armedia.am (28.01.2018)
Հայկական բանակի ստեղծման 26-րդ տարեդարձի կապակցությամբ «Արմեդիա» ՏՎԳ-ը զրուցել է ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ:
– 1997 թվականից հոգևոր սպասավորները ծառայություն են մատուցում Հայաստանի և Արցախի զորամասերում: Ինչպե՞ս կգնահատեք գնդերեցների կողմից իրականացվող աշխատանքը: Ի՞նչ է տալիս նրանց ծառայությունը մեր բանակին, զորամասին և զինվորին:
– Ավելի քան երկու տասնամյակ առաջ այս օրը Հայաստանը կրկին կանգնած էր սեփական իրավունքների պաշտպանության օրհասական խնդրի առաջ: 1992թ. հունվարի 28-ին իրականացավ համայն հայության վաղեմի իղձը՝ մենք ունեցանք բանակ և, ինչպես իրավացիորեն նկատել է մեծն Գարեգին Նժդեհը, «Եթե ազգը բանակ է դառնում, հնարավոր չէ նրան ծնկի բերել»: Գաղտնիք չէ, որ մենք բանակ-ժողովուրդ ենք, բանակ՝ նորածնից մինչև ալեհեր ծերունի, իսկ այդպիսին լինել մեզ պարտադրել է պատմական մեր բարդ ճանապարհը, ուստի պարտավոր ենք միշտ արթուն հսկել՝ բոլորով զինվոր դարձած՝ երբեք գոտիներս չթուլացնելով: