hraparak.am
Սանկտ Պետերբուրգի մարզպետ Ալեքսանդր Բեգլովը պարգևատրվել է Հայ առաքելական եկեղեցու պատվավոր պարգևով՝ «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով։ Պարգևը նրան հանձնել է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։ Այս մասին հայտնում է Մոսկվայի հայկական եկեղեցին։
Պարգևատրման պապական կոնդակը ստորագրել է Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը, որը երախտագիտություն է հայտնել մարզպետին Ռուսաստանի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած բարեհաճ վերաբերմունքի և նրան ցուցաբերվող աջակցության համար։
«Դուք մշտապես ձեր սերն ու հարգանքն եք ցուցաբերում մեր ժողովրդի և հայկական եկեղեցու նկատմամբ՝ աջակցելով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի, մասնավորապես Սանկտ Պետերբուրգի Սուրբ Եկատերինա եկեղեցու և Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան հոգևոր ճեմարանի գործունեությանը` կարևոր ներդրում ունենալով մեր երկրների և ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում։ Մենք երախտագիտությամբ ենք հիշում նաև ձեր օգնությունը հայ ժողովրդին 1988 թվականին Սպիտակում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքների հաղթահարման գործում»,- ասվում է հայրապետական ուղերձում։