Եկեղեցիների Համագործակցության անունից՝
Հայաստանի Ավետարանի հավատքի քրիստոնյաների
«Միաբանություն» եկեղեցի`
վեր. դոկտ. Ռուբիկ Թումանյան
Երևանի Ավետարանական եկեղեցի`
վեր. դոկտ. Լևոն Պարտագճյան
Հայաստանի Ավետարանական հավատքի քրիստոնյաների
«Կյանքի խոսք» եկեղեցի`
վեր. դոկտ. Արթուր Սիմոնյան
Հայաստանի Ավետարանական հավատքի եկեղեցիների միություն`
վեր. դոկտ. Ռաֆայել Գրիգորյան
Շիրակի մարզի Ավետարանական-մկրտական եկեղեցի`
վեր. Ռուբիկ Փահլևանյան
Երևան, 30.06.2017թ.