Արցախը և արցախահայության իրավունքները միշտ եղել և մնալու են Հայոց Հայրապետների ուշադրության կենտրոնում․ Գարեգին Բ Կաթողիկոս

  • 26/09/2020

iravunk.com

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում այսօր հյուրընկալեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՀ ԱԺ պատվիրակությանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շնորհավորանքները, օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց պատգամավորներին։ Նորին Սրբությունն ընդգծեց, որ առանձնակի ուրախությամբ և ջերմությամբ է լցվում հոգին, երբ այցելում է Արցախ՝ ականատես լինելով արցախահայության քաջազուն ոգուն և անկոտրում կամքին՝ կերտելու Արցախի ազատ, ապահով ու բարօր կյանքը։ Հայոց Հայրապետն իր խոնարհումը բերեց բոլոր այն հայորդիների հիշատակի առջև, որոնց ջանքերով և հեղված արյամբ նվաճվեց Արցախի անկախությունը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ Արցախը և արցախահայության իրավունքներն ու խնդիրները միշտ եղել են Հայոց Հայրապետների ուշադրության կենտրոնում՝ մասնավորապես անդրադառնալով դեռ խորհրդային տարիներին պատմական արդարության վերականգնման նպատակով երանջանկահիշատակ Վազգեն Ա Հայրապետի ձեռնարկած քայլերին, Լեռնային Ղարաբաղ եկեղեցականների ծածուկ այցելություններին, որոնք նպատակ էին հետապնդում վառ պահել հավատի լույսը մեր ժողովրդի սրտում, անխաթար՝ ազգային ինքնությունը։ Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ ղարաբաղյան հակամարտության առաջին իսկ օրից Մայր Աթոռը աշխարհասփյուռ իր թեմերով և համայնքներով հնարավոր բոլոր միջոցներով զորավիգ եղավ արցախահայությանը, լծվեց նրա իրավունքների և ազատ ու անվտանգ կյանքի պաշտպանության գործին, ջանքեր գործադրվեցին տարածաշրջանի հոգևոր պետերի եռակողմ հանդիպումների միջոցով՝ կազմակերպված միջնորդությամբ Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքների, զերծ պահելու հակամարտությունը կրոնական գունավորումից և նպաստելու սահմանային լարվածության նվազեցմանը, գերիների վերադարձմանը և համակարտության խաղաղ կարգավորմանը։ Ամենյան Հայոց Կաթողիկոսը հավաստիացրեց, որ Հայոց Եկեղեցին պիտի շարունակի այս ուղղությամբ իր ջանքերը գործադրել։ Մասնավոր իր մտահոգությունն արտահայտելով վերջին շրջանում Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարության կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունների կապակցությամբ՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։

Ամբողջական տեքստ