Նոյեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Լիբանանյան-կանադական համալսարանի (Լիբանան) նախագահ դոկտոր Ռոնի Աբի Նախըլին և համալսարանի տնօրինության նախագահ, միջազգային ծրագրերի պատասխանատու դոկտոր Յոլանդ Սալիմին` ուղեկցությամբ տիկ. Միրեյ Խանամիրյանի:
Հյուրերն Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրին համալսարանի կրթական ծրագրերը և գործունեությունը, ինչպես նաև Հայաստան այցի նպատակը` համագործակցություն հաստատել բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ: Համալսարանի նախագահը Նորին Սրբությանը տեղեկացրեց Լիբանանի հայ համայնքի հետ համալսարանի ունեցած սերտ կապերի մասին, որի արդյունքում հայ ուսանողների թիվը կազմում է համալսարանի ուսանողության տասը տոկոսը: