Պետք է արթնանալ ինքնաոչնչացման թմբիրից

  • 25/01/2021
  • Տեր Մեսրոպ քահանա Արամյան

  • «Այբ» դպրոցի կրթական ծրագրի հեղինակ եւ հոգաբարձուների խորհրդի հիմնադիր նախագահ

mediamax.am

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ. Ազգային հիմնախնդիրների լուծման ճանապարհ

Մաս Ա

Անհնար է տրամաբանորեն պատկերացնել եւ քանակապես բնութագրել հայրենի հողի կորուստը, սրբությունների գերեվարումը եւ նահատակների արյան աղաղակը: Հաշտվել մեզ հետ կատարվածի հետ նշանակում է դավաճանել ինքդ քեզ եւ գնալ դեպի կատարյալ ինքնաոչնչացում: Կատարվածի ընկալման բարդությունը եւ մեր իրավիճակի իռացիոնալիզմը գալիս են ոչ միայն նրանից, որ մեր գիտակցությունը աղետի ծանրությունից ճնշված ու վնասված է, այլեւ նրանից, որ մենք հետեւողականորեն փախչում ենք իրականությանն առերեսվելուց և, ըստ էության, քնած ենք: Ոչ միայն հիմա, այլեւ պատերազմի ողջ ընթացքում եւ դրանից առաջ: Իսկ կորուստները շարունակվում են, եւ վերջը չի երեւում: Մեր թշնամին մեզ խոստանում է կատարյալ ոչնչացում, իսկ մենք դեռ չենք սթափվում եւ զգաստանում: Հիրավի կարծես այսօրվա մասին է ասում սբ Գրիգոր Նարեկացին. «Անզգա անասունների պես մեռնում ենք եւ չենք զարհուրում, կորչում ենք եւ չենք զարմանում, թաղվում ենք եւ չենք խոնարհվում, տարագրվում ենք եւ չենք տագնապում, ապականվում ենք եւ չենք զղջում, մաշվում ենք եւ չենք հասկանում…»:

Այլընտրանք չունենք. պետք է ժամ առաջ արթնանալ ինքնաոչնչացման այս թմբիրից: Պետք է ոտքի կանգնել եւ ապրելու պատասխանատվություն ստանձնել: Սակայն հնարավոր լուծումների մասին խորհելուց առաջ պետք է առնվազն հասկանալ մեզ հետ կատարվածի հիմնական պատճառները եւ համապատասխան հետեւություններ անել: Ընդհանրապես արտաքին մարմնավոր աղետները ծնվում են ներքին բարոյական անկումներից ու հոգեւոր պաշտպանական համակարգերի բացակայությունից: Մենք հայերս առանձնանում ենք հոգեւորի նկատմամբ հանցավոր անպատասխանատվությամբ: Հոգեւոր անվտանգության հիմնախնդիրներին նայել ենք մատների արանքով եւ լայն բացել հայրենի տան դռները հոգեկործան ուժերի առաջ: Մեզ հետ խաղացել են, եւ մեզ դուր է եկել այդ խաղը, եւ մենք նույնիսկ չենք էլ կասկածել, որ այդ ծրագրավորված խաղի նպատակը եղել է հայ ինքնության ոչնչացումը սեփական հայրենիքում: Գործի են դրվել համաշխարհային գլոբալիզմի աղանդավորական լաբորատորիաներում մշակված բոլոր գործիքները, ուղեղների լվացման բոլոր մեքենայությունները` հաշվի առնելով մեր արատները, սնահավատական հակումները եւ թուլությունները: Մեր ինքնության հենասյուները եւ սրբությունները թիրախավորվել են: Եկեղեցին, պետությունը, բանակը, կրթությունը ենթարկվել են ծանրագույն հարձակումների: Եվ ահա եկավ պատերազմը եւ մեզ արդեն հանձնված գտավ, պարտությունը, կորուստները տրամաբանական հետեւանք էին հոգեւոր պատերազմում կրած պարտությունների: Երբ քեզանից խլում են գիտակցությունդ, երբ կորցնում ես հոգիդ, քեզ հետ կարող են անել ամեն ինչ, հայրենիքդ էլ կտաս, սրբություններդ էլ կկորցնես, զավակներիդ էլ կզոհաբերես:

Ամբողջական տեքստ