Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ երեկ համացանցը շնչում էր Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի ելույթով, որն ասվեց Հայաստան-Սփյուռք վեցերորդ համաժողովի բացման ժամանակ, մինչդեռ առանձին լրատվամիջոցներ, ակամա նույնիսկ փորձելով փրկել Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի դեմքը, վերջինիս ելույթում փորձեցին գտնել առանձին նախադասություններ, դարձվածքներ, կապակցություններ, որոնք դույզն ինչ համադրելի կլինեին Արամ Առաջինի ելույթի թեզիսների կամ մեսիջների հետ: Եղան այնպիսիներ, որոնք նաեւ հիշեցին Էջմիածին-Անթիլյաս ավելի քան կեսդարյա մրցակցությունը եւ երկու նվիրապետական Աթոռների միջեւ եղած խնդիրները: Ոմանք չխուսափեցին հիշել Արամ Առաջինի կաթողիկոս դառնալու մանրամասները՝ փորձելով նրան ներկայացնել որպես ՀՅԴ-ի՝ ՀՀԿ-ի հանդեպ ունեցած դժգոհությունների խոսնակ եւ այլն: Սակայն, անկախ ամեն ինչից, պարզ էր մի բան, որ հասարակությունը «սիրեց» Արամ Առաջինի ելույթը, հասարակությունն ընդունեց Արամ Առաջինին որպես Հովվապետ, թեկուզ եւ զուտ կրոնական-եկեղեցագիտական իմաստով նա Հայաստանի հայության հանդեպ իրավունքներ չունի: Այս ամենն արդեն այսօր ի մի բերելով փորձենք հասկանալ, թե ինչն ինչոց է, եւ ինչու ժողովուրդը այդկերպ ջերմ ընդունեց Արամ Վեհափառի ելույթը եւ ինչի հասավ ինքը՝ Արամ Առաջինն իր ելույթում: