Մայր Աթոռում հուլիսի 10-ին կգումարվի Գերագույն հոգևոր խորհրդի ժողով

  • 09/07/2018

tert.am

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հուլիսի 10-ին կգումարվի Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի օրակարգային հարցերից կլինի վերջին օրերին ստեղծված իրավիճակի քննարկումը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Հարցին ի պատասխան՝ արդյոք նիստն արտահերթ է, Տեր Վահրամն ասաց, որ Համահայկական երիտասարդական հավաքի շրջանակներում Հայաստանում են գտնվում արտասահմանի Հայոց թեմերի ներկայացուցիչներ, նրանց մի մասը նաև Գերագույն հոգևոր խորհրդի անդամ են: «Այդ իսկ պատճառով որոշվեց գումարել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով»,-ասաց Մայր Աթոռի ներկայացուցիչը:

Տեր Վահրամը հաստատեց, որ բողոքի ակցիա նախաձեռնած քաղաքացիները դեռևս գտնվում են Մայր Աթոռի տարածում: «Եկեղեցին որևէ գործողություններ չի ձեռնարկում» հարցին անդրադառնալով՝ նա ասաց. «Այս պահի դրությամբ եկեղեցին ոչ մի գործողություն չի ձեռնարկում»:

Հուլիսի 6-ի առավոտյան Տեր Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ կաթողիկոսի հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամները ներխուժել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք՝ անվայելուչ պահվածքով, վերջնագրային պահանջներով ու սադրիչ գործողություններով։

Ամբողջական տեքստ