sputniknews.ru
Բագրատ սրբազանի կարծիքով` այս իշխանությունը փորձում է ամեն հնարավոր տարբերակով փող աշխատել։
Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն այն հոգևորականներից է, որ տարիների շարունակ անթաքույց դեմ է իշխող ռեժիմին` չհաշտվելով հայրենիքի որևէ հատված զիջելու և հանձնելու մտքին։ Sputnik Արմենիան սրբազանի հետ զրուցել է Ոսկեպարում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ։
– Սրբազան հայր, Դուք շատ եք շփվում մարդկանց հետ, ի՞նչ տրամադրություն է՝ հոգնե՞լ են ամեն ինչից, պատրա՞ստ են ինչ-որ տեղ զիջել։
– Անկախ նրանից, թե ինչ տրամադրություն կարող են ունենալ Տավուշում, Ոսկեպարում, Ոսկեպարն արդեն խորհրդանիշ է, հետևաբար ողջ հայության տրամադրության հետ է կապված։ Մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը, մեղմ ասած, անհամաձայնություն ունի այն առաջարկ-ծրագրի հետ, որը պարտադրված է մեր հանրապետության կառավարությանը, և նրանք էլ առանց ամաչելու փորձում են պարտադրել ժողովրդին՝ այն ժողովրդին, որից քվե են ստացել անվտանգություն ապահովելու, որը հարկ է վճարում, որ իրենց անվտանգությունն ապահովեն։ Զիջելու կամ ինչ–որ ձևով հարմարվելու ո՛չ տրամադրություն կա, ո՛չ ցանկություն։