Գոյություն ունի կարծրատիպ, որ հայերը հիմնականում Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են, բայց որ ավելի կարևոր է՝ Հայ առաքելական եկեղեցու հետևորդները բացառապես հայեր են: Հետազոտությունները հերքում են այս վերջին կարծրատիպը: Մասնավորապես, այժմ ապացուցված է համարվում, որ լեհահայերի զգալի մասը Հայ առաքելական դավանանք ընդունած կպչակներ (պոլովցիներ) են եղել(1): Հայ առաքելական եկեղեցին մեծ հաջողությամբ իր դավանանքը տարածել է նաև քրդերի և Հյուսիսային Կովկասի ժողովուրդներ մեջ: Բնականաբար, հարց է ծագում, Հայ առաքելական եկեղեցին զուտ հայկական է, թե՞ ինչպես շատ համաշխարհային կրոններ միսոներական, միջազգային և գլոբալ: Հեռավոր Ղրղզստանի օրինակը կարող է լավ փաստարկ լինել նման հարցադրման համար:
1375 թվականին Իսպանիայի ափերի մոտ,Մալյորկա կղզում, աշխարհագրական ճշգրիտ քարտեզների և ատլասների պատրաստման արվեստանոցում, ստեղծվեց աշխարհահռչակ կատալոնական քարտեզը՝ «քարտեզագրության և կողմնացույցի», պալատական վարպետ Աբրահամ Կրեսկուսի կողմից:
Սկզբնական քարտեզը բաղկացած էր վեց մագաղաթյա թերթերից: Հետագայում դրանք մասերի բաժանվեցին և հավաքվեց 12 էջանոց ատլաս: Ատլասի չորսը էջերը պարունակում են տիեզերագրական և նավիգացիոն տվյալներ, իսկ մնացած ութ էջերը եվրոպացիներին այդ ժամանակ հայտնի աշխարհի քարտեզներն են:
Ատլասը պարունակում էր Ասիայի և Չինաստանի մասին այն ժամանակվա համար ամենանոր տեղեկությունները և տալիս էր «աշխարհագրական գիտելիքների առավել ամբողջական պատկերը» մինչ աշխարհագրական մեծ հայտնագործությունների դարաշրջանը: Այդ քարտեզը մինչև 15-րդ դարը ամենատարածվածն էր: Դրա հիման վրա ստեղծվեցին հետագա քարտեզները, որոնք լրացվեցին ճանապարհորդներից և միսիոներներից ստացված նոր տեղեկություններով:
Այն պատկերված է երկարավունտեսքով լճի ափին, որն աղոտ կերպով հիշեցնում է Իսիկ-Կուլը, իսպաներենի կատալոնական բարբառով բացատրական գրությամբ. «Lo loch quis assella Yssicol: En aquest loch es I monesstir de frares ermonians, ot Segons pyet diu, es lo cors de sent Mathi apostul e evangelista»: Այս տեքստի թարգմանության մեջ ասվում է. «Տեղը, որը կոչվում է Իսիկոլ: Այս վայրում հայ եղբայրների վանքն է, որում, ասում են, կա Սուրբ Մատթեոսի, առաքյալի և ավետարանիչի մարմինը»:
Հատկանշական է, որ խաչով շենքն ուղիղ գծով կապվում էր Երուսաղեմի հետ: Հավանաբար քարտեզագիրը, բացի նախկին քարտեզներից, առատորեն օգտվել է հրեա և քրիստոնեա ճանապարհորդների տեղեկություններից, որոնցից ամենահայտնին Մարկո Պոլոյի գիրքն է: Սակայն ոչ մի ճանապարհորդ չի հիշատակում Իսիկ Կուլի ափին գտնվող հայ եղբայների վանքը:
Քարտեզագիր Ռուբեն Աթոյանը ենթադրություններ է առաջ քաշել:
14-րդ դարի սկզբին Հովհաննես XXII պապը կաթոլիկ առաքելություն հաստատեց Արևելյան Հայաստանում և Իրանում: Ֆրանցիսկանների և Դոմինիկյանների միսիոներական գործունեության ոլորտների բաժանման մասին 1318 թվականի Հռոմի պապի բուլը նախատեսում էր ստեղծել արքեպիսկոպոսություն Սուլթանիա քաղաքում, որի թեմերի մեջ մտնում էին նաև Արևելյան Հայաստանի տարածքները:
Մարաղայի (Իրան) նոր կաթոլիկ վանքում հաստատվեցին մի քանի դոմինիկյան վանական գիտնականներ՝ Բարդուղմեոս Բոլոնացին, Պետրոս Արագոնացին և Ջան Անգլուսը:
