Սույն թվականի հունվարի 30 – փետրվարի 4-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր հերթական` 15-րդ հանդիպումն է անցկացնելու Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության միջազգային միացյալ հանձնախումբը:
Տարբեր երկրներից ժամանած շուրջ 30 մասնակիցներ քննարկելու են եկեղեցաբանությանն առնչվող մի քանի հարցեր` կենտրոնանալով հիմնականում ապաշխարության, ձեռնադրության և հիվանդաց օծման խորհուրդների վրա:Հաստատված ժամանակացույցի համաձայն քննարկումները ծավալվելու են 18 լիագումար նիստերի շրջանակներում` փետրվարի 4-ին եզրափակվելով Ս. Պատարագից հետո կազմակերպվելիք միջեկեղեցական աղոթքով` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ: