Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությանը

  • 17/12/2018

armchurch.info

Դեկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամներին:

Հանդիպմանը կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց 7-րդ գումարման Խորհրդարանում «Լուսավոր Հայաստան»-ի խմբակցության անդամներին, անդրադարձավ կուսակցության քաղաքական հայացքներին ու դավանած ավանդական քրիստոնեական արժեքներին` նշելով, որ առջևում կան շատ անելիքներ և այդ իմաստով մեծ պատասխանատվություն է դրված նորընտիր Ազգային ժողովի ուսերին: Տիար Մարուքյանը այս առաքելության համար կարևորեց Հայոց Հայրապետի օրհնությունը` ընդգծելով, որ խմբակցության գործունեության մեջ նաև կարևոր տեղ պետք է հատկացվի ինչպես Հայաստանում, այնպես և նրա սահմաններից դուրս գտնվող հարուստ քրիստոնեական ժառանգության պահպանության խնդիրներին:

Այնուհետև «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներին ողջունեց և իր բարեմաղթանքերը փոխանցեց Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետը շնորհավորեց խորհրդարանականներին ձեռք բերած վստահության քվեի համար, որը հնարավորություն է ընծայելու նրանց օրենսդրական գործունեությամբ իրականացնել իրենց բոլոր ծրագրերը, ամուր հիմերի վրա հաստատել հայոց պետականությունը, նպաստել հզոր և ապահով հայրենիքի կերտմանը:

Ամբողջական տեքստ