Հովհաննես Քռնեցու ակտիվ մասնակցությամբ, 1320 թվականին, Ապրակունիսի վանքում ստեղծվեց հայ կաթոլիկ եղբայրների միաբանություն՝ որպես Դոմինիկյանների մասնաճյուղ (Unitor): Մոտակայքում՝ նույնպես Նախիջևանի շրջանում, Քռնայում, հիմնադրվեց հոգևոր համալսարան, որտեղ տեղափոխվեցին վերոհիշյալ դոմինիկյան վանականները: Կարելի է ենթադրել, որ Իսիկ-Կուլի վրա հայկական վանքի գոյության մասին տեղեկություններն ունիթոր եղբայրները ստացել են իրենց հայրենակիցների՝ Մետաքսի մեծ ճանապարհի վրա առևտրով զբաղվող հայ վաճառականների միջոցով, և այդ տեղեկությունները դոմինիկացիների միջոցով փոխանցել են Արևմուտք:
Տեղեկատվությունը կարող էր Եվրոպա հասնել պապական լեգատների, ասպետական ուխտերի անդամների, կամ Կիլիկյան նավահանգիստներում առևտուր կատարող իտալացի վաճառականների միջոցով:
Այդ վանքի մասին կան շատ ենթադրություններ: Վանքի մասին տեղադրությունը մնում է անորոշ, բացի նրանից, որ այն եղել է լճի ափին:
Ամենապարզ բացատրությունն այն է, որ այն Մատթեոս ավետարանիչի հետ կապված առասպել է: Բայց դետալների առատությունը, կոնկրետությունը, դրդում է մտածել, որ վանքը իսկապես գոյություն է ունեցել:
Ենթադրությունների մյուս խումբը կապված է նեստորականության հետ: Նետորական միսոներների գործունեության շնորհիվ քրիստոնության այս ճյուղը միջնադարում մեծ տարածում է ունեցել Միջին Ասիայում, Ույղուրիայում, Մոնղոլիայում և Չինաստանում: Բայց կատալոնական քարտեզի հստակ նշումը, որ այն եղել հայ եղբայրների վանք, մատնանշում է, որ վանքի եղբայրությունը եղել է հայ դավանանքի, այլ ոչ թե՝ նեստորական: Միջնադարում մատնանշվում էին ոչ թե էթնիկական ծագումը, այլ՝ դավանական:
«Նշումներ միջնադարում Չուի հովտում քրիստոնեության մասին» գրքում, Վ.Ա. Կոլչենկոն գրում է. «Հնագիտական մատչելի աղբյուրների և գրավոր ավանդույթի տվյալների վերլուծությունը հանգեցնում է այն եզրակացության, որ անհրաժեշտ է Միջին Ասիայում և մասնավորապես Չուի հովտում միջնադարյան քրիստոնեության հարցին վերաբերյալ ավելի ուշադիր և զուսպ մոտեցում: Անկասկած, քրիստոնեությունն այս տարածքում գոյատևել է վաղ միջնադարից մինչև XIV դարը, և առավել մեծ տարածում է ունեցել նեստորական ուղղությունը: Բայց կային հակոբիկներ և հայեր, այսինքն՝ մոնոֆիզիտներ, ինչպես նաև մելքիտներ և մարկիոնականներ»:
Ենթադրվում է, որ հայկական վանքն անցել է ջրի հատակը: Իսիկ Կուլի մակարդակը դարերի ընթացքում տատանումներ է ունեցել: Հնագետները արդեն բացահայտել են լճի ափին գտնված մեկ տասնյակ բնակավայրեր, որոնք ջրածածկ են եղել: Լճի հյուսիս-արևելյան ափին պեղումներ են կատարվում: Գտածոները միարժեքորեն նշում են քրիստոնեական հնավայրի գոյության մասին: Սակայն պեղումներին խանգարում է տիղմի հաստ շերտը, որը մաքրելու համար մեծ միջոցներ են հարկավոր:
Իսիկ Կուլի ափին մի քանի դար գոյատևած հայ եղբայրների վանքը պարզապես էկզոտիկա չէ, կամ հերթական մի պատմություն գաղթական և թափառական հայերի մասին, այլ վկայություն Հայ առաքելական եկեղեցու լայն միսիոներական գործունեության մասին:
(1) Алеясандр Осипян. Vocato Armenorium, или что случилось с половцами в Галицкой Руси. / Казус. Индивидуальное и уникальное в истории.Вып. 9. 2012