Երիտասարդությունը հույսն է Եկեղեցու
Հարգելի՛ ԶԼՄ աշխատակիցներ, տեղեկացնում ենք, որ 2017թ. հուլիսի 28-31-ը Հայ Կաթողիկէ Եկեղեցու «Աղաջանյան» կենտրոնում (Թորոսգյուղի հարևանությամբ, նախկին «Մանուշակ» ճամբարի տարածք) տեղի կունենա «Ազգային երիտասարդական օրեր-2017» միջոցառումը, որին կմասնակցի 139 երիտասարդ՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Հունաստանի, Շվեդիայի հայ կաթողիկէ համայնքներից և Լեհաստանից: Միջոցառումը հոգևոր, մշակութային, հասարակական է՝ նպատակ ունենալով ամրապնդել հայ կաթողիկէ երիտասարդության միասնությունը, զարգացնել նրանց հոգևոր նկարագիրը, Մեկ Ընդհանրական Եկեղեցու պատկանելության և ազգային դիմագծի բարձր ինքնագիտակցությունը: Այս համազգային միջոցառման կազմակերպական բնույթը շարունակությունն է Կաթողիկէ Եկեղեցու «Երիտասարդության համաշխարհային օրեր» միջազգային ուխտագնացության, որը կազմակերպվում է Հռոմի Սուրբ Աթոռի կողմից երեք տարին մեկ հաճախականությամբ՝ աշխարհի տարբեր երկրների միլիոնավոր երիտասարդների մասնակցությամբ: 2016թ. Կրակովում կազմակերպված Երիտասարդության համաշխարհային օրերին մասնակցեցին ամենաշատ թվով հայ կաթողիկէ երիտասարդներ (353 երիտասարդ): Ազգային երիտասարդական օրերը նույն ավանդության շարունակությունն է՝ ազգային մասշտաբով: