Երուսաղեմն առանց հայերի և հայկական ժառանգության պատկերացնելը դժվար է: Թեև այստեղ հայերն այդքան էլ շատ չեն, սակայն նրանք անընդհատ պահպանում են իրենց «փոքրիկ հայրենիքը»:
Երուսաղեմում ապրելու բարդությունների, հրեաների հետ հարաբերությունների և հայկական թաղամասի մասին Sputnik Արմենիային է պատմել Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի Սուրբ Հրեշտակապետաց Վանքի վանահայր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանը: Երուսաղեմում նրա հետ զրուցել է Լաուրա Սարգսյանը:
– Ինչո՞վ է Երուսաղեմի հայ համայնքը տարբերվում այլ երկրների համայնքներից:
— Դժվար է ապրել օտարության մեջ: Երուսաղեմ եկող ուխտավորներին կողքից թվում է, թե մեզ հեշտ է: Այստեղ մենք ամեն օր ծանր աշխատանք ենք կատարում: Հայկական թաղամասը, եկեղեցիները, գիմնազիաները ապահովում են հայերի ներկայությունը սուրբ հողի վրա: Պետք է հասկանալ Երուսաղեմում հայերի կյանքի և ցանկացած այլ քաղաքում հայերի կյանքի միջև եղած տարբերությունը: