Եկեղեցու բանալիների փոխանցում Հայ Համայնքին

  • 11/06/2019

armchurch.info

Հայ Եկեղեցու Գերմանիոյ Թեմը ուրախութեամբ տեղեկացնում է, որ Գերմանիայի Գէօփինգէն քաղաքի Բարթենբախ թաղամասի «Սուրբ Խաչ» եկեղեցին, որ շուրջ 35 տարի օգտագործւում էր Բադեն-Վիւրթեմբերգի Հայ Համայնքի կողմից, դարձաւ այլեւս Հայ Համայնքի սեփականութիւնը: Տեղւոյն գերմանական աւետարանական եկեղեցին 1 եւրօ խորհրդանշական գումարով եկեղեցին սեփականութեան իրաւունքով փոխանցեց Գերմանիոյ Հայոց Առաջնորդարանին:

Փոխանցման պայմանագիրը ստորագրուել էր դեռեւս անցեալ տարի դեկտեմբերի 12-ին: Եկեղեցու բանալիների խորհրդանշական յանձնման հանդիսութիւնը տեղի ունեցաւ 2019 թ. Յունիսի 6-ին: Նախ՝ տեղի ունեցաւ միջ-եկեղեցական արարողութիւն, որին հրաւիրուած էին եւ ներկայ գտնուեցին եկեղեցական ու քաղաքական բազմաթիւ պատւոյ հիւրեր, ինչպէս նաեւ երկու համայնքների ներկայացուցիչներ ու ծխականներ: Բացման եւ բարի գալստեան խօսքով ներկաներին դիմեց Բադէն-Վիւրթեմբերգի Հայ Համայնքի վարչութեան ատենապետ պրն. Պերճ Դաքէսեանը: Նա յանուն տեղի հայ համայնքի իր ուրախութիւնն արտայայտեց պատմական օրուայ առիթով եւ նշեց, որ երկրամասի բազում-բազում հայերի սեփական եկեղեցի ունենալու երկար տարիների երազանքն այսօր իրականութիւն է դառնում: Միջ-եկեղեցական արարողութեան ընթացքում, որն ուղեկցւում էր աւետարանական եւ հայկական հոգեւոր երաժշտութեամբ, տեղի աւետարանական համայնքի ատենապետ Վոլֆգանգ Այխմիւլերը եկեղեցու խորհրդանշական բանալին յանձնեց համայնքի ամենահին անդամներից եւ Սուրբ Խորանի երկարամեայ սպասաւոր բարեշնորհ Արման սարկաւագ Փիլիպոսեանին:

Ամբողջական տեքստ